Երեւան Պաշտօնապէս Իր Թեկնածութիւնը Առաջադրեց Եուրօ-2020-ի Մրցումները Հիւրընկալելու Համար

PanArmenian.Net հայկական լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ «Եու. Է. Էֆ. Ա.»-ն հաստատեց Երեւանի թեկնածութիւնը` Եուրօ -2020-ի մրցումները հիւրընկալելու համար:

Դեկտեմբեր 2012-ին «Եու. Է. Էֆ. Ա.»-ն Լոզանի մէջ (Զուիցերիա) իր գումարած մէկ ժողովին որոշում տուաւ Եուրօ-2020-ը մէկ երկրի փոխարէն կայացնելու եւրոպական 13 տարբեր քաղաքներու մէջ` կրճատելու համար հիւրընկալ երկրին ծախսերը:

Նախորդ շաբաթավերջին անիկա հրապարակեց 39 քաղաքէ եւ 32 երկրէ բաղկացած այդ ցանկը: Մինչեւ յառաջիկայ 25 ապրիլ 2014 թեկնածու երկիրներուն ֆետերասիոնները պէտք է պատրաստեն իրենց քաղաքներուն թղթածրարները: 25 սեպտեմբեր 2014-ին պիտի յստականան այդ մրցումները հիւրընկալող քաղաքներուն անունները:

Երեւանէն բացի իրենց թեկնածութիւնը առաջադրած քաղաքներն են Լոնտոն (Անգլիա), Պաքու (Ազրպէյճան), Մինսք (Պիելոռուսիա), Պրիւքսէլ (Պելճիքա), Սոֆիա (Պուլկարիա), Պուտափեշթ (Հունգարիա), Միւնիխ (Գերմանիա), Աթէնք (Յունաստան), Քոփենհակըն (Դանիա), Երուսաղէմ (Իսրայէլ), Տապլին (Իրլանտա), Մատրիտ, Պարսելոնա, Պիլպաօ, Վալենսիա (Սպանիա), Հռոմ, Միլանօ (Իտալիա), Ասթանա (Ղազախստան), Ամսթերտամ (Հոլանտա), Վարշաւա, Խոժուվ (Լեհաստան), Լիզպոն, Փորթօ (Փորթուգալ), Սենթ Փեթերսպուրկ (Ռուսիա), Պուքրէշ (Ռումանիա), Պելկրատ (Սերպիա), Պոլիս (Թուրքիա), Քիեւ, Տոնեցք (Ուքրանիա), Քարտիֆ (Կալես), Հելսինքի (Ֆինլանտա), Լիոն (Ֆրանսա), Զաղրեպ (Խրուաթիա), Փրակա (Չեխիա), Պալ (Զուիցերիա), Սոլնա (Շուէտ) եւ Կլասքօ (Սկովտիա):

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )