«Ուշադրութի՛ւն. Փնտռւում Են Ժպիտներ»

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Երկու շաբաթ էր  առողջական խնդիրներիս պատճառով տանն էի: Փողոցի, դրսի միջավայրի հետ կապս բացարձակապէս կտրուել էր: Լրատուութեան հիմնական աղբիւրը համացանցն էր, որից շատ քիչ էի օգտւում: Գործընկերներիցս ոմանք քաղաքում տեղի ունեցող ցոյցերի, բողոքի ալիքների մասին տեղեակ էին պահում: Այդ պահերին, որպէս լրագրող, որ հնարաւորութիւն չունի գտնուել այդ գործողութիւնների կիզակէտում, խեղճանում էի: Թւում էր` ընկերներիս հաղորդածը կատարւում էր ոչ թէ Երեւանում, որտեղ աւելի անվտանգ է, այլ` նիւեորքեան ամենայանցաւոր թաղամասերում: Աւելի՛ն. ինձ թւում էր, թէ այդ ամէնի մէջ չափազանցութիւնը շատ է, մինչ այն պահը, երբ առաջին անգամ դուրս եկայ «տնային կալանքից»:

Զգուշօրէն նստեցի երեւանեան երթուղային թաքսի կամ, ինչպէս մեզ մօտ է ընդունուած ասել, «մարշրուտկան»: Ուշադիր նայում էի մարդկանց, որոնց դէմքերը, ասես, քարացել էին հոգսերից, ցաւերից: Մի տեսակ կարօտ էի զգում մարդկանց հանդէպ: Ուզում էի իմանալ, թէ ինչո՞ւ է նրանց աչքերում լողում տխրութիւնը, ինչո՞ւ են այդքան փոքրացել հոգսերից: Ես ինձ  ահաւոր վատ զգացի, որովհետեւ առաջին անգամ նկատեցի, որ  Երեւանում կորել է ժպիտը: Ինչո՞ւ….Հրաժարուեցի մտածել այդ հարցի մասին, քանի որ երթուղային թաքսուց իջնելու ժամանակն էր: Վարորդը տարէց էր, ատամները թափուած, ձեռքերը ծխախոտից դեղնացած ու սրբիչով երբեմն մաքրում էր ճակատի քրտինքը: Այս վարորդ-պապիկը թողել է իր ծերունական խաղաղ կեանքն ու անցել է  այս ծանր աշխատանքին: Ինչո՞ւ…

Երթուղային թաքսուց իջայ ու մտածեցի, թէ գուցէ ես եմ խտացնում իրականութեան գոյները: Այդ պահին նստարանին հաշմանդամ մի պապիկ էր նստել` պայուսակն ուսերին: Նրան ճանաչում էի: Նրա երեխաները ծերանոց էին յանձնել նրան, յետոյ այդտեղից դուրս էր եկել ու ամբողջ օրը թափառում է երեւանեան փողոցներում: Նրա ունեցած-չունեցածն էլ մի կապոյտ պայուսակ է: Նա նայեց ինձ, բայց առաջուայ պէս այլեւս չժպտաց: Երանի ժպտար…Նրան այնքան է սազում այդ ժպիտը: Երբ ուզում էի բարեւել, նա արդէն  շրջել էր հայեացքը, կարծես, չուզենալով խօսել ինձ հետ:  Ինչո՞ւ…

