ԱՐԺԷՔԱՒՈՐ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1945 թուականին Խորհրդային Միութեան կողմից Թուրքիային ներկայացուած` հայկական տարածքները վերադարձնելու պահանջը Հայկական հարցի նորագոյն շրջանի պատմութեան շրջադարձային իրադարձութիւններից մէկն է, որն ունի բազմաթիւ վիճելի եւ մութ էջեր: Մօտ կէս դար խորհրդային պատմաբանների կողմից հասկանալի պատճառներով այն մոռացութեան է մատնուել, իսկ թուրք եւ արեւմտեան հեղինակները սահմանափակուել են մէկ-երկու նախադասութեամբ` արձանագրելով, որ Երկրորդ աշխարհամարտից յետոյ Խորհրդային Միութիւնը Թուրքիայից պահանջել է Կարսն ու Արտահանը: Թեման հիմնականում շօշափուել է հայկական սփիւռքը ներկայացնող հեղինակների աշխատութիւններում, սակայն վերջիններիս ոչ բաւարար տեղեկացուածութիւնը թոյլ չի տուել վերականգնել իրադարձութիւնների իրական պատկերը:

Թէեւ Խորհրդային Միութեան փլուզումից եւ Հայաստանի անկախացումից յետոյ խորհրդա-թուրքական յարաբերութիւնների յետպատերազմեան շրջանի վերաբերեալ լոյս են տեսել առանձին հրապարակումներ, սակայն դրանք չեն ապահովել խնդրի բազմակողմանի ուսումնասիրութիւնը նախ եւ առաջ` համապատասխան արխիւային փաստաթղթերի սակաւութեան պատճառով: Այս թեմայի համակողմանի լուսաբանման համար բացառիկ կարեւորութիւն ունեն Խորհրդային Միութեան  իշխանութեան ղեկավար մարմինների` Մոսկուայում պահուող փաստաթղթերը, որոնց մի մասի վրայից մինչ օրս չի հանուել գաղտնիութեան կնիքը:

Ուստի, ինչպէս գիտական, այնպէս էլ քաղաքական տեսանկիւնից չափազանց կարեւոր է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար, պատմական գիտութիւնների դոկտոր Արման Կիրակոսեանի խմբագրութեամբ ռուսերէնով հրատարակուած «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները 1945-1946 թթ. դիւանագիտական փաստաթղթերում» գիրքը, որը բաղկացած է առաջաբանից, երկու բաժիններից եւ անձնանունների ու տեղանունների ցանկերից:

Ժողովածուի խմբագիր Ա. Կիրակոսեանն իր ընդարձակ` մօտ 50 էջանոց առաջաբանում յստակօրէն ներկայացնում է նրանում տեղ գտած փաստաթղթերի հրապարակման նպատակը եւ փոքր, բայց եւ ամբողջական ակնարկով անդրադառնում Հայկական հարցի պատմութեանը: Հեղինակը Հայկական հարցի պատմութիւնը դիտարկում է ռուս-թուրքական, հայ-թուրքական եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնների պարունակում: Միանգամայն իրաւացի է Ա. Կիրակոսեանը, երբ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները տարանջատում է երեք հիմնական փուլերի: Առաջին փուլն ընդգրկում է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների հաստատումից մինչեւ 1930-ական թթ. երկրորդ կէսը, հեղինակի բնորոշմամբ «Բարիդրացիական հարեւանութեան եւ ընկերութեան» շրջանը, երկրորդը` 1930-ական թթ. վերջից մինչեւ 1960-ական թթ. սկիզբը` «Վստահութեան ճգնաժամի» ժամանակաշրջանը, իսկ երրորդը` 1960-ականների սկզբից մինչեւ Խորհրդային Միութեան փլուզումը` «բարիդրացիական հարեւանութեան եւ համագործակցութեան» շրջանը:

Առաջաբանում Ա. Կիրակոսեանը փորձում է հակիրճ, սակայն փաստարկուած կերպով ներկայացնել խորհրդա-թուրքական յարաբերութիւնների զարգացման այս երեք փուլերը: Միանշանակօրէն կարող ենք ասել, որ «Առաջաբանը» ունի ոչ միայն գիտական, այլեւ կիրառական մեծ նշանակութիւն: Աւելի՛ն. այստեղ ներկայացուած հետաքրքրական փաստերը, առաջ քաշուած դրոյթները, մեկնաբանութիւններն ու եզրայանգումները կարող են օգտակար լինել հայ-թուրքական, ռուս-թուրքական եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւններին ու Հայկական հարցին նուիրուած ուսումնասիրութիւնների համար:

