Օպամայի Քաղաքական «Մասոշիզմը» Իսլամութեան Սուրիական Զինանոցում

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ

Հետաքրքիր է, երբ Ամերիկա յայտնաբերում է ամերիկացին: Այն էլ` ինչպիսի՜ ամերիկացին. Կեդրոնական հետախուզութեան վարչութեան տնօրէնի տեղակալ Մայքլ Մորելան, ասել կ՛ուզի` երկրի թիւ երկու գործակալը, որի տեղեկացուածութեան եւ քաղաքական կանխատեսումների հնարաւորութիւնների մասին երկու կարծիք լինել չի կարող:

Ուրեմն, ուաշինկթընեան առաջին շարասիւնի հետախոյզը պաշտօնաթող լինելու պահին (էլ ուրիշ երբ են պաշտօնեաներն անկեղծանում) առանց աչքը թարթելու հանդէս է գալիս դարակազմիկ յայտարարութեամբ` եթէ Ասատի կառավարութիւնն ընկնի, ապա Սուրիան կը դառնայ ահաբեկչութեան կեդրոն, Քայիտայի խոշորագոյն միջազգային խարիսխ ողջ երկրագնդում: Իսկական յայտնագործութիւն:

Այն, ինչը կասկածի նշոյլ անգամ չի առաջացնում սկսնակ քաղաքագէտների եւ վերլուծաբանների ուղեղներում, այսօր շէյքսփիրեան հարց է դարձել ամերիկեան արտաքին քաղաքականութեան համար: Զինե՞լ, թէ՞ չզինել արմատական մուսուլմաններին: Կռուե՞լ, թէ՞ չկռուել Սուրիայում:

Ծերակուտական Ճոն Մըքքէյնի տիպի քաուպոյների համար հարցի լուծումը ընդամէնը կապուած է ատրճանակը դուրս քաշելու եւ կրակելու արագութեան հետ:

Սակայն քիչ չեն հաւասարակշռուած եւ մտածող գործիչները, որոնք չեն կասկածում, որ «Արաբական գարունը» հեշտութեամբ կարող է փոխակերպուել համաշխարհային հրդեհի, եթէ Ուաշինկթընը կրկնի նոյն սխալները, որ արել է Աֆղանիստանում, Իրաքում եւ Լիպիայում: Ի դէպ, պատերազմ սանձազերծելու դէմ հանդէս է գալիս ամերիկեան զինուորականութիւնը: Նրանց տառապանքը հաւանաբար փորձ ունի:

Օպամայի սուրիական քաղաքականութեան դէմ հանդէս է գալիս Զպիկնիու Պրեժինսքին, որի` ամերիկեան վարչակարգի համար մշակած վարդապետութիւնը զգուշացնում է Պալքանօ-եւրասիական գօտու քաոսից: Այդ գօտում աստիճանաբար յայտնւում է Սուրիան: Նրա կարծիքով, այստեղ եւ այլ երկրներում գործող Քայիտայի խմբաւորումները իսկական սպառնալիք են Միացեալ Նահանգների անվտանգութեանը:

Եւ այստեղ է, որ մենք բախւում ենք մէկ այլ, ոչ պակաս հետաքրքիր յայտնութեան հետ, որի խորապատկերին Մորելայի յայտնագործութիւնն ուղղակի խամրում է:

Ես նկատի ունեմ այն, որ Օպաման եւ նրա աշխատակազմը, որոնցից, վերջին հաշուով, կախուած են ռազմական մագլցումը եւ արմատական իսլամականներին զինելն ու մարտի նետելը, զարմանալի կերպով չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել, որ կրակի բոցերում կարող են յայտնուել նաեւ իրենք ու ողջ քաղաքակիրթ աշխարհը:

Անուանել սա քաղաքական կարճատեսութիւն կամ դիւանագիտական վրիպում` կը նշանակի ոչինչ չասել: Անկախ այն բանից, թէ ինչ գաղափարախօսութեան եւ մտածելակերպի տէր ես, եթէ կրօնական խուժանին, որը ծնողների աչքի առաջ ողջ-ողջ այրում է երեխաներին, գլխատում է հոգեւորականին կամ բացում է մարդու կրծքավանդակը, դու անուանում ես ժողովրդավար, ուրեմն քո ուղեղի հետ ինչ-որ բան այն չէ, եւ հոգեկան վիճակիդ լուրջ քննութեան կարիք ունես:

Փորձենք հասկանալ, թէ որն է խնդիրը: Դրա համար հարցին մօտենանք ոչ թէ գոյութիւն ունեցող վերլուծական բնորդներով եւ մեթոտաբանութեամբ, այլ` հոգեբանական ճանապարհով: Ոչ թէ քաղաքական, ռազմական կամ ընկերային հոգեբանութեան, այլ` անձի իմացական հոգեբանութեան պրիսմակով:

Մի պահ մոռանանք, որ Միացեալ Նահանգների նախագահն աշխարհի հզօրագոյն երկրի ղեկավարն է եւ նայենք նրան որպէս սովորական մարդու: Ոչ միայն Օպամային, նաեւ` այս աշխարհի միւս ուժեղներին: Նրանք բոլորն էլ մնում են մարդ` իրենց թոյլ եւ ուժեղ կողմերով, իրենց «ես»-ով:

Հետեւաբար, նրանք բոլորի նման ենթակայ են հոգեբանական այս կամ այն երեւոյթի ներգործութեան, որոնց մէջ կան այսպէս կոչուած «ինքնաժխտման», «ինքնախաբէութեան» կամ «ջայլամի» երեւոյթներ:

(Փորձուած դիւանագէտները երբեմն դրանք օգտագործում են խուսանաւումներու եւ դիմացինին շփոթեցնելու նպատակով):

Սակայն լինում են դէպքեր, երբ մարդիկ ենթագիտակցօրէն են դիմում այդ մեքանիզմներին եւ անգամ բաւականութիւն ստանում դրանից: (Դուք գիտէք, օրինակ, որ այսինչ անձնաւորութիւնը նախանձում է ձեզ, վատաբանում եւ բամբասում է, սակայն դուք այդ ամէնը «չէք տեսնում» եւ ձեր մէջ ուժ չէք գտնում դադարեցնելու յարաբերութիւնները նրա հետ: Կամ հասկանում էք, որ դիմացինը խաբեբայ է եւ չի վերադարձնելու պարտքը, սակայն տալիս էք նրա խնդրած գումարը` կանխաւ հաշտուելով եւ անգամ հաճոյք զգալով խաբուելու հեռանկարից: (Ճագարն այդպէս է նետւում դէպի օձը):

Եթէ «ինքնախաբէութեան» կամ «ջայլամի» մեքանիզմները արտաձգենք քաղաքական իրականութեան վրայ, կարող ենք փաստել հետեւեալը: Այսօրուայ քաղաքական իրադրութիւնում, Սուրիայում կամ այլուր ծայրայեղական, մարտնչող իսլամականներին ռազմական, նիւթական եւ բարոյական օգնութիւն ցոյց տալը ինքնասպանութեանը սահմանակցող յանցագործութիւն է, որը տուեալ անձնաւորութիւնը գործում է իր եւ մարդկութեան դէմ:

Նման օգնութիւն ցուցաբերողը, ով էլ որ նա լինի, իմ կարծիքով, մասոշիստ է, քանի որ ահաբեկչին տրամադրած զէնքը նրա համար դառնալու է պումերանկ:

Արման Նաւասարդեան

Մասոշիզմի հակառակ երեւոյթը սատիզմն է: Մասոշիզմը եւ սատիզմը նոյն մետալի տարբեր երեսներն են, եւ որքան էլ տարաբանական հնչի, դրանք մագնիսի նման ձգում են մէկմէկու: Այս փոխձգողականութիւնը գոյութիւն ունի նաեւ քաղաքականութեան մէջ ու միջազգային յարաբերութիւններում եւ, եթէ չեմ սխալւում, դեռեւս ուսումնասիրուած չէ հոգեբանների կողմից:

Անշուշտ, կասկածել քաղաքական գործիչներին մասոշիզմով տառապելու մէջ, որոնք վճռում են միլիոնաւոր մարդկանց ճակատագրերը, մեծ համարձակութիւն կը լինէր: Սակայն, կրկնում եմ, մարդը մնում է մարդ, անգամ եթէ նա հզօր տիրակալ է: Անսխալական է միայն Բարձրեալը:

Ծայրայեղականներին զինելու Ամերիկայի յամառ ձգտումներն, ըստ իս, ունեն մէկ այլ բացատրութիւն եւս: Տասնեակ տարիներ միջազգային կեանքում ինչը որ ընդունելի է եղել Խորհրդային Միութեան (այսօր` Ռուսաստան) համար, հակացուցուած է համարուել Միացեալ Նահանգներում, եւ` հակառակը: Հակամարտութիւնն այդ երկրների միջեւ շարունակւում է: Շարունակւում է աշխարհաքաղաքական շահերի սուր բախումը` ով ում կործանարար հաշուարկներով: Դուրս է գալիս, որ ոչինչ չի փոխուել:

Իսկ որքան ճիշդ եւ բանական կը լինէր, եթէ նրանք մի կողմ դնէին ամէն տիպի հին ու նոր հակասութիւնները եւ ձեռք-ձեռքի տուած` դիմակայէին 21-րդ դարի կանաչ ժանտախտին եւ արմատախիլ անէին ժողովուրդների կեանքից: Մարդկութիւնը միայն շնորհակալ կը լինէր նրանց:

ԱՐՄԱՆ ՆԱՒԱՍԱՐԴԵԱՆ
Արտակարգ եւ լիազօր դեսպան

«Տիփլոմաթ.ամ»

Share this Article
CATEGORIES