«Ազգային Պարը Պետական Հոգածութեան Կարիք Ունի»
Հարցազրոյցը` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԻ
Այս տարուայ յուլիսի 3-ին տօնուելու է Հայաստանի «Բերդ» պարային վաստակաւոր համոյթի 50-ամեակը: «Բերդի» հիմնադիրը եւ գեղարուեստական ղեկավարը Բորիս Գեւորգեանն է: «Բերդը» ստեղծուել է 1963թ. Երեւանում: Համոյթն իր կէսդարեայ պատմութեան ընթացքում մասնակցել է եւրոպական, միջազգային մի շարք փառատօների` արժանանալով գլխաւոր մրցանակների եւ պատուոգրերի: 1990-ական թթ. «Բերդի» գեղարուեստական ղեկավարն համոյթի բեմադրական աշխատանքները վստահում է որդուն` Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի «Բերդ» պարային վաստակաւոր համոյթի պալեթմասթըր, Հայաստանի ազգային պարարուեստի միութեան նախագահ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարուեստի ամպիոնի վարիչ, փրոֆէսէօր Կարէն Գէորգեանին: «Ազդակ»-ը առիթ ունեցաւ զրուցել Կարէն Գէորգեանի հետ:
«ԱԶԴԱԿ».- Ի՞նչը դրդեց ձեզ, որ ընտրեցիք պարի ուղին:
ԿԱՐԷՆ ԳԷՈՐԳԵԱՆ.- Ամէն մարդու համար, կարծես, նախանշուած է իր ճանապարհը: Դու չես ընտրում, դու նուիրւում ես, որ անցնես այդ յորձանքը: Ոչ մէկը չի կարող հարկադրել ոչ միայն մշակոյթի մարդուն, այլեւ ընդհանրապէս մարդուն ընտրել այլ ուղի: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ պարը սիրելի է եղել: Հայրս «Բերդ» պարային համոյթի հիմնադիրը եւ գեղարուեստական ղեկավարն է: Նա 50 տարի առաջ իր շուրջը համախմբեց աստուածաշնչեան երկրի զաւակներին` կառուցելով յաղթութեան ամրոց եւ անուանելով այն «Բերդ»: Մենք` «Բերդի» ամրոցի զաւակներս` «բերդապահներս», մեր ուսերին ենք կրում հէնց այդ գաղափարը: «Բերդ» համոյթը միայն պարի խումբ չէ, դա գաղափարի, միասնականութեան, ազգային մշակոյթի հիւթեղէն կենաց ծառից սնուելու գաղափարն է: «Բերդը» հէնց այնպէս բեմադրութիւն չի անում, ինչպէս շատ յաճախ Հայաստանում կամ սփիւռքում մեքենայից ելած ճտերի պէս բազմացող պարային խմբերը, որոնք ներկայանում են օտար քօղի տակ: Ինքնագովեստ չթուայ, բայց «Բերդը» կարողանում է ձեւաւորել ճաշակ` դառնալով պարարուեստի յենասիւներից մէկը:
«Ա.».- Պարը նաեւ որոշակի փիլիսոփայութիւն է, որն արտայայտւում է շարժուձեւերով, միեւնոյն ժամանակ ուղերձներ, որոնք հանդիսատեսը կարող է ընկալել կամ չընկալել: Ո՞րն է «Բերդ»-ի ուղերձը:
Կ. Գ.- Մէջբերեմ հետեւեալ խօսքերը. «Ասում են` գիտութիւնը մտքի յիշողութիւնն է, իսկ արուեստը` զգացմունքի: Բայց այն, ինչ անում է Հայաստանի «Բերդ» վաստակաւոր պարային համոյթը, ե՛ւ գիտութիւն է, ե՛ւ արուեստ: Գիտութիւն է, որովհետեւ մեզ է վերադարձնում մեր անցեալի իմաստութեան ուժը, արուեստ է, որովհետեւ մեզ տոգորում է ապրելու յաւերժութեան ոգով»:
«Ա.».- Մեր օրերում ժամանակակից պարային խմբերի ձեւաւորման նոր ուղղուածութիւններ են մուտք գործում Հայաստան, այդ իմաստով` որքանո՞վ են ամուր «Բերդ»-ի պատերը, որքանո՞վ են տուժում ազգագրական պարերը դրանից:
Կ. Գ.- «Բերդ»-ի տարիքը խօսում է իր մասին: Մենք չենք գնացել էժան ծափերի ետեւից: Ձեր նշած ժամանակակից պարային խմբերն առաւօտեան փայլատակում են, իսկ երեկոյեան` խամրում, քանի որ դրանք ժամանակին համընթաց են: «Բերդ»-ի յիսունամեայ պատմութեան իւրաքանչիւր էջը կենսագրութիւն է: Մենք չենք վախենում ժամանակակից հրապուրանքներից:
«Ա.».- Այնուամենայնիւ, կա՞ն մտավախութիւններ, որ ազգագրական պարերը կարող են տուժել այդ կարճաժամկէտ «հրապուրանքներից»:
Կ. Գ.- Ի հարկ է, մտավախութիւններ կան, բայց ես լաւատես եմ: Ինձ ասում են, որ ես անուղղելի լաւատես եմ: Այդ լաւատեսութեան շնորհիւ արագ հասնում եմ արդիւնքի: Դժուարութիւնները շատ են պարարուեստում: Պետական հոգածութիւնը թոյլ է այս ոլորտում, թէեւ անկեղծ պէտք է լինեմ եւ նշեմ, որ Հայաստանի մշակոյթի նախարարութիւնը վերջին մի քանի տարիներին լուրջ ուշադրութիւն է դարձնում ազգագրական խմբերին, ինչի ապացոյցն է, որ, ինչպէս, օրինակ, վասպուրականցիների, շատախցիների, Ոսկետափի, Ուջանի պարի խմբերի համար տարազներ կարեց: Վերջին ժամանակաշրջանում նման բան չէր եղել, սակայն, այնուհանդերձ, այդքանը բաւարար չէ ամբողջական խնդիրների լուծման համար: Ազգային պարը պետական հոգածութեան կարիք ունի: Ազգային պարերի ինքնութիւնը եւ ոգին պահելու խնդիր կայ: Անցեալ տարի սպանական Քաթալոնիա շրջանում էի, որտեղ սիրողական մի պարային խմբից հետաքրքրուեցի, թէ ինչպէ՞ս են պահում իրենց պարի խումբը: Նրանք ասացին, որ իրենց շրջանի պատասխանատուն տարեկան 60.000 եւրօ է յատկացնում պարի խումբը պահպանելու համար: Իրենց գիւղում տեղադրուած էին լաւագոյն պարողի եւ զուռնայ նուագողի արձանները:
«Ա.».- Դուք նկատի ունէք, որ ազգային պարի պահպանման քարոզչութիւնը պէտք է տարուի պետակա՞ն մակարդակով:
Կ. Գ.- Անպայմա՛ն: Այսօր հայաստանեան հէեռուստաընկերութիւններում գրեթէ խօսք չկայ ազգային պարի մասին:
«Ա.».- Ի դէպ, դուք «Պարատուն» հաղորդաշար ունէիք, որն այսօր չկայ հեռուստաեթերում: Ինչո՞ւ չկայ:
Կ. Գ.- 8 տարուայ ընթացքում «Պարատուն»-ի 350 հաղորդում եմ վարել: Հաղորդումը հեռարձակւում էր Հայկական երկրորդ հեռուստալիքով, Հանրային հեռուստատեսութեամբ: Գիտէք, երբ ժամանակներն սկսեցին փոխուել, այդ յարափոփոխ ընթացքի մէջ ինձ ժամանակ չմնաց ամէն շաբաթ գնալ մարզ, բանահաւաքչութեամբ զբաղուել այդ մարզի մասին, դժուար էր: Միշտ ասում եմ, որ ժամանակաւոր եմ դադարեցրել հաղորդումը, այն վերսկսելու եմ: Յուսով եմ` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին «Պարատուն»-ը կրկին կը լինի հեռուստաեթերում:
«Ա.».- Մենք երբեմն մոռանում ենք ազգային արժէքները, ինչը դրսեւորւում է գրեթէ բոլոր օղակներում, այդ թւում` դպրոցներում: Երիտասարդները երբեմն աւելի շատ հետաքրքրւում են ժամանակակից պարերով, քան` ազգային: Ի՞նչ պէտք է անել:
Կ. Գ.- Վարչապետը յայտարարել է, որ 2014թ. պարը` որպէս պարտադիր ուսուցում, ինչպէս, օրինակ, շախմատը, դասաւանդուելու է հանրակրթական դպրոցներում: Դա մեր` տարիների տքնաջան աշխատանքի արդիւնքն է: Վրաստանում արդէն երկու տարի է` հանրակրթական դպրոցներում պարն ուսումնական պարտադիր առարկայ է: Կոմիտասն ասել էր, որ սերնդին կրթելու համար պէտք է պար եւ սրինգ նուագել սովորեցնել դպրոցներում: Այսօր հունգարացիները Տաղստանում ճրագով փնտռում են իրենց պարերը: Այդ երկրի օփերային մայր թատրոնի շէնքի պատին փորագրուած է, գիտէ՞ք` ի՛նչ. «Մեզ համար կարեւոր է այս թատրոնի պարուսոյց-մանկավարժը, քան` այս թատրոնի խմբավարը»: Խօսքը սովորական մանկավարժութեան մասին չէ, այլ` այն մանկավարժութեան, որը մանկապարտէզից զբաղուած է ոգու մանկավարժութեամբ, իսկ ոգին կրթել եւ դաստիարակել` նշանակում է փայլուն սերունդ ունենալ մի քանի տարի յետոյ: Պարը հէնց այդպիսին է: 16-րդ դարում Եւրոպայում բացւում էին պարի դաստիարակչական դպրոցներ: Պարը դաստիարակութիւն է:
«Ա.».- Իսկ ինչպէ՞ս կը բնորոշէք պարարուեստի մարդուն: Ի՞նչն է յատուկ նրան:
Կ. Գ.- Կարգապահութիւն կայ պարի մարդու մէջ: Ընդհանրապէս արուեստը կարգապահութիւն է պահանջում: Պարի մարդը տարուած է իր արուեստով, գուցէ փոքր-ինչ զազրախօս է, այլ ոլորտներում ծոյլ, բայց իր ոլորտում չափազանց աշխատասէր է:
«Ա.».- Լինո՞ւմ են յուսահատութեան պահեր:
Կ. Գ.- Երբեք չեմ ունեցել յուսահատութեան պահեր: Ի՞նչից պէտք է յուսահատուեմ` իմ ապրելո՞ւց: Ինձ համար աշխարհ եմ ստեղծել եւ ապրում եմ այդ աշխարհում, այսինքն, ես դադարե՞մ ապրել, դադարե՞մ ստեղծագործել: Ես չեմ կարող մի երեխայից, մի դասախօսից կամ մի մարդուց հիասթափուել, եւ դա տարածել իմ աշխատանքի վրայ: Մի մարդուց կամ մի պաշտօնեայից, մի չինովնիկից չէ կախուած իմ հիասթափութիւնը, ես սերունդ եմ կրթում: Հաւատացէք` հիասթափութիւններ երբեք չեմ ունենում, մարդկանց որոշակի հանգամանքներին քմծիծաղով եմ վերաբերւում:
«Ա.».- Դուք դասաւանդում էք նաեւ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, ինչը ենթադրում է, որ ամէնօրեայ շփում էք ունենում երիտասարդների հետ: Երիտասարդները փոխուե՞լ են: Աւագ սերունդը շատ պահանջկոտ է լինում երիտասարդ սերնդի հանդէպ:
Կ. Գ.- Պարարուեստում փայլուն երիտասարդներ կան: Երբ յիշում եմ իմ պարած տարիները 30 տարի առաջ, եւ տեսնում եմ այսօրուայ երիտասարդներին, բացարձակ նմանութիւն չկայ: Աւելի՛ն. 25-30 տարի առաջուայ պարերը անհամեմատելի են այսօրուայ մշակոյթի հետ: Ժամանակը շարժում է բերել իր հետ, այսօրուայ պարող-պարուհիները մի քանի անգամ աւելի լաւն են: Ես միայն հաճոյք եմ ստանում, երբ մտնում եմ փորձասրահ: Նրանք պայծառ մարդիկ են, ովքեր ապրում են այլ փիլիսոփայութեամբ, այլ գաղափարախօսութեամբ: Ներեցէք, բայց ինձ համար պարի մարդը լրիւ ուրիշ մարդ է: Պարարուեստի երիտասարդն ուրիշ մշակոյթ ունի:
«Ա.».- «Բերդ»-ը կէսդարեայ պատմութիւն ունի: Ի՞նչ էք զգում` յետահայեաց նայելով այդ ճանապարհին:
Կ. Գ.- Երբ 1963թ. հայրս ստեղծեց այս համոյթը, չէի պատկերացնում, որ 50 տարի յետոյ իմ բեմադրութիւններով պէտք է տօնենք համոյթի 50-ամեակը: Տղաս էլ խոստացել է, որ համոյթի 100-ամեակն էլ նշելու ենք իր բեմադրութիւններով: Սերունդների միջեւ այս կապը մեր պատմութեան, մեր մշակոյթի փայլուն օրինակն է: Իր յիսունամեայ պատմութեան մէջ «Բերդը» հարիւր հազարաւոր մարդկանց սիրելի է դարձրել մեր երկիրը, հարիւր հազարաւոր մարդկանց ծանօթացրել է մեր պատմութեանը, եւ 2000թ. Փարիզում 32 պետութիւնների շարքում նուաճեց ոսկէ մետալ: Կէսդարեայ պատմութեան մէջ համոյթն իր բարձունքում է: Երանի նրանց, ովքեր դեռ կը լինեն այս համոյթում:
«Ա.».- Ի՞նչ հիմունքներով կամ չափանիշներով էք ընտրում «Բերդ»-ի պարող-պարուհիներին կամ, այլ կերպ ասած` «բերդապահներին»:
Կ. Գ.- Առաջին հերթին մարդկային որակներն եմ կարեւորում: Երբ մարդը լաւն է, նրա այդ գծերն ընդգծւում են բեմում, եւ հանդիսատեսն իսկոյն նկատում է լաւ մարդու հայեացքը:
«Ա.».- Փաստօրէն, «Բերդ»-ի երկարակեցութեան գաղտնիքը նաեւ դա է:
Կ. Գ.- Կարգապահութիւն, մարդկային որակներ եւ, բնականաբար, աշխատասիրութիւն:
«Ա.».- Ի դէպ, յուլիսի 3-ին Երեւանում սպասւում է «Բերդ»-ի 50-ամեակին նուիրուած համերգը: Ի՞նչ ծրագրով է հանդէս գալու համոյթը:
Կ. Գ.- «Բերդ»-ը հանդէս է գալու բացարձակ նոր ծրագրով, նոր տարազներով, նոր երաժշտութեամբ համեմուած նոր պարային բեմադրութեամբ: Ամենալաւ նուէրն այն է, որ «Բերդ»-ը հանդէս է գալիս նոր ծրագրով: Շատ հետաքրքիր երեկոյ է սպասւում հանդիսատեսին, եւ կարծում եմ, որ իսկապէս գունեղ, գեղեցիկ ձեւաւորմամբ տօն է լինելու: Մի երգիչը մի երգ է երգում, եւ ամբողջ տարին հայկական հեռուստաալիքները զբաղւում են այդ երգի, ինչպէս ընդունուած է ասել` «ռասկրուտկայով», իսկ 100 հոգանոց համոյթն աշխատում է այդ օրուայ համար, սակայն ո՛չ մի հեռուստաընկերութիւն ոչ մի հարցով չի հետաքրքւում:
«Ա.».- Թերեւս եկամտաբեր չէ նրանց համար մշակոյթը լուսաբանելը:
Կ. Գ.- Ցաւօք, նիւթական արժէքներ ստեղծողները հէնց այդ պահի մէջ գնահատուողներն են: Անկեղծ ասած, մենք չենք էլ սպասում, որ գնահատանքի արժանանանք, մենք լռակեաց մեր գործն անում ենք, մենք զբաղուած ենք մշակոյթով, իսկ նրանք թող այդ ռաբիս երաժշտութիւնը, վատ մշակոյթը տարածեն հեռուստաընկերութիւններով, իսկ լաւ մշակոյթը թող մնայ սարերի ետեւում: Մենք մեր ամրոցը պահում ենք:
«Ա.».- Քանի որ մեր զրոյցը կարդալու են Լիբանանում, հետաքրքիր է իմանալ` «Բերդ»-ը հիւրախաղերով հանդէս եկե՞լ է Լիբանանում:
Կ. Գ.- Երբեւէ չենք եղել, եւ չգիտենք էլ, թէ ո՞վ կը հրաւիրի, սակայն «Բերդ»-ը ամէն տարի հիւրախաղերով լինում է Եւրոպայում եւ Ռուսաստանում: Սեպտեմբերի 20-ից «Բերդը» շրջագայութեան է մեկնելու Հարաւային Ռուսաստան:
Երեւան-Պէյրութ


