Ակնածանքով. Կարպիս Սուրէնեանի Շարունակուող Ներկայութիւնը
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼԵԱՆ
Հայաստանի Գրողների միութեան հրատարակչութիւնը «Ժամանակակից հայ արձակ» մատենաշարով լոյս է ընծայել Կարպիս Սուրէնեանի «Հայ լինելու առեղծուածը» էսսէների ժողովածուն (2012թ,): Գիրքը կազմել եւ խմբագրել է գրողի որդին` անուանի վիրաբուժ Յովհաննէս Սարկաւագեանը, շապիկը` Արմինէ Սարկաւագեանի: Գիրքը դուրս է գալիս «նեղ ընտանեկան» շրջանակից եւ դառնում լայն գրական իրողութիւն« մեզ դարձեալ յարաբերելով ինքնատիպ Սուրէնեանի, մտերիմ գրչակիցներիս համար` պարզապէս Կարպիսի, երկարատեւ ստեղծագործական ճանապարհին: Ներկայիս գրական ասպարէզում, որտեղ այնքան մեծամիտ գրամոլութիւն կայ, այս «Առեղծուածը» մեզ վերադարձնում է բարձր գրական չափանիշների դաշտ, արդէն հազարերորդ անգամ յիշեցնում` բազում են կոչեցեալք եւ սակաւ` ընտրեալք: Սուրէնեանն ընտրեալների շարքում էր եւ, նրան բաւականին լաւ ճանաչելով, կարծում եմ նա այդ գիտէր` ի հեճուկս հաշուենկատ եւ մարզական գրաքննադատութեան: Մի անգամ Կարպիսն ինձ տխուր կատակով ասաց. «Լուսանցքում մնացի»: Ես ասացի. «Պատահում է, վաղ թէ ուշ, լուսանցքը տեղափոխւում է բուն բնագիր, եթէ ճշմարիտ չափանիշներն են խօսում, իսկ բնագրային դէմքերը մտնում են լուսանցք եւ նոյնիսկ գրականութեան պատմութեան էջից դուրս ընկնում»: Ժպտաց:
Կարպիս Սուրէնեանի այս յետմահու հրատարակութիւնը, շատ կ՛ուզէի այս արտայայտութիւնը չանել, բխում է նրա գլխաւոր երկերի ոգուց, իսկ վերնագիրը` «Հայ լինելու առեղծուածը», նշանային դիպուկութեամբ ցոյց է տալիս նրա հայեացքի մէկ ու գլխաւոր ուղղութիւնը, որով շղթայուած ենք բոլորս: Նորագոյն ժամանակներում մեր գրողներից ոչ մէկը, ի բացառեալ Կոստան Զարեանի, այսքան բաց բնագիրով չի քննարկել հոգու եւ մարմնի այս տրամաթիք, ինչո՞ւ չէ, նաեւ ողբերգական խնդիրը, ես կ՛ասէի` արեան կանչ, որ անդադար երգում է մեր մէջ« տառապեցնում, հիասթափեցնում, մեզ համակում անյոյս լոյսով եւ յուսատու յոյսով: Այս տեսանկիւնից հայ գրականութեան մէջ ծանրակշիռ եւ երեւելի երկեր են «Արեւորդիները», «Բնիկ որտեղացի՞ էք», «Ոգու ամրոցներ» գրքերը, որոնք գրողի շուրջ կէսդարեայ մտորումների պատկերն են: Ասացի` մտորումների, աւելացնեմ` զգացմունքների ու յոյզերի, մարդկային տառապանքի, երբ որոնում ես ու չես գտնում, մէկ էլ գտնում ես եւ կորցնում, կանգնելով խուլ պատի պէս անյաղթահարելի հարցի առջեւ` ի՞նչ է հայ լինելու առեղծուածը, որ մտատանջում էր եւ Չարենցին` «Երկիր Նայիրի» վէպի նախամուտքային էջերում:
Կարպիս Սուրէնեանը բարձրակարգ էսսէիստ է: Նրա այս կարգի մասին մտածելով, ուզում եմ նրա գրին իւրայատուկ մի ճշգրտում անել` վիպական էսսէագրութիւն, որտեղ շարադրանքը ձգտում է եւ հասնում կեանքի ու մարդկանց վիպագրական պատկերին: Այդպէս է եւ փոքրածաւալ կտաւներում, եւ, մանաւանդ, ամբողջական ժողովածուներում: «Արեւորդիները», «Բնիկ որտեղացի՞ էք», «Երանութեան կղզին», «Ոգու ամրոցներ» եւ այս վերջին` «Հայ լինելու առեղծուածը» գրքերը դասական-սահմանադրական վէպերից շեղուած սուրէնեանական վիպագրութիւններ են, որ, ցաւօք սրտի, գրեթէ անհասկանալի է պահպանողականներիս համար, թէեւ նման աւանդոյթ աշխարհում կայ` Ճորճօ Վազարի, Նիցչէ, Սոմերսէթ Մոէմ, մեր Կոստան Զարեանը եւ այլն: Նման վիպասանութեան նշաձողը յաղթահարւում է շնորհիւ հոգեղէն երեւոյթների խոշորացոյցային կենտրոնացման` միտքը, յուզմունքները, տառապանքը, ցաւերը ձեռք են բերում կերպարային յատկանիշներ: Սուրէնեանը կենտրոնանում է հայ մարդ, հայոց հայրենիք, հայի ճակատագիր խնդիրների վրայ` ոչ վերացականօրէն, այլ որոշակի, պատկերային դիպաշարով, հասնում ազգային գաղափարախօսութեան գրողական արտայայտութեան, որն, ինչպէս միշտ, այնպէս էլ ներկայումս ունի խիստ կարեւոր նշանակութիւն` ովքե՞ր ենք, որտեղի՞ց ենք գալիս, ո՞ւր ենք գնում եւ գնո՞ւմ ենք արդեօք, թէ՞ կանգ ենք առել` գոյատեւելով լոկ անցեալ փառքի ու պատմական ողբերգութիւնների յիշողութիւններով: Տխուր գոյատեւութիւն: Անյոյս ապագայ: Սուրէնեանը հարցեր է տալիս, հարց հարցի ետեւից, փորձում պատասխանել, շատ հարցեր էլ մնում են անպատասխան թէ՛ իր եւ թէ՛ մեզ համար, եւ դրանք ամենատրամաթիք հարցերն են, քանզի առեղծուածը չի բացայայտւում եւ, գուցէ, չի էլ կարող, ճակատագիր է այս սեւ-մութ ամպերով պատուած պատմութիւնը, մենք ենք երէկ, այսօր եւ վաղը, ճակատագիրն հայոց: Այնուամենայնիւ, գրողը ջանում է անել բանտից դուրս գալու ելք փնտռել եւ յանգում է հոգեւոր Հայաստանի գաղափարին: Այս գաղափարը նորութիւն չէ հայ հասարակական կեանքում, անցած դարասկզբին այն փորձեցին կեանքի կոչել Թումանեանը, Վարուժանն ու Տէրեանը, այնուհետեւ` Չարենցը, սակայն Ցեղասպանութիւնն ու 1937-ը գործող դամոկլեան սուր եղան մեր հոգեւոր ճանապահին:
Կարպիս Սուրէնեանը գրական ասպարէզ եկաւ աւելի կամ պակաս չափով շարունակուող ամբողջատիրութեան, մատնաչափ ձնհալի, ըստ էութեան կիսատ-պռատ ազատութեան պայմաններում ցեղասպանուած հոգեւոր Հայաստանի կարօտով եւ իր գրքերում դարձաւ գաղափարի հաւատաւոր դրօշակակիր: Ասաց. «Ժողովուրդը ամբողջ իր պատմութիւնն է ժամանակների խորդուբորդ ընթացուղիում.. մանաւանդ` իր ստեղծած մշակոյթով, որ իր ընդհանրական ազգային հոգու արտայայտութիւնն է, իր ուրոյն դէմքը աշխարհում»: Նորագոյն ժամանակներում հոգեւոր Հայաստանի կարօտը նա առաւ մեծագոյն արեւորդիներից եւ նրանց կեանք ու գործով բացեց հայ լինելու առեղծուածի փակագծերը: Ճշմարիտ է: Ներկայիս փողապաշտութեան ու նիւթապաշտութեան համաճարակային պայմաններում` շատերի համար սխալ: Շատեր, իսկապէս, հաւատում են, որ «փողի քսակը բարձրացնում է մարդու հասակը», եւ տիք-տիք են քայլում «մեր անհունօրէն վիրաւոր ազգի մէջ»: Թող իմանան, որ Արիստոտէլի աշակերտ, աշխարհակալ Մակեդոնացին կարգադրեց իրեն թաղել աջ ու ձախ բաց-տարածուն ձեռքերով, որ մարդիկ տեսնեն ինքն այն աշխարհ ոչինչ չի տանում: Ինչ ասել կ՛ուզէ, ժամանակակից անյագ մեծահարուստները չեն աշակերտել Արիստոտէլին, նրանց ուսուցիչը եւ կնքահայրը մամոնան է, նրանք էլ` մամոնայ իրենց զաւակների համար: Այնպէս որ, Կարպիս Սուրէնեանի հոգեւոր Հայաստանը ծաղկեց ոչ բարենպաստ պայմաններում:
Էսսէն հետաքրքրական եւ տարողունակ դիւցազներգական ժանր է, շատ գրողներ են դիմել նրան, բայց քչերն են արտայայտել նրա իւրայատուկ էութիւնը: Յօդուածը էսսէ չէ, ինչպէս նաեւ` ակնարկը: Էսսէն գեղարուեստական հայեացքի ու մտածողութեան արգասիք է, ինչպէս արձակին` նրան բնորոշ են շարադրանքի պատկերաւորութիւնը, դէպքերի եւ մարդկանց կերպարայնութիւնը, յուզմունքը, երեւակայական խաղերը, մտքի շարժումը, սակայն` զուսպ, էսսէի «կաղապարում»: Այն ձգտում է վաւերականութեան, բայց ոչ միշտ է դառնում վաւերագիր, այլ` ազատ ու ազատամիտ ստեղծագործութիւն: Եւ մի յատկանիշ, որ, գուցէ, յատուկ է միայն էսսէին` գրողի մշտակայ, անթաքոյց ներկայութիւն, որ յաճախ արտայայտւում է «եսակենտրոն» նկարագրով:
Այս գունագծերն ունեն բոլոր լաւ էսսէիստները, իսկ գերազանցները` առաւել եւս: Սրանք խորապէս բնորոշ են եւ Կարպիս Սուրէնեանին եւ իրենով դառնում են ծանրակշիռ երեւոյթ արդի հայոց գրական դաշտում: Նա մտաբերում է Սոկրատէսի նշանաւոր նախադասութիւնը` «Ճանաչիր ինքդ քեզ»: Նրա ամբողջ ստեղծագործութիւնը ինքնաճանաչման փայլուն փորձ է, եւ քանի որ ինքը մէկը չէ` Կարպիս Սուրէնեան, որդու դիտարկմամ` «հայոց շարունակուող դարաւոր պատմութեան մի մասնիկը», հետեւաբար այդ մասնիկում կայ եւ հայերիս պատմութիւնը, ինչպէս ծովի կաթիլում` ծովը:
Կարելի է ծաւալուն աշխատութիւն գրել էսսէիստ վիպասան Սուրէնեանի մասին, նա ստեղծեց էսսէ-վիպաշար «Հայ լինելու առեղծուածը» հարցի շուրջ ընտիր հայերէնով, բայց այստեղ կանգ առնեմ եւ ասեմ, որ բարձրակարգ էսսէագիր հնարաւոր չէ դառնալ` առանց կեանքի խոր ճանաչողութեան, որը կարող է եւ առերեւոյթ չարտայայտուել, այլ բնագրի խորքերում, առանց գիտական, գրական-տեսական, պատմական, փիլիսոփայական, մշակութաբանական գիտելիքների: Պատանեկութեան տարիներին նա ստացաւ հիմնաւոր գիտելիքներ Կիպրոսի Մելգոնեան հաստատութիւնում, որը Մերձաւոր Արեւելքի նշանաւոր կրթօճախներից էր, այսօր, ցաւօք սրտի, մարած, մեր` հայերիս շահամոլութեան թէ անտարբերութեան պատճառով: Հետագայում նա հասաւ գրականութեան, արուեստների ու փիլիսոփայութեան հանրագիտարանային մակարդակի: Եօթ լեզուով կարդում էր, գրում եւ խօսում: Թարգմանեց Տոսթոյեւսկի եւ հանճարի մասին գրեց շատ հետաքրքրական ուսումնասիրութիւն` «Տոսթոյեւսկու գաղտնիքը»: Գաղտնիքներ որոնող ու բացայայտող էր: Հայի իր տեսակով բացայայտեց եւ հայ լինելու առեղծուածը` գոյատեւման հոգեղենութիւնը, որը մեր պատմութեան քառուղիներում յաճախ մոխրացել է, սակայն չի մեռել` դարձեալ յառնելով: Նրա ստեղծագործութիւնն ամփոփում է նաեւ յառնումի լուսեղէն յոյսը: Նա կարծես ասում է` փրկութեան ուրիշ ճանապարհ չունենք, պէտք է ճանաչենք «զիմաստութիւն եւ զխրատ, իմանանք զբանս հանճարոյ»: Մնացած ճանապարհները մեզ տանում են փակուղի եւ ստրկութեան: