Հայաստանի Կախումը Ռուսաստանից. Թուրքիան Եւ Ազրպէյճանը Հայաստանի Համար Ճակատագրական Ուժ Են

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քսանհինգ տարի առաջ, երբ Հայաստանը մտնում էր անկախութեան ճանապարհ, նրա առաջ երկու հիմնական ուղղութիւն էր բացւում:

Առաջին. Հայաստանը եւ հայ ժողովուրդը ինչ-որ լուծում է գտնում դեռեւս մխացող արցախեան հակամարտութեան համար, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ թուրքերի հետ` «լեզու գտնում»: Այս ուղղութիւնը պաշտպանում էին անկախութեան առաջին շրջանի մի շարք պետական-քաղաքական գործիչներ, ինչպէս օրինակ Վազգէն Մանուկեանի կառավարութեան փոխվարչապետ Կտրիճ Սարդարեանը կամ Հրանդ Բագրատեան կառավարութեան կրթութեան նախարար Աշոտ Բլէյեանը: Այս ուղղութեան ջատագովներից էին, անշուշտ, վերապահումներով, բազմաթիւ այլ գործիչներ, ինչպէս պատմաբան-լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը, գրող Վանօ Սիրադեղեանը, առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը:

Երկրորդ. Հայաստանի համար առաջնահերթ է հողահաւաքն ու Հայ դատի հետապնդումը, եւ որ առանց երրորդ ուժի` Հայաստանը եւ հայ ժողովուրդը անկարող է դիմակայել թուրք-ազրպէյճանական ծաւալապաշտութեանը: Այս ուղղութիւնը պաշտպանում էր սփիւռքը գրեթէ առանց վերապահումների, հայ աւանդական կուսակցութիւնները` առաջին հերթին` ՀՅԴ-ն,  իշխանութիւնը կորցնող եւ Մոսկուայից կառչած Համայնավար կուսակցութիւնը, ռուսախօս հայ մտաւորականութիւնը եւ կարելի է ասել` Հայաստանի բնակչութեան մեծ մասը: Այլ խօսքով, այս ուղղութիւնը կարելի է համարել երրորդ ուժի վրայ յենուող, այսինքն` մեր յոյսները պիտի դնենք երրորդ պետութիւնների հնարաւոր եւ ենթադրեալ օգնութեան վրայ: Զօրի Բալայեանը այս ուղղութեան կարկառուն եւ անփոխարինելի ներկայացուցիչն էր (է): Որպէս երրորդ ուժ բոլորի մտքում Խորհրդային Միութեան փլատակներից վեր բարձրացող Ռուսաստանն էր (է):

Քսանհինգ տարի առաջուայ վէճը նորութիւն չէր հայ ժողովրդի պատմութեան համար: Նման քննարկում ծաւալուել է Իսրայէլ Օրու ժամանակ, 19-րդ դարի կէսերից յետոյ, երբ Սան Սթեֆանոյում առաջին անգամ միջազգայնացուեց Հայկական հարցը, Հայոց ցեղասպանութիւնից յետոյ եւ Առաջին հանրապետութեան գոյութեան երկուսուկէս տարիներին: Այդ վէճը կար անգամ ՀՅԴ ներսում` յատկապէս Առաջին հանրապետութեան երկուսուկէս տարիներին, դրանից առաջ եւ յետոյ:

Այսօր, երբ Հայաստանի քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային եւ անգամ հոգեբանական կախումը Ռուսաստանից դառնում է ակնյայտ իրողութիւն, կրկին քննարկման նիւթ է դառնում արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւնների եւ Հայաստանի անվտանգութեան խնդիրն ընդհանրապէս:

Հայաստանի` Մաքսային միութիւն մտնելու Մոսկուայի որոշումը տհաճ նորութիւն էր, բայց անակնկալ չէր: Հայաստանը, իր այսօրուայ աշխարհագրական դիրքը եւ հարեւանութիւնը հաշուի առնելով, չի կարող ոչ ասել Ռուսաստանին, անկախ նրանից, թէ ով է երկրի նախագահը:

Հայաստանը չի կարող անկախ, ինքնիշխան պետութիւն դառնալ, քանի դեռ հայաստանցիներն ու հայ ժողովուրդը չեն կարողանում գտնել թուրքերի եւ ազրպէյճանցիների հետ համակեցութեան նուազագոյն որեւէ մակարդակ կամ ձեւաչափ: Անշուշտ, արտաքին անկախ քաղաքականութիւն իրականացնելու համար չափազանց կարեւոր է ժողովրդավարական, օրէնքի գերակայութիւնը յարգող պետութիւն, արդար ճանապարհով ընտրուած նախագահ եւ խորհրդարան ունենալ: Բայց նոյնիսկ այդ պայմաններում, միեւնոյնն է, արտաքին սահմանների աւելի քան 80 տոկոսը փակ պետութեան համար, որը չունի ռազմավարական դաշնակիցներ, այլ ունի թուացեալ բարեկամ պետութիւններ, անհնար է իրականացնել արտաքին անկախ քաղաքականութիւն:

Մենք կարող ենք մինչեւ հոգու խորքը վիրաւորուել, երբ լսում ենք «Հայաստանը Ռուսաստանի վասալն է», «Հայաստանը Ռուսաստանի համար սապոգի (զինուորական երկարաճիտ ծանր կօշիկ) տեղ է» եւ նման այլ նուաստացնող արտայայտութիւններ: Մենք կարող ենք ուրախանալ, որ մեր արտաքին գործերի նախարարը նոր մակարդակի է բերում Հայաստան-Փերու եւ Հայաստան-Փանամա յարաբերութիւնները,  հպարտանք, որ դեսպանութիւններ ունենք Վիեթնամում ու Ինտոնեզիայում: Ընդդէմ կամ ի հակադրութիւն թուրք-ազրպէյճանական դաշինքի մենք կարող ենք ստեղծել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եւ Հայաստան-Իրան-Յունաստան մեռելածին դաշինքները, սակայն երկարատեւ, երկարաժամկէտ, պատմական կտրուածքով` մեր երեխաների եւ Հայաստանի ապագան չարագուշակ կարող է լինել, եթէ շարունակենք շրջապատուած մնալ նման թշնամական, ատամ կռճտացնող հարեւանութեամբ:

Մենք կարող ենք ասել եւ ասում ենք, որ Թուրքիան է մեղաւոր, որ այդ երկիրն է Հայաստանի հանդէպ իրականացնում շրջափակման եւ մեկուսացման թշնամական քաղաքականութիւն:  Այո՛, ճիշդ է: Գոնէ հայկական ընկալման տեսանկիւնից հաստատ ճիշդ է: Մենք կարող ենք ասել եւ ասում ենք, որ Արցախի հարցում Ազրպէյճանն է մեղաւոր, այդ երկիրն է սպառազինութիւնների մրցավազք  պարտադրում, սպառնում կոտորել հայ ժողովրդին: Այո՛, ճիշդ է: Գոնէ հայկական ընկալման տեսանկիւնից հաստատ ճիշդ է: Բայց այդ ամէնը դառնում է ի զուր տեղը մեծ աղմուկ, երբ Հայաստանը շարունակւում է մնալ շրջափակուած, խորանում է նրա կախումը Ռուսաստանից, իսկ հանրապետութիւնից ամէն տարի հեռանում են տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:

Այն պահին, երբ հայերը, որպէս հաւաքականութիւն, կը գիտակցեն եւ կը հասկանան, որ Թուրքիան եւ Ազրպէյճանը Հայաստանի համար ճակատագրական ուժ են` դրանից բխող ծանրագոյն հետեւանքներով, ահա այդ ժամանակ կարող է ծնուել կամ գտնուել Թուրքիայի եւ Ազրպէյճանի հետ հնարաւոր համակեցութեան նուազագոյն մակարդակը, նուազագոյն ձեւաչափը գոնէ:

Տասնեակ հազարներով հայերը լքում են հայրենիքը, բայց Հայաստանը չի կարող լինել այլուր, քան Թուրքիայի եւ Ազրպէյճանի հարեւանութեամբ: Գուցէ դաժան է հնչում, բայց սա՛ է իրականութիւնը: Իսկ իրականութիւնը գիտակցելը ոչ ամօթ բան է, առաւել եւս` դաւաճանութիւն կամ վախկոտութիւն:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES