Վրաստանի Չորրորդ Նախագահը Կիորկի Մարկվելաշվիլի. Համառօտ Կենսագրութիւն

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul-HagopianՎրաստանի չորրորդ նախագահ Կիորկի Մարկվելաշվիլիին ես շատ մօտիկից ճանաչում եմ արդէն աւելի քան տասը տարի: Ես եղել եմ Մարկվելաշվիլիի` Թիֆլիսում հիմնադրած վրաց-ամերիկեան դպրոց-հիմնարկի առաջին ուսանողը Հայաստանից: Այդ դպրոց-հիմնարկը, որը այսօր էլ գործում է եւ ուսանողներ ներգրաւում Վրաստանից, Հայաստանից եւ Ազրպէյճանից, երբեմն նաեւ` Կենտրոնական Ասիայի երկրներից, կրճատ յայտնի է GIPA անունով` Georgian Institute of Public affairs, կամ` Հասարակական գործերի վրացական հիմնարկ: Մարկվելաշվիլին այս դպրոցը հիմնադրել է 2000 թուականին: 2002-ին ես դարձայ Հայաստանից առաջին ուսանողը: Դրանք նախկին նախագահ Էտուարտ Շեւարտնածէի ժամանակներն էին, երբ անգամ Թիֆլիսի կենտրոնը անվտանգ չէր: Ինչպէս Մարկվելաշվիլին, այնպէս էլ դպրոց-հիմնարկի միւս դասախօսները, բարձր էին գնահատում իմ «խիզախութիւնը»: Ինձանից յետոյ այդ դպրոցում սովորել են մի քանի տասնեակ հայ լրագրողներ:

GIPA-ն, որը պատրաստում է բարձրակարգ լրագրողներ, PR-ի մասնագէտներ եւ քաղաքագէտներ,  առաւել յայտնի դարձաւ 2002-2003 թուականներին (երբ ես սովորում էի այնտեղ) նրանով, որ իբր ներգրաւուած էր Վարդերի յեղափոխութեան մէջ: Թաւշեայ այդ յեղափոխութիւնը գահընկէց արեց Շեւարտնածէին եւ իշխանութեան բերեց 37-ամեայ Միխայիլ Սահակաշվիլիին: Ես դժուարանում եմ ասել, թէ ինչքանով էր GIPA-ն ներգրաւուած, բայց կարող եմ հաստատել, որ ինչպէս ողջ Վրաստանի բնակչութիւնը, այնպէս էլ իմ վրացի դասընկերները երջանկութեան պահէր էին ապրում` տեսնելով Շեւարտնածէի տխուր, փտած եւ թշուառ ժամանակաշրջանի մայրամուտը:

Կիորկի Մարկվելաշվիլին առաջին անգամ քաղաքականութեան մէջ մտաւ հէնց այս ժամանակներում: 2003-ի խորհրդարանական ընտրութիւններում նա ներգրաւուած էր այն ցուցակում, որը գլխաւորում էին Միխայիլ Սահակաշվիլին, Զուրապ Ժուանիան եւ Նինօ Պուրճանածեն: Վարդերի յեղափոխութիւնից յետոյ Սահակաշվիլին դարձաւ նախագահ, Ժուանիան` վարչապետ, Պուրճանածեն` խորհրդարանի նախագահ: Մարկվելաշվիլին խորհրդարանի պատգամաւոր էր, սակայն 2005-ին` Ժուանիայի խորհրդաւոր մահուանից յետոյ, լքեց քաղաքականութիւնը: Մարկվելաշվիլին եւ Ժուանիան, ում մայրը հայ է, լաւ բարեկամներ էին: Ժուանիան երբեմն այցելում էր GIPA` դասախօսութիւններ կարդալու:

Մարկվելաշվիլին, արդէն որպէս քաղաքագէտ, յաճախ էր քննադատում Սահակաշվիլիի քաղաքականութիւնը: 2008-ին, երբ Պուրճանածէին (նա սերում է հայ կաթոլիկների ընտանիքից) այլեւս խորհրդարանի նախագահ չէր եւ հիմնադրեց Ժողովրդավարութեան եւ զարգացման հիմնադրամ կենտրոնը, Մարկվելաշվիլին մաս կազմեց այդ կենտրոնի Հոգաբարձուների խորհրդին: Սակայն մինչեւ 2012-ը Մարկվելաշվիլին յայտնի հասարակական-քաղաքական գործիչի համբաւ չէր վայելում ոչ միայն Կովկասում, այլ անգամ` Վրաստանի ներսում:

2011-ի աշնանը, երբ աշխարհի ամենահարուստ վրացին` Պիծինա Իվանիշվիլին յայտարարեց իր` քաղաքականութեան մէջ ներգրաւուելու եւ ապա «Վրացական երազանք» դաշինքի ստեղծման մասին, Մարկվելաշվիլին հրապարակաւ պաշտպանեց Իվանիշվիլիին եւ սկսեց աւելի սուր քննադատել նախագահ Սահակաշվիլիին: 2012-ի աշնանը «Վրացական երազանք»-ը խորհրդարանական ընտրութիւններում յաղթեց Սահակաշվիլիի «Միացեալ ազգային շարժում»-ին, Իվանիշվիլին դարձաւ վարչապետ: Նա Մարկվելաշվիլիին նշանակեց կրթութեան եւ գիտութեան նախարարի, իսկ ամիսներ անց` առաջին փոխվարչապետի պաշտօնում: Արդէն այդ ժամանակ ուրուագծւում էր, որ Մարկվելաշվիլին կարող է լինել նախագահի պաշտօնում «Վրացական երազանք»-ի թեկնածուն: Իսկ երբ 2013-ի մայիսին յայտարարուեց, որ «Վրացական երազանք»-ը նախագահի պաշտօնում միաձայն առաջադրել է Մարկվելաշվիլիի թեկնածութիւնը, այն ժամանակ նախագահ Սահակաշվիլին յիշեցրեց Հռոմի կայսր Կալիկուլայի արարքը, ով իր ձիուն եւս տարաւ ծերակոյտ: Համեմատութիւնը, անկասկած, կոպիտ էր, սակայն միւս կողմից բոլորի համար ակնյայտ է, որ Մարկվելաշվիլին, անգամ նախագահի պաշտօնում, կատարելու է Իվանիշվիլիի առաջադրանքները: Ի դէպ, Իվանիշվիլին, ինչպէս խոստացել էր, հրաժարուեց վարչապետի պաշտօնից եւ իր փոխարէն նշանակեց 31-ամեայ Իրակլի Ղարիպաշվիլիին, ով ժամանակին աշխատել է Իվանիշվիլիի պիզնըս-կայսրութիւնում, իսկ վերջին մէկ տարուայ ընթացքում զբաղեցնում էր ներքին գործերի նախարարի պաշտօնը:

Մի քանի խօսք` Կիորկի Մարկվելաշվիլիի կենսագրութիւնից: Նա 44 տարեկան է, ծնուել է հայաշատ Թիֆլիսում, աւարտել է Թիֆլիսում, պետական համալսարանի փիլիսոփայութեան բաժինը, ապա սովորել Պուտափեշտի Կենտրոնական Եւրոպայի համալսարանում: Փիլիսոփայութեան տոքթոր է: Նախքան GIPA-ն հիմնադրելը` Մարկվելաշվիլին եղել է լեռնագնացներին ուղեկցող թարգմանիչ: Վրացերէնից բացի, տիրապետում է անգլերէնին եւ ռուսերէնին:

Մարկվելաշվիլին միշտ խուսափում է իր անձնական կեանքի մասին խօսակցութիւններից: Նախագահի պաշտօնում ընտրուելուց յետոյ առաջին մամուլի ասուլիսում վրացի մի լրագրող կրկին խնդրեց, որպէսզի Մարկվելաշվիլին պատմի իր ընտանիքի մասին, սակայն նա կրկին խուսափեց եւ միայն ասաց, որ ընտանեկան խնդիրներ չկան: Բանն այն է, որ, ինչպէս բազմիցս գրել են վրացական լրատուամիջոցները, Մարկվելաշվիլին Անա անունով 20-ամեայ դուստր ունի առաջին ամուսնութիւնից, ով ուսանում է Մոսկուայում: Այսօր Մարկվելաշվիլին, առանց օրինական ձեւակերպումների, ապրում է երգչուհի եւ դերասանուհի Մակա Չիչուայի հետ:

Հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրութիւններում Մարկվելաշվիլին ստացաւ  քուէների 62 տոկոսը` առաջ անցնելով Սահակաշվիլու խմբակից Դաւիթ Պաքրածէից (աւելի քան 20 տոկոս) եւ Նինօ Պուրճանածէից (քուէների 10 տոկոս): Եւրոպական կազմակերպութիւնները, որոնք դիտարկում էին նախագահական ընտրութիւնները, ինչպէս նաեւ Ռուսաստանը յայտարարեցին, որ դրանք անցել են ազատ եւ արդար պայմաններում` համապատասխանելով եւրոպական չափանիշներին:

Յատուկ «Ազդակի» համար

Share this Article
CATEGORIES