2015 Թ. Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեայ Տարելիցին Ընդառաջ Թուրքիայի Նախապատրաստութիւնների Շուրջ

Յօդուածը, որպէս զեկուցում, ներկայացրեց թուրքագէտ, պատմական գիտութիւնների թեկնածու Մելինէ Անումեանը 2013 թ. դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Թեհրանում կայացած «Հայ դատն այսօր» 10-րդ յոբելեանական խորհրդաժողովում: Այն կը հրատարակուի խորհրդաժողովի նիւթերի ժողովածուում:

Մելինէ Անումեան

Մելինէ Անումեան

Հանրայայտ փաստ է, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են տարւում ոչ միայն համայն հայութեան, այլ նաեւ Թուրքիայի քաղաքական գործիչների եւ «գիտնականների» կողմից: Թուրքական կողմը պետական մակարդակով սկսել է նախապատրաստուել դեռ տարիներ առաջ, երբ 2001 թ. մայիսի 25-ին Թուրքիայի կառավարութեան շրջաբերականով հիմնուեց, այսպէս կոչուած, «Անհիմն ցեղասպանութեան պնդումների դէմ պայքարը համակարգող խորհուրդը»: Սոյն կառոյցի առաջին նախագահն է եղել տուեալ ժամանակաշրջանում պետնախարարի եւ փոխվարչապետի պաշտօններն ստանձնած Տեւլեթ Պահչելին, իսկ համակարգողը` Ազգային անվտանգութեան խորհրդի գլխաւոր քարտուղարի առաջին տեղակալը: Պահչելին, Անգարայի պատգամաւոր Զեքի Չելիքի գրաւոր հարցապնդմանն ի պատասխան, 2002 թ. մայիսի 9-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահութեանը (այսուհետ` ԹԱՄԺ) յղած գրութեան մէջ հաղորդում էր, որ խորհուրդը նպատակ է հետապնդում չէզոքացնել արտերկրում պարբերաբար օրակարգ բերուող Ցեղասպանութեան ճանաչման ջանքերը: Նոյն գրութեան միջոցով Պահչելին նաեւ յայտնում էր, թէ կառոյցը երեք ամիսը մէկ ժողովներ է գումարում, այն որոշել է 3 տարբեր աշխատանքային խմբեր ձեւաւորել` իրաւաբանութեան, ազգային կրթութեան եւ պատմութեան ուղղութեամբ աշխատանքներ կատարելու նպատակով, եւ արդէն սկսել է այդ նպատակներով աշխատանքները:

Ինչպէս նշւում էր կառոյցի հիմնման մասին շրջաբերականում, փոխվարչապետի նախագահութեամբ գործող խորհրդի կազմում տեղ էին գտնելու նաեւ ազգային պաշտպանութեան, արդարադատութեան, ներքին գործերի, արտաքին գործերի, ազգային կրթութեան եւ մշակոյթի նախարարութիւնների, ինչպէս նաեւ` Բարձրագոյն կրթութեան խորհրդի նախագահութեան, Ազգային հետախուզութեան կազմակերպութեան, Թուրքական պատմագիտական ընկերութեան նախագահութեան, Պետական արխիւների գլխաւոր վարչութեան եւ կառավարութեան` հասարակայնութեան հետ կապերի բաժնի գլխաւոր քարտուղարութեան ներկայացուցիչները: Ըստ շրջաբերականի,  խորհուրդը պարտաւորւում էր` «Իրականացնել հասարակական կարծիք ձեւաւորելու ծրագիրը, աշխատանքներ կատարել` քաղաքացիական հասարակական կազմակերպութիւններին ուղղորդելու ուղղութեամբ, եւ ոչ միայն հայերի, այլ նաեւ Պոնտոսի յոյների եւ ասորիների ցեղասպանութիւնների մասին պնդումների շուրջ տեղի ունեցող զարգացումներին հետեւելով` որոշել ձեռնարկուելիք միջոցները»:

Տեւլեթ Պահչելի

Տեւլեթ Պահչելի

Խորհրդի առաջին ժողովում կայացուել է հետեւեալ որոշումը. «Թուրք հանրութեանը, դպրոցական տարիներից սկսած, Ցեղասպանութեան պնդումների վերաբերեալ տեղեկութիւններ հաղորդելու եւ գիտակցութիւն ձեւաւորելու նպատակով որոշուել է ազգային կրթութեան նախարարութեան Ուսուցման եւ դաստիարակութեան խորհրդի նախագահութեան համակարգմամբ ձեւաւորել Անհիմն ցեղասպանութեան պնդումների դէմ պայքարը համակարգող խորհրդի ազգային կրթութեան աշխատանքային խումբը»:

Խորհրդի հիմնադիր Պահչելիից յետոյ այն ղեկավարել են նաեւ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան անդամներից Թրուվա Աթլարըն, Էրքան Մումճուն, Ապտիւլլա Կիւլը եւ Ճեմիլ Չիչեքը:

Թէեւ Թուրքիայի կառավարութեան ենթակայութեան տակ եւ Ազգային անվտանգութեան խորհրդին կից գործող սոյն կառոյցի աշխատանքները խիստ գաղտնի են պահւում հանրութիւնից, այնուամենայնիւ որոշ տեղեկութիւններ տանք նրա կողմից արդէն իսկ իրականացուած մի շարք միջոցառումների մասին: Այսպէս` վերջին 10 տարիների ընթացքում խորհրդի կողմից բազմաթիւ ժխտողական բնոյթի սեմինարներ են կազմակերպուել ոչ միայն Թուրքիայի միջնակարգ դպրոցներում, այլ նաեւ` համալսարաններում, դիւանակալական, դիւանագիտական եւ ռազմական զանազան հաստատութիւններում: Այդ սեմինարներին մասնակցելու պարտադրանքից չեն ազատուել անգամ Կրօնական գործերի վարչութեան աշխատակիցներն ու զբօսաշրջութեան ոլորտում աշխատող ուղեկցորդները: Համալսարաններում կազմակերպուել են բազմաթիւ «գիտաժողովներ» եւ հրատարակուել` հարիւրաւոր գրքեր:

Էճեւիտի եւ Պահչելիի իշխանութեան տարիներին մեկնարկած այս աշխատանքները շարունակուել են նաեւ Էրտողանի կառավարութեան օրօք: Այսպէս` 2007 թ. մարտի 15-ին Անհիմն ցեղասպանութեան պնդումների դէմ պայքարը համակարգող խորհուրդը Ապտիւլլա Կիւլի նախագահութեամբ կայացած 17-րդ ժողովում որոշել է Թուրքիայի հանրութեանը ներկայացնել «Սարը կելին» վերնագրով փաստագրական ժապաւէնը, որում ներկայացւում էր, թէ իբր հայերը «1915 թ. առաջ յարձակուել են թուրքական գիւղերի վրայ, սպաննել տեղի բնակիչներին, կրակի տուել գիւղերը եւ այլն»: Սոյն որոշման մէջ մասնաւորապէս նշւում էր. «Ներքին հանրային կարծիք ձեւաւորելու նպատակով արտադրող ընկերութիւնից գնել «Սարը կելին. Հայկական հարցի էութիւնը» վաւերագրական ժապաւէնի խտասկաւառակները եւ Գլխաւոր սպայակոյտի նախագահութեան, ազգային կրթութեան նախարարութեան, արտաքին գործերի նախարարութեան եւ Ազգային հետախուզութեան կազմակերպութեան միջոցով դրանք ուղարկել անհրաժեշտ հաստատութիւններ»:

Այժմ անդրադառնանք այն հարցին, թէ ներկայում ի՞նչ աշխատանքներ է նախապատրաստում Թուրքիան 2015 թ. ընդառաջ: Հարցը դիտարկենք նախ քաղաքական, ապա` գիտական մակարդակներով տարուող նախապատրաստութիւնների տեսանկիւնից: Ի դէպ, նշենք, որ մեր կողմից խնդիրը «քաղաքական» եւ «գիտական» հարթութիւններով որակելը կրում է պայմանական բնոյթ, քանի որ «գիտական» մակարդակով նախատեսուող միջոցառումներն իրականում նոյնպէս եւ միմիայն քաղաքական նպատակներ են հետապնդում:

Հարկ է արձանագրել, որ թէեւ կոշտ ժխտողական դիրքորոշում որդեգրած ներկայիս թուրք պետական գործիչների` այս ուղղութեամբ վարած քաղաքականութիւնը գրեթէ չի տարբերւում նրանց նախորդների ռազմավարութիւնից, այնուամենայնիւ այժմեան գործիչները փորձում են նաեւ որոշ խմբագրումներ անել իրենց կեցուածքում եւ գործունէութեան մէջ` այդ կերպ փորձելով սիրաշահել հայ հանրութեանը եւ, յատկապէս, սփիւռքահայերին:

Տաւութօղլու

Տաւութօղլու

Արտաքին գործերի նախարար Տաւութօղլուի քաղաքականութեան առանցքում, այսպէս կոչուած, «արդար յիշողութեան» մասին դրոյթն է, որն իրականում նպատակ ունի Հայոց ցեղասպանութեան մեծ ողբերգութիւնը հաւասարեցնել Ա. Աշխարհամարտի տարիներին զոհուած օսմանահպատակների ազգականների ցաւի հետ: Տաւութօղլուն նաեւ ծրագրում է աշխատանքներ կատարել` սփիւռքի հայութեան տարբեր շրջանակների հետ կապեր հաստատելու ուղղութեամբ: 2011 թ. սեպտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը  շրջաբերական էր ուղարկել իր բոլոր դեսպանատներին, որի միջոցով արտակարգ եւ լիազօր դեսպաններից պահանջուել էր պատրաստ լինել 2015 թուականին` Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Շրջաբերականում յիշեցւում էր, թէ սփիւռքը համայն աշխարհում աշխատանքներ է կատարում Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ եւ հաղորդւում, որ դեսպաններից ակնկալւում է սփիւռքի հետ սերտ շփումների մէջ մտնելով` արգելք լինել այդ գործողութիւններին: Շրջաբերականով պահանջւում էր նաեւ, որ քարոզչութիւն արուի այն երկրներում, որտեղ Թուրքիան ունի արտակարգ եւ լիազօր դեսպաններ:

Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքի, նոյն տարուայ դեկտեմբերի 23-ին արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն դեսպանների հետ տարեվերջեան 4-րդ խորհրդաժողովի ժամանակ նշում էր. «… Կոչ եմ անում նաեւ մեր հայ բարեկամներին, մեր հարեւաններին: Երբ ես գնացի Միացեալ Նահանգներ, հանդիպեցի այնտեղի մեր դեսպանների եւ գլխաւոր հիւպատոսների հետ ու նրանց հետեւեալ հրահանգը տուեցի. մենք պէտք է փոխենք «սփիւռք» հասկացութիւնը: Անկախ կրօնից եւ հաւատքից` Անատոլույի հողերից գաղթած իւրաքանչիւր անհատ մեր սփիւռքն է: (…) Որտեղ մէկ հայ կայ, գնալու եւ խօսելու ենք նրա հետ մեր համատեղ պատմութեան մասին, այն մասին, թէ ինչպէս ենք 10 դար միասին ապրել (…): Նախ շահելու ենք հայերի, մեր հայ բարեկամների սիրտը (…): Զրուցելու ենք ամէն մի հայի հետ…»:

Նոյն հանդիպման շրջանակներում Տաւութօղլուն, նախանշելով Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի ուղղութեամբ տարուելիք Թուրքիայի արտաքին քաղաքականութեան ուղեգիծը, շեշտում էր. «1914 թուականը Ա. Համաշխարհային պատերազմի մեկնարկն է: Մօտենում է 2014-ը: Մենք, որպէս այն ազգի արտակարգ եւ լիազօր դեսպաններ, որի վերաբերեալ պնդում են, թէ Ա. Աշխարհամարտի տարիներին ցեղասպանութիւն է իրագործել, անդրադառնանք մեր ընտանիքների անցեալին: Մեր մէջ չկայ ոեւէ մէկը, որի այս կամ այն պապը զոհուած չլինի 1911-1923 թթ. միջեւ ընկած 12 տարուայ ընթացքում, աշխարհամարտի ռազմաճակատներում: (…) Եւ հիմա, երբ մօտենում է 2015-ը, ականատես ենք լինում հայկական քարոզչութեանը եւ Ցեղասպանութեան պնդումներին ուղղուած արշաւին: Այնինչ 1915-ը մեզ համար միեւնոյն ժամանակ Տարտանելի ճակատամարտի տարելիցն է, միեւնոյն ժամանակ այս տարածքների իւրաքանչիւր վայրում զոհուած Անատոլիայի զաւակների պատմութիւնն է: 2009 թ. հոկտեմբերին արձանագրութիւնների ստորագրման կապակցութեամբ պէտք է ելոյթ ունենայինք, սակայն չարեցինք, քանի որ հայկական կողմը չցանկացաւ: Եթէ այդ ելոյթով հանդէս գայինք, մեր կոչը հետեւեալը կը լինէր. եկէք` այդ տարիներին վերստին անդրադառնանք արդար յիշողութեան միջոցով: Իսկ արդար յիշողութիւնը միակողմանի յիշողութիւն չէ: Ահա շուտով կատարելու ենք մեր նախարարութեան արխիւի նոր շէնքի բացումը: Մենք պատրաստ ենք կիսելու այդ արխիւներում պահուող ամէն բան, քննարկելու ամէն ինչ` դրանց շրջանակներում…»:

