Երէկ «Սմերչ», Այսօր` Կանացի Գիշերանոց. Տագնապ Հայ-Ռուսական Յարաբերութիւններում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ամէն տարի Ռուսաստանում ճանապարհային  արկածների զոհ են դառնում հազարաւոր մարդիկ: Աշխարհում ամէնից շատ արկածներ արձանագրւում են հէնց Ռուսաստանում: Ամէն տարի յանցաւոր անփութութեան պատճառով ռուսական ծերանոցներում բռնկուող հրդեհի ճարակ են դառնում տասնեակ ծերեր: Օդային աղէտները, մարդասպանութիւնները, ահաբեկչութիւնները, ցաւօք, վերջին տասնամեակներում խլել են հարիւրաւոր մարդկային կեանքեր այդ երկրում:

Մենք` հայերս, ինչպէս ողջ աշխարհը, սրտի տրոփիւնով էինք հետեւում «Նորտ Օսթի» ահաբեկչութեանը: 2002-ին Մոսկուայում «Նորտ Օսթ» միւզիքըլի ժամանակ դահլիճ ներխուժեցին կովկասցի զինուած ահաբեկիչներ` պատանդ վերցնելով դերասաններին եւ հանդիսատեսներին` աւելի քան 900 մարդու: Գրեթէ երեք օր տեւած անարդիւնք բանակցութիւններից յետոյ սկսուեց ուժայինների գրոհը, որի արդիւնքում բոլոր ահաբեկիչները սպաննուեցին: Գրոհի արդիւնքում զոհուեցին նաեւ 130 պատանդներ:

Մենք` հայերս կսկիծով էինք հետեւում Պեսլանի մանկասպանութեանը: 2004-ի սեպտեմբերին  ահաբեկիչները գրաւեցին Հիւսիսային Օսեթիոյ  Պեսլան քաղաքի դպրոցը` պատանդ վերցնելով հարիւրաւոր ներկաների: Զոհուեց 333 մարդ, այդ թւում` 186 երեխայ:

Հայ մայրերը սգում էին ռուսական սուզանաւի երիտասարդ աղէտեալների համար: 2000-ի օգոստոսին Պարենցի ծովում խորտակուեց «Քուրսք» հիւլէական սուզանաւը, 118 հոգանոց անձնակազմից ոչ ոք չփրկուեց: Մենք ի սրտէ ցաւում էինք ոչ թէ այն պատճառով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, այլ որովհետեւ դժբախտութիւնը չունի ազգութիւն ու սահման:

Ռուսական իշխանութիւններն ու նրանց կողմից վերահսկուող հեռուստաընկերութիւնները վերոնշեալ բոլոր աղէտների, ողբերգութիւնների ու ահաբեկչութիւնների դէպքում մեղաւորներին երբեք հրապարակայնօրէն ծաղր ու ծանակի չենթարկեցին, անգամ` Պեսլանի մանկասպաններին: Ռուսական իշխանութիւններն ու հեռուստաընկերութիւնները յուլիսի 15-ի ողջ օրուայ ընթացքում հրապարակայնօրէն ստորացնում էին տարաբախտ վարորդ,  Հայաստանի քաղաքացի Հրաչեայ Յարութիւնեանին, որի անսարք բեռնատարը մերձմոսկուայում մխրճուել էր օթոպիւսի մէջ` խլելով 18 մարդու կեանք:

Կանացի գունաւոր գիշերանոցը, որով ցուցադրւում էր Հայաստանի քաղաքացին, Ռուսաստանի իշխանութիւնները, ըստ էութեան, հագցրել էին ռազմավարական գործընկերոջը` Հայաստանին:

Այսքանով աւարտենք քննադատական խօսքերը Ռուսաստանի իշխանութիւնների եւ ռուսական հեռուստաընկերութիւնների հասցէին եւ գանք Հայաստան, որին տարիներ առաջ Ռուսաստանի խորհրդարանի նախագահը, իր կարծիքով` հաճոյախօսութիւն անելու ազնիւ մղումով, անուանել էր «ֆորփոսթ»:

Այն ժամանակ Հայաստանի ոեւէ բարձրաստիճան պաշտօնեայ հրապարակաւ իր զայրոյթն ու ցասումը չարտայայտեց` կանաչ լոյս վառելով կանացի գիշերանոցի ճանապարհին:

Ռուսները հայերին լաւ են ճանաչում նաեւ հոգեբանօրէն: Օտարը` լինի ռազմավարական դաշնակից կամ թշնամի, երբ գիտի, որ տուեալ երկրում հաստատուել է ժողովրդի վստահութիւնը եւ յարգանքը չվայելող իշխանութիւն, երբ համոզուած է, որ տուեալ երկրի ժողովրդի մեծ մասը «մէջք ծռող է», ապա նրա հետ վարւում է այնպէս, ինչպէս թոյլ է տալիս իր խիղճը եւ ճաշակը:

Հայաստանի գործող իշխանութիւնները` գործադիր, օրէնսդիր եւ դատական, պարտաւոր են հրապարակաւ հակազդել ռուսական կողմին: Անգամ այն իրողութիւնը, որ Հայաստանի ղեկավարութիւնը իշխանութեան է հասել վիճելի ընտրութիւնների ու բռնութիւնների ճանապարհով, նրանց չի ազատում ռուսական կողմին համապատասխան պատասխան տալու անհրաժեշտութիւնից:

Ռուսաստանում գործող տասնեակ հայկական կազմակերպութիւններ, որոնք զբաղւում են հայ-ռուսական յաւերժ բարեկամութեան մասին քարոզներով, առնուազն պէտք չէ լռեն, քանի որ կանացի գիշերանոցը նաեւ նրանց համար էր:

Հայաստանի քաղաքացիական գործիչները, մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւնները եւ քաղաքացիական հասարակութիւնը եւս պէտք չէ լռեն, քանի որ հրապարակաւ ստորացւում եւ ծաղր ու ծանակի էր ենթարկւում ոչ միայն ազատամարտիկը, 21-ամեայ որդուն կորցրած հայրը, այլեւ` ողջ Հայաստանը:

Պէտք չէ լռեն նաեւ ռուսասէր եւ մինչեւ օրս ռուսախօս հայ մտաւորականութիւնը, ռուսասէր կուսակցական գործիչները: Դուք էլ ապահովագրուած չէք կանացի գունաւոր գիշերանոցներից, անգամ եթէ ռուսերէն լաւ գիտէք:

Ռուսական հեռուստատեսութեամբ ցուցադրուած կանացի գունաւոր գիշերանոցն աւելի վտանգաւոր ու վիրաւորական էր Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւնների ապագայի համար, քան` Մոսկուայի կողմից Պաքուին վաճառուած «Սմերչ» զինատեսակը:

Չնայած պաշտօնական Երեւանի եւ Մոսկուայի լռութեանը, ակնյայտ է, որ այսօր հայ-ռուսական յարաբերութիւններում տագնապ կայ, ինչը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ռուսաստանի երկարաժամկէտ շահերից: Կարելի է նշել հիմնական չորս պատճառ, որոնք լարուածութիւն են մտցրել Հայաստան-Ռուսաստան յարաբերութիւններում:

Առաջին. ռուսական կողմը շուրջ 1 միլիառ տոլար արժողութեամբ զէնք վաճառեց Ազրպէյճանին, այդ թւում` այնպիսի զինատեսակ, որը նախատեսուած է խաղաղ բնակչութեան ոչնչացման համար: Հասկանալի է, թէ Ազրպէյճանը ում դէմ կարող է այդ զէնքն օգտագործել:

Երկրորդ. ռուսական կողմը թանկացրեց Հայաստան առաքուող կազը` հազար խորանարդ մեթրը 180-ից հասցնելով 270 տոլարի: Սա նշանակում է առաջին անհրաժեշտութեան ապրանքների համատարած թանկացում Հայաստանում եւ Արցախում:

Երրորդ. Հայաստանը բացայայտ կերպով յայտարարում է, որ նոյեմբեր ամսին նախաստորագրելու է Եւրոպական Միութեան միաւորման համաձայնագիրը, ինչը նեարդայնացնում է Ռուսաստանին:

Չորրորդ. Սերժ Սարգսեանի ու Վլատիմիր Փութինի անձնական յարաբերութիւնները, մեղմ ասած, այնքան էլ բարեկամական չեն:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )