«Էրտողանի Կառավարութեանը Առաջին Անգամ Ձեռնոց Է Նետուել». Թաթուլ Յակոբեանի Զրոյցը Ամպերին Զամանի Հետ
Պոլսում գտնուելու մէկ շաբաթուայ ընթացքում ես ոչ միայն ականատեսն էի թուրքական ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջեւ բախումներին, այլեւ, առիթն օգտագործելով, բազմաթիւ հանդիպումներ ու հարցազրոյցներ ունեցայ թուրք նշանաւոր լրագրողների հետ, այցելեցի հայկական «Մարմարա»-ի, «Ժամանակ»-ի ու «Ակօս»-ի խմբագրատուներ: «Ազդակ»-ի ընթերցողին եմ ներկայացնում իմ հարցազրոյցը թուրք ամենանշանաւոր լրագրողներից մէկի` Ամպերին Զամանի հետ: Ամպերինը ոչ միայն լաւ գիտի Հայաստանը եւ հայերին, այլեւ որոշ ժամանակ բնակուել է Երեւանում: Նա կինն է Հայաստանում Միացեալ Նահանգների նախկին փոխդեսպան Ճոզեֆ Փենինկթոնի: Ամպերին Զամանը բրիտանական «Տի էքոնոմիսթ»-ի թղթակիցն է Թուրքիայում, ինչպէս նաեւ գրում է թուրքական մամուլում:
Հ.- Ամպերին, ի՞նչն է պատճառը, որ փոքր բնապահպանական ցոյցը վերածուեց վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի դէմ լայնածաւալ հանրահաւաքների:
Պ.- Այս ամէնը սկիզբ առաւ, երբ մի խումբ բնապահպան գործիչներ, որոնք իրենց բողոքն էին արտայայտում Թաքսիմ հրապարակի մօտ գտնուող այգում առեւտրի կենտրոն ու բնակելի համալիր կառուցելու դէմ, յարձակման ենթարկուեցին ոստիկանութեան կողմից: Մայիսի 31-ի վաղ առաւօտեան ոստիկանութիւնը հսկայական, անհամաչափ ուժ հանեց այս փոքրիկ խմբի դէմ, որը շատ խաղաղ նստել էր այգում եւ ընդամէնը ասում էր, որ չի ուզում այս ծրագիրը իրականանայ, եւ փորձում էր շինարարներին չթողնել գալ ու կտրել ծառերը: Եկաւ ոստիկանութիւնը, այրեց նրանց վրանները, մեծ ուժ ու արցունքաբեր կազ կիրառեց. տեսարաններն ուղղակի անհաւատալի ու ահաւոր էին: Եւ երբ տարածուեցին այդ տեսարանների նկարները` հիմնականում համացանցի միջոցով, քանի որ գիտէք, տեղական զանգուածային լրատուամիջոցները աչք փակեցին այդ ամէնի վրայ հէնց սկզբից, մարդիկ զայրացան, եւ դա դարձաւ նրանց համար շարժիչ ուժ` արտայայտելու իրենց ընդհանուր դժգոհութիւնն ու բարկութիւնն ընդհանրապէս այս կառավարութեան նկատմամբ: Մարդկանց այսքան զայրոյթի հիմնական պատճառներից մէկն էլ այն է, որ նրանք կարծում են` վարչապետը բացարձակապէս յարգանք չունի այն ընտրազանգուածի տեսակէտների նկատմամբ, որն իրեն չի ընտրել:
Հ.- Ամպերին, մեկնաբանութիւններ ու վերլուծութիւններ կան թուրքական, նաեւ հայկական ու միջազգային լրատուամիջոցներում, որ սա կռիւ է քեմալականների, ուրուային պետութեան եւ չափաւոր իսլամականների միջեւ: Ի՞նչ էք կարծում սրա մասին:
Պ.- Ես համաձայն չեմ այդ մեկնաբանութեանը, քանի որ կարծում եմ` մեր ունեցած իրական խնդիրը հիմա կառավարութիւնն է, որը եկաւ իշխանութեան գերակշիռ մեծամասնութեամբ` երեք անգամ յաջորդաբար, եւ գտնում է, որ մեծամասնութիւնն իրեն իրաւունք է վերապահում պարտադրել իր տեսակէտները հասարակութեան այն մասին, որը չի քուէարկել իր օգտին: Այսպիսով, այստեղ գործ ունենք մեծամասնապաշտ կառավարութեան կողմից թաքնուած ամբողջատիրութեան հետ: Իրական խնդիրն այն է, որ վարչապետը հակուած է իր տեսակէտները պարտադրել, որոնք իսլամական են:
Հ.- Արդեօք Կեզի այգու եւ Թաքսիմի դէպքերից յետոյ Էրտողանն ու նրա Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը աւելի թո՞յլ են, քան նախկինում: Բոլորս գիտենք, որ անցած ընտրութիւններում նա ստացաւ ձայների գրեթէ 50 տոկոսը:
Պ.- Դրա իսկական փորձութիւնը տեղի կ՛ունենայ քուէատուփի միջոցով: Քաղաքապետի ընտրութիւններ են սպասւում 2014թ. մարտին, եւ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան համար այն կարծես վերածուել է կուսակցութեան` երկրի ղեկավարման վստահութեան հանրաքուէի, եւ կարծում եմ` այդ ընտրութիւնների արդիւնքները բաւականին բացայայտող կը լինեն: Բայց հիմա կարծում եմ` ամենամեծ վնասը հասցուել է միջազգային հանրութեան աչքում թուրքական կառավարութեան կերպարին, պարոն Էրտողանի կերպարին: Ամբողջ աշխարհը ականատես եղաւ տեսարանների, որտեղ ոստիկանութիւնը ցուցարարներին փորձում է արցունքաբեր կազով ցրել, ծեծում է նրանց, սարսափելի տեսարաններ: Կարծում եմ` դրանք հեշտութեամբ չեն մոռացուի, եւ մենք հիմա ականատեսն ենք այն բանի, երբ այս կառավարութեանը, որին երբեք ձեռնոց չէր նետուել, առաջին անգամ ձեռնոց է նետւում: Եւ ոչ թէ կառոյցների կողմից, ոչ թէ ուրուային պետութեան կողմից, այլ` մարդկանց կողմից: Իսկ ինչպէ՞ս է Էրտողանը լուծում այդ հարցը: Մինչ այժմ նշանները այդքան էլ ոգեւորող չեն, քանի որ համաձայնութեան գալու, կամուրջ կառուցելու, հաշտեցման փոխարէն` նա ընտրել է առճակատումը: Մինչ այժմ նշանները այդքան էլ ոգեւորող չեն, եւ եթէ նա շարունակի այդ առճակատման ճանապարհը, միգուցէ կորցնի իր սեփական յենարանները: Սակայն նա աւելի շատ իրենից կ՛օտարի մարդկանց, որոնք իրեն չեն ընտրել, եւ աւելի կը բեւեռացնի հասարակութիւնը: Հանգամանքը, որ նա շարունակում է իսլամական մէջբերումներ անել իր խօսքում` արդարացնելու իր մօտեցումը այն ամէնին, ինչ տեղի է ունենում, եւ` վատաբանելու այն մարդկանց, որոնք իրեն մարտահրաւէր են նետում, շատ վտանգաւոր է, շատ բեւեռացնող:
Հ.- Որոշ լրատուամիջոցներ նոյնիսկ զուգահեռներ անցկացրեցին, որ սա մէկ այլ «Արաբական գարուն» է: Արդեօք կարծո՞ւմ էք, որ Պոլսում, Անգարայում տեղի ունեցող իրադարձութիւնները ինչ-որ կերպ շարունակութիւնն են այն ամէնի, ինչ սկսուեց Թունուզում, Եգիպտոսում եւ այժմ շարունակւում է Սուրիայում:
Պ.- Ո՛չ: Քանի որ նախ եւ առաջ մենք ունենք ժողովրդավար կերպով ընտրուած կառավարութիւն, Էրտողանը իշխանութեան եկաւ ազատ եւ արդար ընտրութիւնների միջոցով եւ ձայների մեծամասնութեամբ: Այնպէս որ, Եգիպտոսի կամ Մերձաւոր Արեւելքի այլ բռնապետութիւնների հետ համեմատելը կը լինէր բացարձակ սխալ եւ մոլորեցնող: Միւս կողմից` մենք ականատես ենք լինում թուրքական ժողովրդավարութեան ուժեղացման: Կառավարութեան կողմից դրան պատասխանը ոչ ժողովրդավար էր, բայց այն փաստը, որ քաղաքացիական հասարակութիւնը գնալով ուժեղանում է, որ մարդիկ այլեւս չեն վախենում իշխանութիւններից եւ վստահ են զգում դուրս գալու փողոց եւ պահանջել իրենց իրաւունքները, սրանք նշան են, որ թուրքական ժողովրդավարութիւնը հասունանում է, եւ թուրքական երիտասարդ այս սերունդը, որի մասին խօսում են բոլորը, պատրաստ է խաղաղ, ոչ թէ բռնութեան ճանապարհով հետամուտ լինել իր իրաւունքներին: Դա ինձ համար շատ ուժեղ ազդանշան է, որ թուրքական ժողովրդավարութիւնն օրէցօր ուժեղանում է:
Յատուկ «Ազդակ»-ի համար
Պոլիս