Տաւութօղլուն 2012 թ. յուլիսի 7-ին Փարիզ մեկնելիս ինքնաթիռում, լրագրողների հարցերին ի պատասխան, դարձեալ անդրադարձել էր Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի դէմ Թուրքիայի կողմից ձեռնարկուելիք միջոցներին եւ իր բնորոշմամբ` «3 հիմք ունեցող ռազմավարութեանը»: Դրա համաձայն, նախ շեշտը դրուելու է նրբազգացութեան վրայ, որի վերաբերեալ, ըստ «Միլլիյէթ» օրաթերթի հրապարակման, Տաւութօղլուն մասնաւորապէս նշել է. «Ես` որպէս արտաքին գործերի նախարար, չեմ ասում, թէ 1915-ին ոչ մի բան չի եղել: Ես տեղի ունեցածը չեմ բնորոշում «ցեղասպանութիւն» հասկացութեամբ, սակայն եթէ ոեւէ մէկն այն այդպէս է սահմանում, իր նախընտրութիւնն է: Մենք այս հարցում պէտք է նոր լեզու զարգացնենք եւ ասենք` ձեր ցաւը չենք մերժում, ըմբռնում ենք այն: Միասին անենք այն, ինչ պէտք է անել: Սակայն դա պէտք չէ լինի միակողմանի ոճրագործութեան մասին յայտարարութեան տեսքով: Մենք գերմանացիների պէս չենք. մեր պատմութեան մէջ ցեղային կոտորած չի եղել: (…) Ես բաժակին եմ նայում ոչ թէ կիսադատարկ, այլ լցուած լինելու տեսանկիւնից: Որքան էլ ուշ լինի, այնուամենայնիւ կարեւոր է ասել` «Ես զգում եմ ձեր ցաւը»: 2015-ին ընդառաջ` ձգտում ենք այդ ուղղութեամբ համատեղ յայտարարութիւն մշակել»:

Նոյն հրապարակման համաձայն,  ռազմավարութեան երկրորդ կէտը «սփիւռք» բառի վերաիմաստաւորումն է, որի շրջանակներում արտաքին գործերի նախարարը, բոլոր դեսպանատներին շրջաբերական ուղարկելով, վերասահմանել է «թուրքական սփիւռք» հասկացութիւնը, ըստ որի, «սփիւռք են կազմում ոչ միայն թուրքերը, այլեւ` Թուրքիայի տարածքներից արտագաղթած իւրաքանչիւր անձ»:

Ի վերջոյ, ըստ Տաւութօղլուի, սոյն ռազմավարութեան, երրորդ կէտն է կազմում Հայաստանի հետ յարաբերութիւնների զարգացումը:

Ըստ երեւոյթին, Թուրքիայի իշխանութիւնները Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ կը փորձեն որոշ «զիջումների» գնալ: Հիմնական շեշտը կը դրուի հայ-թուրքական յարաբերութիւնները զարգացնելու, սահմանը բացելու եւ Հայաստանի հանդէպ իրականացուող շրջափակումը վերացնելու վրայ: Այդ ուղղութեամբ վերջերս որոշ յայտարարութիւններ արդէն իսկ կատարուել են արտաքին գործերի նախարարի մակարդակով: Այսպէս` այս տարուայ հոկտեմբերին Զուիցերիա այցելած արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն այդ հարցում հայցեց Զուիցերիայի միջնորդութիւնը: «Անատոլու» գործակալութեան հաղորդմամբ,  Տաւութօղլուն 2013 թ. հոկտեմբերի 10-ին Զուիցերիայում յայտարարել է Թուրքիայի` Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու ցանկութեան մասին` չմոռանալով դրանք պայմանաւորել նաեւ արցախեան հարցի լուծմամբ:

Վերջերս Տաւութօղլուն նոյն հարցին է անդրադարձել նաեւ նոյեմբեր ամսին նախ` ԹԱՄԺ-ի արտաքին գործերի յանձնաժողովի նիստում, ապա` Վիեննայում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումից յետոյ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ըստ «Աքշամ» օրաթերթի, վերոյիշեալ նիստում յայտարարել է, թէ Թուրքիան աշխատանքներ է կատարում Հայաստանի հետ սահմանի բացման ուղղութեամբ, եւ եթէ հնարաւոր լինի Ազրպէյճանին համոզել, ապա նման «անակնկալի» հաւանականութիւնը մեծ է: Տաւութօղլուն 2015 թ. ընդառաջ իրականացուելիք աշխատանքների վերաբերեալ մասնաւորապէս յայտարարել է. «Եթէ Հայաստանը յետ քաշուի Ղարաբաղից, ե՛ւ սահմանը կը բացուի, ե՛ւ երկաթգիծը: Բնականաբար դա ուզում ենք անել Ազրպէյճանի համաձայնութեամբ»:

Վիեննայում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպումից յետոյ «Միլլիյեթ» օրաթերթը 2013 թ. նոյեմբերի 22-ի համարում հաղորդում էր, թէ դիւանագիտական աղբիւրների փոխանցմամբ, Տաւութօղլուն յիշեցնելով Հայաստանի կողմից, այսպէս կոչուած, «գրաւեալ ազրպէյճանական տարածքներից» հեռանալու անհրաժեշտութեան մասին, յայտնել է, թէ կարող է բացուել Հայաստանի հետ սահմանը: Պարբերականը նաեւ նշում էր, թէ` «Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը համարուող 2015 թ. ընդառաջ շարունակւում են նախապատրաստական աշխատանքները: Անգարան պատրաստ է յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, ներառեալ` սահմանները բացելուն»:

Թուրքական զանգուածային լրատուամիջոցների փոխանցմամբ, վերջերս որոշ աշխուժութիւն է նկատւում Հայաստան-Թուրքիա սահմանին: Թուրքական մամուլի տեղեկատուութեան համաձայն, Թուրքիայի Գիւղատնտեսական աշխատանքների գլխաւոր տնօրէնութիւնը հաղորդել է, թէ Հայաստանի հետ սահմանին գտնուող տարածքներն աճուրդի են հանուելու` գիւղատնտեսական նպատակներով օգտագործուելու համար: Լուրեր են շրջանառւում նաեւ, թէ բարելաւուելու է տարիներով չգործարկուած երկաթուղին, իսկ դէպի սահմանադուռ տանող ճանապարհներին հետազօտական աշխատանքներ են իրականացւում Թուրքիայի ցամաքային շրջանների տնօրէնութեան կողմից:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի հնչեղութեանն արգելք լինելու առումով Թուրքիայի կողմից նախատեսուող մէկ այլ քաղաքական ծրագիր է Ռուսաստանի հետ այս հարցում աշխուժ համագործակցութիւն ծաւալելու գաղափարը: Այսպէս, «քուլիս»-ներում շրջանառուող լուրերի համաձայն, 2015 թ. ընդառաջ Թուրքիայի կողմից ձեռնարկուելիք քայլերի շուրջ արտաքին գործերի նախարարութիւնը 2013 թ. սկզբին հանրութեան համար փակ զեկոյց է տուել ԹԱՄԺ-ի արտաքին գործերի յանձնաժողովին, որի շրջանակներում որոշուել է ուղիներ որոնել` սոյն հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու ուղղութեամբ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչներն այս ժողովում պաշտպանել են այն տեսակէտը, թէ պէտք է վերացնել այն անվստահութիւնը, որ տածում է Հայաստանը Թուրքիայի նկատմամբ, եւ որ այդ խնդիրը կարելի է լուծել միայն Ռուսաստանի աջակցութեամբ: Նաեւ խօսակցութիւններ են շրջանառւում առ այն, թէ Թուրքիան դիմել է Ռուսաստանին` այս երկրի եւ Հայաստանի միջով անցնելիք մի երկաթուղու նախագծի հարցով, եւ որ Ռուսաստանը դրական է վերաբերուել այդ առաջարկին:

Ինչ վերաբերում է խնդրի ուղղութեամբ` իշխանութեան ղեկին գտնուող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան ներկուսակցական աշխատանքներին, ապա այս կուսակցութեան անդամ, տոքթոր, փրոֆեսէօր Սէյիթ Սերթչելիքը, ով, ի դէպ, Հայկական հարցի մասնագէտ է համարւում, «Ակօս» շաբաթաթերթին տուած հարցազրոյցում յայտնել է, թէ իբր կուսակցութեան ներսում այդ ուղղութեամբ աշխատանքներ չեն կատարուել` մէկ-երկու հանդիպումից բացի: Այնուամենայնիւ, պէտք չէ վստահել նրա հաւաստիացումներին, քանի որ հաւանականութիւնը մեծ է, որ նա ուղղակի չի ցանկացել յայտարարել կուսակցութեան կողմից նախատեսուող միջոցառումների մասին:

Հարկ է նաեւ նշել, որ 2013 թ. ընթացքում Թուրքիայի խորհրդարանում 2015 թ. ընդառաջ կատարուելիք քաղաքական քայլերի շուրջ ժողովներ են կազմակերպել ԹԱՄԺ-ի պատգամաւորներ վերոյիշեալ Սէյիթ Սերթչելիքը (Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն), տխրահռչակ Եուսուֆ Հալաճօղլուն (Ազգայնական շարժում կուսակցութիւն) եւ Ժողովրդահանրապետական կուսակցութեան փոխնախագահ Ֆարուք Լողօղլուն:

Անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի դէմ ուղղուած այն ծրագրերին, որ նախապատրաստւում է իրագործել Թուրքիան գիտական հարթութեան մէջ: Ինչպէս եւ կանխատեսելի էր, գիտական ասպարէզում այս հարցում պարտաւորութիւնների հիմնական բեռն ստանձնել է թուրքական պաշտօնական պատմագրութեան եւ Հայոց ցեղասպանութեան ժխտման խօսափողը հանդիսացող Թուրքական պատմագիտական ընկերութիւնը:

Այս տարուայ հոկտեմբերի 5-ին Թուրքիայի փոխվարչապետ Պիւլենթ Արընչը, ԹԱՄԺ-ի պիւտճէական հարցերու յանձնաժողովում անդրադառնալով Թուրքական պատմագիտական ընկերութեանը տրամադրուելիք պիւտճէի հարցին, նշել է. «2015-ը մի կողմից Տարտանելի գործողութեան 100-ամեակն է, միւս կողմից էլ` այսպէս կոչուած Հայոց ցեղասպանութեան պնդումների: Մենք լուրջ աշխատանքներ ենք կատարում այս հարցի ուղղութեամբ: Այստեղ (նկատի ունի` Թուրքիայում – Մ.Ա.) աշխատանքներ են իրականացւում` խորհրդաժողովներ, գիտաժողովներ ու քննարկումներ կազմակերպելու, գրքեր հրատարակելու եւ վաւերագրական ժապաւէններ պատրաստելու ուղղութեամբ: Սակայն մենք յատուկ աշխատանքներ ենք կատարում նաեւ այլ ոլորտներում, այսինքն` աշխարհի բոլոր երկրների հասարակական կարծիքի վրայ ներազդելու համար»:

Մշակուած ռազմավարութեան համաձայն,  Թուրքական պատմագիտական ընկերութիւնը նախաձեռնել է մի ստուար գրքի պատրաստման աշխատանքները` հայ-թուրքական յարաբերութիւնների պատմական զարգացումների վերաբերեալ: Սոյն աշխատութիւնն ընդգրկելու է երկու երկրների յարաբերութիւնների պատմութիւնը, ինչպէս նաեւ` այնպիսի յօդուածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչութիւնների ընկերային կողմերը: Բացի այդ` ժողովածուի մէջ ներառուելու են հայ-թուրքական յարաբերութիւններին անդրադարձած մի շարք մասնագէտների մեկնաբանութիւններ:

Բացի այդ` Թուրքական պատմագիտական ընկերութիւնը 2014 թ. նախատեսում է 14 տարբեր գիտաժողովներ կազմակերպել Հայկական հարցի վերաբերեալ: Ընկերութեան կայքէջում հրապարակուած յայտարարութիւնների համաձայն,  այդ գիտաժողովները կ՛ունենան հետեւեալ խորագրերը. «Հայկական ապստամբութիւնները», «Սուլթան Ապտիւլ Համիտ Երկրորդը եւ նրա դարաշրջանը», «Հայերն Ա. Համաշխարհային պատերազմի ժամանակ», «Վերջին խալիֆան. Ապտիւլ Մեճիտ էֆենտին, սուլթան Վահտետտինը եւ նրա ժամանակաշրջանը», «Երիտթուրքերը եւ իթթիհատականութիւնը», «Թուրքերն ու քրտերը պատմութեան մէջ» եւ այլն:

Նշենք նաեւ, որ Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու ուղղութեամբ աշխատանքներ կատարելու համար Թուրքական պատմագիտական ընկերութեանը կը յատկացուի յաւելեալ պիւտճէ, եւ այն կը հասնի 8 միլիոն 239 հազար թուրքական լիրայի (մօտաւորապէս` 4 միլիոն 119 հազար 500 տոլար):

Ուշագրաւ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը սոյն խնդրում չի սահմանափակւում միայն քաղաքական ասպարէզում գործունէութիւն ծաւալելով, այլ նաեւ գործնական քայլեր է ձեռնարկում գիտական ոլորտում: Այսպէս` դեռ 2011 թ. նոյեմբերի 22-ին «Ճումհուրիյեթ» օրաթերթը հաղորդում էր, թէ նախարարութեան որոշմամբ 2012 թ. առաջին ամիսներին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան Ռազմավարական ուսումնասիրութիւնների կենտրոնից մի պատուիրակութիւն է ուղեւորուելու Ռուսաստան` տեղի արխիւներում թուրքական ժխտողականութեան հիմքերն ամրապնդող նոր վաւերագրեր հայթայթելու նպատակով:

Ամփոփելով` կարելի է արձանագրել, որ 2015 թ. Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին ընդառաջ Թուրքիան պետական մակարդակով նախատեսում է բազմաթիւ միջոցառումներ, որպէսզի «հնարաւորինս քիչ տուժի» այս մեծ տարելիցից: Թուրքիայի կողմից նախատեսուող քայլերը կարելի է դասակարգել երեք հիմնական ոլորտներում.

1. Քաղաքական-դիւանագիտական: Ըստ որի, փորձ կը կատարուի զարգացնել հայ-թուրքական յարաբերութիւնները, բացել սահմանը, վերացնել շրջափակումը կամ գոնէ ստեղծել նմանօրինակ զարգացումների նկատմամբ Թուրքիայի կողմից մեծ ցանկութեան տպաւորութիւն:  Դիւանագիտական ասպարէզում արտասահմանեան երկրներում կը շարունակուի նաեւ թուրքական «լոպպիստական գործունէութիւնը` Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման նախաձեռնութիւններին արգելք լինելու ուղղութեամբ:

2. Գիտական: Այս ոլորտում աշխատանքների առիւծի բաժինը կ՛ընկնի Թուրքական պատմագիտական ընկերութեան ուսերին, որը կը փորձի «հիմնաւորել» թուրքական պաշտօնական պատմագրութեան հիմնական թեզերը` Հայոց ցեղասպանութիւնը ժխտելու ուղղութեամբ:

3. Հասարակական-պատմական: Այս բնագաւառում Թուրքիայի որդեգրած հիմնական ուղեգիծը կը լինի Տարտանելի ճակատամարտի 100-ամեակը նշելը` այդպիսով ստուեր գցելով Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի միջոցառումների վրայ եւ Տարտանելի գործողութիւնը ներկայացնելով որպէս առասպելային, այսպէս կոչուած «թուրք-հայկական եղբայրութեան» մասին: Այդպիսով` շեշտը կը դրուի արտաքին գործերի նախարար Տաւութօղլուի կողմից յօրինուած «համատեղ ցաւի» գաղափարի վրայ:

«ԱԿՈՒՆՔ»

 

 

Share this Article
CATEGORIES