Արցախեան Գործընթացում` Մեռեալ Փակուղի. Ամերիկացիները Փորձում Են Նոր Շունչ Տալ Բանակցութիւններին
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արցախեան հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացը մեռեալ փակուղուց դուրս բերելու հնարաւորութիւնները եւ ակնկալիքները այսօր սահմանափակ են մի քանի հիմնական պատճառներով:
Առաջին. հակամարտութեան մէջ ներգրաւուած երեք կողմերը, բայց առաջին հերթին` Ազրպէյճանը, պատրաստ չեն նուազագոյն փոխզիջումների անգամ: Փաստօրէն Ազրպէյճանը անգամ համաձայն չէ վեց շրջաններ ստանալու դիմաց ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքի լիարժէք ճանաչումը: Վերջին երեք-չորս տարիներին հրապարակային յայտարարութիւնների մակարդակով Պաքուի համար ընդունելի տարբերակ է Լեռնային Ղարաբաղի ամենալայն ինքնորոշումը Ազրպէյճանի կազմում, պայմանաւ որ նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնուող բոլոր տարածքները, բացի Բերձորի (Լաչինի) միջանցքի, վերադարձնեն Ազրպէյճանի կազմ: Այսպիսով, Պաքուի համար փոխզիջում է համարւում status-quo ante-ն` ըստ էութեան վերադարձը նախապատերազմեան իրավիճակի:
Երկրորդ. պատերազմական հռետորաբանութեան ու սպառազինութիւնների նման մրցավազքի պայմաններում, երբ Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը ամէն պատեհ առիթով սպառնում է նոր պատերազմով, անհնար է լուրջ ակնկալիքներ ունենալ բանակցային ճանապարհով հակամարտութիւնը կարգաւորելու հեռանկարից: Ատելութեան սերմանման այս պայմաններում կարգաւորման ամենահաւասարակշռուած եւ արդար տարբերակն անգամ ընդունելի չի լինի կողմերից մէկի, միւսի կամ երրորդի համար: Բարդագոյն նման հակամարտութեան կարգաւորման համար, ինչպիսին արցախեանն է, առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղասիրական միջավայր:
Երրորդ. համաշխարհային ուժային կենտրոնների` Միացեալ Նահանգների, Եւրոպական Միութեան եւ Ռուսաստանի օրակարգում առաջնային բազմաթիւ այլ խնդիրներ կան, ինչպէս Սուրիոյ ներքաղաքական արիւնալի պատերազմի, Իրանի միջուկային թղթածրարի ու Մերձաւոր Արեւելքի կնճռոտ հարցերն են: Անկասկած արցախեան հակամարտութեան կարգաւորման բանալին Ուաշինկթընում, Պրիւքսելում կամ Մոսկուայում չէ, այլ Երեւանում, Ստեփանակերտում ու Պաքւում է մեծ հաշուով, սակայն, միւս կողմից, չափազանց էական է յատկապէս ռուս-ամերիկեան պայմանաւորուածութիւնը:
Անցնող օրերին Պաքու, Երեւան եւ Ստեփանակերտ էր այցելել ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ճէյմս Ուորլիքը: Արցախեան կարգաւորման խաղաղ բանակցութիւններում փոխուել են տասնեակ ռուս, եւրոպացի ու ամերիկացի միջնորդներ, սակայն Ուորլիքի նշանակումը մի քանի իւրայատկութիւն ունի: Առաջին անգամ նշանակւում է ամերիկացի համանախագահ, որի միակ առաքելութիւնը արցախեան հարցում միջնորդութիւնն է: Ամերիկացի նախկին համանախագահները, արցախեան հարցից բացի, ունեցել են նաեւ այլ պաշտօններ, այսինքն համատեղել են երկու աշխատանք: Սա նշանակում է, որ Պարաք Օպամայի վարչամեքենան գոնէ ձգտելու է խաղաղ կարգաւորման գործընթացը դուրս բերել փակուղուց: Երկրորդ, դեսպան Ուորլիքը հակամարտող կողմերի ղեկավարութեանը յանձնել է Օպամայի ուղերձը: Երրորդ, Ուորլիքի նշանակման հարցում առաջնային է եղել արտաքին գործերի նախարար Ճոն Քերրիի դերակատարութիւնը, ով քաջատեղեակ է հայկական հարցերին: Այս ամէնը հաշուի առնելով` կարելի է ակնկալել, որ ամերիկեան կողմը, մասնաւորապէս ինքը` Ուորլիքը, փորձելու է նոր շունչ տալ բանակցային գործընթացին:
