«Ոսկէ Մետալակիրը» Կրքեր Է Բորբոքոմ Հայաստանում Եւ Ազրպէյճանում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Փետրուարի 14-ին Սիվիլնեթ առցանց հեռուստատեսութեան կայքում տեղադրուեց իմ պատրաստած ժապաւէնը (http://civilnet.am/shahin-mustafayev-armenia-life/) Ազրպէյճանի տնտեսական զարգացման եւ արդիւնաբերութեան նախարար Շահէն Մուսթաֆայեւի, աւելի ճիշտ` նրա հայաստանեան անցեալի մասին: 26 րոպէ տեւողութեամբ ժապաւէնը երեք օրերի ընթացքում դիտեց աւելի քան 30 հազար մարդ: Ովքեր չեն դիտել եւ չեն պատրաստւում դիտել այն, շատ կարճ ներկայացնեմ պատմութիւնը: Նախարար Շահին Մուսթաֆայեւը սովորել եւ ոսկէ մետալով աւարտել է Նոյեմբերեան քաղաքի հայկական դպրոցը: Սա այն դպրոցն է, որտեղ սովորել եմ նաեւ ես: Արցախեան պատերազմի նախօրէին Մուսթաֆայեւը, ով սովորում էր Երեւանի Ժողովրդական տնտեսութեան համալսարանում, ընտանիքի հետ հեռացաւ Ազրպէյճան, ինչպէս Հայաստանում բնակուող միւս շուրջ 180 հազար ազրպէյճանցիները: 2008-ին Իլհամ Ալիեւը Մուսթաֆայեւին (որի մտածողութեան լեզուն հայերէնն է, թէեւ լաւ էր խօսում նաեւ մայրենի ազրպէյճաներէն եւ ռուսերէն) նշանակեց նախարար:

Այն պահից, երբ այդ ժապաւէնը դրուեց կայքում, ես սկսեցի ստանալ հիացական ու վիրաւորական բազմաթիւ նամակներ ու զանգեր: Իմ շատ ընկերներ որեւէ կերպ չարձագանգեցին, քանի որ նրանց էլ դուր չէր եկել ժապաւէնը, հետեւաբար չէին ուզում ինձ դառնացնել: Իմ լրագրողական գործունէութեան աւելի քան 20 տարիների ընթացքում ես գրել եմ շուրջ 3000 յօդուած, նկարել` երեք ժապաւէն, պատրաստել` աւելի քան 1000 ռատիօ-տեղեկագրութիւն, հրատարակել երկու գիրք` հինգ լեզուներով, սակայն իմ գրութիւններից կամ տեղեկագրութիւններից որեւէ մէկը չէր արժանացել այնպիսի հակասական ու սուր գնահատականների, ինչպիսին եղաւ «Ոսկէ մետալակիրը. Շահին Մուսթաֆայեւ» ժապաւէնի դէպքում:

Այս շաբաթուայ «Ազդակ»-ի իմ թեման պէտք էր լինէր Վրաստանի նախագահի Հայաստան կատարած այցը, սակայն քիչ առաջ (երբ գրում եմ այս տողերը` աստղազարդ երեկոյ, 27 փետրուար, Տաւուշի մարզ, հայ-ազրպէյճանական սահմանային Դովեղ գիւղ) ես մի հեռախօսազանգ ստացայ ու որոշեցի, որ պիտի պատրաստեմ մէկ այլ գրութիւն:

Զանգահարողը ինձ չէր ճանաչում, բայց ազնուօրէն խոստովանեց, որ ժապաւէնը դիտել է եւ որպէս մարդկային պատմութիւն, շատ է հաւանել: Ապա նա խրատական հնչերանգով ասաց, որ այսօր, երբ հայերն ու ազրպէյճանցիները թշնամութեան ու պատերազմի մէջ են, նման ժապաւէններ կամ տեղեկագրութիւններ պատրաստելը ճիշդ չէ: Զանգահարողը ուզում էր ասել, որ նման ժապաւէնները Ազրպէյճանը կ՛օգտագործի Հայաստանի դէմ, նման ժապաւէնները հայ զինուորի եւ սահմանամերձ գօտում ապրող մարդու վրայ կը թողնեն բացասական ազդեցութիւն: Փորձեցի բացատրել, որ դա պատմութիւն է ոչ թէ Մուսթաֆայեւի, այլ նրա համագիւղացիների մասին, ովքեր լաւ յիշողութիւններ ունեն նրա մասին` չնայած հայ-ազրպէյճանական այսօրուայ թշնամութեանը:  Զանգահարողը մի քանի «բարեկամական խրատներ ու խորհուրդներ» էլ տուեց, որոնք լսեցի մեծ համբերատարութեամբ: Վերջում ասաց` երբ Երեւան վերադառնաս, անպայման կը զանգես: Ասաց` ուզում եմ հանդիպել ու խորհուրդներ տալ: Խոստացայ, որովհետեւ խօսակցութիւնը ընդհատելու լաւագոյն տարբերակը դա էր:

Յունուար եւ փետրուար ամիսները ես հիմնականում անց եմ կացրել հայ-ազրպէյճանական սահմանային Տաւուշի մարզի գիւղերում: Ես ման եմ գալիս գիւղերում, զրուցում մարդկանց հետ, խօսք բացում պատերազմի եւ խաղաղութեան մասին, պատրաստում յօդուածներ ու տեղեկագրութիւններ: Շահին Մուսթաֆայեւի մասին ես ժապաւէն նկարեցի շատ պատահաբար: Անցնում էի նրա նախկին գիւղով ու մտածեցի` լաւ պատմութիւն կարող է լինել, ինչո՞ւ չպատրաստել տեղեկագրութիւն: Երկու օր նկարեցի ու պարզուեց, որ տեղեկագրութիւնը երկարում ու դառնում է ժապաւէն:

Ժապաւէնը դիտած քաղաքացիներից մէկը գրել էր. «Այս ժապաւէնը Ազրպէյճանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուսթաֆայեւ մասին չէ, այլ` այդ սահմանամերձ գիւղի բնակիչների, որոնք բարձր մարդկային որակներով օժտուած մարդիկ են: Շատ անկաշկանդ խօսում են իրենց նախկին հարեւանի, աշակերտի, ընկերոջ մասին, որին ժամանակին սիրել են եւ շարունակում են սիրել այնպէս, ինչպիսին ինքը կայ իրենց յիշողութեան մէջ: Շահինի ուսուցչուհին նոյնիսկ զգուշ էր, որ իր խօսքով չվնասի նրան: Ինչքա՜ն առաքինի ոգի կայ այդ կնոջ մէջ: Սա հայկական պետութեան, հայ հանրութեան բարոյական բարձր որակների մասին է խօսում: Պետութիւնները եւ ազգերը պարտւում են բարոյականութեան անկումից եւ ոչ` հակառակը: Այդ գիւղացիները իրենց մաշկի վրայ զգացել ու զգում են ազրպէյճանական ռազմապաշտութեան հետեւանքները: Նրանցից շատերը զէնքները ձեռքներին մարտական հերթապահութիւն են արել, ինչպէս` շատ սահմանամերձ գիւղերի բնակիչները»:

Ես առաջին հերթին լրագրող եմ եւ ամէն օր, ամէն ժամ պատմութիւններ եմ փնտռում: Ընթերցողների մասին այդ պատմութիւնները կարող են դուր գալ, միւսներին` ոչ: Բայց սա է լրագրողի կեանքը եւ գործը: Երբ ես գրում եմ, որ սահմանամերձ գիւղերը դատարկւում ու ծերանում են, շատերը ինձ քննադատում են` ասելով, թէ` «Ազրպէյճանական ջրաղացին ջուր եմ լցնում»: Նման անհեթերթ մեղադրանքները ինձ բացարձակապէս չեն հետաքրքրում: Պէտք է գրել ճշմարտութիւնը, միմիայն ճշմարտութիւնը եւ ուրիշ ոչինչ, քան` ճշմարտութիւնը: Իսկ ազրպէյճանական ջրաղացին ջուր են լցնում բոլոր նրանք, այդ թւում Հայաստանի բարձրագոյն ղեկավարութիւնը, որոնց իրականացրած ընկերային, հարկային քաղաքականութեան պատճառով դատարկւում են հայկական սահմանապահ գիւղերը:

Ազրպէյճանական լրատուամիջոցները եւս լայնօրէն արձագանգեցին իմ պատրաստած ժապաւէնին` նոյնպէս խիստ հակասական գնահատականներով: Բազմաթիւ լրագրողներ «ֆեյսպուք»-ով փորձեցին ինձ հետ հարցազրոյց վարել: Բոլորին մերժեցի: Պաքուի ANS հեռուստաընկերութիւնը մի տեղեկագրութիւն էր պատրաստել իմ ժապաւէնի մասին` շեշտելով, որ հայ լրագրողը նախարար Մուսթաֆայեւին նախապէս չի տեղեկացրել, որ նրա մասին ժապաւէն է պատրաստում: Հումորով արձագանգեցի` հանգիստ եղէք, Իլհամ Ալիեւը տեղեակ է եղել:

Այս շաբաթներին ու ամիսներին, երբ ես իմ ժամանակի մի մասն անց եմ կացնում հայ-ազրպէյճանական սահմանային գիւղերում, հանդիպում եմ նորանոր պատմութիւնների: Դրանցից մէկը կրկին ազրպէյճանցու մասին է: Հաւանաբար մի նոր կարճ ժապաւէն կը ստացուի: Բայց տեսէք` ի՜նչ պատմութիւն է: Սահմանամերձ գիւղում բնակուող հայ տղամարդը ամուսնացել է հարեւան գիւղի ազրպէյճանուհու հետ: Սկսուել է պատերազմը: Ազրպէյճական կողմից կրակում են գիւղի վրայ: Այս ազրպէյճանուհու հայ ամուսինը զոհւում է 1992-ին: Հայկական ուժերը քարուքանդ են անում ու հողին հաւասարեցնում ազրպէյճանական գիւղը: Զոհուած հայ տղամարդու եւ ազրպէյճանուհու որդին կռիւ է գնում ընդդէմ Ազրպէյճանի եւ ոտքը կորցնում Արցախում: Բայց սրանով չի աւարտւում այս մարդկային, ողբերգական պատմութիւնը: Ազրպէյճանուհին պատերազմից առաջ իր դստերը ամուսնացրել էր մի ազրպէյճանցու հետ եւ արդէն աւելի քան 25 տարի նրանից որեւէ տեղեկութիւն չունի, քանի որ դուստրը Ազրպէյճանում է: Նա որեւէ տեղեկութիւն չունի նաեւ իր եղբայրների մասին, որոնց նոյնպէս թողել է Ազրպէյճանում:

Մէկը պիտի գրի՞ այս մասին, թէ՞ ոչ: Դո’ւ, ընթերցող, ի՞նչ ես մտածում:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES