Ինչպէս Թուրք-Սուրիական Սահմանի Մի Մասը Կարող Է Վերածուել Թուրք-Քրտական Սահմանի

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Սուրիոյ Արաբական Հանրապետութեան եւ Թուրքիոյ Հանրապետութեան միջեւ ցամաքային սահմանը 911 քմ է: Այն Թուրքիոյ ամենաերկար սահմանն է իր ութ հարեւանների հետ:

2011 թուականի մարտին Սուրիայում սկիզբ առան երկրի նախագահ Պաշշար Ասատի դէմ ելոյթները, որոնք հետագայում վերաճեցին արիւնալի քաղաքացիական պատերազմի, որն էլ նոյն ուժով շարունակւում է մինչ օրս:

Թուրքիոյ իշխանութիւնները, որոնք մինչ հակակառավարական ելոյթների մեկնարկը, Ասատի հետ արտաքուստ ջերմ յարաբերութիւններ էին պահպանում, որոշում կայացրին աջակցել նրա հակառակորդներին: Խօսքը միայն քաղաքական յայտարարութիւնների մակարդակով աջակցութեան մասին չէր, այլ այն շատ աւելի խորը եւ գործուն համագործակցութիւն էր ենթադրում, մինչ այն աստիճան, որ ապստամբների զինուած խմբերը (օրինակ, «Սուրիական ազատ բանակը») պատրաստւում եւ որպէս խարիսխ էին օգտագործում թուրքական տարածքները, իսկ նրանց «վտարանդի կառավարութիւնը» տեղաւորուել էր Պոլսում: Պէտք չէ բացառել, որ Թուրքիան նոյնպէս կանգնած էր բախումները հրահրողների շարքերում:

Իսկ թէ ինչը դրդեց Անգարային այդքան արագ կողմնորոշուել, թէ սուրիական ներքին հակամարտութեան ժամանակ ո՛ր կողմին աջակցել, կարծում ենք այն է, որ թուրքերը ցանկանում էին իրենց աւելի հաւատարիմ եւ իրենցից մեծ կախում ունեցող իշխանութիւն տեսնել հարեւան երկրում:

Եւ յետոյ պէտք չէ մոռանալ այս երկու պետութիւնների միջեւ նախկինում եւս գոյութիւն ունեցած լուրջ տարաձայնութիւնները, այդ թւում նաեւ` սուրիական Ալեքսանտրեթ (Հաթայ) շրջանը Թուրքիոյ յանձնելու որոշումը. սուրիացիների համար այդ տարածքները թուրքերի կողմից բռնազաւթուած են համարւում:

Միեւնոյն ժամանակ Սուրիայում սկիզբ առած քաղաքացիական պատերազմը չէր կարող ազդեցութիւն չունենալ հարեւան երկրների վրայ: Բացի տասնեակ հազարաւոր փախստականների` Թուրքիայի տարածք անցնելու փաստից, թուրք-սուրիական սահմանին նաեւ մի շարք միջադէպեր գրանցուեցին` խոշոր ահաբեկչութիւններ (Ռէյհանլը քաղաքում, Ճիլվեկէօզու անցակէտում եւ այլն), տարբեր տեսակի զինատեսակներով փոխհրաձգութեան բազում դէպքեր, այդ թւում նաեւ մահուան ելքերով, հրետակոծման դէպքը (Աքչաքալէ շրջանից), ռազմական ինքնաթիռի (թուրքական օդուժի հետախուզական RF-4 ինքնաթիռի) վայր ընկնելու կամ էլ ուղղակի սուրիացիների կողմից ոչնչացուելու դէպքը:

2013 թուականի յուլիս ամսուայ կէսերին Թուրքիոյ եւ Սուրիոյ միջեւ սահմանային հատուածում կրկին լարուածութեան զգալի աճ նկատուեց: Իրադրութիւնը զգալիօրէն սրուեց այն բանից յետոյ, երբ Թուրքիոյ սահմանի մօտակայքում գտնուող սուրիական Ռաս Ուլ Այն շրջանում մարտեր սկսուեցին քրտական «Ժողովրդավարական միութիւն» կուսակցութիւն ռազմական թեւի եւ սուրիական ապստամբների շարքերում հանդէս եկող «Նուսրայի ճակատ» զինուած խմբաւորման միջեւ: Եւ հետաքրքիրն այն է, որ քրտական կողմը մարտերի ընթացքում զգալի ռազմական յաջողութիւններ ունեցաւ եւ թոյլ չտուեց ապստամբներին հաստատուել քրտաբնակ շրջաններում` միեւնոյն ժամանակ նաեւ մեծացնելով իր ազդեցութիւնն այդ վայրերում:

Քրտերի եւ «Նուսրայի ճակատի» միջեւ մարտերի ընթացքում կրակոցներ էին արձակւում նաեւ Թուրքիոյ ուղղութեամբ, իսկ անմիջապէս Ռաս Ուլ Այնի դիմաց ներկայիս Թուրքիոյ Ուրֆա նահանգի Ճէյլանփընար բնակավայրն է: Փոխհրաձգութիւնների ժամանակ, ըստ տեղի լրատուամիջոցների, մէկ քաղաքացի մահացաւ, մի քանիսը` վիրաւորուեցին:

Այս ամէնից յետոյ Թուրքիան սկսեց կարգի բերել եւ ուժեղացնել այս հատուածի պաշտպանական կառոյցները, նոր խրամատներ փորել, զրահամեքենաներ եւ զինծառայողներ կուտակել, օդ բարձրացնել Տիգրանակերտում խարսխաւորուած Էֆ-16 կործանիչները:

Ի հարկէ, պէտք է նշել, որ սուրիական կողմից կրակոցներին թուրքական կողմն անմիջապէս պատասխանում էր տարբեր տեսակի զինատեսակներից կրակով:

Այս ամէնին զուգահեռ Թուրքիայի Զինեալ ուժերի սպայակոյտի նախագահութիւնը յայտարարութիւն տարածեց, որում նշում էր,  թէ «պատրաստ է ցանկացած պատասխան տալ սուրիական կողմի գործողութիւններին»: Թուրքիոյ վարչապետ Էրտողանն էլ արտահերթ խորհրդակցութիւն հրաւիրեց, որում պատասխանատուների հետ քննարկուեցին սահմանի դրութիւնը:

Ամէն դէպքում, պէտք է հաստատել, որ իրականում Թուրքիոյ այդքան չի անհանգստացնում այս պահին  սահմանին հնչող կրակոցները: Պաշտօնական Անգարայի մտահոգութեան պատճառը քրտերի ռազմական յաջողութիւնն է, որն էլ կարող է բերել Անգարայի համար ոչ ցանկալի հետեւանքների:

Քրտերը Սուրիոյ` Թուրքիոյ սահմանակից հիւսիսարեւելեան շրջաններում ճնշող մեծամասնութիւն են կազմում: Իսկ «Ժողովրդական միութիւն» կուսակցութեան  յաջողութիւնները, որն էլ ամենաազդեցիկ քաղաքական եւ ռազմական կառոյցն է սուրիաբնակ քրտերի շրջանում, հնարաւորութիւն է տալիս եւս մէկ իրաքեան Քիւրտիստան ունենալ արդէն Սուրիայում, այն էլ` անմիջապէս սահմանի հարեւանութեամբ:

Իսկ Թուրքիան, որի համար մեր օրերում լրջագոյն խնդիրը քրտական հարցն է, դէպքերի նման զարգացման դէպքում այս անգամ էլ Սուրիայում կը ստանայ գրեթէ անկախ քրտական պետութիւն, ինչը հերթական վտանգաւոր քայլը կարող է լինել եւ հիմք հանդիսանալ Թուրքիոյ քրտաբնակ շրջանների անջատման գործընթացն արագացնելու համար:

Այսպիսով, պէտք է արձանագրել, որ թուրքական կողմին ներկայում ձեռնտու չէ քրտական ուժերի յաջողութիւնները Սուրիայում, սակայն ներկայում դէպքերը զարգանում են  թուրքական ցանկութիւններին ոչ համապատասխան:

Ընդ որում, պէտք է նշել, որ Սուրիոյ հարցում սա Թուրքիոյ միակ գլխացաւանքը չէ: Ի սկզբանէ, թուրքական հաշուարկներով Ասատը պէտք չէ այսքան երկար մնար երկրի ղեկին:

Բացի այդ, պէտք է ընդգծել, որ մայիսի 8-ից Թուրքիայի տարածք լքող ՔԱԿ-ի եւ Թուրքիոյ կառավարութեան միջեւ վերջին օրերին որոշակի տարաձայնութիւններ կան, ինչն էլ երեւում է քրտական ուժի ղեկավարների սպառնալից յայտարարութիւններից: Եւ եթէ ՔԱԿ-ի հետ հրադադարը յայտնուի վտանգի տակ, ապա Անգարայի համար իրավիճակն աւելի վատ հետեւանքներ կ՛ունենայ: Պէտք է ընդգծել, որ «ժողովրդավարութիւն միութիւն»-ին «մեղադրում» են ՔԱԿ-ի հետ սերտ կապերի մէջ եւ յաճախ ուղղակի համարում են նրա սուրիական ճիւղը: Իսկ Թուրքիոյ համար նման զարգացումների դէպքում, այսպէս ասած ներքին եւ իրաքեան ճակատին կը գումարուի նաեւ սուրիական ճակատը:

Եւ այս ամէնի խորապատկերին պէտք է ընդգծել, որ իրեն վերջնականապէս սպառել է (ի հարկէ, աւելի վաղ) «զերօ խնդիր հարեւանների» հետ քաղաքականութիւնը, որն արդէն վստահօրէն կարելի է վերաձեւակերպել «միլիոն խնդիր հարեւանների հետ» տարբերակով:

Իսկ թէ ինչ միջոցներ եւ տարբերակներ է կիրառելու Թուրքիան այս ամէնի դէմ, ցոյց կը տայ ժամանակը, որն այժմ աշխատում է քրտերի օգտին:

«Թուրքագիտական պորտալի»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )