Հայոց Ցեղասպանութեան Ճանաչումը` Քրտական Կուսակցութեան Ծրագրում. Երկու Հայերը` Տիգրանակերտում` Քրտական Կուսակցութեան Համաժողովին
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Ռուբէն Ճամպազեանը ՀՅԴ Երիտասարդական գրասենեակի ներկայացուցիչ է: Նա Քանատայից Հայաստան է տեղափոխուել: Նա որոշել է ապրել հայրենիքում: «Եթէ պիտի չկարողանանք ապրել այստեղ, ապա ո՞վ պիտի ապրի: Արտագաղթը տեսնում ենք, թէ ինչ ահաւոր տեղ է հասել»,- նշեց Ռուբէնը:
Այս տարուայ նոյեմբերի 30-ին Ռուբէնը հրաւէր էր ստացել մասնակցել Տիգրանակերտում տեղի ունեցած համաժողովին: Այն կազմակերպել էր քրտական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան երիտասարդական թեւը: Այդ համաժողովին մասնակցում էր 7 պատուիրակութիւն տարբեր պետութիւններից` Էքուատորից, Նորվեկիայից եւ այլն: Հայաստանից մասնակցում էին ՀՅԴ երկու ներկայացուցիչներ:
Երբ հարցրեցի Ռուբէնին, թէ արդեօք զարմանալի չէր իր համար, որ այդ համաժողովին հրաւիրել էին նաեւ դաշնակցութեան ներկայացուցիչներին, Ռուբէնը պատասխանեց. «Բոլորովին չզարմացանք, որովհետեւ համագործակցութեան մասին խօսակցութիւնն սկսել էր, եւ նախքան համաժողովը երկու հանդիպումներ էին ունեցել կուսակցական գետնի վրայ: Մէկը` Ուաշինկթոնում էր, ուր ՀՅԴ պատուիրակութիւնն ու «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատուիրակութիւնը իրար հանդիպեցին, իսկ 2 շաբաթ ետք Պոլսում ՀՅԴ մասնակցեց ընկերվար մկջազգային կազմակերպութեան ժողովներին, որտեղ 2 կուսակցութեան ներկայացուցիչներն առիթ ունեցան նստել, խօսել իրար հետ»:
Ռուբէնի խօսքով` համաժողովի վայրը` Տիգրանակերտը, պատահական չէր ընտրուել: Տիգրանակերտը քրտաշատ քաղաք է, որտեղ բնակչութեան 95 տոկոսը քիւրտ է: Այդտեղ նոյնիսկ քիչ են թուրքական դրօշները, ինչը չենք կարող տեսնել Թուրքիայի մի շարք քաղաքներում:
Համաժողովին ներկայ էր 30,000 հոգի, որը տեղի էր ունեցել քաղաքի մարզադաշտում: Հայաստանի ներկայացուցիչները եւս ելոյթ էին ունեցել համաժողովին: Ելոյթը հայերէնով էր եւ թրքերէնով: «Մեր ելոյթը նախ շարադրեցինք հայերէնով, որն այնուհետ թարգմանուեց թուրքերէն: Ընկեր Սագոն, որ ինձ հետ էր, ելոյթ ունեցաւ թրքերէնով, իսկ ես` հայերէնով: Այդ ելոյթի բովանդակութիւնն ընդհանրապէս մեր պատմութեան էջերից էր: Ասացինք, որ ճիշդ է, քրտերն ու հայերն իրար հետ ապրել են նոյն հողերի վրայ, շատ տխուր էջեր ունենք 2 ժողովուրդների պատմութեան մէջ, մանաւանդ Ցեղասպանութիւնից, եւ ասացինք նաեւ, որ Ցեղասպանութիւնից յետոյ համագործակցութիւն ենք ունեցել ոչ միայն հայ եւ քիւրտ ժողովուրդները, այլեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնն ու քիւրտ կազմակերպութիւնները: 1920-30-ական թթ, ՀՅԴ-ն մեծ ներդրում է ունեցել քրտական-ազատագրական շարժմանը»,- նշեց Ռուբէնը` աւելացնելով, որ իրենք ելոյթին յայտարարեցին, որ ինչքան քրտերի, այնքան էլ պատմական հողերն են դրանք:
«Մեր նպատակն էր ցոյց տալ, որ գրեթէ 100 տարի չենք գտնուել այդ հողերի վրայ, որտեղ որեւէ բացէ ի բաց հայ չկայ, ոչ միայն յիշում ենք, այլեւ պահանջատէր ենք այդքան տարի յետոյ»,-ասաց Ռուբէնը: Ըստ նրա` իրենց ելոյթն ջերմօրէն ընդունուեց քիւրտ ժողովրդի կողմից:
Տիգրանակերտում կան քրտացուած հայեր: Ռուբէնի խօսքով` իրենց ելոյթից յետոյ մի քանի քրտեր էին մօտեցել իրենց` ասելով, որ իրենց մեծ հայրը կամ մեծ մայրը հայ են եղել: Տիգրանակերտում մօտ 40 ծպտեալ հայեր կան, որոնցից ոմանք կամաց-կամաց բացայայտում են իրենց ազգային պատկանելիութիւնը:
Ինչեւէ, յիշեալ համաժողովին քրտական կողմը բարձրացրել էր իր հարցերը` Թուրքիայից պահանջելով ազատ արձակել իրենց քաղբանտարկեալներին: Վերջին տարիներին քրտերն աւելի ազատ են, սակայն ճնշումները շարունակւում են: Ըստ Ռուբէնի, իրենց հրաւիրած քրտական կուսակցութիւնն օրինակ, մի քանի անգամ փոխել է իր անուանումը: «Այնտեղ կայ անվախ ժողովուրդ, որոնք թէեւ ճնշուած են, սակայն տակաւին համարձակութիւն ունեն խօսելու իրենց ազատութեան մասին: Իրենց ուզածը միշտ ասում են բաց ձեւով: Մեզ համար նաեւ շատ հետաքրքրական էր, որ այս կուսակցութեան ծրագրի մէջ տեղ է գրաւել Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Դա մեծ անվախութիւն է, որը պէտք է գնահատենք»,- նկատեց Ռուբէնը:
«Ի՞նչ զգացիք Տիգրանակերտում»` հարցրեցի Ռուբէնին: «Ուղղակի յուզուէինք: Հպարտութիւն, ուրախութիւն, տխրութիւն… ամէն ինչ մէկ անգամ կը զգաս: Քայլեցինք փողոցներում, գնացինք մեր պատմական շէնքը տեսնելու, Սուրբ Կիրակոս եկեղեցին տեսանք աւետարանական եւ կաթոլիկ եկեղեցիները տեսանք, որոնք այժմ օգտագործւում են որպէս արհեստագործական դպրոցներ»,- պատմեց Ռուբէնը:
Զրուցակցիս ասելով` ուրախացել էին, որ իրենց ջերմ էին ընդունել, որ տեսել էին այդ ամէնը, բայց տխուր էին այդ գիտակցութիւնից, որ այդ շէնքերը, այդ ամէնը կառուցել էին մեր նախնիները, որոնք, սակայն, այսօր դրանք մեր ձեռքում չեն:
Երեւան