Մաշտոցի պողոտայով քայլում էի դէպի Փակ շուկայ: Այս օրերի ամենակիզակէտային վայրը: Մայրս միշտ ասում է, որ ժամանակին շուկայ գնալը շատ «լուրջ» գործ էր, որը ոմանց համար արարողակարգային էր: Փակ շուկայի մէջ, կարծես, խորհրդաւորութիւն կայ: Այն ոչ միայն առեւտրի կենտրոն է, այլեւ` յուշարձան, որը ներկայանում է «ասեղնագործ» ճարտարապետութեամբ: Հեռուից փոշու մէջ երեւում էր միայն շուկայի «ասեղնագործ» հատուածը, իսկ շէնքի առջեւի հատուածը պատնէշել էին թիթեղներով: Շէնքի աջ հատուածում հսկայական մեքենաներ էին աշխատում, իսկ ձախ կողմում` առեւտրականներն էին, ովքեր շարունակում էին վաճառել բանջարեղէն, մրգեր: Նրանք, ասես, ժամանակից դուրս էին: Նրանց կողքին  շէնքը քանդում էին, բայց դա չէր խանգարում, որ նրանք փոշոտ սնունդ վաճառեն` դէմքի նախկին արտայայտութիւններով: Ու երբ նայում ես այս առեւտրականներին, մտածում ես, որ դու ինքդ  էիր շփոթում ինչ-որ բան, որ քեզ թւում է, թէ փոշի չկար, որ քեզ թւում է, թէ շէնքը չեն քանդում : Շէնքի դիմահատուածում տեղադրել էին քաղաքացիական հասարակութեան երկու ներկայացուցիչների լուսանկարները` «ոչ գրանտակերներին» եւ նման բովանդակութեամբ  արտայայտութիւններով:  Տպաւորութիւն էր, թէ քաղաքը բաժանուել է երկու մասի, թէ քաղաքում ինչ-որ անտեսանելի ուժ «ազգատեացութիւն» է տարածում: Իսկ ոմանք լռում են: Ինչո՞ւ…

Փակ շուկայից յետոյ գնացի Երեւանի քաղաքապետարանի բակ, որտեղ գտնւում էին նստացոյցի մասնակիցները: Նրանք պահանջում էին Երեւանի քաղաքապետարանի փոխադրամիջոցների վարչութեան պետ Հենրիկ Նաւասարդեանի եւ «Երեւանտրանս» Փբը-ի տնօրէն Միսակ Համբարձումեանի հրաժարականները: Ցուցարարների հետ զրոյցում իմացայ, որ նախորդ կէս գիշերին ծեծի էին ենթարկել ցուցարարներից մի քանիսին, յափշտակել էին նաեւ նրանցից մէկի անձնագիրը: Նստացոյցի մասնակիցների պատմելով` ցուցարարներին ոստիկանութիւն բերման ենթարկելու երեւոյթն արդէն սովորական է: Ասացին, որ առանց բացատրութիւնների` իրենցից շատերին բերման են ենթարկել ոստիկանութիւն, որտեղ պահել են մի քանի ժամ, ապա` ազատ թողել: Այս ընթացքում Երեւանի քաղաքապետը` Տարօն Մարգարեանը, նոյնիսկ  չի փորձել խօսել այս երիտասարդների հետ: Մի անգամ քաղաքապետարանի ետնամուտքով դուրս գալուց ցուցարարներին մի քանի կցկտուր բառ էր ասել` այն էլ, ըստ ցուցարարների, քայլելու ընթացքում: Հետաքրքիր է` մի քանի շաբաթ է` քաղաքապետարանի մուտքի մօտ երիտասարդները պահանջ են ներկայացնում, իսկ քաղաքի ղեկավարն այդպէս էլ չի արձագանգում` գոնէ լսելու քաղաքակրթութիւնից ելնելով: Ինչու՞…

Քաղաքապետարանի բակում արդէն երեւում էին մայրամուտի ծիրանագոյնը: Երթուղային թաքսին անցաւ Արարատի կողքով….Նայում եմ ու այս բոլոր «ինչուների» պատասխանը ուղղում եմ նրան..Ու չգիտեմ` ինչու՞ հէնց նրան, երեւի  բոլոր լեռները տեսնում են քաղաքների, մարդկանց յուսահատութիւնները, լսում են նրանց ցաւն ու չեն արձագանգում..Իսկ մարդիկ երբեմն լսուելու կարիք ունեն…Իսկ տեսնես նրանք կարիք ունե՞ն փնտռելու իրենց կորցրած ժպիտները…

Երեւան-Պէյրութ

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )