Աշխարհաքաղաքական Կողմնորոշման Դեգերումները Որպէս Արտագաղթային Մտածողութեան Ախտանշան
ԱՆԻ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Էս ծանր ձեւակերպման տակ խոստանում եմ մտքերս դասաւորել հնարաւորինս պարզ ու կրճատ, բայց զգացմունքներից մաքրել, զատել դրանք չեմ կարող: Ես քաղաքագէտ չեմ, ոչ էլ` մերօրեայ ամենագէտ-փորձագէտ, էն, ինչ պիտի ասեմ, լռելու անհնարինութիւնից է, երբ պիտի գլուխդ կախ քո գործին լինես, քո բաժին պարտականութիւններին, բայց իրականութիւնը, ցաւի բնական ճիչդ կորզելով, ստիպում է նաեւ խօսել:
«Ես կին եմ եւ մայր»,- այսպէս կը սկսէր Անթառամ մայրիկը ու Մուսա Լերան փէշերին իրենց խաղաղութիւնը խաթարուած գտած գիւղերի հինգ հազար շունչ հայերին իր հողապաշտ բնազդով վերջնականապէս կը համոզէր, որ Մուսա Լեռ բարձրանալը եւ ինքնապաշտպանութիւնը միակ փրկութիւնն են համաշխարհային տէրութիւնների անբարոյական խաղերի արդիւնքում թափ առած թուրքի եղեռնագործ սանձարձակութիւնից:
Երեխաներիս շորերն եմ արդուկում, ծալ-ծալ, գալար-գալար, խնամքով շարելով իրար վրայ, ու ընտանեկան յարկի տակ յաւերժ կանացի ու օրհնաբեր էս հոգսի մեջ փորձում եմ ազատել ինձ մի ամբողջ ժողովրդի յիշողութիւնից, էն, որ պատմական կամ հաստատութենական են ասում, էն, որ մեր դէպքում թոյն ու հակաթոյն է միաժամանակ, անէծք ու օրհնութիւն է միաժամանակ, անելանելիութիւն ու վճռակամութիւն է միաժամանակ:
Պատմութիւնը կրկնւում է: Լրահոսի թունաւոր էջերն արդէն մի քանի շաբաթ է զբաղեցնում են միտքս: Արդուկն այլեւս կենցաղով կենցաղից կտրուելու հաճելի զբաղմունք չէ, երբ հետն էլ երեխաներիդ յետոն ես գծագրում` նոյնքան կոկիկ ու ծալ-ծալ դասաւորելով լաւատեսութեանդ պահարաններում: Հեռու-մօտիկ հարեւաններդ թակել են դուռդ, բան են յիշեցնում, զգուշացնում են արագացնել: Նոյն չար հեքիաթը: Կողմնորոշուի՛ր, հա՛յ ազգ: Ու էս ամէնում քո մէջ ծնուող կենտրոնական հարցը նոյնքան թունաւոր է ու նենգ, որքան հարեւաններիդ համարկման վերջնագրերն են: Ո՞ր ուղղութեամբ ենք գնալու:
Այդ երբուանի՞ց ուղղութիւնը գերադիր դարձաւ լինելիութիւնից, գոյութեան պարզ ու փորձուած հաստատութիւնից: Հայաստանը կայարան չէ, որտեղ պէտք է կողմնորոշուել ուր գնալ, հայե՛ր: Արեւելքն ու արեւմուտքը, հիւսիսն ու հարաւն իրակութիւններ չե՛ն, դրանք երկրորդային համեմատական հասկացութիւններ են, իրակութիւնը հո՛ղն է, Երկի՛րը, որի վրայ ապրում ես, ու էդ Երկիրն իր տեղում, միա՛յն իր տեղում է Երկիր, իր բաժին հողի վրայ, իր թէկուզ դժխեմ բախտով ու իր` բացառիկ դերով պայմանաւորուած տեսակով:
Գաղթականի հոգի ունենք: Ճիշդ է ասուած: Ու ինչո՞վ նման չէ աշխարհաքաղաքական կողմնորոշման մեր հիւանդութիւնն արտագաղթին: Երկու դէպքում էլ Երկիր ես լքում: Մի դէպքում յուսահատ մարդն է տեղաշարժւում, ում մեղադրելը նոյնքան մեղք է, որքան արտագաղթելը, միւս դէպքում` Երկրում մնացած գաղթական հոգով հայը փորձում է ամբողջ մի Երկիր տեղաշարժել… արեւե՞լք, թէ՞ արեւմուտք…, Ռուսաստա՞ն, թէ՞ Եւրոպա… կաեւոր էլ չէ:
Փոյթ չէ, թէ երեխաներիս այսօր հեքիաթ չեմ կարդայ: Ձեռքիս տակ եղած «Հայոց պատմութեան» գրքերն եմ քրքրում, ինձ համոզելու բան չունեմ, բայց գուցէ մի ցուցակ սարքեմ, պարզ մի ցուցակ, որտեղ հայոց այսուայնկողմ կողմնորոշուելու ողբալի հետեւանքները մի առ մի շարեմ ազգիս գաղթական մտքի դէմ ու հողին ու սեփական ուժերին կառչած լինելու մեր հատուկենտ վճիռներով բացատրեմ երեւանեան փոքրիկ բնակարանում բնադրման ու երեխաներ մեծացնելու իմ այսօրուայ իրաւունքն ու օրհնութիւնը:
Ֆիզիքական արտագաղթը լուծելի խնդիր է: Դեռ կը գան: Եթէ ոչ բոլորը, ապա` շատերը: Բայց Երկիրն իրաւունք չունի արտագաղթել: Իրաւունք չունի շարժուել Տեղից: Մի՛ տուէք էդ անիծեալ հարցը` ո՞ւր: Քաղաքական-համարկում արտագաղթը, ո՛ր ուղղութեամբ էլ լինի, ինքնասպանութեան է հաւասար: Տէր Զօրը Մուսա Լեռից նախընտրելուն է հաւասար: Հայերին Ռուսաստանի անծայրածիր եզերքներում բնակեցնել-փոշիացնելու ու Երկիրն առանց հայերի տեսնելու կայսրուհու քաղաքականութիւնը չի՞ շարունակւում այսօր, հաւատակից մեծ եղբայրդ թշնամուդ չի՞ զինում: Եւրոպա՞: Ի՞նչ Եւրոպա: Տանդ գոյասիւները կտրում ես եւրավերանորոգման մի քանի տարա ծեփամածուկի դիմա՞ց: Կեղծ արժէքների՞, որոնց շրջանակում ողջ ազգիդ ցեղասպաննուելը քաղաքակիրթ ազգերին անտարբեր թողեց հարիւր տարի առաջ, այդպէս լինելու է եւ հիմա, երբ Երկիրդ վտանգուի. քաղաքակիրթ ազգերն այլեւս Երկիր չեն ճանաչում, վերազգայինն է նրանցը, նիւթն ու նիւթականը: Հարցնում ես` հիմա՞: Հա՛, հէնց հիմա, որովհետեւ հեռու-մօտիկ հարեւաններդ թակել են դուռդ, բան են յիշեցնում, զգուշացնում են արագացնել: Կողմնորոշուել ու այսպիսով ազատել քեզ քո տեսակից` ազատելով նաեւ բնօրրանդ: Երկիրդ պէտք է նրանց առանց քեզ:
Ու ես ծալում եմ արդուկած շորերն ու ստիպուած եմ դրանք ու էլի շատ եւ աւելի կարեւոր բաներ հետս Մուսա Լեռ վերցնելու ու այնտեղ ամրանալու մասին մտածել: Երկիրս այսուայնկողմ տեղափոխելուց փրկելու համար: Ինձ հետ վերցնելու եմ նաեւ իմ մենակութիւնը: Ես դաշնակից չունեմ: Իմը հայ տեսակն է, մենակ, ծուռ ու դրանով իսկ ամենադիմացկուն տեսակը: Ես գիտակցում եմ, որ իմ ուժը հէնց իմ մենակութեան մէջ է: Մենակութեան թելադրանքով նորից զտուելու, արտաքին թշնամուն դիմակայելու համար ներքին զազրելի արատներից հրաժարուելու բացառիկ հնարաւորութեան մէջ: Ես գիտակցում եմ, որ անհնարին ոչինչ չկայ, ու որ չհամարկուելու անհնարին լինելն ու իբր դրա պատճառով աշխարհից մեկուսանալը սպառնալիք է միայն, որով դանդաղ, բայց հետեւողականօրէն նախապատրաստուել է առաջին հերթին ինքս ինձ չհաւատալու ցաւալի անկումը:
Ես գիտակցում եմ, որ իմ Երկիրն այլոց պէտք է առանց ինձ: Չկամ ես, չի լինի եւ այն Ուխտը, որ Աստուած Հայկի սերնդի հետ կնքել է էս սրբազան հողում: Ես գիտակցում եմ, որ ուղղութիւն վերցնելը գաղթ է ու պարտութիւն Բելին, գիտակցում եմ, որ Տէրն ինձ իմ հողի, միայն էս Երկրի վրայ է օգնելու, երբ ես չփախչեմ Նրանից, ամրանամ Նրա բարձունքներում, պէտք լինի` նաեւ խաչուեմ Նրան:
«Հետք»

