Համշէնն Ու Համշէնահայերը. Ներկայացնում Են Համշէնցի Մտաւորականները (Ա. Մաս)
Հարցազրոյցը վարեց` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Վերջին տարիներին Համշէնի առեղծուածն սկսել է աւելի շատ յուզել համայն աշխարհի հայութեանը: Ովքե՞ր են նրանք` մեր ազգակից համշէնահայերը: Ինչպէ՞ս են հէնց իրենք սահմանում համշէնական ինքնութիւնը: Ի՞նչ խնդիրների են հանդիպում Թուրքիայում եւ ի՞նչ լուծումներ առաջարկում դրանց համար: Ինչպէ՞ս փրկել Համշէնի բարբառը անհետանալու վտանգից: Ի՞նչ գործունէութիւն է ծաւալում նորաստեղծ համշէնական «Հատիկ» միութիւնը: Ինչո՞ւ են բազմաթիւ համշէնցիներ յարում ձախակողմեան շարժումներին: Արդեօ՞ք համշէնցիները շփումներ եւ կապեր ունեն աշխարհի հայութեան եւ Թուրքիայի սահմաններից դուրս բնակուող համշէնահայերի հետ: Հարցազրոյցը կայացել է համացանցի միջոցով:
Այս բոլոր հարցերի շուրջ զրուցեցինք Թուրքիայում ապրող 3 համշէնահայ մտաւորականների հետ:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔԸ «Հատիկ» միութեան փոխնախագահն է, նաեւ` համայն աշխարհում համշէներէնով թողարկուած առաջին ալպոմի հեղինակ երգիչներից մէկը:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒՆ քաղաքական պատճառներով 8 տարի անցկացրել է բանտում:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸՆ 2005-2009 թթ. զբաղեցրել է Խոպայի քաղաքապետարանի Հասարակայնութեան հետ կապերի բաժնի տնօրէնի պաշտօնը: Ի դէպ, հէնց այդ ժամանակաշրջանում է առաջին անգամ Խոպայի քաղաքապետ ընտրուել մի համշէնահայ` Եըլմազ Թոփալօղլուն:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Խնդրեմ ներկայացէք: Ո՞վ էք: Որտե՞ղ էք ծնուել: Հիմա որտե՞ղ էք ապրում: Որտե՞ղ էք աշխատում: Ի՞նչ գործունէութիւն էք ծաւալում:

Հիքմեթ Աքչիչեք
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.– Անունս Հիքմեթ Աքչիչեք է: Ծնուել եմ 1963 թ., Թուրքիայի` Վրաստանին սահմանակից Խոպա գաւառում, համշէնահայ ընտանիքի զաւակ եմ: Համշէնցի եմ, մայրենի լեզուս համշէներէնն է: Եղբայրս եւ ազգականներս ներկայումս ապրում են Խոպայում: Տարրական կրթութիւնս ստանալուց յետոյ հեռացել եմ ծննդավայրիցս` կրթութիւնս շարունակելու նպատակով: Համալսարանական կրթութիւն ստացել եմ Պոլսում, ուր եւ բնակւում եմ 1981 թ. ի վեր: Ամէն տարի 1-2 անգամ Խոպա եմ գնում:
Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ: Կինս համշէնցի չէ, եւ երեխաներս համշէներէն չգիտեն: Աշխատում եմ մի մասնաւոր ընկերութիւնում` որպէս ֆինանսների ղեկավար:
2005 թ. Խոպայի համշէնական մեղեդիները ժողովելով` իմ ընկերների հետ «Վովա» (Համշէնի բարբառով նշանակում է «Ո՞վ է» – Մ. Ա.) անուամբ մի երաժշտական ալպոմ ենք թողարկել, որը համայն աշխարհում համշէներէնով պատրաստուած առաջին երաժշտական ալպոմն է: Ներկայումս զբաղուած եմ երկրորդ ալպոմի պատրաստման աշխատանքներով:
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Աւարտել եմ Պոլսի Պիլկի համալսարանի փիլիսոփայութեան բաժնի մագիստրատուրան: Արդուին նահանգի Խոպայում ապրող համշէնցիներից եմ: 2008 թ. մի խումբ ընկերների հետ միասին սկսեցի հրատարակել «Պիրեաշամ» ամսագիրը: Հանդէսը որոշ ժամանակ անց փակուեց, բայց ես շարունակում եմ տարբեր թեմաներով ուսումնասիրութիւններ անել: 2013 թ. հրատարակուեց իմ յօդուածը` Արդուինի հայերի վերաբերեալ («Թարիհ վէ թոփլում», թիւ 16): Համշէնցիների մասին մի յօդուածս էլ տպագրուեց «Թոփլումսալ թարիհ» հանդէսում (2013 թ. օգոստոս):
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Անունս Ասլան Ճանճը է: Ծնուել եմ 1964 թ. յունիսի 3-ին, Արդուին նահանգի Խոպա գաւառի Քեմալփաշա գաւառակի Չամուրլու (Չանչախանա/Չոնչախան/Չոնչաղոն- Մ. Ա.) գիւղում: 1988 թ. աւարտել եմ Պոլսի համալսարանի տնտեսագիտութեան բաժանմունքի միջազգային յարաբերութիւնների բաժինը: Աշխատում եմ Խոպայի քաղաքապետարանում:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Ինչպէ՞ս կարող էք սահմանել համշէնական ինքնութիւնը: Ո՞վ է համշէնցին, համշէնահայերի քանի՞ խմբեր կան, եւ ո՞ր վայրերում են բնակւում այդ խմբերը:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Մենք` Թուրքիայում ապրող համշէնցիներս, համշէնցի լինելն ընկալում ենք որպէս մեր հարեւան լազերից, վրացիներից, յոյներից եւ քրտերից առանձնացող մի մշակոյթ, առանձին ժողովուրդ, առանձին ազգային ինքնութիւն: Սակայն, չնայած այդ ընկալմանը, թրքաբնակ համշէնցիների մեծ մասը համշէնականութիւնը իւրացրել է որպէս ներքին ինքնութիւն, իսկ իրեն ազգային առումով համարում է թուրք ազգի մի մասը:
Համշէնցիները գիտականօրէն բաժանւում են 3 խմբի:
Արեւելեան համշէնցիներ. Արդուինի Խոպա եւ Պորչկա գաւառում ապրող համշէնցիները: Այս խմբի որոշիչ տարրը, խումբ, որի մէջ ընդգրկուած եմ նաեւ ես, համշէներէնի մայրենի լեզու լինելն է եւ ներկայում առօրեայ կեանքում կիրառուելը: Թէեւ վերջին 10-15 տարում համշէներէնով խօսողների թիւը նուազում է, այնուամենայնիւ Խոպայում ծնուած ու մեծացած համշէնցիները կարողանում են համշէներէն խօսել եւ հասկանալ:
Խոպայի համշէնցիների մի մասը 1778-1779 թթ. ռուս-թրքական պատերազմի ժամանակաշրջանում արտագաղթել է Տիւզճի եւ Ատապազարի կողմերը, իսկ Վրաստան-Թուրքիա սահմանի` Պաթումի կողմերում մնացած մի մասն էլ 1944 թ. աքսորուել է Ղազախստան եւ Ուզբեքստան: Այս խմբի մի հատուածը ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ գաղթել է Ռուսաստանի Քրասնոտարից մինչեւ Մոսկուա ձգուող որոշ շրջաններ:
Արեւմտեան համշէնցիներ. սրանք համշէնցիների մայր հայրենիքը եղող Ռիզէի Հեմշին, Չամլըհեմշին գաւառներում եւ Իքիզտերէ, Չայելի, Փազար, Արտիշէն, Ֆընտըքլը գաւառների ներքին լեռնային հատուածներում ապրող համշէնցիներն են: Ըստ պատմական տեղեկութիւնների եւ աւանդութեան, այս համշէնցիները օսմանեան պետութեան կողմից Տրապիզոնի նուաճումից յետոյ համեմատաբար վաղ շրջանում իսլամացուած եւ այդ պատճառով էլ իրենց հայրենի հողում մնացած մարդիկ են: Արեւմտեան համշէնցիները համշէներէն չգիտեն. նրանք խօսում են միայն իրենց յատուկ առոգանութեամբ թրքերէնով, որում սպրդել են նաեւ համշէներէն/հայերէն բառեր, որոնց պատկառելի մասը տեղանուններ են:
Թրքաբնակ բոլոր համշէնցիները մահմետական են եւ սիւննի ուղղութեան հետեւորդ:
Հիւսիսային համշէնցիներ. սոյն խումբը կազմում են այն համշէնցիները, ովքեր օսմանցիների կողմից 1461 թ. Տրապիզոնի գրաւումից յետոյ այս շրջանում ենթադրաբար գործադրուած կրօնափոխութեան ճնշումների պատճառով, առանց դաւանափոխ լինելու, գաղթել են Տրապիզոն-Օրդու-Սամսոն շրջաններ, իսկ աւելի ուշ էլ` 1850 թ. սկսած եւ 1915 թ. տեղահանութեան/ցեղասպանութեան ժամանակ հարկադրուած են եղել գաղթել Աբխազիա եւ Ռուսաստանի Սոչի քաղաքը: Որքանով որ տեղեակ եմ իմ կարդացած աղբիւրների եւ վերջին տարիներին ունեցածս շփումների շնորհիւ, այս խումբը քրիստոնեայ է, խօսում է համշէներէն եւ իրեն համարում հայ ազգի մի մասնիկը: Թէեւ սկզբում այս խմբի մեծ մասն Աբխազիայում է բնակուել, սակայն վերջին տարիներին աբխազաբնակ համշէնցիների թիւը լրջօրէն նուազել է եւ առաւելապէս ցրուել Ռուսաստանի Քրասնոտարի երկրամասի որոշ քաղաքներում:

Ճեմիլ Աքսու
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Արեւելասեւծովեան շրջանի տեղացի ժողովուրդներից եղող համշէնցիները ներկայացնում են մի ինքնութիւն, որն ունի թէ՛ տարածքային եւ թէ՛ ցեղային առանձնայատկութիւններ: Արեւելասեւծովեան շրջանի Տրապիզոն, Ռիզէ եւ Արդուին նահանգների բազմաթիւ գաւառներում, նաեւ այնպիսի նահանգներում, ինչպիսիք են` Էրզրումը, Իզմիթը եւ Տիւզճէն, առկայ են իրենց համշէնցի անուանողների բնակավայրեր: Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանում արուած արձանագրութիւններում ներկայիս Հեմշինից, Չամլըհեմշինից եւ Քաչքարլարից անդին գտնուող Իսպիր եւ Եուսուֆելիին ենթակայ որոշ բնակավայրեր նշուած են որպէս Համշէնի շրջան: Բացի այդ` Ռուսաստանի Սոչի, Քրասնոտար քաղաքներում, Ղազախստանում, Ուզպեքստանում եւ Խըրխըզիայում Խորհրդային Միութեան ժամանակաշրջանում տուեալ վայրեր աքսորուածների եւ իրենց համշէնցի անուանողների բնակավայրեր կան: Ռուսաստանի Մոսկուա քաղաքում եւս բնակւում են համշէնցիներ. Մոսկուայում գոյութիւն ունի «Համշէնցիներ» անունը կրող մի հասարակական կազմակերպութիւն: Ընդհանուր առմամբ, թէեւ յիշեալ բնակավայրերի վերաբերեալ առկայ են զանազան տեղեկութիւններ եւ փաստաթղթեր, որոշ տպագիր աղբիւրներում (գիրք, ամսագիր եւ այլն) ու համացանցում, սակայն, գոյութիւն չունեն համշէնցիների եւ Համշէնի շրջանից արտագաղթի գործընթացների պատճառների, տարեթուերի եւ հետեւանքների մասին համապարփակ գիտական ուսումնասիրութիւններ: Համշէնցիներից քրիստոնեայ են միայն Ռուսաստանի Քրասնոտար, Սոչի եւ Մոսկուա քաղաքներում ապրողները:
Ըստ իս, համշէնականութիւնը խառնածին ինքնութիւն է: Սոյն ինքնութիւնը որքանով որ ընդգրկում է մի ժամանակ Ռիզէի Համշէնի շրջանում բնակուած, սակայն ժամանակի ընթացքում կա՛մ կրoնական եւ ինքնութեան փոփոխութիւնների ենթարկուած, կա՛մ էլ իր հայրենի երկրից արտագաղթել հարկադրուած համշէնահայերին, նոյնքան էլ վերաբերում է մի ամբողջ դարաշրջան տեւած գաղթերի միջոցով այս շրջան եկած կամ պետութեան կողմից այս կողմերում բնակեցուած, բայց իրենց ծագման վայրի մշակոյթների հետ միախառնուած, ուրիշ ցեղային եւ կրօնական ծագում ունեցող, բայց այսօր Համշէնն իրենց «հայրենիքը», իրենց էլ` համշէնցի համարող անձանց: Հէնց այս տեսանկիւնից էլ բարդ է համշէնցու ինքնութեան սահմանումը: Օրինակ` այն դէպքում, երբ խոպացի համշէնցիները եւ նրանց ազգականները` Ստալինի ժամանակաշրջանում Պաթումից աքսորուած համշէնցիները խօսում են համշէներէն, աւելի ճիշդ` արեւմտահայերէն, ապա Չամլըհեմշինում, Հեմշինում եւ Թուրքիայի միւս նահանգներում ապրողները եւ իրենց համշէնցի անուանողներն այդ լեզուով չեն հաղորդակցւում եւ անգամ ասում են, որ բոլորովին չեն լսել դրա մասին, չգիտեն այն: Այնինչ լեզուն վերին աստիճանի կարեւոր գործօն է` որեւէ ցեղային ինքնութեան սահմանման առումով:
Համշէնական ինքնութեան բնորոշման ժամանակ հանդիպող այլ դժուարութիւններ էլ կան: Մի ժամանակ, ոչ շատ հեռաւոր անցեալում, մինչեւ 20-րդ դարի սկիզբ, օսմանեան պետութեան Տրապիզոնի նահանգի Հեմշին գաւառում ապրած հայերի` այլ վայրերի հայերի հետ յարաբերութիւնները եւս հանելուկային են: Համշէնահայերի կրօնափոխութեան գործընթացին վերաբերող փաստաթղթերը (մինչեւ 19-րդ դարի վերջերը), ցոյց են տալիս, որ դաւանափոխութիւնը գրեթէ աւարտուել է, իսկ հաւատափոխ լինել չցանկացողներն էլ գաղթել են այնպիսի շրջաններ, ինչպիսիք են Պոլիսը եւ Ճանիքը: Սակայն որեւէ ապացոյց չկայ, որ այդ կրօնափոխութիւնը եղել է օսմանեան պետութեան քաղաքականութիւնը: Քանի որ Համշէնի երկու կողմերում գտնուող եւ նշանաւոր հոգեւոր կեդրոններ Խոտաչուրում ու Տրապիզոնում ապրող հայերը եւ նրանց եկեղեցիները գործում էին մինչեւ 1915 թ. Ցեղասպանութիւնը, ապա տրամաբանական է թւում այդ ընթացքում Համշէնում եղած հայերի դաւանափոխութիւնը տեղացի աւատատէրերի եւ տնտեսական ճնշումներով պատճառաբանելը:
Միւս կողմից` դեռեւս անյայտ է նաեւ, թէ հայոց մայր հայրենիքի եւ հայ զանգուածի հետ ի՞նչ յարաբերութիւններ են ունեցել համշէնահայերը` Համշէնում բնակութիւն հաստատելուն հետեւած եւ դարեր տեւած գործընթացում: Գաղտնիք են մնացել նաեւ դարեր շարունակ համշէնաբնակ հայերի հոգեւոր կեդրոններ հանդիսացած եկեղեցիների պատմութիւնը եւ այդ եկեղեցիներում պահուող մատեանները:
Ուստի այսօր անհնար է դիւրին կերպով որոշել, թէ իրեն համշէնցի համարող մէկը հայկակա՞ն ծագում ունի, թէ՞ մէկն է նրանցից, ում պապը մի ժամանակ ապրել է Համշէնի գաւառում եւ այստեղից գաղթել այլ վայրեր: Նման համշէնցիների մէջ միակ բացառութիւնը կազմում են արեւմտահայերէնի բարբառներից մէկը համարուող համշէնահայերէնով խօսող համշէնցիները: Որեւէ լեզու, այն էլ` ճնշումների, ցեղասպանութեան ենթարկուած մի ժողովրդի լեզուն անհնար է սովորել հայերի հետ դրացիական յարաբերութիւնների արդիւնքում, ինչպէս դա փորձում են պնդել թուրք ազգայնականները: Եւ եթէ անգամ սովորեն էլ, միեւնոյն է` այն չի կարող վերածուել մայրենի լեզուի, յամենայն դէպս` այդչափ կարճ մի ժամանակահատուածում: Հետեւաբար համշէնահայերէնի առկայութիւնը եւ այն փաստը, որ այդ լեզուն դեռ կիրառւում է, համշէնցիների հայկական ծագումը ցոյց տուող ամենաէական ապացոյցն է: Եւ, ըստ իս, համշէնահայերէնով հաղորդակցուող համշէնցիներն այն համշէնահայերն են, ովքեր դեռեւս լաւ պատկերացում չունեն, թէ պատմութեան ընթացքում ինչեր են եկել իրենց գլխին:

Ասլան Ճանճը
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Համշէնցիները մի ցեղային հանրութիւն են կազմում եւ բնակւում են Արդուին նահանգի Խոպա եւ Պորչկա գաւառներում, Ռիզէ նահանգի Չամլըհեմշին, Փազար, Ֆընտըքլը եւ Չայելի գաւառներում, ինչպէս նաեւ` Ատապազարում: Բացի այդ` մահմետական եւ քրիստոնեայ համշէնցիներ կան նաեւ Ռուսաստանի Քրասնոտար, Սոչի քաղաքներում եւ Աբխազիայում: Թրքաբնակ համշէնցիները, բացառութեամբ Խոպայում, Պորչկայում եւ Ատապազարում բնակուողների, չեն խօսում հայերէնի բարբառներից մէկը հանդիսացող համշէնահայերէնով:
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ.- Թուրքիայում ապրող համշէնցիները, որպէս ցեղային խումբ, ի՞նչ խնդիրների են հանդիպում: Ըստ ձեզ, ինչպէ՞ս է հնարաւոր լուծել այդ խնդիրները:
ՀԻՔՄԵԹ ԱՔՉԻՉԵՔ.- Թուրքիայում զուտ համշէնցի լինելու պատճառով մասնաւոր խնդրից առաւել կարելի է արձանագրել շատ աւելի ընդգրկուն, ժողովրդավարութեան պակասով պայմանաւորուած խնդիրներ, երբ բոլոր ոչ թուրք լեզուների եւ մշակոյթների նկատմամբ գործադրւում է ուծացման, օտարացման, արհամարհանքի, ստորացման քաղաքականութիւն, եւ երբ յատկապէս ոչ մուսուլման հատուածները զուրկ են որոշ հնարաւորութիւններից եւ իրաւունքներից:
Համշէնցիների առումով, հիմնական խնդիրը համշէներէնի հետզհետէ վերացումն է: Իսկ որեւէ լեզուի անհետացում պայմանաւորուած է ոչ միայն կիրառուող ձուլման եւ ազգայնամոլ քաղաքականութեամբ, այլ նաեւ` դրամատիրութեան զարգացման պատճառով ի յայտ եկող քաղաքայնացումով եւ համաշխարհայնացմամբ: Մարդկանց մեծ մասի մօտ գոյութիւն չունի լեզուի, ինքնութեան, մշակոյթի պահպանման գիտակցութիւն:
Սոյն խնդիրների մի մասը կարելի է լուծել տուժած ժողովուրդների պահանջների եւ պայքարի միջոցով Թուրքիան զարգացած ժողովրդավար երկիր վերածելու շնորհիւ: Թէեւ շատ սահմանափակ, այնուամենայնիւ, այդ ուղղութեամբ արդէն իսկ առկայ են որոշ փոփոխութիւններ ու քայլեր (այնպիսի օրինական կարգաւորումներ, ինչպիսիք են թուրքերէնի հետ մէկտեղ որոշ լեզուների` դպրոցներում որպէս ընտրովի դաս ընդգրկելը, այդ լեզուներով հրապարակումներ եւ քաղաքական քարոզչութիւն տանելու հնարաւորութիւնը եւ այլն), սակայն դեռ երկար ճանապարհ ունենք գնալու այդ ուղղութեամբ: Իսկ դա հնարաւո՞ր է: Է՜հ… Յոյս, մտադրութիւն, կամք եւ հաւանականութիւն…
ՃԵՄԻԼ ԱՔՍՈՒ.- Թուրքիայում բոլոր ցեղային խմբերի հիմնական խնդիրը սեփական ինքնութեան, լեզուի եւ մշակոյթի պահպանումն է: Թուրքիայի Հանրապետութեան բոլոր հիմնադիրները օսմանեան պետութեան պաշտօնեաներն էին, ովքեր գաղափարապէս կրթուել էին Միութիւն եւ առաջադիմութիւն կուսակցութեան շրջանակներում: Սոյն մարդկանց հիմնական հաւատամքը բոլորին թուրք եւ սիւննի մահմետական դարձնելն էր: Այդպիսով նրանք նպատակ ունէին ազգային միասնութիւն ապահովել: Այդ պատճառով էլ թուրք եւ մուսուլման չեղող բոլոր ցեղային ու կրօնական խմբերը պետութեան թեթեւ ձեռքով ենթարկուեցին ուծացման: Այդ ուծացումը որքան էլ թէ՛ ներքին դիմադրութեան եւ թէ՛ փոփոխուող միջազգային իրադրութեան պայմաններից ելնելով` ընկրկած լինի, այնուհանդերձ շարունակում է լինել թուրքական պետութեան պաշտօնական քաղաքականութիւնը:
Համշէնցիների պարագայում կարելի է խօսել վերացման գործընթացից: Թէ՛ պետութեան ձուլման քաղաքականութեան եւ թէ՛ տնտեսական ու ընկերային պայմանների պատճառով համշէնահայերէնն ու համշէնական մշակոյթը մեծաւ մասամբ վերացուած են: Համշէնահայերէնի բառապաշարը վերին աստիճանի աղքատացել է: Սերունդների մէջ մի մեծ վիհ է առաջացել: Համշէնահայերէնը 1990-ականների կէսերից սկսած երաժշտութեան մէջ (Քազըմ Քոյունճու եւ այլ երգիչներ) եւ շարժապատկերի արուեստում (Օզճան Ալփերի «Մոմի» եւ «Աշուն» ժապաւէնները) կիրառուելու շնորհիւ զարթօնք է ապրել` վրայի մահուան հողը թօթափելով: Սակայն դեռ մահուան մահճում է:
Թրքական կառավարութիւնը 2013 թ. կանաչ լոյս է վառել, որպէսզի բազմաթիւ լեզուներ, որպէս ընտրովի դաս, ուսուցանուեն դպրոցներում: Սակայն համշէնահայերէնը չի ընդգրկուել այդ լեզուների շարքում: Միւս կողմից էլ խնդրայարոյց է նաեւ համշէնահայերէնի` հայերէնից առանձին լեզու ընդունելն ու սովորեցնելը: Համշէներէնը հայերէնի ճիւղերից մէկն է: Սակայն հնարաւոր չէ այդ լեզուն հայկական դպրոցներում ուսուցանել, համշէնցիներն էլ, քանի որ մահմետական լինելու պատճառով պետութեան կողմից թուրք են համարւում, չեն կարող յաճախել հայկական դպրոցներ: Ո՞վ գիտէ, միգուցէ քանի որ պետութիւնը համշէնցիներին հայ է համարում, համշէներէնն էլ` հայերէն, ապա չի կարծում, թէ մեր լեզուն պէտք է առանձին ուսուցանուի:
Սակայն այս հարցում մէկ այլ խնդիր էլ կայ. համշէնահայերէնին նուիրուած լեզուաբանական աշխատութիւններ առանձնապէս յայտնի չեն: Ես տեղեակ եմ, որ Հայաստանի որոշ լեզուաբաններ կարեւոր ուսումնասիրութիւններ են արել այս բնագաւառում, բայց մենք` համշէնցիներս, չենք կարողանում հայերէն տառերը կարդալ ու գրել: Հետեւաբար անհրաժեշտ է բազմակողմանի թարգմանութեան եւ ուսուցման գործընթաց: Համշէնցի մտաւորականները պէտք է հայերէն սովորեն, հայերէնով բնագրերը թուրքերէն եւ համշէներէն թարգմանեն: Բացի այդ` հարկաւոր է այնպիսի հիմնարկներ հիմնել, որոնք համշէներէնի ուսուցման աշխատանքներ կը տանեն:
ԱՍԼԱՆ ՃԱՆՃԸ.- Թրքաբնակ համշէնցիների` համշէնահայերէն խօսել կարողացողների վերաբերեալ կարող եմ ասել հետեւեալը. համշէնցիների նոր սերունդները հետզհետէ աւելի քիչ են հաղորդակցւում այս լեզուով: Թուրքերէն բառեր աւելի յաճախ են սպրդում համշէնահայերէնի մէջ, թէեւ դրանց համշէներէն տարբերակները գոյութիւն ունեն: Եթէ որեւէ միջոց չձեռնարկուի, համշէնահայերէնը հետզհետէ կը թուլանայ եւ, ի վերջոյ, գուցէ վերանայ: Սոյն վտանգը շատ մեծ է, քանի որ համշէներէնը գրաւոր լեզու չէ:
«ՀՈՐԻԶՈՆ»
(Շարունակելի)

