Իրան. Դժուար Օրերի Լաւ Ընկերը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի հարեւան հարաւային երկրում նորընտիր նախագահ Հասան Ռուհանին երդմնակալութիւնից յետոյ անցաւ իր լիազօրութիւններին եւ առաջիկայ չորս տարիներին ղեկավարելու է իսլամական հանրապետութիւնը: Ճիշդ է, Իրանում վերջին խօսքը, յատկապէս արտաքին քաղաքական հարցերում, պատկանում է հոգեւոր առաջնորդին` կրօնապետ Ալի Խամենէիին, սակայն նախագահի ով լինելը պէտք չէ թերագնահատել:

Արեւմուտքի, ինչպէս նաեւ իրանցի ժողովրդի մի ստուար հատուածի կողմից անընդունելի Մահմուտ Ահմատինեժատի փոխարինումը գիտնական, մի քանի լեզուների գիտակ, չափաւորական Հասան Ռուհանիով ինքնին դրական իրադարձութիւն է: Արտաքինով Ռուհանին համակրելի անձնաւորութիւն է, ինչպիսին էր նախկին նախագահներից Մոհամմետ Խաթամին: Ռուհանին, ի տարբերութիւն Ահմատինեժատի  ամբոխավարութեան ու Արեւմուտքի հասցէին կոշտ  հռետորաբանութեան, օգտագործում է պարկեշտ ու քաղաքակիրթ բառապաշար, ինչը արդէն իսկ հաւուր պատշաճի է գնահատուել Արեւմուտքում:

Դա լաւ մեկնարկ է Իրան-Արեւմուտք յարաբերութիւնները ներկայ ճգնաժամից դուրս բերելու դժուար ճանապարհին: Յուսադրող է նաեւ նորընտիր նախագահ Ռուհանիի պաշտօնամուտի ելոյթը: Դիմելով Արեւմուքին` նա ասել է. «Եթէ համարժէք արձագանգ էք ուզում, դուք պէտք է խօսէք ոչ թէ պատժամիջոցների, այլ յարգանքի լեզուով»: Իր առաջին մամուլի ասուլիսում քննադատելով Միացեալ Նահանգների քաղաքականութիւնը Իրանի նկատմամբ` Ռուհանին միաժամանակ յայտարարել է, որ պատրաստ է լուրջ բանակցութիւններ սկսել Արեւմուտքի հետ` միջուկային  խնդրի շուրջ: Նրա խօսքով, Թեհրանի կողմից զիջումներ չարժէ սպասել, յաւելելով, որ միջուկային հարցի բանակցութիւններում երկրորդ կողմը պէտք է հասկանայ, որ խնդրի լուծմանը հնարաւոր է հասնել միայն երկխօսութեան, այլ ոչ թէ` սպառնալիքների միջոցով: Ռուհանին տարիներ առաջ եղել է Արեւմուտքի հետ միջուկային թղթածրարի շուրջ բանակցութիւններում Իրանի գլխաւոր բանագնացը:

Ուաշինքթընը անմիջապէս արձագանգել է Ռուհանիի յայտարարութիւններին: Սպիտակ տան պաշտօնական ներկայացուցիչ Ճէյ Քառնին ասել է, որ Միացեալ Նահանգները պատրաստ են համագործակցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ հարցերի խաղաղ կարգաւորմանը: «Եթէ Իրանի նոր կառավարութիւնը ցանկանում է լրջօրէն մօտենալ հարցին եւ խնդրի խաղաղ լուծում գտնել, ապա ի դէմս Միացեալ Նահանգների` նա գործընկեր կը գտնի», յայտարարել է Քառնին:

Եթէ Միացեալ Նահանգների ու Եւրոպական Միութեան նպատակը Իրանին ծնկի բերելն է, ապա որեւէ նշանակութիւն չունի, թէ ով է Իրանի նախագահը, ինչպիսի ուղերձներ է յղում եւ կամ հռետորաբանութիւն օգտագործում Իսրայէլի նկատմամբ: Իրանցիները կասկածամիտ լինելու իրաւունք ունեն, եւ այդ իրաւունքը ինչ-որ իմաստով տուել է Արեւմուտքը: Իրան-Իրաք-Սուրիա-Լիբանան առանցքի, իսկ աւելի յստակ` շիաների նկատմամբ Միացեալ Նահանգների խտրական վերաբերմունքը կառուցողական երկխօսութեան տեղ չեն թողնում: Միւս կողմից, Ուաշինկթընում գիտակցում են, որ Իրանը տարածաշրջանի ազդեցիկ պետութիւններից է, եւ առանց Թեհրանի կառուցողական ներգրաւուածութեան` դժուար կը լինի երկարաժամկէտ լուծում գտնել ինչպէս իրանական միջուկային թղթածրարի, այնպէս էլ Իրաքի, Աֆղանստանի, Սուրիոյ ու Լիբանանի խնդիրներին: Լիբանանում Իրանը բացայայտ ներկայութիւն ունի Հըզպալլայի միջոցով, Սուրիան Իրանի ռազմավարական գործընկերն է, Իրաքում իշխանութեան է եկել շիական կառավարութիւն: Միացեալ Նահանգները արդէն զգացել են Իրանի դրական ներգրաւուածութիւնը Աֆղանստանի հարցում: 2001 թուականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնից յետոյ մի քանի տարի, ճիշդ է` լռելեայն, կառուցողական շփումներ էին հաստատուել Թեհրանի եւ Ուաշինկթընի միջեւ աֆղանական հարցում: Թալիպանն ու Քայիտան սպառնալիք են ինչպէս Միացեալ Նահանգների, այնպէս էլ` Իրանի համար:

Իրան-Արեւմուտք յարաբերութիւնների բարելաւումը բխում է Հայաստանի կենսական շահերից: Ուիքիլիքսի փաստաթղթերը ցոյց են տալիս, թէ ինչպիսի ճնշումներ են բանեցրել ամերիկացիները հայ դիւանագէտների, անգամ նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի վրայ, որպէսզի կեանքի չկոչուեն հայ-իրանական համատեղ ծրագրերը: Իրան-Հայաստան կազատարը 2004-2007-ին կառուցուեց ամերիկեան կողմի անդադար ճնշումների պայմաններում: Միացեալ Նահանգների եւ Եւրոպական Միութեան կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցները ընդհանրապէս բացասաբար են անդրադառնում Հայաստան-Իրան համագործակցութեան վրայ:

Անմիջական հարեւաններից թերեւս միակը Հայաստանն է, որի հանդէպ Իրանը չունի կասկածամտութիւն: 1991-ից ի վեր Հայաստանի որեւէ կառավարութիւն թոյլ չի տուել քայլեր, որոնք Իրանում կասկածների տեղիք կը տային: Քրիստոնեայ Հայաստանի եւ իսլամական Իրանի յարաբերութիւնների հիմքում դրուած է գործնապաշտութիւնը եւ հակառակ կողմի նուազագոյն պահանջներն ու ցանկութիւնները գիտակցելու իրողութիւնը:

Նոյնը չի կարելի ասել ո՛չ Թուրքիա-Իրան եւ ո՛չ էլ Ազրպէյճան-Իրան յարաբերութիւնների մասին, թէեւ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ազրպէյճանը նոյնպէս մահմետական պետութիւններ են: Պատահական չէր, որ նորընտիր նախագահ Ռուհանիի պաշտօնամուտի արարողութեանը Հայաստանը մասնակցում էր նախագահի, իսկ Թուրքիան եւ Ազրպէյճանը` համապատասխանաբար արտաքին գործերի նախարարի ու խորհրդարանի նախագահի մակարդակով: Շատ կարեւոր էր, որ Ռուհանիի երդմնակալութեան արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ նրա հանդիպումը Սերժ Սարգսեանի հետ:

Արցախեան պատերազմի տարիներին, երբ Հայաստանը շրջափակուած էր, միակ յոյսի պատուհանը բացւում էր դէպի Իրան: Այդ տարիներին Իրանը ապացուցեց, որ Հայաստանի դժուար օրերի յուսալի ընկերն է, ի տարբերութիւն Թուրքիայի, որը Հայաստանին սպառնում էր անգամ ռազմական ներխուժումով: Հայաստան-Իրան առանցքի ամրապնդումը չափազանց կարեւոր է Թուրքիա-Ազրպէյճան սերտաճումը զսպելու հարցում:

Չի բացառւում, որ մօտ կամ հեռու ապագայում արցախեան հակամարտութիւնը կարգաւորուի, հաստատուեն Հայաստան-Ազրպէյճան եւ Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւններ, շրջափակումները վերանան, սահմանները բացուեն եւ հաղորդակցութիւնները վերականգնուեն: Անգամ այդ դէպքում Հայաստան-Իրան յարաբերութիւնների կարեւորութիւնը չի նուազելու, քանի որ Իրանը Հայաստանի անմիջական հարեւանն է: Աւելի՛ն. Իրանը այն հարեւանն է, որը Հայաստանի հետ լաւ հարեւան է եղել ամենածանր պահերին, արցախեան պատերազմի ամենադժուար օրերին:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )