Փութինի Այցը Պաքու. Ռուսաստանը Ազրպէյճանին Վաճառել Է 4 Միլիառ Տոլարի Զէնք

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երբ աշխարհի տարածքով ամենամեծ պետութեան առաջնորդը այցելում է որեւէ երկիր, ապա անկախ ստորագրուած պայմանագրերի քանակից ու բանակցութիւնների ընթացքից` այդ այցն արդէն իսկ լուրջ քաղաքական իրադարձութիւն է հիւրընկալողի, տուեալ դէպքում` Ազրպէյճանի համար: Վլատիմիր Փութինի` օգոստոսի 13-ի միօրեայ աշխատանքային այցը Ազրպէյճան ուշագրաւ էր մի քանի պատճառներով:

Առաջին. նախագահի պաշտօնում երրորդ անգամ ընտրուելուց յետոյ Փութինը, չնայած պաշտօնական Երեւանի գործադրած ջանքերին, չի այցելել Հայաստան, սակայն այցելում է Ազրպէյճան: Սա այն դէպքում, երբ Հայաստանը համարւում է Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերը: Նախքան 2013-ի փետրուարի Հայաստանի նախագահական ընտրութիւնները` խօսւում էր Փութինի Երեւան այցի մասին: Սակայն Փութինը չայցելեց Հայաստան  ո՛չ ընտրութիւնների նախօրէին եւ ո՛չ էլ ընտրութիւններից յետոյ: Պէտք է ընդգծել, որ Փութինը անձնական ջերմ յարաբերութիւններ ունէր հանգուցեալ Հայտար Ալիեւի հետ: Որդին` Իլհամ Ալիեւը եւս կարողացել է բռնապետական հակումներով Փութինի հետ հաստատել ջերմ անձնական կապեր:

Երկրորդ. Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահող պետութիւններից է եւ ամենակարեւոր դերակատարութիւնն ունի արցախեան խաղաղ կարգաւորման գործընթացում: Բոլորովին վերջերս Ռուսաստանը Ազրպէյճանին վաճառեց մէկ միլիառ տոլար արժողութեամբ յարձակողական զէնքեր, իսկ 2010-ից ի վեր, պարզւում է, Ազրպէյճանը Ռուսաստանից գնել է շուրջ չորս միլիառ տոլար ընդհանուր արժողութեամբ զէնք ու զինամթերք: Այդ մասին Պաքւում Փութինի ներկայութեամբ առաջին անգամ յայտարարեց Ալիեւը: Ազրպէյճանը ամէն առիթով յայտարարում է, որ պատրաստւում է պատերազմի Արցախի եւ Հայաստանի դէմ, հետեւաբար` ռուսական զէնքը գնում է հէնց հայկական կողմի վրայ յարձակման նպատակով: Ճիշդ է, Պաքւում Փութինը յայտարարեց, որ` «ղարաբաղեան խնդիրը կարող է լուծուել միայն քաղաքական միջոցներով», դա դեռ բաւարար պայման չէ եւ զսպիչ գործօն չէ, որպէսզի Ազրպէյճանը չհրահրի նոր պատերազմ:

Երրորդ. Փութինը Ազրպէյճան է այցելում այդ երկրում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրութիւնների նախօրէին` անուղղակի կերպով աջակցելով Իլհամ Ալիեւին, ով պատրաստւում է երրորդ անգամ անընդմէջ զբաղեցնել նախագահի աթոռը: Ճիշդ է, այցի ընթացքում որեւէ խօսք չասուեց ընտրութիւնների մասին, սակայն հեռուստատեսութեամբ ցուցադրուող Փութին-Ալիեւ ջերմ մթնոլորտը եւ Ազրպէյճանի բռնապետ նախագահի դէմքի երջանիկ արտայայտութիւնը կասկած չէին թողնում, թէ ում է ուզում Ազրպէյճանի նախագահի պաշտօնում տեսնել Փութինը: Բայց գլխաւոր դաւադրութիւնը դեռ առջեւում է: Ազրպէյճանական ընդդիմութիւնը միաւորուել եւ նախագահի միասնական թեկնածու է առաջադրել աշխարհահռչակ բեմադրիչ Ռուստամ Իպրահիմպեկովին, ով ունի Ազրպէյճանի եւ Ռուսաստանի քաղաքացիութիւն: Եթէ Փութինը չկատարի Իպրահիմպեկովի դիմումը եւ նրանից չվերցնի ռուսական քաղաքացիութիւնը, ապա ընդդիմութեան թեկնածուն չի կարող մասնակցել ընտրութիւններին, քանի որ ազրպէյճանական օրէնքները թոյլ չեն տալիս այլ երկրի քաղաքացիութիւն ունեցողին պայքարել նախագահի աթոռի համար:

Չորրորդ. Փութինը Ազրպէյճան այցից մի քանի շաբաթ առաջ այցելել էր հարեւան մէկ այլ երկիր` Ուքրանիա, որտեղ ռուսական կողմը յստակ Քիեւին հասկացնել էր տուել, որ Ուքրանիան բարդութիւններ է ունենալու, եթէ մաս չկազմի Եւրասիական Միութեանը եւ այս տարուայ նոյեմբերին Վիլնիւսում ստորագրի Եւրոպական Միութեան միանալու պայմանագիրը: Հէնց Փութինի Ուքրանիա այցի ընթացքում պարզուեց, որ արգելւում է ուքրանական «Ռոշեն» տուրմերի եւ հրուշակեղէնի ներմուծումը Ռուսաստան: Արգելքի հիմնաւորումը, բնականաբար, քաղաքական չէր: Տարիների առաջ, երբ Վրաստանը բացայայտ կերպով յայտարարեց Եւրոպական Միութեանը եւ ՕԹԱՆ-ին անդամակցելու իր մտադրութեան մասին, ռուսական կողմը արգելեց վրացական գինիների եւ հանքային ջրերի ներմուծումը Ռուսաստան` պատճառաբանելով, որ դրանց որակը չի համապատասխանում ռուսական չափանիշներին: Հայաստանը, Վրաստանը, Ուքրանիան պատրաստւում են ստորագրել Եւրոպական Միութեան միանալու պայմանագիրը, մինչդեռ Ազրպէյճանը չի ստորագրելու: Ահա հէնց այս պատճառով է նաեւ, որ Փութինը` այցելելով Պաքու, անուղղակի կերպով միւս պետութիւններին, այդ թւում` Հայաստանին, զգուշացնում է, որ խնդիրների առաջ են կանգնելու, եթէ չափից աւելի թեքուեն դէպի Եւրոպական Միութիւն:

Հայկական լրատուամիջոցներում Փութինի Ազրպէյճան այցը այնքան էլ ուշադրութեան չարժանացաւ, իսկ որոշ մեկնաբաններ անգամ փորձեցին ցոյց տալ, թէ իբր այցը յաջողուածներից չէր: Իրականում այցը կարելի է համարել յաջողուած` հաշուի առնելով ստորագրուած փաստաթղթերի կարեւորութիւնը, քննարկուած ոլորտների բազմազանութիւնը, ջերմ մթնոլորտն ու միմեանց հասցէին երկու կողմերի հրապարակային հաճոյախօսութիւնները, ինչպէս նաեւ` ռուսական պատուիրակութեան կազմում ընդգրկուած նախարարների եւ այլ պաշտօնեաների պատկառելի թիւը: Ամենակարեւոր համաձայնագիրը ռուսական «Ռոսնեֆթ» եւ ազրպէյճանական «Սոքար» պետական նաւթային ընկերութիւնների միջեւ պայմանաւորուածութիւնն էր համատեղ ձեռնարկութիւն ստեղծելու մասին: Ռուսական կողմը, բնականաբար, ձգտում է հաստատուել Կասպից ծովի ազրպէյճանական հատուածի ուժանիւթերի շուկայում: Ռուսական մամուլը գրում է, որ Մոսկուայի նպատակը «Շահ Տենիզ-2» եւ «Ապշերոն» հանքավայրերում մասնաբաժիններ ձեռք բերելն է:

Փութինի Ազրպէյճան այցին Հայաստանում պէտք չէ խանդով կամ նեղացածի կեցուածքով վերաբերուեն: Պէտք է հասկանալ, որ Ազրպէյճանը Ռուսաստանի հարեւանն է, նրա հետ ունի ընդհանուր սահման եւ ընդհանուր շահեր ու հետաքրքրութիւններ: Անշուշտ մտահոգիչ է, երբ ռուսական կողմը յարձակողական զէնքեր է վաճառում մի պետութեան, որը բացայայտ յայտարարում է Հայաստանի եւ Արցախի դէմ պատերազմելու իր մտադրութեան մասին: Սակայն նաեւ հասկանալի է, որ Հայաստանը, որքան էլ Ռուսաստանին համարի իր ռազմավարական գործընկերը, չի կարող ազդել Մոսկուայի արտաքին քաղաքական որոշումների վրայ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )