Ազրպէյճանը Սուրիոյ Պատերազմում Ծայրայեղական Իսլամը` Ընդդէմ Իլհամ Ալիեւի
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Արդէն մէկ տարուց աւելի է, ինչ միջազգային, ճիհատական եւ ազրպէյճանական լրատուամիջոցները պարբերաբար հաղորդագրութիւններ են տարածում Սուրիայում զինուած տարբեր խմբաւորումների կազմում նախագահ Պաշշար Ասատի կառավարական ուժերի դէմ մարտնչող ազրպէյճանցիների սպանութիւնների մասին: Միայն վերջին շաբաթուայ ընթացքում սպաննուել է հինգ ազրպէյճանցի, հիմնականում Սումկայիթ քաղաքից: Ազրպէյճանական աղբիւրները նախապէս հաղորդում էին, որ Սուրիա են մեկնել «մի խումբ» ազրպէյճանցիներ: Այսօր արդէն այդ նոյն աղբիւրները հաստատում են, որ Սուրիայում կառավարական ուժերի կողմից սպաննուած ազրպէյճանցիների թիւը անցնում է 100-ից: Սա արդէն նշանակում է, որ խօսքը չի կարող լինել միայն «մի խումբ» ազրպէյճանցիների մասին: Ամենայն հաւանականութեամբ, Սուրիայում պատերազմում են առնուազն մի քանի հարիւր ազրպէյճանցիներ:
Ազրպէյճանցիները մաս են կազմում տարբեր ծայրահեղական եւ ահաբեկչական խմբաւորումների, այդ թւում` Քայիտայի հետ սերտ կապեր ունեցող «Նուսրա ճակատի» եւ «Իրաքի եւ Շամի իսլամական պետութեան» հետ: Ահաբեկչական այս երկու խմբաւորումները կռւում են ոչ միայն Սուրիոյ կառավարական զօրքերի, այլ նաեւ սուրիական ապստամբ ուժերի դէմ: Արդէն երեք տարի է, ինչ շարունակւում է սուրիական ճգնաժամը, որը վերածուել է ներքաղաքական արիւնալի պատերազմի: Այս ընթացքում դեռեւս չի հաղորդուել սուրիական կառավարական ուժերի կազմում սպաննուած ազրպէյճանցիների մասին: Ամենայն հաւանականութեամբ, Սուրիա մեկնող ազրպէյճանցիները բացառապէս կռւում են ծայրահեղական եւ ահաբեկչական խմբաւորումների կազմում` ընդդէմ Ասատի կառավարական ուժերի:
Ազրպէյճանը մուսուլմանական պետութիւն է, որտեղ բնակչութեան աւելի քան 60 տոկոսը շիիներ են, միւսները` սիւննիներ: Շիիները գերազանցապէս բնակւում են Իրանին սահմանակից Ազրպէյճանի հարաւային, արեւելեան եւ կենտրոնական շրջաններում: Սիւննիները բնակւում են հիմնականում Ռուսաստանի Տաղստանի հանրապետութեանը սահմանակից տարածքներում: Ենթադրւում է, որ Սուրիա ճիհատի մեկնող ազրպէյճանցիները հիմնականում սիւննիներ են: Քանի որ Ազրպէյճանի շիիաբնակ շրջաններում զգալի է Իրանի ազդեցութիւնը, ապա քիչ հաւանական է, որ ազրպէյճանցի շիիները կռուեն Իրանի դաշնակից ալեւիների` Սուրիայում իշխող Ասատի վարչակարգի դէմ:
Ազրպէյճանը, անվտանգութեան նկատառումներից ելնելով, իր դեսպանատունը Դամասկոսում ժամանակաւորապէս փակել, իսկ դիւանագէտներին Սուրիայից դուրս է բերել դեռ 2012-ի ամրանը: Պաշտօնական Պաքուն միջազգային հարթակում հանդէս է գալիս ընդդէմ Սուրիայի կառավարութեան եւ նախագահ Ասատի: Ազրպէյճանը 2011-ի հոկտեմբերից երկու տարի ժամկէտով ընտրուեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ: Երբ Արաբական երկրների լիկան երկու անգամ բանաձեւ բերեց ՄԱԿ-ի օրակարգ, որոնք խիստ պատժամիջոցներ էին սահմանում Ասատի դէմ, Ազրպէյճանը երկու դէպքում էլ աջակցեց լիկայի նախաձեռնութեանը:
Սակայն ասել, թէ Ազրպէյճանը, ինչպէս Թուրքիան, Քաթարը կամ Սէուտեան Արաբիան, աջակցում են նախագահ Ասատի դէմ կռուող ապստամբ, ծայրահեղական կամ ահաբեկչական խմբաւորումներին, հիմնաւորուած չէ: Համաձայն ազրպէյճանական լրատուամիջոցների հաղորդագրութիւնների, Պաքուի իշխանութիւնները չեն խրախուսում կամ օժանդակում այն ազրպէյճանցիներին, որոնք Սուրիա պատերազմի են մեկնում: Ազրպէյճանի խորհրդարանի մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովի նախագահ Ռապիյաթ Ասլանովան «Պաքու փոստ» ռուսալեզու թերթի հետ զրոյցում իր մտահոգութիւնն է յայտնել: Ասլանովան ասել է, որ Սուրիա մեկնող երիտասարդ ազրպէյճանցիների հոսքը կանգնեցնելու համար իշխանութիւններից բացի կարեւոր դեր ունեն լրատուամիջոցներն ու այդ նոյն երիտասարդների ծնողները:
«Ծնողները, իմանալով իրենց որդիների նպատակների մասին, պէտք է համապատասխան կառոյցներին տեղեկութիւններ փոխանցեն: Սակայն նրանք նախընտրում են այդ ամէնը գաղտնի պահել, իսկ ահազանգ հնչեցնում են միայն այն բանից յետոյ, երբ իրենց որդիները արդէն մեկնում են Սուրիա: Լրատուամիջոցները պէտք է լայնօրէն լուսաբանեն, թէ ինչ ճակատագիր է սպասում նրանց, ովքեր մարտնչելու են մեկնում Սուրիա եւ այլ երկրներ»,- ասել է Ասլանովան:
Պաքուի իշխանութիւնները մտահոգուած են ոչ միայն նրանով, որ իրենց երիտասարդ քաղաքացիները սպաննւում են մի պատերազմում եւ մի երկրում, որտեղ Ազրպէյճանը կենսական շահեր չունի, այլ առաջին հերթին նրանով, որ ազրպէյճանական հասարակութիւնը աւելի ու աւելի է հակւում դէպի իսլամը: Ազրպէյճանցի որոշ փորձագէտներ եւ քաղաքագէտներ կարծում են, որ առաջիկայում Իլհամ Ալիեւի վարչակարգի համար աւելի լուրջ մարտահրաւէր է լինելու ոչ թէ որեւէ ընդդիմադիր քաղաքական ուժ, այլ հէնց իսլամը: Եւ որքան Ազրպէյճանը դառնայ ամբողջատիրական պետութիւն` սահմանափակելով քաղաքական եւ քաղաքացիական ազատութիւնները, այնքան մեծանալու է իսլամի դերը երկրի ներքաղաքական կեանքում:
Տարիներ առաջ Ազրպէյճանի իշխանութիւնների դէմ ընդվզեց Պաքուից ընդամէնը 40 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող Նարտարան գիւղը: Շուրջ 7000 բնակիչ ունեցող շիիների այս գիւղը, որտեղ ակնյայտ է Իրանի ազդեցութիւնը, ընկերային արդարութեան պահանջներ էր ներկայացնում: Պաքուի իշխանութիւնները, զգալով, որ ընկերային պահանջների տակ թաքնուած են նաեւ քաղաքական եւ կրօնական ազատութիւնների պահանջներ, փորձեց ուժային ճանապարհով լուծել խնդիրը: Գիւղ ուղարկուած ոստիկանական զինուած ուժերի դէմ ժողովուրդը տեղի չտուեց: Բախումների ընթացքում եղան սպաննուածներ, վիրաւորներ ու ձերբակալուածներ: Այժմ Նարտարանը կիսանկախ կամ ինքնամփոփ վիճակում ապրող գիւղ է:
Ազրպէյճանական իշխանութիւններին մտահոգում է յատկապէս երկրի սիւննիների շրջանում աւելացող օտարերկրեայ կրօնական խմբաւորումների եւ երկրների, առաջին հերթին` Սէուտական Արաբիոյ դերակատարութիւնը: Չնայած իշխանութիւնների կոշտ քայլերին, վահապականութիւնը տարածում է գտնում Ազրպէյճանում: 2011-ի դեկտեմբերին Ազրպէյճանի խորհրդարանը ընդունեց օրէնսդրական ուղղումներ, որով արգելուեց կրօնական ուղղուածութեան նիւթերի ներկրումը, տպագրումը եւ տարածումը, եթէ դրա համար չկայ Ազրպէյճանի Կրօնական կազմակերպութիւնների հարցերով պետական կոմիտէի համապատասխան թոյլտուութիւնը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

