Մեծ Եղեռնին Նուիրուած Նամակատնային Թողարկումների Շարքը Եւ «Յօշոտուած Հայաստան» Գրքի Շնորհահանդէսը

ԱՆԻ ՕՀԱՆՋԱՆԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակին ընդառաջ Հայոց ցեղասպանութեան թանգարանը եւ «Հայփոստ» Փակ բաժնետիրական ընկերութիւնը թողարկել են երեք դրոշմանիշեր, որոնց մարման արարողութիւնը տեղի ունեցաւ սեպտեմբերի 24-ին: Դրոշմանիշերը նուիրուած են գերմանացի աստուածաբան եւ հայասէր Եոհաննես Լեփսիուսին, անգլիացի դիւանագէտ Ճէյմս Պրայսին եւ Մեծ եղեռնը վերապրած Աւրորա Մարտիկանեանին: Վերջինս, հրաշքով փրկուելով Ցեղասպանութեան արհաւիրքներից, խաղաց իր իսկ դերը` սեփական յուշագրութեան հիման վրայ 1918թ. Հոլիվուտում նկարահանուած «Յօշոտուած Հայաստան կամ հոգիների աճուրդ» համր ժապաւէնում, որը բարեգործական նպատակներով ցուցադրուեց բազմաթիւ երկրներում:

Մարման արարողութեանը ներկայ էին Հայաստանի Հանրապետութեան փոխադրամիջոցի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանեանը, Հայաստանի դրոշմաթուղթ հաւաքողներու միութեան նախագահ Յովիկ Մուսայելեանը, Հայոց ցեղասպանութեան թանգարանի տնօրէն Հայկ Դեմոյեանը:

Հ. Դեմոյեանն ասաց, որ դրոշմանիշերը կարեւոր են դաստիարակչական եւ արտաքին լսարանին գլխաւոր ուղերձները ներկայացնելու նպատակով:

Միաժամանակ, Ցեղասպանութեան թանգարանը ներկայացրեց նաեւ «Յօշոտուած Հայաստան» գրքի 2-րդ հրատարակութիւնը: Առաջինը տեղի է ունեցել Նիւ Եորքում, որի հեղինակը Աւրորա Մարտիկանեանն է: Նա պատմում է աքսորի ճանապարհին կրած սարսափների մասին: Հայկական Ժան տ՛Արքը, ինչպէս նրան անուանեցին Միացեալ Նահանգներում, աքսորի ճանապարհին կորցրել էր ծնողներին, քոյրերին ու երեք եղբայրներին, որոնց գազանաբար սպաննել էին իր աչքի առջեւ: 14-ամեայ Արշալոյսը տարագրութեան ընթացքում խոշտանգուել ու պատուազրկուել էր թուրք եւ քիւրտ պաշտօնեաների հարեմներում: Նա պատմում է իր տեսած արեան խրախճանքների ու մարդկային պատկերացումներից դուրս դաժանութիւնների մասին:

Թանգարանի տնօրէն Հ. Դեմոյեանի կարծիքով,  նմանօրինակ գրքերի ներկայացումը եւս մէկ առիթ է խորհելու 1915-ին կատարուածի մասին. «Սա նաեւ ոգեկոչման արարողութիւն է եւ յարգանքի տուրք»:

Շնորհահանդէսի ժամանակ ցուցադրուեց 1919-ին «Եունիվըրսըլ սթիւտիոզ»-ում նկարահանուած «Հոգիների աճուրդ» ժապաւէնի հատուած, որի ընդամէնը 18 րոպէն է հնարաւոր եղել փրկել «Եունիվըրսըլ սթիւտիոզ»-ում  արխիւներից:

«Ազգ»

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )