Թուրքիայի Հիւանդ Սուլթանը

«Նիուզ էյ. Էմ.»-ը զգալի կրճատումներով  ներկայացնում է «Լը Մոնտ Տիփլոմաթիք» ամսաթերթի անգլիական հրատարակութեան խմբագրական բաժնի տնօրէն Ուենտի Քրիսթիանսընի նոյն ամսաթերթում հրապարակուած յօդուածը:

Վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի արձագանգն այս ամառ Թուրքիայում ծագած ապստամբական շարժմանը վկայում է նրա հեղինակութեան անկման մասին: Սակայն Արդարութիւն եւ բարգաւաճում նրա կուսակցութիւնը (ԱԲԿ) հիմնուած էր համընդհանրութեան ու գործնական փոխզիջման սկզբունքների վրայ:

Այն ժամանակ, երբ թուրքեր փորձում էին իմաստաւորել այս ամառ Պոլիսում եւ երկրի մի շարք այլ քաղաքներում բողոքի դրսեւորման ազդեցութիւնը, Վոսփորի համալսարանում քաղաքագիտութեան փրոֆեսէօր Եշիմ Արատը մատնանշել է տարաբանութիւն. «Առաւել յաճախակի է դառնում, երբ ժողովրդավարութիւնն ու ամբողջատիրութիւնը քայլում են ձեռք ձեռքի տուած, եւ` ոչ միայն Թուրքիայում»:

Եթէ բողոքի ցոյցերը ուղղուած չեն իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան դէմ, ապա դրանք ուղղուած են վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողանի դէմ, որը 2014-2015թթ. կը բախուի երեք ընտրութիւնների հետ. 2014թ.-ի մարտին` տեղական ընտրութիւններ, նախագահական ընտրութիւններ` օգոստոսին եւ խորհրդարանական ընտրութիւններ` 2015թ. յունիսին: Իր գլխաւորութեամբ նախագահի հաստատութեան ամրապնդման Էրտողանի յաւակնութիւնները իշխանութիւնների կողմից «Կեզի» զբօսայգում բողոքի ցոյցերի հանդէպ արձագանգից յետոյ դժուար թէ յաջողութեան հասնեն: Բողոքի ցոյցերից յետոյ թրքական «լիրայ»-ի փոխարժէքը կտրուկ նուազեց: Սուրիոյ հանդէպ նրա քաղաքականութեան հետ կապուած հարցերն աւելացան մայիսի 11-ին սուրիական սահմանին մօտ Ռէյհանլիում 50 հոգու մահուան պատճառ դարձած ականուած ինքնաշարժների պայթիւնից յետոյ:

Առաջին անգամ Թուրքիան վստահօրէն առաջնորդող Էրտողանը յայտնուեց բարդ իրավիճակում: Երբ սկսուեց ճգնաժամը, չէր երեւում, որ նրա հեղինակութիւնը վտանգուած է: Նրան հարկաւոր էր բնակչութեան` 2011թ.  իր օգտին քուէարկած 50 տոկոսի աջակցութիւնը, ուստի ցուցարարներին մեղադրեց, որ «սադրիչներ» են, որ` արեւմտեան զանգուածային լրատուամիջոցներում լուսաբանուածը կեղծ է եւ ստիպեց լռել հայրենական զանգուածային լրատուամիջոցներին: Ընկերային վերահսկողութեան վերջին փորձերը (ոգելից խմիչքի վաճառքի սահմանափակում, արհեստական վիժումների արգելում) յարուցեցին առաջադէմ թուրքերի զայրոյթը, սակայն նուաճեցին պահպանողական մահմետականների քուէները:

Հիմա Էրտողանը թուրքական հասարակութեան մի հատուածը տրամադրում է միւսի դէմ` ձգտելով իշխանութեան աւելացման: Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը թէեւ ժողովրդավարական չէ, դարձել էր ժողովրդավարացման ուժ, որը բարձրաշխարհիկ հասարակութեան շարքեր է ներառել մինչ այդ դրա անդամ չհանդիսացող մարդկանց: Էրտողանի «քարիզմա»-ն անգամ արաբական աշխարհում հիացմունք առաջացրեց:

Նրա ամբողջատիրութիւնը դուրս մնաց աշխարհի ուշադրութիւնից, թէեւ Թուրքիայում զգուշանում էին անպատժելիութիւնից եւ «քլան»-ային դրամատիրութիւնից, Ֆեթհուլահ Կիւլենի իսլամական շարժման`  ոստիկանութիւն ու դատական համակարգ ներթափանցումից, որը ճնշեց զանգուածային լրատուամիջոցներին, ձերբակալեց բազմաթիւ լրագրողների եւ կառավարութեան այլ քննադատների:

Էրտողանը կարող է յայտարարել է խորհրդարանական վաղաժամկէտ ընտրութիւնների մասին` յոյս ունենալով, որ նախագահական համակարգի հաստատման համար սահմանադրութիւնը փոխելու նպատակով բաւարար քանակութեամբ տեղեր ձեռք կը բերի, թէեւ այս ռազմավարութիւնը դժուար թէ արդիւնք տայ: Նա կարող է կուսակցութեան մէջ կարգապահական օրէնքներ մտցնել, որոնք թոյլ կը տան իրեն չորրորդ անգամ վարչապետ դառնալ: Սակայն ԱԲԿ-ում ակնյայտ է թշնամանքը, եւ չի բացառւում Մարկարեթ Թաչըրի ճակատագիրը, կամ Փութինի առաջարկած բեմագրութիւնն այն մասին, որ վարչապետ կ՛ընտրուի Ապտիւլլա Կիւլն ու կը հաւաքի իր սեփական խումբը: Օրհան Փամուքը վերջերս Էրտողանին համեմատեց հիւանդ սուլթանի հետ: Կարո՞ղ է արդեօք կուսակցութիւնը նրան պահելու ելք գտնել ու կամուրջներ կառուցել:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )