Հայոց Ցեղասպանութեան Պատասխանատուների Դէմ Իրականացուած Հետաքննութիւններն Օսմանեան Կայսրութիւնում 1918 Թ. Վերջին Եւ 1919 Թ. Սկզբին

ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Ակունք»

Պոլսում ձերբակալուածներին ուղարկում էին ռազմական նախարարութեանը պատկանող «Պեքիրաղա Պեոլիւղիւ» անունը կրող կալանատունը: Նրանց մէջ էր նաեւ Պողազլըեանի գայմագամ (գաւառապետ) Մեհմեթ Քեմալը, որը հետագայում դարձաւ հայերի զանգուածային ոչնչացումը կազմակերպելու մեղադրանքով մահուան դատապարտուած առաջին պաշտօնեան:

Այդ ընթացքում դաշնակից երկրները, ձգտելով հաւատարիմ մնալ 1915 թ. մայիսի 24-ին Բարձր դրանը յղած իրենց յուշագիրին, նախ փորձեցին համատեղ ուժերով դատապարտել պատերազմի ժամանակ գործուած ոճիրների եւ յատկապէս Հայոց ցեղասպանութեան հեղինակներին: Այսպէս, 1919 թ. յունուարին Փարիզում տեղի ունեցաւ նախնական համաժողով, որի արդիւնքում ստեղծուեց մի յանձնաժողով, որն իրաւասութիւն ստացաւ գտնել պատերազմական յանցագործներին: «Երրորդ ենթայանձնաժողով» կոչուած այդ  մարմինը, որը յայտնի էր նաեւ «Տասնհինգի յանձնաժողով» անունով, այլ ոճրագործութիւնների հետ մէկտեղ քննեց նաեւ «պատերազմի ժամանակ կիրառուած բարբարոսական եւ ապօրինի մեթոտները»: Յանձնաժողովը 1919 թ. մարտի 5-ին հանդէս եկաւ զեկուցմամբ, որում շեշտւում էին պատերազմի ժամանակ խաղաղ բնակչութեան հանդէպ կիրառուած հետեւեալ բռնարարքները` շարունակական բնոյթ կրող ահաբեկչութիւնը, կոտորածները, անձնական սեփականութեան եւ հասարակութեանը պատկանող գոյքերի բռնագրաւումն ու կողոպուտը, բռնագաղթն ու հարկադիր աշխատանքը: Յանձնաժողովի վերջնական զեկուցումն կարդացուեց 1919 թ. մարտի 29-ին: Զեկուցումը յանգեց այն եզրակացութեան, թէ` «թշնամի երկրների այն բոլոր քաղաքացիները, ովքեր խախտել են մարդկային օրէնքները կամ պատերազմական աւանդոյթները, ենթակայ են դատական հետապնդման»: Թէեւ զեկուցման մէջ բացայայտ կերպով չէր նշւում, բայց եւ այնպէս սոյն յանձնաժողովը հաշուի էր առել նաեւ  Օսմանեան կայսրութեան կողմից սեփական քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ գործադրուած ոճրագործութիւնները: Հէնց այս յանձնաժողովի աշխատանքների շնորհիւ են Սեւրի պայմանագրի մէջ ներառուել հայերի կոտորածների մեղաւորներին դատական պատասխանատուութեան ենթարկելու դրոյթները` 226-րդ, 228-րդ եւ 230-րդ յօդուածները:

Մեծն Բրիտանիան սկզբում մտադրուած է եղել նաեւ սեփական դատարանի միջոցով դատապարտել պատերազմական ոճրագործներին: Այսպէս, Մեծն Բրիտանիայի գերագոյն կոմիսարը 1919 թ. յունուարի 7-ին  Օսմանեան կայսրութեան արտաքին գործերի նախարար Մուսթաֆա Ռեշիտ փաշայի հետ հանդիպման ժամանակ պատերազմական յանցագործներին դասակարգել էր հետեւեալ երկու խմբում. 1. պատերազմի ընթացքում անգլիացի գերիների նկատմամբ բռնութիւններ գործադրածներ եւ 2. հայերի կոտորածների պատասխանատուներ: Սակայն, Ֆրանսայի կարծիքով, պատերազմական ոճրագործութիւնները դատելու իրաւասութիւնը պէտք էր պատկանէր թուրքերին, իսկ դաշնակից պետութիւններն ունենային միայն դատավարութիւնները վերահսկելու իրաւունք: Հարկ է նշել, որ թէ՛ երիտթուրքերի դատավարութեան ժամանակ, թէ՛ հետագայում Ֆրանսայի թուրքամէտ դիրքորոշումը մեծապէս պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ նրան էր պատկանում օսմանեան պարտքի մօտ 60 առ հարիւրը, եւ Ֆրանսան շահագրգռուած էր պահպանել միասնական Թուրքիա, որը կը վերադարձնէր օսմանեան պարտքը:

Չնայած Ֆրանսայի դիրքորոշմանը` Մեծն Բրիտանիան չփոխեց այս հարցում իր ունեցած տեսակէտը: Թուրքիայի կառավարութիւնը, ի դէմս վարչապետ Թեւֆիք փաշայի, 1919 թ. փետրուարի վերջերին դիմելով չէզոք երկրներ Զուիցերիային, Դանիային, Սպանիային, Շուէտին ու Հոլանտային, երկուական դատաւորներ խնդրեց այս երկրներից` հայերի զանգուածային ջարդերի պատասխանատուներին դատելու համար մի միջազգային դատարան հիմնելու նպատակով, սակայն Մեծն Բրիտանիան խոչընդոտեց այս նախաձեռնութիւնը:

1919 թ. մարտի 5-ին Մեծն Բրիտանիայի գերագոյն կոմիսարութիւնը  ծովակալ Ուէպի միջոցով Բարձր դրանը հաղորդեց բրիտանական կառավարութեան մտադրութիւնը` պատերազմական յանցագործների վերաբերեալ, համաձայն որի, պահանջեց ձերբակալել մեղադրեալներին: 1919 թ. մարտի 9-ին վարչապետ Տամաթ Ֆերիտ փաշան այցելեց Մեծն Բրիտանիայի Գերագոյն կոմիսարութիւն եւ յայտնեց, որ կը գործի անգլիացիների ցանկութեանը համապատասխան: Նոյն օրը անգլիացիների պահանջով ազատազրկուեցին պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութիւնը ղեկավարած կառավարութիւնների անդամները: Ձերբակալութիւնները մեծ թափով շարունակուեցին նաեւ յաջորդ օրը` մարտի 10-ին, երբ կալանաւորուեցին սատրազամ  (վարչապետ) Սայիտ Հալիմը, շէյխ ուլ իսլամ Մուսա Քեազիմը, Պոլսի  պատգամաւոր Սալահ Ճինկէօզը, ծերակոյտի նախագահ Ռիֆաթը, ներքին գործերի նախարար Ալի Միւնիֆը, հանրակրթական նախարար Շիւքրիւն, արտաքին գործերի նախարար Ահմեթ Նեսիմին, ներքին գործերի նախարար Ֆեթհին, Պոլուի պատգամաւոր Հապիպը, Սինոփի պատգամաւոր Հասան Ֆեհմին եւ այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:

Ազատազրկուածների մեծ մասը կալանաւորւում էր անգլիական ցուցակների համաձայն: Մեծն Բրիտանիայի կառավարութեան կողմից Օսմանեան կայսրութեանը ներկայացրած յանցագործների «սեւ» ցուցակներում յատկապէս պէտք է առանձնացնել այն 61 հոգու անունները, որոնց ցուցակը տրուել է 1919 թ. մարտի 15-ից ապրիլի 7-ը ընկած ժամանակահատուածում, քանի որ այդ անձինք կասկածւում էին հայերի տեղահանութիւնը եւ ոչնչացումը կազմակերպելու մէջ: Թուրքիայի կառավարութեանը «սեւ» ցուցակներ էին ներկայացրել նաեւ Միացեալ Նահանգները (5 հոգի) եւ Ֆրանսան (12 հոգի): Ի դէպ, Ֆրանսայի ցուցակում բոլոր կասկածեալների անունները համընկնում էին Մեծն Բրիտանիայի ցուցակում տեղ գտած անձանց հետ` բացառութեամբ Եունուս Նատիի: Յաւելենք, որ վարչապետ Տամաթ Ֆերիտին հայերի ջարդերի պատասխանատուների ցուցակներ են ներկայացրել նաեւ ժամանակի Կ. Պոլսոյ հայոց պատրիարք Զաւէն արք. Տէր Եղիայեանը եւ Մխիթարեան միաբանութեան անդամները:

«Սեւ ցուցակներով» ձերբակալուածների շարքում էին Իթթիհատ վէ թերաքքը կուսակցութեան նշանաւոր անդամներ` ելեւմուտքի նախարար Ճաւիտ պէյը, լրագրողներ Եունուս Նատին ու Ճելալ Նուրին, Անգարայի պատգամաւոր Հիլմին, արդարադատութեան նախարար Իպրահիմ Փիրիզատէն, Չանքըրըի պատգամաւոր Ֆազըլ Պերքին, կուսակցութեան կենտրոնական կոմիտէի անդամ Իզզեթը, արտաքին գործերի նախարար Հալիլ Մենթեշէն եւ այլք: Հարկ է նշել, որ հայերի տեղահանութեան եւ կոտորածների մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալուել են 300 հոգի, որոնց մէջ եղել են` նախարարներ, նահանգապետներ, գաւառապետներ, ոստիկաններ ու ժանտարմներ:

Թէեւ ձերբակալուածների մեծ մասն արգելափակւում էր «Պեքիրաղա Պեոլիւղիւ» կոչուող զինուորական բանտում, սակայն նրանք չէին գտնւում խիստ  հսկողութեան ներքոյ: Կալանաւորներին շնորհուած էին բանտային դրութեան անհամապատասխան ազատութիւններ: Ձերբակալուածներն ազատ ելումուտ էին անում միւս բանտախցերը, այցի գնում միմեանց, խորհրդակցում իրար հետ, այդ թւում նաեւ` ապագայ դատալսումներին յարմար պատասխաններ տալու հարցով: Նրանց այցելութեան եկած անձինք չէին խուզարկւում: Այցելուները, սննդից բացի, այլ իրեր պարունակող ծրարներ էլ էին բերում կալանաւորներին: Ի դէպ,  յանցագործներին յաճախ էր այցելում նաեւ Մուսթաֆա Քեմալ փաշան: Կալանաւորներին մէկ անգամ այցելել է նաեւ 15-րդ բանակային զօրամասի հրամանատար Քեազիմ Քարապեքիրը:

Հաշուի առնելով ազգայնական շարժման մէջ իթթիհատականների ունեցած մեծ դերը` այս կալանավայրը թերեւս դարձել էր նոր` քեմալական շարժման կենտրոններից մէկը: Կալանաւորները հնարաւորութիւն ունէին խօսելու միմեանց հետ, իրենց մօտ կանչելու ցանկացած մարդու եւ տեղեկութիւններ ստանալու նրանից: Ինչպէս իր յուշերում նշում է Հալիլ Մենթեշէն, հետաքննութեան համար պատասխանատու պաշտօնեաները յաճախ գալիս ու քննարկումներ էին կազմակերպում մեղադրեալների հետ: Կալանաւորներից Ճելալ Նուրիի տուեալների համաձայն, նախկին նախարարների խորհուրդը ամէն գիշեր երկու նիստ էր գումարում բանտում: Այդ ազատութիւններն առաջին հերթին պայմանաւորուած էին այն հանգամանքով, որ երիտթուրքերը եւ նրանց կողմնակիցների մեծ մասը դեռ կարեւոր պաշտօններ էին զբաղեցնում ռազմական, ներքին գործերի եւ արդարադատութեան նախարարութիւններում, ինչպէս նաեւ` ոստիկանութիւնում: Այսպէս, օրինակ, Եունուս Նատին իր յուշերում յայտնում է, թէ ոստիկանատանն աշխատող Իթթիհատի կողմնակիցներից մէկը ձերբակալութիւնների ժամանակ հետեւել է այստեղ տեղի ունեցող դէպքերին եւ օրուայ մէջ 3-4 անգամ զանգահարելով իրեն` տեղեկութիւններ հաղորդել նախատեսուող ազատազրկումների մասին. «Այս իրավիճակում իմ հաւանական ձերբակալման առնչութեամբ գաղտնաբառ էինք որոշել, ըստ որի, «Հիւանդը լաւ է» արտայայտութիւնը նշանակում էր` վտանգ չկայ: «Հիւանդի վիճակը մի քիչ վատացել է»-ն նշանակում էր, որ պէտք է աւելի զգուշ լինել, իսկ «Հիւանդի վիճակը դէպի վատն է գնում» նախադասութեան իմաստն այն էր, որ նախանշաններ կան մեր ձերբակալման ուղղութեամբ»:

Բանտային ոչ խիստ պայմանների պատճառով գրանցուեցին նաեւ փախուստի մի քանի դէպքեր: Առաջինը «Պեքիրաղա Պեոլիւղիւ» կալանատնից փախչել յաջողուեց հայերի ջարդարարներից Տիգրանակերտի նահանգապետ, բժիշկ Մեհմեթ Ռեշիտ պէյին, որը նաեւ Իթթիհատ վէ թերաքքը կազմակերպութեան առաջին 4 հիմնադիրներից մէկն էր: Ինչպէս նշում է Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան գլխաւոր քարտուղար Միտհաթ Շիւքրիւ Պլետան, Ռեշիտի փախուստի կազմակերպիչների հիմնական նպատակն էր նրան Անատոլուի խորքերը հասցնելը, սակայն մի շարք անփութութիւնների պատճառով այդ ծրագիրը ձախողւում է, եւ նա 1919 թ. փետրուարի 6-ին ինքնասպանութիւն է գործում Պոլսի Պէշիկթաշ շրջանում, որտեղ շուրջկալի մէջ է առնւում ոստիկանների կողմից: 1919 թ. օգոստոսի 8-ին բանտից փախուստի են դիմում նաեւ Էնվերի հօրեղբայր Հալիլը եւ յայտնի իթթիհատական Քիւչիւք (փոքր) Թալէաթը:

Տուեալ ժամանակաշրջանում Կոստանդնուպոլսում լոյս տեսնող «Ժողովուրդ» հայկական օրաթերթի համաձայն, 1919 թ. սեպտեմբերին զինուորական բանտից փախչելու փորձ են արել նաեւ իթթիհատական քարամիւրսելցի Ալին եւ իր ընկերները, ովքեր միտումնաւոր կերպով հրդեհ են առաջացրել բանտախցում, սակայն պահակների միջամտութեան շնորհիւ կրակը հանգցուել է:

Անմիջականօրէն հայերի կոտորածների մէջ մեղադրուող ոճրագործներին դատելու համար ռազմական դատարաններ հիմնելու առաջին նախաձեռնութիւնը գրանցուել է 1918 թ. դեկտեմբերի 14-ին, երբ հրապարակուել է սուլթան Մեհմեթ 6-րդի յատուկ հրովարտակը, որում նշուած էր, թէ պետութեան տարբեր շրջաններում հիմնուելու էին ռազմական ատեաններ` տեղահանութեան յանցագործներին դատելու համար: Կայսրութիւնը բաժանուել է 10 դատաքննչական շրջանների.