Գրքի ամենաարժէքաւոր մասն առաջին բաժինն է, որում ընդգրկուած են 1945-1946 թթ. Խորհրդային Հայաստանի արտաքին գործերի նախարար Սահակ Կարապետեանի պատրաստած «Հայկական տարածքների գրաւումը Թուրքիայի կողմից» խորագիրը կրող No 410 թղթածրարի նիւթերը: Հետաքրքիր է, որ այս թղթածրարը մշտապէս գտնուել է ՀԽՍՀ-ի արտաքին գործերի նախարարների մօտ եւ չի յանձնուել արխիւ, իսկ վերջին երեք տասնամեակում պահուել է Արման Կիրակոսեանի հօր` 1975-1985 թթ. Հայաստանի ԽՍՀ-ի արտաքին գործերի նախարար, նշանաւոր պատմաբան Ճոն Կիրակոսեանի անձնական արխիւում եւ այժմ յանձնուել է Հայաստանի ազգային արխիւի (ՀԱԱ) տնօրինութեանը: 19 փաստաթղթերից կազմուած այս գործը, որի ստեղծման նպատակն էր հիմնաւորել 1945 թուականին Խորհրդային Միութեան կողմից Թուրքիային ներկայացուած Կարսն ու Արտահանը վերադարձնելու պահանջը, առաջին անգամ է ներկայացւում հանրութեան դատին: Նկատենք, որ թղթածրարում տեղ գտած փաստաթղթերի մի մասին` առանձին գործերով, կարող ենք հանդիպել ՀԱԱ ֆոնտ 326-ում: Սակայն, չնայած այդ ամէնին, No 410 թղթածրարը խիստ հարուստ է թեմայի ուսումնասիրութեան համար կարեւոր սկզբնաղբիւրներ հանդիսացող նիւթերով: Թղթածրարը առանձնայատուկ ուշադրութեան է արժանի նաեւ այն պատճառով, որ այստեղ 1945-1946 թթ. տարածքային պահանջատիրութեանը վերաբերող փաստաթղթերը ամփոփուած են մէկ ընդհանուր գործում եւ ամփոփ տեղեկատուութիւն են տալիս Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Հայկական հարցի շուրջ ընթացած դիւանագիտական գործընթացի մասին:

Թղթածրարում ընդգրկուած փաստաթղթերից յատկանշական է 1945 թ. մայիսի 3-ին Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ս. Կ. Կարապետեանի` Խորհրդային Միութեան  արտաքին գործերի նախարարի տեղակալ Ս. Ի. Քաւթարածէին ուղղուած «Թուրքիային անցած նախկին հայկական տարածքների եւ արտերկրում ապրող հայերի հայրենիք վերադառնալու հնարաւորութիւնների մասին» զեկուցագիր-գրութեանը…: Ինչպէս այդ ժամանակաշրջանի բոլոր փաստաթղթերում, այս գրութիւնում եւս տեղեկատուական նպատակներով տրւում է Հայկական հարցի պատմութեան համառօտ ակնարկը, որին յաջորդում են Թուրքիայում գտնուող հայկական տարածքների 1940-ական թուականների իրավիճակի մասին բազմակողմանի տեղեկագիրը եւ եզրակացութիւնը: Ս. Կարապետեանը բաւականին ճիշդ կերպով արձանագրում է տուեալ դարաշրջանի Խորհրդային Միութեան  արտաքին քաղաքականութեան առանձնայատկութիւններից բխող այն իրողութիւնը, որ հայկական տարածքների վերադարձը Խորհրդային Միութեան  անմիջականօրէն կապուած է նեղուցների խնդրին: Աւելի՛ն. նա առաջարկում է տարածքների խնդրի լուծման երեք ընդունելի տարբերակներ: Դրանք են` Կարսի, Արտահանի եւ Սուրմալուի վերամիաւորումը Խորհրդային Միութեան, այլ կերպ ասած` 1878-1914 թթ. ռուս-թուրքական պետական սահմանի վերականգնումը: Երկրորդ տարբերակը նախատեսում էր Սան Սթեֆանոյի պայմանագրով որոշուած սահմանի վերականգնումը: Դա նշանակում է, որ վերը նշուած տարածքներից բացի, վերադարձուելու էին նաեւ Ալաշկերտի հովիտը` Պայազետ քաղաքի հետ միասին: Երրորդ տարբերակը նախատեսում էր Կարսից, Սուրմալուից եւ Ալաշկերտի հովտից բացի Խորհրդային Միութեան վերադարձնել նաեւ 6 հայկական վիլայէթներից 3-ը, այն է` Էրզրումի, Վանի եւ Պիթլիսի: Ինչպէս յայտնի է, Խորհրդային Միութիւնը այդ երեք տարբերակներից նախընտրել է առաջինը:

Վերոյիշեալ թղթածրարում ընդգրկուած են նաեւ 1946 թ. յունուարի 6-ին Թուրքիայի վարչապետ Շ. Սարաճօղլուի` մեճլիսում ունեցած ելոյթին անդրադարձող փաստաթղթերը: Նրանցում մանրակրկիտ վերլուծութեան է ենթարկւում այդ ելոյթը եւ նոյնիսկ հերքւում են նրանում տեղ գտած փաստերը:

Ուշագրաւ է նաեւ առանձին գրութեամբ պատրաստուած եւ արտասահմանեան մամուլում հրապարակուած` հայկական տարածքների խնդրին անդրադարձող յօդուածների ժողովածուն: Այն հնարաւորութիւն է տալիս պատկերացում կազմել, թէ առաջատար արեւմտեան լրատուամիջոցները ինչպիսի դիրքորոշում ունէին Հայկական հարցի նկատմամբ: Զեկուցագրից պարզ է դառնում, որ արեւմտեան թերթերի գերակշռող մասը պաշտպանել է Թուրքիայի շահերը, չնայած նրանցից ոչ մէկը չի ժխտել պահանջուող տարածքների հայկական լինելու փաստը:

Բացի այդ, 1945 թուականին Թուրքիային ներկայացուած` հայկական տարածքները վերադարձնելու պահանջի ուսումնասիրման համար կարեւոր են սփիւռքի հայութեան կողմից ձեւաւորուած Ազգային խորհուրդների եւ Հայկական ազգային կոմիտէի կազմած` Արեւմտեան Հայաստանը Խորհրդային Հայաստանին միացնելու վերաբերեալ խնդրագիր-նամակները, յուշագրերը, որոնք ուղղուած էին Խորհրդային Միութեան, Միացեալ Նահանգների, Մեծն Բրիտանիայի, Խորհրդային Հայաստանի եւ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներին: Եւ չնայած 1945-1946 թթ. ներկայացուած այս բոլոր խնդրագրերն այսօր առանձին գործերով պահւում են ՀԱԱ-ում, սակայն գնահատելի է, որ դրանց մի մասը ընդգրկուած է No 410 թղթածրարի նիւթերում, ինչը այս արխիւային գործը դարձնում է աւելի ամբողջական եւ արժէքաւոր:

Այսինքն ընդամէնը մէկ թղթածրարում ամփոփուած են խիստ բազմաբնոյթ փաստաթղթեր, որոնք, լրացնելով մէկը միւսին, գրախօսուող գրքից օգտուողներին հնարաւորութիւն են տալիս ծանօթանալ հայկական պահանջատիրութեանն առնչուող նիւթերի հետ:

Գրքի երկրորդ բաժնում Ա. Կիրակոսեանն ընդգրկել է 1945-1946 թթ. Հայկական հարցի հետ կապուած Խորհրդային Միութեան, Միացեալ Նահանգների, Մեծն Բրիտանիայի, Թուրքիայի դիւանագիտական փաստաթղթերը եւ Փոցտամեան խորհրդաժողովի նիւթերը, որոնք դասաւորուած են ժամանակագրական յաջորդականութեամբ: Չնայած այս բաժնում բերուած նիւթերը հրապարակուած եւ շրջանառութեան մէջ գտնուող փաստաթղթեր են, սակայն դրանք չեն արժեզրկում գիրքը, այլ այն դարձնում են աւելի ամբողջական:

1945 թ. Թուրքիայի հանդէպ Խորհրդային Միութեան հողային պահանջատիրութեան ուսումնասիրութեան համար յատկապէս կարեւոր նշանակութիւն ունեն Խորհրդային Միութեան  արտաքին գործերի նախարար Վ. Մոլոթովի եւ Մոսկուայում Թուրքիայի դեսպան Ս. Սարպերի 1945 թ. յունիսեան հանդիպումներին եւ Փոցտամի խորհրդաժողովում կայացած քննարկումներին վերաբերող փաստաթղթերը: Դրանք վկայում են, որ Կարսի եւ Արտահանի վերադարձի հարցը բարձրացուել է Խորհրդային Միութեան կողմից եւ քննարկուել ո՛չ միայն երկկողմ մակարդակով, այլեւ` մեծ տէրութիւնների միջեւ կայացած հանդիպումների շրջանակներում: Հաշուի առնելով այս նիւթերի առաջնութիւնը` Ա. Կիրակոսեանը դրանք եւս ներառել Է իր խմբագրած ժողովածուի մէջ:

Գրքի երկրորդ բաժնում ընդգրկուած փաստաթղթերից կարեւոր են նաեւ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարութեան եւ Մեծն Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութեան դիւանագիտական գրութիւնները, որոնք ներկայացնում են հայկական տարածքների պահանջատիրութեան խնդրի հանդէպ ինչպէս Խորհրդային Միութեան եւ Թուրքիայի, այնպէս Էլ Մեծն Բրիտանիայի ու Միացեալ Նահանգների որդեգրած դիրքորոշումները: Այս փաստաթղթերը վկայում են, որ պաշտօնական Լոնտոնը եւ Ուաշինկթընը հետեւել են իրադարձութիւնների զարգացմանը եւ միջոցներ փնտռել Թուրքիայի տարածքային մասնատումը կանխելու համար: Նկատենք, որ Մեծն Բրիտանիայի արտաքին գործերի նախարարութեան արխիւում պահուող Հայկական հարցին վերաբերող որոշ վաւերագրեր Անիթա Լ. Փ. Բուրդեթի խմբագրութեամբ հրատարակուած «Հայաստան, քաղաքական ու ազգային սահմանները, 1878-1948 թթ.» խորագրով արխիւային փաստաթղթերի ժողովածուից վերահրատարակել են Զ. Մսըրլեանը եւ Իւ. Բարսեղովը: Դրանցից մի քանիսը իր գրքում ընդգրկել է նաեւ Ա. Կիրակոսեանը` վերջում յղումների միջոցով նշելով այդ մասին:

Գրքի վերջում բերուած են անձնանունների եւ տեղանունների ցանկեր, որոնք վերջին տասնամեակում հրատարակուող մենագրութիւններում անգամ ոչ միշտ են հանդիպում: Այս ամէնը վկայում է, որ Ա. Կիրակոսեանը կարողացել է ապահովել փաստաթղթերի ժողովածուի գիտական հրատարակութեան պատշաճ մակարդակը:

Ամփոփելով` կարող ենք վստահօրէն եզրակացնել, որ Արման Կիրակոսեանի խմբագրութեամբ հրատարակուած «Հայաստանը եւ խորհրդա-թուրքական յարաբերութիւնները 1945-1946 թթ. դիւանագիտական փաստաթղթերում» գիրքը Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ վերաբացուած Հայկական հարցի պատմութեան աղբիւրագիտական հենքն ամբողջացնելու առաջին լուրջ փորձն է: Նման հարուստ ժողովածուն թանկարժէք նուէր է պատմաբանների, քաղաքագէտների եւ ուսանողութեան համար: Սակայն Հայկական հարցի` տուեալ պատմաշրջանին վերաբերող վաւերագրերի մի կարեւոր մասը դեռեւս պահւում է Խորհրդային Միութեան այլ քաղաքների, մասնաւորապէս` Մոսկուայի եւ Թիֆլիսի արխիւներում: Ուստի պէտք է յուսալ, որ գրախօսուող գրքի հեղինակը` պատմական գիտութիւնների դոկտոր Արման Կիրակոսեանը, կը շարունակի իր նախաձեռնած կարեւոր գործը` հրատարակութեան ներկայացնելով 1945-1946 թթ. Հայկական հարցի վերաբացման հետ կապուած վաւերագրերի ամբողջական փաթեթը:

 ՔՐԻՍՏԻՆԷ Ֆ. ՄԵԼՔՈՆԵԱՆ
Պատմ. գիտ. թեկնածու

ՎԷՄ համահայկական հանդէս Բ (Ը) տարի,
թիւ 4 (32) հոկտեմբեր-դեկտեմբեր 2010

 

Share this Article
CATEGORIES
TAGS