Ասաց Ու Գնաց Անմահութիւն… Սօս Սարգսեանի Վերջին` Չհրապարակուած Հարցազրոյցը

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Կինօ» ամսագիրի գլխաւոր խմբագիր, շարժապատկերի լրագրող, Հայաստանի եւ Ռուսիոյ շարժապատկերի բնագաւառի աշխատողներու միութիւններու անդամ Ռոբերտ Մաթոսեանն «Արմէնփրէս»-ին տրամադրած է Հայաստանի ժողովրդական արուեստագէտ, հայ անուանի դերասան Սօս Սարգսեանի հետ մեծ վարպետի կենդանութեան վերջին օրերուն կատարուած հարցազրոյցը, զոր կը հրատարակենք ստորեւ:

«Ա.»

«Սօս Սարգսեանին ես միշտ անուանել եմ մեր ժամանակների Յովհաննէս Թումանեան, եւ սա գերագնահատանք չէ: Ինձ համար հայի նրա տեսակը 21-րդ դարի մեր ժողովրդի չափանմուշն է` պահուած լեռներում:

Հիւանդ ժամանակ աւելի մտերմացանք: Զանգում, կանչում էր, 10-15 րոպէի չափով զրուցում էինք, ասածները գրառում ու ձայնագրում էի, իսկ յաջորդ օրը` կարդում նրա համար: Նոյն կերպ վարուեց նաեւ մահուանից ընդամէնը մէկ օր առաջ: Զանգեց, հեւիհեւ շնչառութեամբ ասաց. «Յաւելուածի վերջին մասը կարդա»:

Կարդացի: Ասաց. «Հետեւեալ պարբերութիւնից առաջ այս միտքն աւելացրու»: Աւելացրի ու կարդացի: Ասաց. «Լաւ է, սա իմ վերջին խնդրանքն է քեզ»: Քար կտրեցի: Յուզմունքը խեղդեց կոկորդս:

Հիմա ցնցուած եմ, իմ «Սօս ջան»-ը (ես նրան այդպէս էի դիմում) իր վերջին ասելիքը ասաց սթափ բանականութեամբ, 84-ամեայ բարձունքից, իրեն յատուկ իմաստնութեամբ: Ասաց մեր վերջին մոհիկանը ու գնաց անմահութիւն…

Այդ խօսքն ամբողջապէս կը տպագրուի գրքոյկում, իսկ հիմա հարցազրոյցը ներկայացնում եմ կրճատումներով:

– Գիտես, 1915 թուականը հայ ժողովրդի մէջ բուն դրած վախից նաեւ սկսուեց: Թուրքերը կարողացան մեր աչքի պէծը կոտրել: Սկզբում մեր մէջ վախ ներարկեցին, յետոյ սկսեցին սրի քաշել: Գերմանացի նշանաւոր արեւելագէտ, հայկական հարցի գիտակ Եոհաննես Լեփսիուսն ասում է, որ եթէ մի երեք Մուսա լեռ լինէր, գործն այլ ընթացք կ՛ունենար: Բայց որովհետեւ համատարած վախ էր մտել մեր ժողովրդի մէջ, մեծից փոքր, ուժեղից թոյլ վախուորած էին, էդ վախը ամբողջ ազգը կոլոլեց, վախը փաթաթուեց վզին, ու միլիոնաւոր մարդիկ մոլորուեցին ու մորթուեցին: Հարցնում ես` ի՞նչը կը ցանկանայի, որ չկրկնուէր: Ես կ՛ուզեմ, որ հայ ազգը այլեւս այդ վախի զգացողութիւնը չունենայ: Երբ ինձ հարցնում են մեր հոգսը, գործը էսօր ո՞րն է, ասում եմ` արիութիւն ու խիզախութիւն սերմանելը, հերոսութիւն ու համարձակութիւն ներարկելը: Պէտք չէ մտածել, որ թուրքերը մեզանից շատ են: Մենք երբեք պիտի չվախենանք եւ իրենց նման նախայարձակ պիտի լինենք, ամէն տեղ, ամէն րոպէ: Սա է պաշտպանութեան լաւագոյն ձեւը:

– Մեծ եղեռնի սգոյ 100-ամեակին ընդառաջ մենք պէտք է Արարատի նշանաբանով գնանք: Ի՞նչ ասել է դա… Այնտեղ, որտեղ հնարաւոր է` Սուրբ Լերան քանդակը պիտի տեղադրել: Ամէնուր Արարատի նկարները կախել. փողոցների պատշգամբից, դրօշների վրայ Արարատ լերան պատկերը պիտի ծածանուի, որովհետեւ աշխարհին մենք ոչինչ չունենք ասելու, եթէ Արարատի նկարն իմ դրօշին կպցրած է, իմ տան դրօշին ծածանւում է, դրանով, առանց բարձրաձայնելու, լռելեայն ես աշխարհին ասում եմ` էս իմ երկիրն է, էս իմ հողն է… Ես կոչ եմ անում հայ ազգին, սփիւռքից սկսած, ամէն տեղ, ամէն քայլափոխի առաջնորդուել Սուրբ Լերան նշանաբանով: Արարատը նաեւ մեր պահանջատիրութեան խորհրդանիշն է: Նոյնիսկ Եղեռնի 100-ամեակի նախաշեմին այնքան ենք մենք անհամարձակ, որ զլանում ենք մի հարց տալ` էս Սեւրի դաշնագիրն ո՞ւր է… Չէ՞ որ ոեւէ մէկը չեղեալ չի համարել, ինչո՞ւ այս հարցերը չենք պարզաբանում, ինչո՞ւ համարձակ չենք բարձրաձայնում…

Թուրքերը մէկուկէս միլիոն հայ չէ որ կոտորել են: Հինգ հարիւր տարի շարունակ նրանք ձեռի հետ հա՛ կոտորել են էլի, իսկ ինչ եղաւ այդ 1.5 միլիոն ժողովրդի ինչքը, նրա տունը, նրա ունեցուածքը, նրա հարստութիւնը, նրա մատներից ու ականջներից ճպռպորած ոսկեղէնը, մէջքերին կապած արծաթէ գօտիները, մանրամասն պիտի հաշուարկել, բոլորը ի մի պիտի բերել եւ ասել` բացի հողերից, որը դուք պարտաւոր էք տալ, մեզ պիտի վերադարձնէք նաեւ թալանած հարստութիւնը: Եթէ 100 տարի լռել ենք, ապա Խորհրդային Միութիւնը չի թողել խօսենք, հիմա հատուցման պահ է: Հատուցում բառը պէտք է անդադրում կրկնենք: Վանքերում ու մարագներում հրկիզուածներին, Տէր Զօրի անապատներում սրախողխող արուածներին մենք վերադարձնել չենք կարող: Ես իմ աչքի տեսածն եմ ասում: Անապատներում մինչեւ հիմա հայ մարդկանց անթաղ ոսկորներ կան: Դա ի՞նչ է նշանակում, որ նրանց հոգիները երկրից դեռ երկինք չեն հեռացել: Դրանք պտտւում են թուրքերի գլխին էլ, մեր գլխին էլ… թուրքերին անիծում են… Իսկ մեզ յուշում, որ մեզ տէր կանգնէք… Անթաղ կմախքի հոգին ոչ մի տեղ չի հեռանում: Եւ երբեք չի հանգստանայ, մինչեւ չլինի հատուցում… Ասուած է Սասնայ Ծուռ Դաւիթը եկել է եւ Կոզբադինին ասում է` հլա մի կոտդ բեր, էս մեզանից ինչքա՞ն հարստութիւն ես խլել: Հատուցո՛ւմ եւ նորից հատուցո՛ւմ:

Հրեաները 2000 տարի իրար հանդիպելիս ասում էին` յաջորդ տարի Երուսաղէմում հանդիպենք: Երկու հազարամեակ յետոյ մենք տեսանք, թէ նրանք ո՛ւր հասան…

Հիմա ամէն մի հայ բաժանուելիս, պիտի յաջողութիւն մաղթի եւ ասի` եկող տարի Վանում հանդիպենք: Ասել է պէտք, դա կարող է լինել 50 տարի, 100 տարի յետոյ: Պիտի անընդհատ ասենք, ինչպէս հրեաները, որպէսզի լինի: Վանում հանդիպման ու հատուցման գաղափարը մեր մշտական ուղեկիցը պիտի լինի:

Այո՛, վատ է, որ մենք փոքրաթիւ ազգ ենք, իսկ փոքրաթիւ ազգերից աւելի շատ կազմակերպուածութիւն է պահանջւում: Աւելի շատ տղամարդկութիւն է պահանջւում, քան, ասենք, իտալացիներից ու սպանացիներից: Նրանց դա պէտք չէ: Մեր փրկութիւնը բռունցքուելու եւ անվախութեան մէջ է:

Երկրորդ: Պետութիւն ենք, սակայն դեռ ապրում ենք թայֆաներով, մտածում ենք թայֆայավարի` առաջնայինը անձնական շահը համարելով: Սա է մեզանից շատերի հոգեբանութիւնն ու փիլիսոփայութիւնը: Ինձ համար հարցերի հարցը պետականութիւնն է: Իշխանութիւնները գալիս ու գնում են: Յետոյ մեզ բնորոշ մի վատ յատկանիշ, փաստ: Չնայած ղեկավարի մի տեղ ունենք, բոլորս ուզում ենք ղեկավար դառնալ: Էդպէս երկիր չենք դառնայ: Խստապահանջ լինելը այլ խնդիր է, որ ասենք` դու ես այս երկրի տէրը, հերի՛ք եղաւ, բո՛լ եղաւ…

– Մեր ամենամեծ թշնամին այսօր չիմացութիւնն է: Աշխարհը էնպիսի մի թափով է առաջ գնում, որ մենք իրաւունք չունենք ամենատարրական բաները չիմանանք: Մեր թշնամին տգիտութիւնն է: Տգիտութիւնն ահաւոր մի բան է, համայն մարդկութեան չարիքների պատճառը: Եթէ մենք տգէտ լինենք, մեզանից դուրս եկած ղեկավարն էլ կարող է տգէտ լինել: Տգէտ մարդը անյաղթահարելի է: Եթէ տգէտին պաշտօն ես տալիս, դա սոսկալի մի երեւոյթ է:

Հարցազրոյցում նա անդրադարձաւ նաեւ հասարակական այս կացութաձեւին` սիստեմին եւ ասաց.

– Մի քանի օր առաջ մի տիկին ինձ զանգեց եւ շատ խիստ ձայնով ասաց. «Դուք դաշնակցակա՞ն էք»: Ասացի` այո: «Իսկ դուք ձեր ելոյթում ասացիք, որ դուք ազատութեանը դէմ էք եւ նոյնիսկ նախագահին շնորհաւորում էք»: Ոչ մի բան չհասցրի ասել, որովհետեւ հեռախօսը անջատուեց: Հիմա եմ ուզում ասել.

«Ի հարկէ, քոյրիկ ջան, ես ոչ միայն ազատութեանն եմ դէմ, ես դէմ եմ այն ժողովրդավարութեան, որն օրինականացնում է երկու տղամարդու ամուսնութիւնը: Եւ դա բաւական չէ, նրանց իրաւունք են տալիս երեխայ որդեգրել: Դու գիտես, դա հակաստուածային, սոսկալի, անմարդկային, չլսուած, չտեսնուած բան է», գրեթէ գոռալով ասում է նա:

– Ի՞նչ ասեմ, էդ տղան պիտի մեծանայ ու իրենց նման դառնայ: Դա մեր վերջի սկիզբն է, եթէ էսպէս շարունակուի, մեր պետութեան կործանման սկիզբն է: Նրանց պէտք է արմատախիլ անել: Յետոյ` մարդկութիւնն այս ժողովրդավարութեան ձեռին կրակն է ընկել: Ամէն ինչում կարգ ու կանոն պիտի լինի: Գիտէ՞ք վայրի ցեղերը ինչպէս դարձան պետութիւն: Թապուի շնորհիւ, թապու` ասել է թէ` արգելքի շնորհիւ: Մերձաւորի հետ չի կարելի ամուսնանալ, որովհետեւ այլանդակներ են ծնւում, գողանալ չի կարելի, էս չի կարելի, էն չի կարելի ասելով` ստեղծեցին պետութիւն: Իսկ պետութիւնը, որտեղ ամէն ինչ կարելի է, դա պետութիւն չի, դա արդէն հասարակարգ չի: Դա անհովիւ մի նախիր է: Գիտէ՞ք ինչ, ես մի առիթով էլ եմ ասել` մարդկութիւնը ղեկավարուել է չգրուած օրէնքներով:

