«Հայերը Եւ Թուրքերը» Ներկայացուել Է Թիֆլիսում
Յունիսի 7-ի երեկոյեան Վրաստանի մայրաքաղաքում ներկայացուել է «Սիվիլիթաս» հիմնադրամի լրագրող եւ «Ազդակ»-ի երեւանեան աշխատակից Թաթուլ Յակոբեանի «Հայեացք Արարատից. հայերը եւ թուրքերը» գրքի անգլերէն հատորը:
Միջոցառման ընթացքում Յակոբեանը ներկայացրել է նաեւ իր առաջին գիրքը` «Կանաչ ու սեւ»-ը հինգ լեզուներով: Շնորհահանդէս-վաճառքին ներկայ էին Թիֆլիսում հաւատարմագրուած մի շարք դեսպանութիւնների ներկայացուցիչներ, հայ, վրացի ու ազրպէյճանցի առաջատար լրագրողներ, փորձագէտներ, Վրաստանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների ուսանողներ: Ուշագրաւ է, որ շնորհահանդէսին մասնակցել է նաեւ Վրաստանում Թուրքիայի դեսպանութեան աշխատակիցը` գրքի հեղինակին տեղեկացնելով, որ արտակարգ եւ լիազօր դեսպան Լեւենթ Մուրաթ Պուրհանը զբաղուածութեան պատճառով է, որ չի կարողացել ներկայ լինել: Թիֆլիսում Ազրպէյճանի դեսպանութիւնից որեւէ ներկայութիւն չի եղել: Շնորհահանդէսին ներկայ են եղել նաեւ աշխատակիցներ Վրաստանում Շուէտի, Հոլանտայի եւ Հայաստանի դեսպանութիւններից, գերմանական «Տոյչէ Վելլէ» եւ Հայաստանի Հանրային ռատիոյի թղթակիցները:
Միջոցառումը բացել է Լոնտոնի «Հաշտեցման պաշարներ» միջազգային կազմակերպութեան կովկասեան հարցերով պատասխանատու Լորենս Պրոէրսը եւ ներկայացրել Թաթուլ Յակոբեանի գրքերը: Պրոէրսն ասել է, որ ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների մասին Յակոբեանի գրքերը կարելի է համարել լաւագոյններից ամբողջ աշխարհում: Նա յատկապէս կարեւորել է այն, որ երկու գրքերն էլ գրուել են բաւականին լաւ անգլերէնով, հաւասարակշռուած են եւ համապարփակ:
Յակոբեանը հակիրճ ներկայացրել է գրքերի բովանդակութիւնը, ապա` պատասխանել ներկաների բազմաթիւ հարցերին: Նա, օգտագործելով պարտութիւնը, շնորհակալութիւն է յայտնել այն մարդկանց (Մելքոն Յակոբեան, Սարգիս Պուտաքեան, Մասիս Ալեքսանդրեան, Կարօ Պայթարեան, Վաչէ Տեկիրմենճեան, Պեն Պչաքճեան, Ստեփան Տէր Պետրոսեան, Գօգօ Տագեսեան), ովքեր ֆինանսապէս օժանդակել են «Կանաչ ու սեւ» գրքի թարգմանութեան աշխատանքներին:
Հեղինակը ասել է, որ պատրաստւում է իր երկու գրքերը, որոնցից «Կանաչ ու սեւ»-ը տպագրուել է նաեւ թուրքերէնով, ներկայացնել նաեւ Թուրքիայում:

