Մայրամուտ, Որը Հարկաւոր Է Կասեցնել (Մաս IX)
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Բնութագիր
11-րդ դարի առաջին կէսին Արաբական խալիֆայութիւնում ապրում էր մի բժիշկ, համատեղութեան կարգով` ստրկավաճառութեան բնագաւառի մասնագէտ` Իպն Պութլան անունով: Նա իրենից յետոյ բաւականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լաւ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրուած են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական յատկանիշները: Այդ աշխատութեան` ստորեւ ներկայացուած հատուածն, անկասկած, կը հետաքրքրի մեր հայրենակիցներին:
«Սպիտակամորթներից հայերն ամենավատ ստրուկներն են, այնպէս, ինչպէս նեկրերը (զինչերը)` սեւամորթների շրջանում: Նրանք նրբագեղ կառուցուածք ունեն, սակայն` անճոռնի ոտքեր: Ամօթխածութիւնը բացակայում է, գողութիւնը շատ տարածուած է, ագահութիւն չեն ցուցաբերում: Նրանց բնոյթը եւ նրանց լեզուն կոպիտ են: Եթէ հայ ստրուկին թէկուզ մէկ ժամ առանց աշխատանքի թողնես, նրա բնոյթը նոյն պահին նրան կը մղի չարը գործելուն: Նա լաւ է աշխատում միայն ծեծով եւ վախից: Երբ տեսնում ես, որ նա ծուլանում է, ապա միայն այն պատճառով, որ դա նրան հաճոյք է պատճառում, այլ ոչ թէ թուլութիւնից: Այդժամ պէտք է վերցնել մահակը, ծեծել նրան եւ պարտադրել անել այն, ինչ ուզում ես»:
Երբ առաջին անգամ կարդացի այս հատուածը, 19 տարեկան էի: Խոստովանում եմ` ահաւոր վրդովուեցի: Ես վիրաւորուած էի` ինչպիսի զազրախօսութիւն իմ ժողովրդի հասցէին, որն ամենալաւ, ամենաաշխատասէր, ամենաազնիւ եւ իմաստուն ժողովուրդն է: Ինչպէս է համարձակուել կենդանի ապրանքի այդ ստոր վաճառականը իմ հայրենակիցների մասին նման զզուելի բաներ գրել: Ինձ մխիթարում էի ռազմարուեստի պատմաբանների աշխատութիւններով, որոնցում նշւում էր, որ միջնադարում հայերի հիմնական զբաղմունքը ոչ թէ առեւտուրն էր, այլ պատերազմը. մեր նախնիները զինուորներ ու զօրավարներ էին «մատակարարում» ամբողջ Արեւելքին` ե՛ւ Բիւզանդիային, ե՛ւ Եգիպտոսին (այդ երկրներում նրանք պարզապէս ղեկավարում էին պետութիւնը), ե՛ւ Լեհաստանին, ե՛ւ Հունգարիային, աւելի ուշ ժամանակաշրջանում Եւրոպայում զուիցերիական ընտիր զինուորականների նման հայ վարձկանների ջոկատները յայտնի էին իրենց մարտունակութեամբ ու արհեստավարժութեամբ (կարդացէք Կ. Տելպրիւքի «Ռազմարուեստի պատմութիւնը» կամ Հ. Կելցերի «Բիւզանդիայի մշակոյթի պատմութիւնը»):
Յետոյ մօտս գաղափար արթնացաւ` համատեղել այդ երկու տեսակէտը: Ստացուեց մօտաւորապէս այսպիսի շղթայ. ստրկութեան մէջ յայտնւում էին հիմնականում գերի զինուորները (բարձրաստիճան զինուորականութեանը, ինչպէս եւ յաջորդ դարերում, փրկագնի դիմաց ազատ էին արձակում): Զինուորին գերում են պատերազմի ժամանակ: Հայերը միջնադարում ռազմիկ ժողովուրդ էին եւ վարձկաններ տարբեր բանակներում, հետեւաբար` մասնակցում էին շատ պատերազմների: Նրանցից ոմանք գերի էին ընկնում եւ ստրուկներ դառնում, իսկ պատերազմի ժամանակ, որպէս կանոն, գերի են ընկնում վախկոտ, դանդաղկոտ, անվճռական, ոչ հմուտ, անյաջողակ, ոչ ճարպիկ, անկարգապահ զինուորները: Հետեւաբար` ինչու՞ զարմանալ Իպն Պութլանի` հայ ստրուկի նկարագրութեան վրայ: Ես այն ժամանակ միամիտ էի եւ չէի գիտակցում, որ իմ այդ պատկերացումները նրանց մասին, ովքեր յայտնուել էին գերութեան մէջ, համահունչ էին ստալինեան հրամաններին` գերի ընկածներին հաւասարեցնել հայրենիքի դաւաճաններին: Ես այնքան էլ ուշադիր չէի եւ չէի նկատել, որ հէնց Իպն Պութլանը յոյն ստրուկներին այլ կերպ է նկարագրում, իսկ նրանք նոյնպէս սեփական կամքով չէին գերի ընկել: (Ահա թէ ինչ է նա գրում յոյն ստրուկների մասին. «Յոյն տղամարդկանց հարկ է օգտագործել տան կառավարման գործերում` կարգուկանոնի հանդէպ սիրոյ ու շռայլութեան հակում չունենալու պատճառով: Նրանք յաճախ նուրբ արհեստների գիտակ են»: Մեր ժամանակների հետ ինչպիսի հակադրութիւն):
Երկար ժամանակ պահանջուեց, որ հասկանամ` ծեր ստրկավաճառի բնութագիրն ամենեւին կանխակալ չէր, դա բաւական իրատեսական գնահատական է: Պարզապէս մենք չենք սիրում, երբ օտարները մեր դէմքին ճշմարտութիւնն են ասում: Մենք սիրում ենք, երբ հիանում են Գառնիի տաճարով ու Ս. Հռիփսիմէ եկեղեցիով, մեր` հնագոյն լինելով, խորովածով, աշխատասիրութեամբ, տխուր, մուգ աչքերով, աղբիւրների համեղ ջրով, բնապատկերներով, այբուբենով, քոնիաքով, Սեւանով եւ այլն: Իսկ երբ ինչ-որ մէկը, ինչպէս Իպն Պութլանը կամ տեղացի խաբեբաների կողմից «քցուած» մի օտարերկրեայ անյաջողակ ներդրող համարձակուի ասել, թէ մեզ մօտ գողութիւնը շատ տարածուած է, իսկ ամօթը բացակայում է, մենք կը վրդովուենք եւ կը սկսենք նրա աչքերն ու ականջները «մտցնել» Թորոս Ռոսլինի մանրանկարները, Նարեկացու տաղերը, պատմել այն մասին, թէ ինչպէս ենք աշխարհում առաջինն ընդունել քրիստոնէութիւնը: Բայց համաձայնէք` ընդունել քրիստոնէութիւն եւ դառնալ քրիստոնեայ` դրանք նոյն բաները չեն: Արդի հայ հասարակութեան իտէալներն ու արժէքները որեւէ ծինային կապ չունեն Գրիգոր Նարեկացու, Ներսէս Շնորհալու կամ Թորոս Ռոսլինի հոգեւոր հարստութեան հետ. այդ անուններին արժանի հարկաւոր է դառնալ: Այնպէս, ինչպէս քրիստոնեայ դառնալու համար ձեւական մկրտութիւնը բաւարար չէ:
Այն ժամանակներից, երբ Իպն Պութլանը գրում էր իր խրատը, անցել է հազար տարի, իսկ գողանալ չենք դադարել, ազնիւ ու ամօթխած չենք դարձել: Մեր խօսքը կոպիտ է, ելեւէջները` լկտի (հեռուստահաղորդումները դիտէք, լսէք, թէ ինչպէս են միմեանց հետ խօսում մեր հայրենակիցները): Մեզանում սիրալիր մատուցողը հազուադէպ հանդիպող երեւոյթ է, քանի որ սուրճը մատուցում է արհամարհանքով եւ ձեզ հետ տեղերով փոխուելու` վատ թաքցրած երազանքով: Մեր հաւաքարարների, փողոց մաքրողների, փականագործների մասին է՞լ պատմեմ, թէ՞ ինքներդ գիտէք: Իշխանութիւնների ջանքերով մենք մնացինք առանց աշխատանքի (ոչ մէկ ժամով, այլ երկար տարիներ), եւ բնոյթը մեզ մղում է չարը գործելուն, այնպէս չէ՞: Դա, ի հարկէ, վերաբերում է ոչ միայն մեզ. արժանապատիւ աշխատանքից կտրուած ցանկացած հասարակութեան հետ կարող է նոյնը կատարուել, սակայն ինձ այլ հասարակութիւններ չեն հետաքրքրում, ես ապրում եմ մերի մէջ:
Ի հարկէ, անճոռնի ոտքերի մասին գրելիս Իպն Պութլանը չափազանցրել է, թէեւ® Լաւ, այդ թեման չշարունակենք: Սակայն մի դիտարկում, այնուամենայնիւ, կը ներկայացնեմ: Մի «հայագէտից» լսել եմ հետեւեալ դատողութիւնը, թէ հայերի ոտքերը կորցրել են իտէալական արիական սլացիկութիւնը 13-15-րդ դարերում մոնղոլական արեան որոշակի ներհոսքի պատճառով: Այն, ի հարկէ, եղել է, եւ մոնղոլ-քոչուորի ոտքերը 4 տարեկանից ձիուն նստելու պատճառով իսկապէս ծուռ են: Սակայն նախ` դա ձեռքբերովի յատկանիշ է, ծինային ճամբով չի փոխանցւում, երկրորդ` Իպն Պութլանը գրել է մոնղոլական արշաւանքներից շատ առաջ®
Ի դէպ, այս ամէնը, թէեւ տհաճ է, սակայն, ի վերջոյ, այնքան էլ կարեւոր չէ: Դուք խորացէք խրատի գլխաւոր իմաստի մէջ` ՀԱՅԵՐԸ ԱՄԵՆԱՎԱՏ ՍՏՐՈՒԿՆԵՐՆ ԵՆ: Բայց սա, կարծես, լաւ՞ բան է: Ուռա՜, մենք վատ ստրուկներ ենք, մենք չենք կարող, չենք ցանկանում, չենք սիրում ենթակայ լինել: Չենք սիրում պարտադրանք, օտարի համար աշխատում ենք միայն ծեծի սպառնալիքի տակ: Մենք ազատութիւն սիրող ժողովուրդ ենք: Մենք Հռանդէայի, Աւարայրի, Սարդարապատի ժողովուրդն ենք, մենք ազատագրել ենք Արցախը:
Իսկ հիմա, ազատասէր ժողովրդի սիրելի՛ ներկայացուցիչներ, սանձենք զգացմունքները եւ շարժուենք առաջ: Իպն Պութլանի գրածը 1000 տարի առաջ էր: Կարելի է եզրակացնել, որ գոնէ այն ժամանակ մենք հակուած չենք եղել ստրկութեան (հիմա պատկերը, ի հարկէ, այլ է): Իսկ եկէք տեսնենք` ո՞վ էր հակուած, ու՞մ էին լաւ ստրուկներ համարում: Սլաւոններին եւ թուրքերին: Իպն Պութլանի ժամանակ ո՛չ առաջինները, ո՛չ երկրորդները կայուն պետական միաւորումներ դեռեւս չունէին: Հայերն` արդէն չունէին: Սակայն ապագայում նախ` թուրքերին, ապա` սլաւոններին վիճակուած էր ստեղծել հզօր կայսրութիւններ: Իսկ մեզ` հայերիս, կառչել ինքնութիւնը պահպանելուց ու գոյատեւումից` այդ նոյն կայսրութիւնների երկաթէ ճիրաններում:
Մտորումների տեղիք է տալիս, այնպէս չէ՞: Միթէ՞ ուժեղ պետութիւն ստեղծելու կարողութիւնը այդքան կախուած է ժողովրդի` ենթարկուելու կարողութիւնից: Հաւանօրէն` այո, չէ՞ որ ենթարկուելը ուղղակիօրէն կապուած է ազատ լինելու կարողութեան հետ: Յիշու՞մ էք ժողովածուներից յայտնի արտայայտութիւնը` «Ազատութիւնը գիտակցուած անհրաժեշտութիւն է». այն վերագրում էին Մարքսին, թէեւ հեղինակը Սփինոզան է: Ծառայել կարողանալը վերաբերում է բոլորին, ոչ միայն նրանց, որոնց ներկայիս քաղաքական խօսելաոճով կոչում են բնակչութեան ընկերային գետնի վրայ խոցելի խմբեր, սակայն, առաջին հերթին, իշխող խաւին. այն պէտք է կարողանայ պատրաստակամութեամբ ծառայել պետական գաղափարին (ոչ թէ շէֆի քմահաճոյքներին, բարեկամներին, թագաւոր-ախպորը) եւ պետական (ոչ թէ անձնական) շահերին: Եւ եթէ ժողովուրդը տեսնում է, որ իր ղեկավարները կարող են ծառայել ոչ թէ գրպանին, այլ հայրենիքին, կարող են ինքնազոհողութեան գնալ աշխատանքում կամ պատերազմի ժամանակ, ինքը նոյնպէս կը սկսի ծառայել եւ հայրենիքը կայսրութիւն դարձնել: Իսկ երբ ղեկավարները դա չեն կարող անել կամ չեն ցանկանում, այնժամ ժողովուրդը, յատկապէս` երիտասարդութիւնը, անխուսափելիօրէն դառնում է յանդուգն, անպարկեշտ եւ լկտի, որոնցով փորձում է փոխարինել ազատութիւնը: Սակայն իրական ազատութիւն առանց ծառայութեան չի լինում, առանց ծառայութեան բոլորի համար ստրկութիւնն ապահովուած է` տանը, թէ` օտարութեան մէջ, կուշտ, թէ` քաղցած. ում բախտն ինչպէս բերի: Այդ ժամանակ սփռւում ենք աշխարհում, սկսում ծառայել օտար բանակներում, առաջ տանել օտարների գիտութիւնը, կառուցում օտարների քաղաքները, ստեղծում գրքեր, երաժշտութիւն, նկարներ` դարձեալ օտարների համար: Սեփական տանը իրական ազատութիւն կառուցելու անկարողութեան հետեւանքով անյագօրէն կուլ ենք տալիս դրա պատրանքը օտարութեան մէջ:
Դե, ի՞նչ, արդեօ՞ք այդքան սխալւում էր ծեր արաբ ստրկավաճառը:
«ԵՐԿԻՐ»