Ոչ ոք ինձ չի ասում, որ եթէ հարազատդ մահացել է, գնա թաղման, բայց ես գնում եմ: Դա գրուած չէ: Ոչ ոք չի հարցնում, որ եթէ չգնաս հարսանիքի, քեզ կը պատժենք: Կան չգրուած օրէնքներ, որ պէտք է հետեւես դրան: Փրոսփեր Մերիմէն մի պատմուածք ունի, որտեղ տղան դաւաճանում է հօրը, հայրը դաւաճանութեան համար սպաննում է որդուն: Թարաս Պուլպան իր տղային ասաց. «Ես քեզ ծնել եմ, ես քեզ կը սպաննեմ»: Այսինքն մարդիկ սա ասել են, որ կարգը պահպանեն: Իսկ դաւաճանին կարելի՞ է ներել: Իսկ ո՞վ պիտի չների` առաջին հերթին հայրը: Հիմա Հայաստանը լեցուն է դաւաճաններով ու այլանդակներով: Ոմանք գնում են Եւրոպաներ ու սկսում են բամբասել հայերից:

Հայաստանի քաղաքական գործիչներից սկսած մինչեւ դպրոցականը պիտի մտածի, որ եթէ այս քայլը անում եմ, սա ո՞ւմ դէմ է: Նախագահի՞, թէ՞ երկրի դէմ է: Եթէ երկրի դէմ է, դու պարզապէս բարոյական իրաւունք չունես անելու, եթէ դու հայրենասէր ես… Ինձ համար նշանակութիւն չունի, թէ ով է նախագահը: Ինձ համար նշանակութիւն ունի, որ այս պետութիւնը հզօրանայ, որ յետոյ գլուխ չջարդենք, թէ` չորրորդ հանրապետութիւնը ոնց ստեղծենք: Ֆալքոնէն ասում է. «Կուշտ ստրուկը վատ արարած է»: Հիմա եւրոպացիները կուշտ ստրուկ են: Մարդկութիւնն այժմ այդ վիճակի մէջ է: Ես չգիտեմ ու մտահոգ եմ, թէ մարդկութիւնն այդ վիճակից ինչպէս պիտի դուրս գայ: Էդ դրամատիրութիւն է, ժողովրդավարութիւն է, ի՛նչ զահրումար է… Այդ մասին ինձանից խելօքները վաղուց են ասել: Կարդալ է պէտք…

Խօսելով հայ-վրացական յարաբերութիւնների մասին` նա նշեց:

– Շատ բարդ խնդիր է: Իմ կարճ խելքով վրացիները սխալ ճանապարհ են ընտրել: Հենրիկի երազած պետութիւնը շատ բնական երեւոյթ կը լինէր, քանի որ ե՛ւ մենք, ե՛ւ վրացիները շրջապատուած ենք մահմետականներով: Բայց վրացիները շատ տարօրինակ են պահում իրենց: Գիտէ՞ք` ես ինչ եմ մտածում, գուցէ եւ սխալւում եմ, որ Վրաստանում մեր դէմ են այսպէս կոչուած շուռ տուած հայերը, վրացի դարձած հայերը: Դաւանափոխ հայը, ազգափոխ եղածը սոսկալի երեւոյթ է:

Եթէ նա (ոչ բռնի ուժով) իր սեփական արեանը դաւաճանել է, ամէն ստորութեան էլ ընդունակ է: Եւ այդ նրանք են, որ իրենց հայոց հետքերը կորցնելու համար տասն անգամ աւելի վրացի են, քան` սովորական վրացին: Ես այդ խօսակցութիւնն ունեցել եմ նաեւ Լորտքիփանիծէի հետ: Երբ նկարահանւում էի, մեր խմբում դրանցից մէկը կար, ուղղակի հէրս անիծում էր: Վերջը պարզուեց, որ (մի փոր հացի համար) շուռտուած հայ է, մի իսկական տականք: Սա մէկ:

Աշխարհն այժմ կանգնած է ընտրութեան առաջ: Իսլամն այսօր աւելի առողջ, կենսունակ է, դա մենք պէտք է ընդունենք: Նրանք յարձակման նոր ձեւ են ընտրել. ոչ թէ կռուել, այլ բուծուել` տասից աւելի երեխաներ ունենալ:

Վրացիներն ընկել են հայերիս յետեւից, որոնք կառուցելուց, բարգաւաճեցնելուց, օգտակար լինելուց բացի ուրիշ տեսակի չեն կարող լինել: Բա չե՞ս տեսնում, որ իսլամը եկել է ու մտել տունդ: Եթէ այդպէս շարունակուի (կ՛ուզենայի, որ իմ այս խօսքերը նրանց հասնէին), Մառնէուլի թուրքերը, աճ տալով, մէկ-երկու տասնամեակ յետոյ, Վրաստանի նախագահը կարող է լինել թուրք: Եւ դա չափազանց վտանգաւոր է նաեւ մեզ համար: Ինձ ճիշդ հասկացէք, մենք չենք կարող փոխուել, դեռ Աւարայրի ժամանակ մենք մեր հաւատի համար կռիւ ենք տուել: Ցաւօք, վրացիները հեշտութեամբ են փոխւում:

Անցեալ նախագահական ընտրութիւններին մի թուրք նոյնիսկ յայտարարել էր, որ իր թեկնածութիւնը դնելու է, բայց հասկացել էին, որ հիմա դրա ժամանակը չի: Սակայն շատ շուտով կարող է նաեւ դա լինել… Բա մենք ինչպէ՞ս փրկենք մեր եղբայրներին:

Խօսելով խորհրդային տարիների մշակութային շփումների, միմեանց հաղորդակցուելու աւանդոյթի, գրողների, արուեստագէտների կապերի ընդհատման մասին` նա ասաց.

– Էդ կապերը նոյնութեամբ հնարաւոր չէ վերականգնել: Ես մէկ այլ բան կ՛ասեմ, որը քո հարցի հետ կապ չունի: Գիտե՞ս` ինչո՛ւ ենք Հայաստանից դուրս այդքան հանճարեղ հայեր տուել. Ուիլիըմ Սարոյեան, Ռուբէն Մամուլեան, Շարլ Ազնաւուր, Աշոտ Մալաքեան, Միացեալ Նահանգներում նոյնիսկ ծագումով հայ տիեզերագնաց ունենք` Ճէյմս Բաղեանը, որի հայրը ղարաբաղցի է եղել: Ինչո՞ւ, որովհետեւ հայ մարդը դարեր շարունակ սովորել է ապրել կայսրութիւններում, սովորել է իր տրամադրութեան տակ տարածք ունենալ, ասպարէզ ունենալ: Հիմա, ասում ես, հայերը գնում են ու գնում, դա սովից չի, դա սուտ է: Այո, կան բազմաթիւ թերացումներ, կայ անարդարութիւն, բայց հիմնական պատճառը դա չէ: Գնացողներն ասպարէզ չունեն աշխատելու: Հայ մարդու ներուժը ներսից պայթում է, տարածք ու ճանապարհ է ուզում, որպէսզի միտքը գործի, հանճարեղ գործեր անի: Էդպիսի գործեր անելու հնարաւորութիւն չկայ Հայաստանում: Դրա համար սփիւռքում մենք կը ծնենք հանճարներ, այստեղ` դժուար: Խորհրդային շրջանը տարածքների ու ինքնահաստատման ժամանակաշրջան էր: Այդ տարիներին ես բազմաթիւ ազգութիւնների մէջ եմ եղել: Ինձ ուղղակի պաշտում էին, էդպիսի բարեկամութիւն կար: Մի՛ մոռացէք, որ բարեկամութեան քարոզչութիւնը ի վերջոյ իր դերը խաղում էր: Հիմա միակ բանը մնացել է փող… փող… էլի փող… Մարդուն էլ պէտք չէ ընկերութիւնը, բարեկամութիւնը: Սա դաժան կորուստ է, Ռոբերտ ջան: Այո, մեծ կորուստ է, որ կտրուել ենք ռուսական մշակոյթից:

Կորցնելով ռուսական մշակոյթը` մշակութային դաշտը, մենք կտրւում ենք համաշխարհային մշակոյթից եւ կորցնում ենք ամէն ինչ…

Ես խորը մտածելու բան եմ ասում…

Խնդրեցի բացել փակագծերը.

– Փոքր պետութիւնները, ուզեն թէ չուզեն, անպատճառ պէտք է մի որեւէ միութեան մէջ լինեն: Այո, մեզ համար ամենաձեռնտուն Ռուսաստանն է, եւ դրա համար էլ մենք պէտք է իրար հետ եղբօր պէս լինենք: Այս յարաբերութիւններում փոքր ու մեծի հարց պիտի չլինի: Մենք իրենց ենք պէտք, իրենք էլ` մեզ: Էն քո ասած աշխարհագրական դիրքն ուղղակի հէնց դա է թելադրում: Աւելին ասեմ, ճակատագիր է եւ ուղղակի բախտաւորութիւն, որ մենք մէկմէկու ենք պէտք…

Մոսկուայում, Անաստաս Միկոյեանի յուղարկաւորութեան ժամանակ, ես իմ ելոյթի ընթացքում մի այսպիսի միտք եմ ընդգծել, որ հայերս բարձր ենք գնահատում մեր բարեկամ ու եղբայր Ռուսաստանի դերն ու նշանակութիւնը համաշխարհային պատմութեան մէջ, առանձնապէս մեզ` հայերիս համար: Բայց մենք երբեք մուրացկանի ու անօգնականի պէս ձեռք չենք մեկնել ձեզ, թէ` խնդրում ենք մեզ օգնել: Ձեզ հետ հաւասար ծառայել ենք ռուսական պետութեանը, ռուս ցարերը խորապէս էին գնահատում, հասկանում, թէ հայերը որքան կարող են օգտակար լինել: Չնայած պետականութիւն չունէինք, Իւան Կրոզնուց սկսած, շարունակաբար, Պետրոս Մեծի ու Եկատերինայից մեզ մեծ արտօնութիւններ էին տրւում Ռուսաստանում, մենք ստեղծել ենք բազում կրթօճախներ, ինչպէս` Լազարեան ճեմարանը, որտեղ կրթութիւն են ստացել ոչ միայն հայերը, այլեւ` ռուսաստանցիները: Փայլուն օրինակը Եւկենի Վախթանգովն ու Կոնստանդին Սթանիսլաւսքին: Հիմնել ենք թատրոններ (Վախթանգով, շարունակութիւնը` Ռուբէն Սիմոնով): Մասնակից ենք քաղաքական կեանքին ու տուել ենք այնպիսի անհատականութիւններ, ինչպիսին իմաստուն Լորիս Մելիքովն էր, մասնակցել ենք Ռուսաստանի վարած բոլոր պատերազմներին ու նոյնպէս կարկառուն դէմքեր տուել` սկսած զօրավար Բէյբութովից մինչեւ Յովհաննէս Բաղրամեան: Քուրչաթովի կողքին Ալիխանեան եղբայրներն են եղել, տիեզերանաւաշինութեան մէջ Քորոլէովի կողքին Իոսիֆեանն ու Սիսակեանն են եղել եւ այլն, եւ այլն…

Մենք ծառայել ենք մի ընդհանուր գործի, եւ դրա փայլուն օրինակը Անաստաս Միկոյեանն է, որը 1962 թուականին` Քուպայի ճգնաժամի օրերին, մոլորակը փրկեց Գ. Համաշխարհային պատերազմից, ասել է թէ` կործանումից: Սրանք սովորական օրինակներ չեն, իրենց մէջ խորհուրդ են պարունակում…

Հիմա վերադառնանք այսօրուան, երբ արդէն պետականութիւն ունենք: Նախ եւ առաջ յոյսներս պիտի միայն ու միայն մեզ վրայ դնենք, անշուշտ` Ռուսաստանի հովանու ներքոյ: Սխալուելու իրաւունք մենք չունենք: Ինձ համար հարցերի հարցը իմ նորաստեղծ պետականութեան ու երկրի անվտանգութիւնն է: Ժամանակին Աւետիք Իսահակեանն ասել է. «Ես մեր սահմանին կանգնած ռուս զինուորին աշխարհի հետ չեմ փոխի…»: Իմաստուն խօսք է: Խարդախութիւնը մեր կողմից պիտի չլինի: Իսկ եթէ, Աստուած չանի, մի բան պատահի, մեղքն իրենց վիզը…»:

Վարեց` ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍԵԱՆ

 

 

Share this Article
CATEGORIES