Ընդհանուր առմամբ, ինչպէս Անդրկովկասում, այնպէս էլ` Արեւմուտքում, տիրապետող է այն ընկալումը, որ Ռուսաստանի շահերից չի բխում ո՛չ արցախեան հակամարտութեան կարգաւորումը, ո՛չ էլ թուրք-հայկական սահմանի ապաշրջափակումը: Բացատրութիւնը հետեւեալն է. արցախեան հակամարտութեան կարգաւորման եւ թուրք-հայկական յարաբերութիւնների հաստատման դէպքում Ռուսաստանի ռազմական, տնտեսական եւ քաղաքական ազդեցութիւնը Անդրկովկասում նուազելու է: Off-record` չհրապարակման պայմանով խօսակցութիւններում ամերիկացի դիւանագէտները եւս պնդում են նոյն տեսակէտը: Այս տեսակէտի գոյութիւնը տրամաբանական է, սակայն, միւս կողմից, արցախեան հակամարտութեան կարգաւորման խաղաղ գործընթացի անցեալը ցոյց է տալիս, որ հէնց Մոսկուան է եղել ամէնից գործունեան:
Այսպէս, հէնց Մոսկուայի ուղղակի միջամտութեան շնորհիւ հնարաւոր եղաւ 1994-ի մայիսին հաստատել անժամկէտ հրադադար, որը պահպանւում է արդէն գրեթէ քսան տարի: Չլինէր Մոսկուայի ուղղակի ճնշումը Լեւոն Տէր Պետրոսեանի եւ Արցախի այն օրերի ռազմական ղեկավարութեան վրայ, ապա հայկական ուժերը հաշուած օրերի ընթացքում կը հասնէին Պարտա, Թարթառ ու Գանձակ` ամբողջութեամբ վերահսկողութեան տակ առնելով Կուր-Արաքսեան միջագետքը: Հէնց Մոսկուայի ու անձամբ ռուս միջնորդ Վլատիմիր Քազիմիրովի ղեկավարութեամբ էին գրւում 1994-1997 թուականներին հակամարտութեան կողմերին ներկայացուած կարգաւորման մի շարք տարբերակները` մեծ քաղաքական, փուլային եւ փաթեթային առաջարկները: 1998-ին ԵԱՀԿ Մինսքի խումբը ներկայացրեց նոր առաջարկ` ընդհանուր պետութիւնը, որի հեղինակը անձամբ Ռուսաստանի այն ժամանակուայ արտաքին գործերի նախարար Եւգենի Փրիմաքովն էր: Վերջին տարիներին Ռուսաստանի արդէն նախկին նախագահ Տմիթրի Մետվետեւը կազմակերպեց Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների շուրջ տասը հանդիպում: Աւելի վաղ նման մի քանի հանդիպումներ էր կազմակերպել Վլատիմիր Փութինը Ռոպերթ Քոչարեանի եւ Հայտար Ալիեւի, ապա Իլհամ Ալիեւի հետ:
Անշուշտ, աշխուժ միջնորդութիւնը դեռ բաւարար պայման չէ հաւատալու, որ Ռուսաստանը ձգտում է արցախեան հակամարտութեան կարգաւորման: Առաւել տրամաբանական է թւում հետեւեալը. Ռուսաստանի համար ընդունելի է արցախեան հակամարտութեան այնպիսի կարգաւորումը, որի նախագիծը ռուսական ծագում ունի, ընդունելի է այնպիսի կարգաւորումը, որի դէպքում ռուսական դիրքերը Անդրկովկասում չեն թուլանալու:
Առաջիկայում` հոկտեմբերի 9-ին, Ազրպէյճ անում կը կայանան նախագահական ընտրութիւններ: Գրեթէ կասկած չկայ, որ Ալիեւը արդէն երրորդ ժամկէտով կը մնայ նախագահի պաշտօնում: Հայաստանում նախագահական հերթական ընտրութիւններ կը կայանան աւելի քան չորս տարի յետոյ միայն: Միջնորդները նախագահական ընտրութիւններից ազատ ժամանակը սովորաբար համարում են առաւել նպաստաւորը կարգաւորման բանակցութիւններում առաջընթաց արձանագրելու հարցում: Գուցէ հէնց այս իրողութիւնը հաշուի առնելո՞վ են ամերիկացիները ձգտելու բանակցային գործընթացը հանել մեռեալ փակուղուց եւ դնել կարգաւորման հունի մէջ: Գուցէ հէնց այդ պատճառո՞վ է Օպաման Մինսքի խմբում նշանակում արհեստավարժ դիւանագէտի եւ նրա միջոցով ուղերձներ փոխանցում Ալիեւին ու Սարգսեանին:
Անկասկած, նախագահական ընտրութիւններից ազատ շրջանը կարգաւորման համար աւելի բարենպաստ ժամանակահատուած է: Սակայն արցախեան կարգաւորման գործընթացում վերջին տարիներին արձանագրուել է մի չափազանց կարեւոր իրողութիւն: Իլհամ Ալիեւը այնպիսի խորութեան է հասցրել հակահայկական հռետորաբանութիւնը, որ շարքային ազրպէյճանցիները փոխզիջումների հարցում այսօր աւելի անզիջում են, քան` տասը տարի առաջ: Այս իրողութիւնը հաշուի առնելով` ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների համար գուցէ աւելի ձեռնտու է ունենալ հէնց Ալիեւի նման բռնատէր, քան` ժողովրդավար նախագահ: Մինսքի խմբի համար աւելի դիւրին կը լինի զիջումներ պոկել հէնց բռնատէրից, քան` ժողովրդի վստահութիւնը վայելող առաջնորդից:
Յատուկ «Ազդակ»-ի համար