ՃՆՇՈՒ՞Մ, ԱՅՆ ԷԼ` ՍԱՍՏԻ՞Կ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՊԷՏՔ ՉԷ ՃՆՇՈՒՄ ԲԱՆԵՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԶՐՊԷՅՃԱՆԻ ՎՐԱՅ

Յունիսի 25-ին Կազանում (Թաթարստան, Ռուսաստանի շրջան) նախատեսուած Տմիթրի Մետվետեւն-Սերժ Սարգսեան-Իլհամ Ալիեւ եռակողմ հանդիպումից առաջ փորձագիտական ու քաղաքագիտական հանրութիւնը կրկին շրջանառութեան մէջ է դնում տեսակէտ, թէ Ռուսաստանի նախագահը ճնշում, անգամ սաստիկ ճնշում է բանեցնելու Հայաստանի ու Ազրպէյճանի վրայ, որպէսզի նրանք համաձայնութեան հասնեն կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Կասկածից վեր է, որ կովկասեան տարածաշրջանում միակ գերտէրութիւնը, որը կարողանում է թելադրել խաղի կանոնները, Ռուսաստանն է: Լաւ է սա, թէ վատ, այլ հարց է: Այն, ինչ կարող է անել Մոսկուան Կովկասում, ի վիճակի չեն անել միւս համաշխարհային ուժային կենտրոնները` Միացեալ Նահանգներն ու Եւրոպան, միասին վերցրած: Եւ, իրօք, Ռուսաստանը կարող է ճնշում, անգամ սաստիկ ճնշում գործադրել Ազրպէյճանի, Արցախի եւ յատկապէս Հայաստանի վրայ:

Արդեօք Ռուսաստանը պատրաստւում է՞ ճնշում բանեցնել Հայաստանի ու Ազրպէյճանի վրայ: Ղարաբաղեան պատերազմի ու կարգաւորման գործընթացի պատմութիւնը ցոյց է տալիս, որ Մոսկուան, չնայած Արեւմուտքի կողմից իրականացուած ու իրականացուող հակառուսական քարոզչութեան, Արցախի հարցում եղել է շատ աւելի ազնիւ ու հաւասարակշիռ, քան Եւրոպան կամ Միացեալ Նահանգները:

1991-1994 թթ. պատերազմի ընթացքում, լայն հաշուով, Ռուսաստանը չի օգնել հակամարտութեան կողմերից եւ ոչ մէկին, իսկ զէնք-զինամթերք վաճառելու հարցում փորձել է պահել հաւասարակշռութիւնը: Ազրպէյճանական եւ արեւմտեան պնդումները, թէ Ռուսաստանը օգնում էր Հայաստանին, իրականութեան հետ կապ չունի: Աւելի՛ն, եթէ այսօր Շահումեանն ու Գետաշէնը ազրպէյճանական վերահսկողութեան տակ է, ապա դրա համար Պաքուն պէտք է երախտապարտ լինի հէնց ռուսներին, աւելի յստակ` հոգեվարքի մէջ գտնուող ԽՍՀՄ-ին:

Ռուսաստանը, ընդհանուր առմամբ, իր չէզոքութիւնը պահել է նաեւ 1994 թուականի զինադադարին յաջորդած բանակցութիւնների գրեթէ բոլոր փուլերում, բացառութեամբ, անշուշտ, 1996 թուականի Լիզպոնի գագաթաժողովի, երբ Մոսկուան աջակցեց չէզոք համարուող եւ այն ժամանակ ԵԱՀԿ-ի նախագահութիւնը իրականացնող Զուիցերիային ու կազմակերպութեան միւս բոլոր անդամներին, ովքեր փորձում էին լուծում պարտադրել (անշուշտ փաստաթղթով եւ ոչ դե-Ֆաքթօ) եւ Արցախը ենթարկեցնել Ազրպէյճանին:

Մոսկուայի պաշտօնական դիրքորոշումը ղարաբաղեան կարգաւորման հարցում 1997-ից ի վեր եղել է ամէնից յստակը եւ ազնիւը. Ռուսաստանը կը պաշտպանի եւ կ՛օժանդակի իւրաքանչիւր լուծման տարբերակ, եթէ դրան հասնեն Հայաստանն ու Ազրպէյճանը: Աւելի՛ն, եռանախագահող երկրներից միակը Ռուսաստանն է, որը կարեւորում է Ստեփանակերտի կարծիքը:

Ինչո՞ւ պէտք է Ռուսաստանը ճնշում բանեցնի Ազրպէյճանի, Արցախի կամ  Հայաստանի վրայ, երբ այսօր ստեղծուած սթաթուս-քուոյի պայմաններում Մոսկուայի ձեռքում են ե՛ւ Պաքուին, ե՛ւ Ստեփանակերտին, ե՛ւ Երեւանին  «չափի մէջ պահելու» շղթաները: Ճնշում բանեցնել եւ լուծում պարտադրել նշանակում է ցաւեցնել ե՛ւ Պաքուին, ե՛ւ Ստեփանակերտին, ե՛ւ Երեւանին: Ինչո՞ւ պէտք է «վատամարդը» Ռուսաստանը դառնայ: Աւելի՛ն. բացայայտ ճշմարտութիւն է, որ ղարաբաղեան որեւէ կարգաւորումից յետոյ Ռուսաստանի դիրքերը կը թուլանան Կովկասում, քանի որ Մոսկուան այսօր տնտեսապէս չի կարող մրցակից լինել ոչ Եւրոպային եւ ոչ էլ Միացեալ Նահանգներին:

Ռուսաստանը Արցախում եւ նրա շուրջ ստեղծուած սթաթուս քուոյի փոփոխութեանը կողմ կը լինէր այն դէպքում, եթէ Հայաստանի ու Ազրպէյճանի, Արցախի ու Ազրպէյճանի միջեւ տարանջատիչ` խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցում Արեւմուտքը կողմ արտայայտուէր ռուսական նախագծին, այն է` խաղաղապահ առաքելութիւնն իրականացնէին ռուսները, վատագոյն դէպքում` ԱՊՀ-ի մանտաթը կրող խաղաղապահները: Սակայն այս մասին ամերիկացիները, եւրոպացիներն ու թուրքերը լսել անգամ չէին ուզում:

Ի դէպ, 1994-1997 թթ. բանակցային գործընթացում, որը եռակողմ էր, Մոսկուան իրաւամբ ճնշում էր բանեցնում կողմերի վրայ, առաջին հերթին` հայկական երկու կողմերի, որպէսզի նրանք տարածքային զիջումներ անեն Ազրպէյճանին: Մոսկուան յստակ յայտարարում էր, որ խաղաղապահների կորիզը պիտի կազմեն հէնց ռուսները, ինչին կտրականապէս դէմ էր հէնց Ազրպէյճանը: Այսպիսով, Պաքուն կողմ էր, որպէսզի ռուսների ճնշումով հայերը առնուազն հեռանան Աղտամից, Ֆիզուլուց, Ջէբրայիլից, Զանգելանից ու Ղուբաթլուից, սակայն դէմ էր, որ այդ տարածքների մի մասի վրայ, առաջին հերթին Արաքսի ափամերձ ռազմավարական շրջանում, հաստատուեն ռուսական ուժերը: Ազրպէյճանի լեզուի վրայ Թուրքիա անունն էր, ինչին, բնականաբար դէմ էին արտայայտւում ոչ միայն Ռուսաստանը, այլ Հայաստանն ու Արցախը:

Այսուհանդերձ, պէտք չէ բացառել, որ յունիսի 25-ին Կազանում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահները Տմիթրի Մետվետեւի միջնորդութեամբ ստորագրեն որեւէ փաստաթուղթ: Պէտք չէ բացառել նաեւ, որ նախագահներ Սարգսեանն ու Ալիեւը գրաւոր իրենց համաձայնութիւնը տան կարգաւորման հիմնարար սկզբունքներին` Սոչիի փաթեթին: Բայց դա դեռ չի նշանակում լուծում, քանի որ հիմնարար սկզբունքներից յետոյ հակամարտութեան կողմերը, այս անգամ հաւանաբար  Արցախի մասնակցութեամբ, կը սկսեն աշխատանքը համապարփակ փաստաթղթի վրայ, որը կարող է ձգուել տարիներ:

Վերջում մի ուշագրաւ զուգադիպութեան մասին: Հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքները, որոնց մասին յիշատակում են Ռուսաստանի, Միացեալ Նահանգների ու Ֆրանսայի նախագահներն իրենց Տովիլեան յայտարարութիւնում, առաջին անգամ Հայաստանի ու Ազրպէյճանի նախագահներին է ներկայացուել նոյն Կեւազան քաղաքում` 2005 թուականի օգոստոսին: Գործընթացը սկսուել էր աւելի վաղ` 2004 թուականի գարնանը Փրակայում: Ճիշդ է, այդ սկզբունքները հետագայ տարիներին փոփոխութիւնների ենթարկուելուց յետոյ վերջնական տեսքի բերուեցին եւ Երեւանին ու Պաքուին փոխանցուեցին 2007թ. նոյեմբերին Մատրիտում, սակայն նախնական տարբերակը`  երկուսուկէս էջանոց աշխատանքային փաստաթուղթը, հէնց Կազանում էր ներկայացուել:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

Share this Article
CATEGORIES