1.- Անգարայի, Պոլուի եւ Քասթամոնուի շրջանները,
2.- Պուրսայի եւ Էտիրնէի վիլայեթները (նահանգներն) ու Չաթալճայի սանճաքը (գաւառը),
3.- Տրապիզոնի վիլայեթն ու Սամսոնի սանճաքը,
4.- Այտընի վիլայեթը եւ Չանաքքալէ ու Քարեսի սանճաքները,
5.- Քոնիայի վիլայեթն ու Էսքիշեհիր, Քէօթահիա, Գարահիսար եւ Անթալիա սանճաքները,
6.- Սվազ (Սեբաստիա) վիլայեթն ու Քայսերի (Կեսարիա) եւ Եոզղատ լիվաները (սանճաք),
7.- Էրզրում (Կարին), Վան, Պիթլիս (Բաղէշ) վիլայեթները,
8.- Տիարպեքիր (Տիգրանակերտ) եւ Մամուրեթ-ուլ Ազիզ (Խարբերդ) վիլայեթները,
9.- Ատանա վիլայեթն ու Մարաշ սանճաքը,
10.- Ուրֆա (Տեր) Զօր եւ Այնթապ սանճաքները:

Առաջին ռազմական ատեանն ստեղծուել է 1918 թ. դեկտեմբերի 16-ին. դատարանի նախագահ է նշանակուել Մահմութ Հայրեթ փաշան: Օսմանեան կայսրութիւնում ռազմական ատեանների գործունէութիւնը կարգաւորւում էր 1910 թ. սեպտեմբերի 1-ին ընդունուած «Զինուած աւազակախմբերի ճնշման» մասին որոշմանը համապատասխան: Տուեալ որոշման 24-րդ յօդուածի համաձայն, ռազմական դատարանների կողմից կայացուած վճիռները պէտք էր հաստատուէին ռազմական դրութեան հրամանատարի կարգադրութեամբ, իսկ մահուան դատավճիռները` սուլթանի վաւերացմամբ: Ըստ նոյն որոշման 25-րդ յօդուածի, ռազմական ատեանները պէտք էր կազմուէին մէկ նախագահից, չորս անդամներից ու մէկ դատախազից: Նախագահը եւ անդամներից երկուսը նշանակուելու էին Ռազմական նախարարութեան կողմից, իսկ մնացած երկու անդամը` արդարադատութեան: Ռազմական դատարաններում դատավարութիւններն անցնելու էին դռնբաց: Դատավճիռները կայացուելու էին ձայների ճնշող մեծամասնութեամբ: Դատապարտեալներն իրաւունք չունէին բողոքարկելու դատավճիռները:

1918 թ. ստեղծուած ռազմական ատեանի կազմի 7 քաղաքացիական անդամներից երեքը քրիստոնեայ էին, սակայն այս դատարանների կազմերը հետագայում յաճախ էին փոփոխութիւնների ենթարկուելու:

Թէեւ, ըստ օրէնքի, յանցագործները պէտք էր դատուէին ոճրի գործադրուած վայրում, սակայն 1919 թ. փետրուարի 5-ին Պոլսի ռազմական ատեանը Եոզղատի տեղահանութեան եւ կոտորածների պատասխանատուների դատավարութեան առաջին նիստում յատուկ վճիռ է կայացնում` մեղադրեալներին դատել մայրաքաղաքում: 1919 թ. մարտի 8-ին հրապարակուած որոշմամբ, դատարանները համարւում են «արտակարգ», եւ էական կարգաւորումներ են արւում դատարանի կառուցուածքի եւ աշխատանքային ոճի մէջ: Հետագայ ամիսներին եւս այլ փոփոխութիւններ են կատարւում: Այսպէս, օրինակ, 1919 թ. սեպտեմբերին ընդունուած Ռազմական ատեանի մասին նոր օրէնքի համաձայն, ատեանի կայացրած դատավճիռներն անբեկանելի են` բացառութեամբ մահապատժի: Սովորական պատիժ նախատեսող վճիռները տրւում են Ռազմական ատեանի անդամների պարզ մեծամասնութեամբ, իսկ մահապատժի համար անհրաժեշտ է դատարանի անդամների երկու երրորդի մեծամասնութիւնը: Մահապատժի վճիռները ենթարկւում են Զինուորական վճռաբեկ ատեանի վերաքննութեանը:

(Շար. 2 եւ վերջ)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )