Ազնաւո՛ւր Տաղանդ

ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆ

Տասնեակ տարիներ ասացին ու գրեցին.

Ազնաւուրի ձայնը վիրաւորում է մարդկանց ականջը… Ամբողջ մի դար է հարկաւոր ընտելանալու համար այդ ձայնին… Տեսնելով եւ լսելով Ազնաւուրին, մարդ հարց է տալիս ինքն իրեն, թէ ինչո՞ւ չերգել փայտէ ոտքով…

Սակայն Ազնաւուրը չանսաց, Ազնաւուրը չազդուեց, Ազնաւուրը միայն ստեղծագործեց ու երգեց.

«… Բայց օր կը գայ, ցոյց կը տամ դեռ,
Որ մեծ տաղանդ ունեմ ես…»:

Տասնեակ տարիներ ասացին ու գրեցին.

Իւրաքանչիւր երգի մէջ նա հետեւում է մէկնումէկին… Անձուկ է նրա ընկալումների դաշտը… Փարիզն ամէն միջոց ի գործ պէտք է դնի իր օձիքն Ազնաւուրից ազատելու համար…

Սակայն Ազնաւուրը չանսաց, Ազնաւուրը չազդուեց, Ազնաւուրը միայն ստեղծագործեց ու երգեց.

«… Բայց օր կը գայ, ցոյց կը տամ դեռ,
Որ մեծ տաղանդ ունեմ ես…»:

Ասացին ու գրեցին դեռ աւելին, անտեսումի հեղձուցիչ գրուանի տակ պահեցին նրան, սակայն նա համառեց, հաւատաց ու ամէն օր մի նո՛ր երգով սարսեց իր վրայ կործուած անտարբերութիւնը, մինչեւ որ տառացիօրէն բերեց իր նախատեսած «օրը», ստիպելով նոյն կամ գրեթէ նո՛յն յոռետեսներին, որ այս անգամ ասեն ու գրեն.

Ազնաւուրն ունի իր երգերի՛ ձայնը, որն աւելի ունկնդրի սրտին է ուղղուած, քան` ականջին… Աստուածայի՜ն ձայնալարեր… Երկնայի՜ն հագագ… Նոր ժամանակների ձայնական ամենակարեւոր իրողութիւնը… Ձայն չէ, այլ խաչուած Յիսուսի ողբը… Իսկ ֆրանսիական երգի ծերունազարդ ասպետը` Մորիս  Շըվալիեն, հաստատեց. «… Այո՛, Շարլ Ազնաւուրը` բոլոր ժամանակների երգիչներից առաջինը, համարձակւում է սէրը երգել այնպէս, ինչպէս մարդ զգում է այն, ապրում է ու տառապում»:

Երկրագնդի հինգ մայր ցամաքներից հասնող այս եւ նման հիացական բացականչութիւններն  ամէնօրեայ ողջոյնների պէս հասարակ իրողութիւններ են այլեւս Ազնաւուրի համար: Ինչպէս առաջ մարդկանց հայհուչների հանդէպ իր երգում` «Ես` դեռ հազիւ տասնութամեայ… վստահ էի, թէ Փարիզը կը նուաճեմ անկասկած», այնպէս էլ հիմա, երբ մեծագոյնն է «բոլոր երգիչներից մեծանուն», երբ աւելի քան հարիւր վաթսունութ հազար նուագախմբի ղեկավարներ կամ երաժիշտներ են կատարում նրա ստեղծագործութիւնները` նա, ոգեկոչելով իր ապագայ համաշխարհային հռչակի նկատմամբ ունեցած պատանեկան հաւատը, շարունակում է երգել.

«Ես ինձ տեսնում էի արդէն…»

Ազնաւուրի այս անընկճելի հաւատը նրա ձայնի նման զարմանալի երեւոյթ է, որ պայմանաւորել է նրա անորակելիօրէն տոկուն կամքը եւ կեանքում միշտ աշխատելու, վայրկեան չկորցնելու ոգեկան կորովը: «Կեանքիս ապարանքը,- ասել է նա,- հանգչում է իմ ժամացոյցի սլաքների ընթացքի վրայ»: Արդարեւ, Ազնաւուրի մէջ երգիչն ու բանաստեղծն այս  սլաքների շուքի պտտուելուն նայելով են ուռճացել, ինչպէս բոյսը` իր սեփական ստուերի տեղափոխմանը: Սակայն բոյսի  ստուերն անգամ բարձրանում է հողից: Եւ Ազնաւուրն իր արմատներն առհաւական հողի ընդերքի մէջ խորունկ խրելուց յետոյ է, որ իր ստուերի ժամացոյցով կշռաւորել է իր հեւիհեւ աճը: Իսկ այդ արմատները, բանաստեղծի՛ իսկ խոստովանութեամբ, անցնելով Սայաթ-Նովայի տաղերի արգաւանդ բուսահողի միջով, մխրճւում են ու կորչում հայ ժողովրդական քառեակների մէջ, որ այնքա՜ն սիրել է երգել նրա հայրը: Ուստի նաեւ, անկասկած, քուչակեան հայրենների մէջ, որոնց առողջ, կենսաթրթիռ, ֆիզիքական սիրոյ մաքրութիւնը փառաբանող յափշտակութեան մթնոլորտում են շնչում Ազնաւուրի երգերը: Քուչակի նման նա էլ «քանց սէրն քաղցրիկ չկայ» երդուելով, երգում է այդ մեծ զգացումը որպէս վայելք ու գինովութիւն, որպէս յաւիտենական երիտասարդութիւն, որպէս գերագոյն «երկրային սնունդ», ուստի, Քուչակի նման, չի վախենում երբեմն նոյնիսկ չափազանց անկեղծանալուց: Այս վերջին պարագան պէտք է անպայման ի մտի ունենալ` յանկարծ պագշոտ չհռչակելու համար բանաստեղծի ինչ-ինչ զգացումները, որոնց ակունքն աննախապաշար անմիջականութիւնն է:

Ազնաւուրի բանաստեղծութիւնների մէջ արեւոտ արեւելքցին է սիրում, տագնապում, խորհրդածում եւ աղօթում: «Ես լեզուով եմ ֆրանսիացի», ասում է նա, կարծես ընդգծել ուզելով այս հաստատումը: Եւ հակառակ երգային արուեստի բազմապիսի առանձնայատկութիւններին, նրա ստեղծագործութեան մէջ միշտ ու ամէնուրեք ներկայ է մեծ բանաստեղծը, որի զուլալ լեզուն, պատկերների եւ զգայութեան թարմութիւնն ու ընդարձակութիւնը հոգեկան պոռթկումների են վերածում նրա երգերը: «Ինձ տուեցին», «Եւ սակայն», «Պէտք է գիտնալ», «Տո՛ւր մեզ այսօր», «Գնաց ուրիշ սիրոյ հետ», «Յաւերժութեան ճանապարհը» եւ այս կարգի ուրիշ գործեր կարող են պատիւ բերել որեւէ վաւերական բանաստեղծի:

Շարլ Ազնաւուրի շռայլ ու ազնաւուր` ազնուական տաղանդը հայ ոգու կենսունակութեան պանծացումն է համաշխարհային բեմերից եւ ձայնասփիւռի կայաններից: Իր «յաւերժութեան ճանապարհի» վրայ հայ ժողովրդի արտաբերած լուսեղէն ճիչերից մէկը:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )