Ինչո՞ւ Է Վրաստանը Կենսական. Նոյեմբերեան` Հայաստանի Զարկերակը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանի համար իր անմիջական չորս հարեւաններից ամէնից կարեւոր եւ կենսական  նշանակութիւն ունի Վրաստանը: Այս երկիրը, որ Հայաստանի հետ ունի շուրջ 224 քիլոմեթր երկարութեամբ ընդհանուր սահման, իր կարեւորութիւնը չի կորցնի, քանի դեռ Թուրքիան շրջափակման տակ է պահում թուրք-հայկական 328 քիլոմեթրանոց սահմանը: Հայ-ազրպէյճանական սահմանի բացման մասին մտածելն անգամ անիմաստ է, քանի որ դա ուղղակիօրէն կապուած է արցախեան հակամարտութեան կարգաւորումից: Ակնյայտ է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորումից է կախուած ոչ միայն Հայաստան-Ազրպէյճան, այլ նաեւ Հայաստան-Թուրքիա դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման եւ սահմանների բացման հեռանկարը:

Հայաստանի համար կարեւոր նշանակութիւն ունի նաեւ Իրանը: Այդ կարեւորութիւնը Հայաստանը եւ նրա բնակչութիւնը զգացին արցախեան պատերազմի տարիներին, երբ, փաստօրէն, Իրանը դարձաւ «յոյսի պատուհան» դէպի արտաքին աշխարհ: Հայաստան-Իրան սահմանը ընդամէնը 40 քիլոմեթր է: Արցախում հայկական զինուժի յաղթանակից յետոյ ստեղծուեց նոր սթաթուս-քօ: Արաքս գետի երկայնքով` Միջնաւանից մինչեւ Հորատիզ, մօտ 140 քիլոմեթր, կանգնած են հայ սահմանապահները եւ, փաստօրէն, հայ-իրանական սահմանը հասնում է 180  քիլոմեթրի:

Հաշուի առնելով, որ Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառութեան շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Վրաստանին, Հայաստանի համար իր անմիջական հարեւանների շարքում ամէնից կարեւոր եւ կենսական պետութիւնը հէնց Վրաստանն է: Հայաստանը Ռուսաստանին, ինչպէս նաեւ Հայաստանը Թուրքիային կապող ցամաքային ճանապարհները եւս անցնում են Վրաստանով:

2013 թուականին Վրաստանը եւս մէկ քայլ կատարեց Եւրոպական համարկման ուղղութեամբ, մինչդեռ Հայաստանը նախապատուութիւնը տուեց Մաքսային միութեանը: Այսպիսով, երկու քրիստոնեայ հարեւանները շարժուեցին տարբեր ուղղութիւններով, ինչը անկասկած իր ազդեցութիւնն է թողնելու հայ-վրացական տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնների վրայ:

Մաքսային միութեանը անդամակցութիւնը Հայաստանին տանելու է տնտեսական, քաղաքական ու տարածաշրջանային առաւել մեկուսացման: Այդ անդամակցութիւնից տուժելու են ինչպէս Հայաստան-Իրան, այնպէս էլ Հայաստան-Վրաստան տնտեսական եւ քաղաքական յարաբերութիւնները: Հէնց այդ իրականութիւնը հաշուի առնելով` անհրաժեշտ է նոր շունչ տալ հայ-վրացական համագործակցութեանը: Ցաւօք, այդ ուղղութեամբ քայլեր չեն կատարւում: Վրաստանում նոր նախագահի ընտրութիւնից յետոյ բարձր մակարդակի փոխադարձ այցեր դեռ չեն կատարուել: Նախագահ Կէորկի Մարկուելաշվիլին պաշտօնական այցեր է տուել Ազրպէյճան եւ Թուրքիա: Սովորաբար Վրաստանում նոր նախագահը, վարչապետը եւ արտաքին գործերի նախարարը առաջին այցելութիւնը կատարում էին Պաքու, Երեւան եւ Անգարա յաջորդականութեամբ: Վրաստանի նոր իշխանութիւնները շեղուեցին չգրուած, բայց ընդունուած կանոնից: Ո՛չ Մարկուելաշվիլին, ոչ վարչապետ Իրաքլի Ղարիպաշվիլին դեռեւս չեն այցելել Երեւան:

Մաքսային միութեանը Հայաստանի անդամակցութիւնը եւ Եւրոպական միութեան հետ Վրաստանի համագործակցութեան խորացումը պէտք չէ նոր բաժանարար գծեր ստեղծեն Հարաւային Կովկասում: Թուրքիան եւ Ազրպէյճանը ձգտում են Հայաստանին ծնկի բերել տնտեսական մեկուսացումով` փորձելով այդ գործում ներգրաւել Վրաստանը: Հէնց այս իրողութիւնը հաշուի առնելով` Հայաստանը պէտք է ձգտի պահպանել հայ-վրացական տնտեսական եւ քաղաքական համագործակցութեան ներկայ մակարդակը գոնէ:

Հայ-վրացական յարաբերութիւններում կարեւորագոյն օղակ է հիւսիս-արեւելեան Տաւուշի մարզը եւ յատկապէս այդ մարզի Նոյեմբերեանի շրջանը, որը ընդհանուր սահման ունի ինչպէս Ազրպէյճանի, այնպէս էլ` Վրաստանի հետ: Այստեղով է անցնում Երեւան-Թիֆլիս միջպետական մայրուղին: Հայաստան-Ռուսաստան ցամաքային ողջ ապրանքաշրջանառութիւնը եւս կատարւում է Նոյեմբերեանով: Այս շրջանը Հայաստանի համար ունի կենսական նշանակութիւն: Աւելի՛ն. այս շրջանը Հայաստանի եւ Արցախի բոլոր մարզերի եւ շրջանների շարքում ամէնից կարեւորն է եւ անփոխարինելին երկու պատճառով:

Առաջին, կազատարը Հայաստան է մտնում Նոյեմբերեանով: Առանց ռուսական կազի, որքան էլ այսօր քննադատւում է հայ-ռուսական վերջին համաձայնագիրը, Հայաստանը կը յայտնուի տնտեսական եւ ուժանիւթային ճգնաժամի մէջ: Ճիշդ է, 2007-ին շահագործման է յանձնուել Իրան-Հայաստան նոր կազատարը, սակայն հանգամանքների բերումով, այսօր Հայաստանում օգտագործւում է ռուսական կազը: Իրանից Հայաստան մտնող կազը վերածւում է ելեկտրական հոսանքի եւ բարձրավոլթ ելեկտրական լարերով յետ ուղարկւում Իրան:

Երկրորդ, երկաթուղին Հայաստան է մտնում Նոյեմբերեանի շրջանով: Հէնց այս երկաթուղով է իրականացւում Հայաստանի ապրանքաշրջանառութեան շուրջ 70 տոկոսը: Սա, փաստօրէն, Հայաստանի գործող միակ երկաթուղին է: Հայաստանից դուրս եկող միւս երկաթուղիները շրջափակման տակ են եւ քանի դեռ արցախեան հակամարտութիւնը չի կարգաւորուել, գրեթէ անհաւանական է նրանց վերագործարկումը: Իջեւան-Պաքու (Հայաստան-Ազրպէյճան), Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Պաքու (Հայաստան-Ազրպէյճան), Երեւան-Նախիջեւան-Թաւրիզ (Հայաստան-Իրան) եւ Գիւմրի-Կարս (Հայաստան-Թուրքիա) երկաթուղիները չեն գործում արդէն աւելի քան քսան տարի:

Արցախեան պատերազմի տարիներին Հայաստան մտնող կազատարը եւ երկաթուղին Վրաստանի Մառնէուլի շրջանում պայթեցուել կամ վնասարարութեան է ենթարկուել աւելի քան 50 անգամ: Այն տարիներին Երեւանը պաշտօնապէս յայտարարում էր, որ` «միջազգային ահաբեկչական գործողութիւնների շղթան իրականացւում է ազրպէյճանական կառավարութեան գործակալների կողմից»: Մառնէուլի շրջանում բնակչութեան 80 տոկոսը ազրպէյճանցիներ են: 1994 թուականի դեկտեմբերին Պուտափեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովում Հայաստանի այն ժամանակուայ նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը յայտարարեց. «Մենք ոչ մի կասկած չունենք, որ պետական ահաբեկչութեան բացայայտ գործողութիւնները իրականացնում են Ազրպէյճանի կառավարութեան առաջադրանքով գործող գործակալները: Արդէն չորս տարի ցամաքային շրջափակումից տառապող Հայաստանի համար Վրաստանը ելք է դէպի Սեւ ծով, նաեւ` արտաքին աշխարհ»:

Կազատարը եւ երկաթուղին Նոյեմբերեանի շրջանին տալիս են տնտեսական եւ ռազմավարական կարեւորագոյն, անփոխարինելի նշանակութիւն, հետեւաբար Հայաստանի ապագայով մտահոգ կազմակերպութիւնները եւ անհատները պէտք է ուշադրութեան կենտրոնում պահեն առաջին հերթին այս շրջանը:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES