Փութինի Այցի Նրբերանգները . Հայաստանի Կախումը Ռուսիոյ Խորանում Է

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Tatul-Hagopian2013-ի դեկտեմբերի 2-ի կէսօրին «Փութին, գնա տուն», «ոչ ԽՍՀՄ-ին», «ազատ, անկախ, Հա-յաստան» կոչերը ինձ դուրս բերեցին Երեւանի կենտրոնում գտնուող իմ աշխատասենեակից: Շուրջ հինգ հարիւր ցուցարարներ, եռագոյն դրօշները վեր պարզած, Ազատութեան հրապարակից շարժւում էին դէպի Հիւսիսային պողոտայ, ապա` Երեւանի կենտրոնական այլ փողոցներ, այսպիսով իրենց բողոքը հասցնելու Ռուսիոյ նախագահին, ով մէկօրեայ պետական այցով ժամանել էր Հայաստան: Ցուցարարները համոզուած էին, որ Հայաստանի` Մաքսային միութեանը անդամակցելու որոշումը կայացրել է հէնց Վլատիմիր Փութինը, այլ` ոչ Սերժ Սարգսեանը կամ Հայաստանի քաղաքացիները: Խաղաղ երթին ոստիկանութիւնը պատասխանում էր անհամաչափ ուժ կիրառելով: Ոստիկանութեան բաժիններ բերման ենթարկուեց աւելի քան հարիւր քաղաքացի:

Այն ժամանակ, երբ հայ ցուցարարները իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ընդդէմ Ռուսաստանի «գաղութատիրական քաղաքականութեան» եւ ընդդէմ Սերժ Սարգսեանի, ով «վաճառքի է հանել Հայաստանի անկախութիւնն ու ինքնիշխանութիւնը», Փութինը Գիւմրիում իր այցի ընթացքում ամէնից կարեւոր յայտարարութիւնն էր անում. «Ռուսաստանը չի պատրաստւում հեռանալ Անդրկովկասից: Հակառակը, մենք պատրաստւում ենք ամրապնդել մեր դիրքերն Անդրկովկասում»:

Փութինը իր մէկօրեայ պետական այցը սկսեց Գիւմրիից` այցելելով ռուսական 102-րդ ռազմակայան: Հայաստանի անկախութեան աւելի քան երկու տասնամեակների ընթացքում բազմաթիւ երկրների նախագահներ են ամենաբարձր` պետական այցով ժամանել Հայաստան, սակայն Փութինն առաջինն էր, ով չգիշերեց Հայաստանում: Նախապէս հաղորդուել էր, որ այցը կը լինի երկօրեայ, սակայն ինչպէս գրեց ռուսական ամենաազդեցիկ պարբերականներից մէկը` «քոմերսանթ» օրաթերթը` «Փութինը» չցանկացաւ երկու օր հիւրընկալուել Հայաստանում»: Հայաստանի անկախութեան աւելի քան երկու տասնամեակների ընթացքում Փութինը Հայաստան այցելած  առաջին նախագահն էր, ով իր այցը սկսեց ոչ մայրաքաղաք Երեւանից: Գուցէ այցը Գիւմրիից սկսելով եւ 102-րդ ռազմակայան այցելելով Փութինը փորձում էր ընդգծել, թէ յատկապէս ինչու է Հայաստանը կարեւոր երկիր Ռուսաստանի համար:

Փութինի այցի օրը եւս խորհրդանշական էր, թէեւ, անշուշտ, այն յատուկ չէր ընտրուել: դեկտեմբերի 2-ը Հայաստանի պատմութեան ամենատրամաթիք եւ տխուր օրերից է: 1920 թուականի այդ օրը պոլշեւիկեան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան, ըստ էութեան, վերջ դրեցին Հայաստանի անկախ հանրապետութեանը: Ալեքսանդրապոլում (այսօրուայ Գիւմրի) յաղթական Քեազիմ Քարապեքիրն իր կամքն էր թելադրում Ալեքսանդր Խատիսեանին ու հայկական պատուիրակութեանը` ստիպելով կնքել Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագիրը, իսկ Երեւանում պոլշեւիկների պարտադրանքի ու սպառնալիքի տակ Հայաստանի ղեկավարութիւնը վերջին վարչապետ Սիմոն Վրացեանի գլխաւորութեամբ իշխանութիւն յանձնում Պաքուից Երեւան հասած Յեղկոմին` հայ պոլշեւիկներին: Փաստացի, Հայաստանը բաժանուեց քեմալական Թուրքիայի եւ պոլշեւիկեան Ռուսաստանի միջեւ: Կարսը եւ Սուրմալուն, որոնք Առաջին հանրապետութեան անբաժանելի մաս էին կազմում, անցան քեմալականներին, իսկ որոշ ժամանակ անց` Նախիջեւանն ու Արցախը` Ազրպէյճանին: Երկու տարի անց Հայաստանը միացուեց Խորհրդային Միութեանը` նրա կազմում մնալով շուրջ եօթ տասնամեակ:

2011-ի դեկտեմբերին Վլատիմիր Փութինը յայտարարել է, որ պէտք էր թոյլ չտալ Խորհրդային Միութեան փլուզումը, պէտք էր հետեւողականօրէն եւ անվախ պայքարել: Աւելի վաղ Ռուսիոյ նախաձեռնութեամբ Ղազախստանն ու Պիելոռուսիան ձեւաւորել էին Մաքսային միութիւն եւ յայտարարել` Եւրասիական միութիւն ստեղծելու մտադրութեան մասին: Արեւմուտքում մտահոգութիւններ հնչեցին, որ Փութինը ձգտում է վերականգնել Խորհրդային Միութիւնը: Արեւմտեան առաջատար լրատուամիջոցները` Եւրոնիուզ, Պի. Պի. Սի.ն, «Ռոյթըր»-ը հազիւ թէ լուսաբանէին Փութինի Հայաստան այցը, եթէ չլինէր հակա-փութինեան մօտ 500-հոգանոց բողոքի ցոյցը Երեւանում:

Դեռ ամիսներ առաջ Մաքսային Միութեանը Հայաստանի անդամակցութեան մասին խօսակցութիւններ կային, սակայն պաշտօնական Երեւանը հերքում էր նման հնարաւորութիւնը: Փութինը Գիւմրիում յայտարարեց, որ Մաքսային Միութեանը Հայաստանի անդամակցութիւնը բխում է Հայաստանի շահերից եւ դա «հայ ժողովրդի ինքնիշխան ընտրութիւնն է»: Մաքսային Միութեանը Հայաստանի անդամակցութեան դիմաց Ռուսիոյ պատրաստւում է Հայաստանին զէնք-զինամթերք վաճառել Ռուսիոյ ներքին շուկայի գներով, մատակարարուող 1000  խորանարդ մեթր կազը վաճառել 189 տոլարով, այսինքն` ներկայ գներն իջեցնել 30 տոկոսով,  ինչպէս նաեւ` նաւթամթերքի վրայից հանել 35 տոկոսանոց մաքսատուրքը:

Թէ ինչ կը տայ Հայաստանին Մաքսային միութեանը անդամակցութիւնը, ցոյց կը տայ ժամանակը: Պաշտօնական քարոզչութիւնը Հայաստանի առաջիկայ անդամակցութիւնը այդ միութեանը համարում է մեծ նուաճում, ճիշդ այնպէս, ինչպէս մեծ նուաճում էր համարում Հայաստանի` Եւրոպական համարկման քաղաքականութիւնը: Եւրոպացիների հետ երեքուկէս տարի բանակցելուց եւ շուրջ հազար էջանոց փաստաթուղթ պատրաստելուց յետոյ Հայաստանը հրաժարուեց նախաստորագրել դրանք: Սեպտեմբերի 3-ին Մոսկուայում Սերժ Սարգսեանի յայտարարութիւնը, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միութեանը, սառը ցնցուղ էր ոչ միայն եւրոպացիների, այլ նոյնիսկ իր կուսակցիների համար: Անգամ վարչապետ Տիգրան Սարգսեանն էր անհնարին եւ անտրամաբանական համարում Մաքսային միութեանը  անդամակցութիւնը:

Փութինի մէկօրեայ այցի ընթացքում ստորագրուեցին մի շարք փաստաթղթեր, որոնցից ամենակարեւորը, բայց Հայաստանի համար անընդունելին «Հայռուսկազարդ»-«Կազփրոմ» համաձայնագիրն էր: Հայաստանի կառավարութիւնը ռուսական եւ համաշխարհային հսկային վաճառեց  «Հայռուսկազարդ»-ում իր բաժնետոմսերի վերջին 20 տոկոսը: Վաճառքից ստացուելիք աւելի քան 150 միլիոն տոլար գումարը կ՛ուղղուի ոչ թէ պետական պիւճէ, այլ նոյն «Կազփրոմ»-ը պարտքերի մարմանը: Ե՞րբ է գոյացել այն: Այսօր պարզւում է, որ 2011-ի ապրիլի 1-ից «Կազփրոմը» բարձրացրել է Հայաստան առաքուող կազի գինը, սակայն Հայաստանի կառավարութիւնը ոչ միայն գաղտնի է պահել այդ տեղեկութիւնը, այլեւ պարտքեր կուտակել` առանց համապատասխան որոշման, այսինքն` անօրինական, առանց փաստաթղթային ձեւակերպման: Այսպէս, երկուսուկէս տարիների ընթացքում կուտակուել է աւելի քան 150 միլիոն տոլար, մինչեւ աւարտուեն 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրութիւնները: Ահա այսպէս, յանուն Հանրապետական կուսակցութեան եւ Սերժ Սարգսեանի յաղթանակի, Հայաստանը զրկուեց «հայռուսգազարդ»-ում ունեցած իր 20 տոկոս բաժնեմասից: Վերոնշեալ ապօրինի գործարքը պաշտօնական քարոզչութիւնը ներկայացնում է որպէս հայ-ռուսական գործընկերութեան օրինակ:

Եւս մէկ ուշագրաւ մանրամասն: Թէեւ Ռուսիոյ Հայաստան մատակարարուող կազի գինը իջեցրել է 30 տոկոսով, սակայն սպառողների համար գինը մնալու է նոյնը: Ինչ վերաբերում է ռուսական կողմի այն յայտարարութեանը, որ իջեցնելու է նաեւ Հայաստան մատակարարուող նաւթամքերքի գինը, ապա դրան էլ պէտք է մօտենալ վերապահումներով: Խնդիրն այն է, որ Հայաստանը իր նաւթամթերքի մեծագոյն մասը արդէն տարիներ գնում է Ռումանիայից եւ Սեւ ծովով ու Վրաստանի տարածքով հասցնում Հայաստան:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES