Արդարութիւն Են Փնտռում Ազատութեան Հրապարկում. Դաշնակցութիւնը Եւս Միացաւ Ժողովրդին Ու Րաֆֆի Յովհաննէսեանին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մինչ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ եւ հայ նշանաւոր քաղաքական, պետական ու կրօնական գործիչներ շտապում են շնորհաւորանքի շռնդալից խօսքեր յղել Հայաստանի գործող նախագահ եւ փետրուարի 18-ին համատարած ընտրակեղծիքներով ընտրութիւններում յաղթած (ըստ պաշտօնական թուերի) Սերժ Սարգսեանին, հայ ժողովրդի մի ստուար հատուած Երեւանում, Գիւմրիում, Վանաձորում, Աշտարակում ու բազմաթիւ այլ վայրերում իր բողոքի ձայնն է բարձրացնում ընդդէմ անարդարութիւնների ու հերթական ընտրակեղծիքների: Հազարաւոր հայեր կրկին հաւաքւում են Երեւանի Ազատութեան հրապարակում եւ պահանջում, որպէսզի Սարգսեանը հրաժարական տայ, կամ անցկացուեն նախագահական նոր ընտրութիւններ եւ կամ էլ խորհրդարանական ընտրութիւններ: Սարգսեանը, ով ընտրութիւններում Հայաստանի բազմաթիւ վայրերում ջախջախիչ պարտութիւն է կրել Րաֆֆի Յովհաննէսեանից, մերժել է բոլոր երեք պահանջները:

Փետրուարի 22-ին Հայաստանում, աւելի ճիշդ` Շիրակի մարզում, արձանագրուեց մի դէպք, որն ամբողջութեամբ ցոյց է տալիս, թէ ինչ արժէք ունի արդարութիւնը Սերժ Սարգսեանի ու գործող հանրապետական վարչախմբի համար: Աշխատանքից ազատուել է Շիրակի մարզպետը: Անկախ պաշտօնական մեկնաբանութիւնների, նրա հրաժարականի պատճառը մէկն է ու միակը` Սերժ Սարգսեանը Գիւմրիում ստացել է քուէների 27 տոկոսը, իսկ Րաֆֆի Յովհաննէսեանը` 70 տոկոսը: Ապշեցուցիչը ոչ թէ այն է, որ Սարգսեանը ընդամէնը 27 տոկոս է հաւաքել Գիւմրիում, այլ այն, որ պատժում են մարզպետին, քանի որ նա չի կարողացել քուէներ ապահովել Սարգսեանի համար, այսինքն չի կարողացել կամ չի ցանկացել կեղծել յօգուտ Սարգսեանի:

Բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ քուէարկութեանը մասնակցողների թիւը եղել է 60 տոկոսից ցածր, Րաֆֆի Յովհաննէսեանը, ըստ պաշտօնական թուերի, յաղթել է ձայների 55-45 յարաբերակցութեամբ: Իսկ բոլոր այն ընտրատարածքներում, որտեղ մասնակցութիւնը եղել է 60 տոկոսից բարձր, Սերժ Սարգսեանը յաղթել է 68-32 յարաբերակցութեամբ, կրկին ըստ պաշտօնական թուերի: Սա նշանակում է, որ մի շարք ընտրատեղամասերում եղել են լցոնումներ, կրկնակի քուէարկութիւններ: Եւս մէկ ուշագրաւ հանգամանք. կան գիւղեր, որտեղ գործել են երկու ընտրատեղամասեր: Այսպէս, գիւղի մի ընտրատեղամասում ձայները Սարգսեանի եւ Յովհաննէսեանի միջեւ բաժանուել են գրեթէ հաւասար, իսկ ահա գիւղի միւս ընտրատեղամասնում Սարգսեանը ստացել է քուէների 90 տոկոսը: Մի քանի այլ օրինակներ բերեմ, որպէսզի պարզ լինի կեղծարարութեան ծաւալը: Էջմիածնի շրջանի շուրջ երկու տասնեակ ընտրատեղամասերում Յովհաննէսեանը քուէների փոքր եւ տրամաբանական առաւելութեամբ յաղթել է Սարգսեանին, սակայն նոյն այդ շրջանի մի գիւղում Սարգսեանը ստացել է 95 տոկոս:

Փետրուարի 21-ին Րաֆֆի Յովհաննէսեանը այցելեց նախագահական նստավայր եւ Սերժ Սարգսեանի հետ զրոյցում առաջարկեց ստեղծուած վիճակից դուրս գալու երեք տարբերակ, որոնցից եւ ոչ մէկը գործող նախագահը չընդունեց: Սպասելի էր, որ Սարգսեանը հրաժարական չի տայ, նախագահական կամ խորհրդարանական ընտրութիւններ չի նշանակի, քանի որ չկեղծելու դէպքում գործող նախագահն ու նրա գլխաւորած Հանրապետական կուսակցութիւնը միանշանակ կերպով կը պարտուեն:

Յովհաննէսեանը յայտարարում է, որ շարունակելու է փողոցային պայքարը, քանի դեռ, նրա խօսքերով` ժողովրդին չի վերադարձուել փետրուարի 18-ի յաղթանակը: Փետրուարի 20-ի հանրահաւաքում Յովհաննէսեանին միացան մի շարք քաղաքական գործիչներ, իսկ փետրուարի 22-ի հանրահաւաքում, որին մասնակցում էր աւելի քան 10 հազար մարդ, ՀՅԴ-ն եւս կանգնեց ժողովրդի կողքին եւ միացաւ Յովհաննէսեանին: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը իր ելոյթում ասաց. «Ազատութեան այս հրապարակն արդէն քանի օր սպասում էր, ուզում էր տեսնել Դաշնակցութեանը: Մենք այստեղ ենք: Մենք եկել ենք ձեր հանրահաւաքին: Ինչպէս յայտարարել ենք` Դաշնակցութիւնը ժողովրդի հետ է: Այն ժողովրդի, որ փետրուարի 18-ին ապացուցեց` անհնար է իրեն կոտրել, անհնար է իր մէջ մեռցնել արդարութեան, ազատութեան ձգտումը: Փետրուարի 18-ին դուք ապացուցեցիք, որ Հայաստանի քաղաքացին շատ աւելի լաւ կեանքի եւ իշխանութեան է արժանի: Սա ընդվզում էր անարդարութեան, անյուսութեան, արտագաղթի դէմ»:

Մինչ այդ ՀՅԴ-ն յայտարարութեամբ կասկածի տակ էր դրել Սարգսեանի վերընտրութիւնը: Նոյնն արել էր Լեւոն Տէր Պետրոսեանի գլխաւորած Հայ ազգային քոնկրեսը աւելի կոշտ բառապաշարով:

Հայաստանի նորանկախ պատմութեան մէջ սա առաջին դէպքը չէ, երբ նախագահական ընտրութիւններից յետոյ ընդդիմութեան թեկնածուն վիճարկում է քուէարկութեան արդիւնքները, չի շնորհաւորում նախագահին եւ փորձում է փողոցային պայքարի միջոցով հասնել իշխանափոխութեան:

Նախագահական միակ ընտրութիւնները, որոնք գրեթէ չեն վիճարկուել եւ չեն ունեցել հետընտրական զարգացումներ, 1991 թուականի ընտրութիւններն էին: Առաջին նախագահ ընտրուեց Լեւոն Տէր Պետրոսեանը` ստանալով քուէների աւելի քան 83 տոկոսը: Հայաստանի քաղաքացիների մեծագոյն մասը կասկածի տակ չդրեց այդ ընտրութիւնների արդարութիւնը: Ընդդիմութեան հիմնական թեկնածուն` խորհրդային տարիների այլախոհ գործիչ Պարոյր Հայրիկեանը սեւ դրօշներով երթ կազմակերպեց` այսպէս իր բողոքը յայտնելով Տէր Պետրոսեանի ընտրութեան առիթով: Կարճ ժամանակ անց, երբ Հայաստանը յայտնուեց ծանր ընկերային վիճակի մէջ, Տէր Պետրոսեանը սրընթաց կերպով կորցրեց իր հեղինակութիւնը:

1996-ին տեղի ունեցան նախագահական երկրորդ ընտրութիւնները, որոնցում, ճիշդ է, յաղթող հռչակուեց Տէր Պետրոսեանը, սակայն Հայաստանի քաղաքացիների մեծ մասը, ինչպէս այսօր, չհաւատաց  քուէարկութեան արդիւնքներին` վստահ լինելով, որ ընտրութիւնները կեղծուել են: Ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանը փողոց դուրս բերեց իր հազարաւոր կողմնակիցներին եւ գրոհեց խորհրդարանի շէնքը: Իշխանութիւնները Երեւանի փողոցներ դուրս բերեցին զրահապատներ եւ ճնշեցին ընդդիմութեան հանրահաւաքները: Տէր Պետրոսեանը երկրի ներսում եւ դրսում արժանացաւ ամենախիստ քննադատութեան:

Նախագահի պաշտօնը երկրորդ անգամ զբաղեցնելուց մէկուկէս տարի անց Տէր Պետրոսեանը հրաժարական տուեց: 1998-ի գարնանը կայացան արտահերթ ընտրութիւններ, որոնցում, ըստ պաշտօնական տուեալների, յաղթեց Ռոբերտ Քոչարեանը: Նրա հիմնական մրցակիցը Խորհրդային Հայաստանի վերջին առաջնորդներից Կարէն Դեմիրճեանն էր:  Վերջինս իր կողմնակիցներին դուրս չբերեց փողոց, սակայն նաեւ չընդունեց ընտրութիւնների արդիւնքները եւ չշնորհաւորեց Ռոպերթ Քոչարեանին:

2003 թուականի նախագահական ընտրութիւններում Ռոպերթ Քոչարեանի հիմնական մրցակիցը Կարէն Դեմիրճեանի որդին էր` Ստեփան Դեմիրճեանը: Քոչարեանը, ըստ պաշտօնական թուերի, յաղթեց Դեմիրճեանին, սակայն միջազգային կազմակերպութիւնները յստակ յայտարարեցին, որ այդ ընտրութիւնները չեն համապատասխաներ եւրոպական չափանիշներին: Դեմիրճեանը իր կողմնակիցներին դուրս բերեց փողոց: Ընդդիմութեան փողոցային պայքարը շարունակուեց մօտ մէկ տարի, որն աւարտուեց 2004-ի ապրիլեան բռնութիւններով: Տասնեակ ընդդիմադիրներ ձերբակալուեցին, ինչպէս 1996-ին:

2008-ին նախագահական ընտրութիւնները աւարտուեցին Մարտի 1-ի ողբերգական դէպքերով, երբ իշխանութիւնները ուժ գործադրեցին: Սպաննուեց տասը մարդ: Այդ ընտրութիւններում ընդդիմութեան առաջնորդը առաջին նախագահ Տէր Պետրոսեանն էր, ով վիճարկում էր Սերժ Սարգսեանի ընտրութիւնը:

Այսօր կրկին հայ ժողովրդի մի հատուած դուրս է եկել փողոց ու պահանջում է արդարութիւն: Այսօր այդ պայքարը գլխաւորում է Րաֆֆի Յովհաննէսեանը, ով, ի տարբերութիւն Հայաստանի ընդդիմութեան նախկին առաջնորդների, ի մասնաւորի` Վազգէն Մանուկեանի եւ Լեւոն Տէր Պետրոսեանի, իր ելոյթները չի կառուցում ատելութեան եւ կամ անհանդուրժողականութեան վրայ: Դա նոր մշակոյթ է հայաստանեան քաղաքական կեանքում եւ ժողովրդի մի հատուածի համար` դեռեւս անհասկանալի: Նախընտրական շրջանում շատերը հեգնանքով էին խօսում Յովհաննէսեանի մարտավարութեան, մարդկանց հետ յարաբերուելու, փողոցում առանց թիկնապահների շրջելու, ծանօթ-անծանօթներին ձեռքով բարեւելու մասին: Այսօր կարելի է փաստել, որ Յովհաննէսեանը, զերծ մնալով ատելութիւն քարոզելուց, իրակացրել է փայլուն նախընտրական արշաւ եւ կարողացել է իր կողմը գրաւել աւելի քան կէս միլիոն հայաստանցիների:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )