Ազգային Էութեան Մասին

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Ինչպիսի՞ն է միջին վիճակագրական մեր հայրենակցի միօրինակ կամ, ընդհանուր առմամբ, յաճախ հանդիպող արձագանգը նոր տեղեկութեանը, գաղափարին, վարկածին: Պարզ է ու անսասան. «Գիտեմ»: Դրան հանդիպում ենք բոլորս եւ նոյն այդ թուլութիւնն էլ ունենք բոլորս: Եւ բոլորիս դա զայրացնում է, սակայն… ոչինչ չի փոխւում: Բոլորն ամէն ինչ գիտեն:

Ընդգրկոյթը մեծ է. գիտեն ինչպէս է խորոված պատրաստւում եւ ինչպէս մտնել Մաքսային միութիւն ու միաժամանակ համարկուել Եւրոպային, ինչպէս մեծացնել երեխաներին եւ ինչպիսի երաժշտութիւն լսել, ինչպէս կաշառք վերցնել եւ ինչպէս տալ: Լսէք մեր քաղաքագէտներին, նաեւ` որոշ քաղաքական գործիչների, կարդացէք նրանց յօդուածները, հարցազրոյցները. նրանք ռուսներից լաւ գիտեն, թէ որոնք են Ռուսաստանի ազգային շահերը, նրանք ամերիկացիներից լաւ գիտեն, թէ ինչպէս է հարկաւոր լուծել նրանց ներքին ու արտաքին խնդիրները, ներողամիտ ժպիտով սովորեցնում են եւրոպացիներին եւ ցոյց տալիս տնտեսական ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Ամէն ինչ յատկապէս յայտնի է մեր մշտադալար իշխանութիւնների ներկայացուցիչներին: Մի՛ հարցրէք` որտեղից վերցրեցի այս եզրը: «Միշտ» են այն պատճառով, որ մշտապէս են, չփոխարինուող, իսկ «դալար»-ը բնապահպանութեան հետ կապ չունի, պարզապէս ինչպէս եղել են ոչ հմուտ մասնագէտ, այնպէս էլ մնացել են: Խորհրդարանի մի նիստ անգամ չի անցնում առանց այն բանի, որ նախագահողը քննադատութեանը (կարեւոր չէ` արդարացի, թէ` ոչ այնքան) չարձագանգի մեծամիտ արտայայտութեամբ. «Խնդրում ենք մեզ դասեր չտալ…»: Այնուհետեւ` կախուած իրավիճակից` բարոյականութեան, հայրենասիրութեան դասերից: Նրանց հարկաւոր չեն բարոյախօսութիւններ, նրանք ամէն ինչ գիտեն: Նրանց դաս տալ չի կարելի: Ցանկանում ես ասել. «Այդ դէպքում ի՞նչ տանք: Մռութների՞դ»:

Բոլոր լեզուներում (բացի հայերէնից) օգտագործւում է ծեծուած մի արտայայտութիւն` վէճում է ծնւում ճշմարտութիւնը: Մեզ մօտ փոքր-ինչ այլ է` վէճը ծնում է ոչ թէ ճշմարտութիւն, այլ անբարեացակամութիւն, անվստահութիւն, իսկ յետոյ` նաեւ ատելութիւն: Դա զարմանալի չէ. վիճելու մշակոյթը, որպէս հասարակական գործունէութեան ձեւ, մեզանում սաղմնային վիճակում է: Պատճառը պարզ է` բանավէճը ընդհանրապէս չի դիտարկւում որպէս հասարակական երեւոյթ, որը որոշակի արդիւնք է տալիս: Լաւագոյն դէպքում այն ընկալւում է որպէս անվնաս դատարկախօսութիւն, վատագոյն դէպքում` հակառակորդին ճնշելու եւ նուաստացնելու միջոց: Այդ պատճառով մեր հասարակութեան մէջ` դրա բոլոր մակարդակներում, կարելի է վստահ առանձնացնել բանավիճողների 2 տեսակ` դատարկախօսներ, որոնց համար կարեւորը արդիւնքը չէ, այլ բանավէճի ընթացքը, եւ, այսպէս կոչուած, բանտային բանավէճի մասնագէտներ, ովքեր կարողանում են վարպետօրէն վէճի էութիւնը շուռ տալ` միակ նպատակով` ընդդիմախօսին բռնեցնել խօսքի, «հասկացութիւնների» հակասութիւնների վրայ, խեղդել, ծաղրել եւ նուաստացնել նրան: Կան նաեւ անմեղսունակ բանավիճողներ, ովքեր զայրոյթով բացառում են ձեր առաջ քաշած ցանկացած թեզ, իսկ յետոյ, շփոթելով եզրերը, սակայն յաղթանակածի ինքնահաւանութեամբ սկսում են ճնշել ձեզ ձեր իսկ փաստարկներով: Իսկ մարդիկ, ովքեր վէճի միջոցով ճշմարտութիւնն են փնտռում եւ կարող են ձեզ լսել, հասկանալ ու նոյնիսկ սրբագրել իրենց կարծիքը ձեր փաստարկների ազդեցութեան տակ, շատ քիչ են, այդ տեսակը մեզանում թանգարանային հազուագիւտ նմուշ է: Քանի որ բոլորն ամէն ինչ գիտեն:

Իսկ եթէ դիտարկենք վէճի ու ճշմարտութեան մասին յոգնեցրած արտայայտութիւնը այլ` ձեւափոխուած մեկնաբանութեամբ, ապա կարելի է յանգել եզրակացութեան, որ վէճից դուրս ճշմարտութիւն պարզապէս չի ծնւում: Հէնց դա էլ տեղի է ունենում մեր երկրում: Այս ամէնը մեթոտաբանութեան հարց է` գիտական, կառավարման, ցանկացած: Կա՛մ եզրակացութիւն էք անում եւ ձեր հայեցակարգը կառուցում հաւաքուած ու համադրուած փաստերի վրայ, կա՛մ հայեցակարգ արդէն ունէք կա՛մ էլ ձեզ այն հրամցրել են, իսկ փաստերը ձեզ հարկաւոր են միայն այն բանի համար, որ այդ հայեցակարգը (ճիշդ, թէ` սխալ` կարեւոր չէ) ամրապնդէք: Երկրորդ դէպքում շատ քչերն են ընդունակ խուսափել իրենց վարկածին փաստերը յարմարեցնելու, դրանք կամայականօրէն մեկնաբանելու կամ ընտրովի ներկայացնելու գայթակղութիւնից: Ահա, օրինակ, մեր իշխանութիւնները վարկած ունեն կամ նոյնիսկ` անխախտ համոզմունք, որ իրենք լաւ, արդիւնաւէտ են աշխատում եւ անփոխարինելի են: Խստագոյնս ընտրուած, յաճախ խեղուած փաստեր` կոչուած հաստատելու այդ սխալ վարկածը, մենք լսում ենք ամէն օր մեր ղեկավարութեան ճառերում ու որոշ հեռուստաալիքների տեսագրութիւններից: Այլ փաստեր ստիպուած ենք լինում «որսալ» տեղեկատուութեան այլ աղբիւրներից: Սակայն այդ փաստերի նոյնիսկ ակնյայտ հակասութիւնը չի յանգեցնում առողջ բանավէճի. փաստերն ապրում են իրենց կեանքով` բախման, մրցակցութեան մէջ չմտնելով եւ ճշմարտութիւն չծնելով: Վէճն ի սկզբանէ դատապարտուած է անարդիւնաւէտութեան, քանի որ չկայ դատաւորը, որը կարող է համեմատել ու գնահատել փաստերը, եզրակացութիւն անել եւ որոշում ընդունել: Այդ դատաւորը պէտք է լինի հասարակութիւնը, բայց չեղաւ: Որոշումները սովորաբար ընդունւում են ընտրութիւնների ժամանակ, իսկ եթէ դատաւորը կաշառք է վերցնում, ապա այդ ընտրութիւնների ելքը (ինչպէս նաեւ դատաւորի ճակատագիրը) ցաւալիօրէն կանխորոշուած է:

Կամ, ասենք, ներկայումս շատ նորոյթ է բանավիճել ազգային արժէքների, ազգի էութեան ու կոչման եւ այլ դժուարըմբռնելի հասկացութիւնների մասին: Ես տագնապով եմ նշում, որ այդ վէճերում աւելի յաճախ ու բարձր կրկնւում են խորամանկ հայեցակարգի ածանցեալ գաղափարներ, այն է` ինչ ունենք, մեր ազգային խորքային էութեան, մեր արժէքների արդիւնքն է, աւելին` Երկիր մոլորակում հայ ժողովրդի սկզբնական կոչման արդիւնքը: Ես այդ հայեցակարգն անուանում եմ խորամանկ, քանի որ ինչպէս ցանկացած յաջողուած սուտ, այն ճշդի, անճշդութեան եւ կիսով չափ ճշդի խորամանկ միաձուլումն է: Մանրամասներին չեմ անդրադառնայ, բայց, ընդհանուր առմամբ, այն այսպիսի տեսք ունի. հայերը անհատականութիւնների ժողովուրդ են, այդ պատճառով ոչ մի կերպ չեն ենթարկւում կարգուկանոնի, չեն դառնում պետական ազգ, այդ պատճառով ոչ մի կերպ չի ստացւում վերանայել նրանց արժէքների «նախնական» համախումբը, այդ պատճառով ոչ մի կերպ չի ստացւում նրանց գլխաւոր արժէքը դարձնել ինչ-որ բան, որն իրենցից դուրս է, ասենք` հայրենիքը, պետականութիւնը, ժողովրդավարութիւնը, ազատութիւնը, մարդու իրաւունքները: Հայերի գլխաւոր արժէքը շարունակում է մնալ ընտանիքը, եւ յանուն ընտանեկան բարեկեցութեան նրանք զանգուածաբար լքում են իրենց երկիրը: Ոմանք նոյնիսկ յղանում են այն միտքը, թէ այս արտագաղթն իր հիմքում ծինային նախատրամադրուածութիւն ունի, այդ պատճառով անխուսափելի է, սակայն նաեւ դրական տարր է պարունակում, քանի որ հայերին ճանաչելի է դարձնում աշխարհում: Եզրակացութիւն` արտագաղթն այնքան էլ սարսափելի չէ, ինչպէս այն ներկայացնում են ընդդիմադիրները:

Մի կողմ դնենք անմիջապէս ծնուող հասարակ պատասխանը` ճանաչելի լինել չի նշանակում յարգուած լինել: Կարեւորն այն չէ, որ ձեզ պարզապէս ճանաչեն, կարեւոր է, թէ ձեզ ինչ որակներով են ճանաչում: Հաւատացնում եմ ձեզ, որ շատ քչերն են աշխարհում մեր ազգային բնոյթի մասին դատում Ներսէս Շնորհալու կամ Գրիգոր Նարեկացու ստեղծագործութիւններով: Օտարերկրեայ հանրութեան գերակշիռ մասը մեր մասին դատում է խանութներից հագուստներ եւ փողկապներ գողացող պաշտօնեաներով ու պատգամաւորներով, Կլենտէյլի պենզալցակայանների առջեւ պպզած, չսափրուած կերպարներով, տարբեր պատուիրակութիւնների` ոչ մի լեզուով չխօսող անդամներով, սակայն ովքեր իրենց կարեւորող տեսքով ներկայանում են արտասահմանեան համաժողովների ու նիստերից փախչում խանութները, մոսկովեան մեթրոյում արեւածաղիկ չրթող լպիրշ տղաներով եւ այլն: Բոլորին հաճելի է հայ լինել, երբ խօսքը Արամ Խաչատրեանի, Վարդգէս Սուրէնեանցի եւ ճատրակի մեր հաւաքականի մասին է: Իսկ երբ խօսքը ձեր այն համաքաղաքացիների մասին է, այդ թւում` բաւականին բարձրաստիճան, ովքեր դժուար թէ տարրական ֆէյս-քոնթրոլ անցնեն բարձրակարգ ճաշարանում, եւ որոնց հետ ազգային կապ ունենալիս դուք անյարմար էք զգում, յատկապէս` արտասահմանում… Ես կը նախընտրէի, որ ինձ նրանց կողքին պարզապէս չճանաչէին: Այնպէս որ` ճանաչելի լինելը երկսայրի սուր է: Եւ ես ընդհանրապէս չեմ հասկանում, թէ ինչպէս կարելի է բոլորին իբր ընդհանուր ազգային բնաւորութեան արշինով չափել:

Իսկ գուցէ, բարեկամնե՛ր, աւելի խո՞րն ուսումնասիրենք: Կ՛ուսումնասիրենք: Շուտով:

 

«Երկիր»

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )