Խրիմ` Armenia Maritima
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Թէեւ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի եւ Ուքրանիայի հետ, սակայն ռուս-ուքրանական յարաբերութիւնների ներկայ վիճակը չի բխում Հայաստանի շահերից: Ո՛չ աշխարհաքաղաքական, ո՛չ տարածաշրջանային, ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ արցախեան հարցի կարգաւորման տեսանկիւնից` Մոսկուա-Քիեւ խորացող լարուածութիւնը Հայաստանին, վնասից բացի, որեւէ օգուտ չի բերելու: Հակառակը, այդ յարաբերութիւններում լարուածութեան պահպանումը հարուածելու է Հայաստանի կենսական շահերին:
Աշխարհաքաղաքական առումով, Ռուսաստան-Արեւմուտք իւրաքանչիւր հակասութիւն Հայաստանին կանգնեցնում է դժուարին ընտրութեան առաջ, քանի որ Հայաստանը աւանդաբար լաւ յարաբերութիւններ է պահպանում (կամ փորձում է պահպանել) ինչպէս Ռուսաստանի, այնպէս էլ Եւրոպական Միութեան ու Միացեալ Նահանգների հետ: Հայաստանի իշխանութիւնները միշտ ընդգծել են, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ իրենց յարաբերութիւնները կառուցելու են ոչ թէ նրանց շահերի հակասութիւնների, այլ համադրութիւնների եւ ընդհանրութիւնների վրայ: «Հայաստանը շարունակելու է շահերի համադրութեանն ու ներդաշնակեցմանն ուղղուած իր քաղաքականութիւնը», օրերս Եւրոպական ժողովրդական կուսակցութեան համաժողովի իր ելոյթում յայտարարել է Սերժ Սարգսեանը` ուքրանական ճգնաժամի հարցում չպաշտպանելով կամ չքննադատելով կողմերից որեւէ մէկին:
Պերլինի պատի փլուզումից յետոյ ուքրանական ճգնաժամը կարելի է համարել Ռուսաստան-Արեւմուտք ամէնից լուրջ տագնապը: Եթէ վերջիվերջոյ Խրիմը մարտի 16-ի հանրաքուէով որոշում ընդունի մտնել Ռուսաստանի կազմ, ինչը հաւանական տարբերակ է, ապա դա կը բերի ինչպէս Ուքրանիա-Ռուսաստան, այնպէս էլ Արեւմուտք-Ռուսաստան յարաբերութիւնների երկարատեւ եւ խորը ճգնաժամի: Արդիւնքում, ողջ արեւմտեան աշխարհը դուրս կը գայ Ռուսաստանի դէմ, ինչպէս Պաղ պատերազմի տարիներին: Բնականաբար, Ռուսաստանն էլ իր հերթին ձեւաւորելու է իր դաշնակիցների շրջանակը: Ահա այստեղ է, որ Հայաստանը կանգնելու է անելանելի ընտրութեան առաջ: Վլատիմիր Փութինը յիշաչար մարդ է, իսկ Հայաստանը Ռուսաստանին հակադրուելու ո՛չ միջոցները եւ ո՛չ էլ շռայլութիւնն ունի: Հայաստանը կը տուժի, եթէ Արեւմուտքում ընկալուի որպէս Ռուսաստանի ենթակայ ու հնազանդ գործընկեր:
Տարածաշրջանային զարգացումների իմաստով եւս Հայաստանը շահեկան վիճակում չի յայտնուի, եթէ ռուս-ուքրանական ճգնաժամը խորանայ: Որպէս Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմական (կրտսեր) գործընկեր եւ որպէս ռազմաքաղաքական Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ, անդամներն են` Ռուսաստան, Պիելոռուսիա, Հայաստան, Ղազախստան, Տաճիկստան, Խըրխըզիստան) անդամ, Հայաստանը գոնէ դիւանագիտական ասպարէզում ստիպուած է լինելու պաշտպանել Ռուսաստանին: Հայաստանի անմիջական հարեւանները` Թուրքիան, Վրաստանը (ոչ ուղղակի) եւ Ազրպէյճանը, որոնք տարիներ ի վեր վարում են Հայաստանը տարածաշրջանում տնտեսապէս մեկուսացնելու քաղաքականութիւն, Մոսկուա-Քիեւ ճգնաժամի հարցում հաւանաբար կը պաշտպանեն Քիեւին կամ կ՛որդեգրեն չէզոք, բայց ուքրանամէտ դիրքորոշում: Իրադարձութիւնների նման զարգացումը կարող է բերել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ազրպէյճան, Մոլտովա) կազմակերպութեան վերակենդանացմանը: Չկայացած այս կառոյցը խորքում ընդդէմ Հայաստանի է գործելու, ինչպէս նախկինում: Բաւական է յիշել, որ հէնց ՎՈՒԱՄ պետութիւններն էին տարբեր միջազգային կառոյցներում ընդդէմ Արցախի որոշումներ եւ բանաձեւեր առաջ տանում:
Ռուսաստան-Ուքրանիա առճակատումից Հայաստանը տուժելու է նաեւ տնտեսապէս: Ռուսաստանից յետոյ ԱՊՀ տարածքում Հայաստանի երկրորդ մեծ առեւտրային գործընկերը հէնց Ուքրանիան է: Ռուսաստանում մշտական եւ ժամանակաւոր գրանցում ունեցող հայերի թիւը շուրջ երկուսուկէս միլիոն է, այնքան, որքան Հայաստանի բնակչութիւնն է: Այլ տուեալներով` Ռուսաստանի տարածքում աւելի շատ հայեր են բնակւում (մշտական կամ ժամանակաւոր), քան Հայաստանում: Հայաստան մտնող դրամական փոխանցումների աւելի քան 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից: Կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսութեան մէջ կարեւորագոյն ճիւղը ոչ թէ հանքարդիւնաբերութիւնն է կամ գիւղատնտեսութիւնը, այլ` Ռուսաստանից ուղարկուող դրամական փոխանցումները, որոնք կազմում են Հայաստանի պետական պիւտճէի աւելի քան 60 տոկոսը: 2013-ի պաշտօնական տուեալներով, Ռուսաստանից դրամատների միջոցով Հայաստան ուղարկուած գումարները կազմել է 1,6 միլիառ տոլար: Բացի այդ, Ռուսաստանում աշխատող հայերը գումարները տուն են հասցնում նաեւ իրենց գրպաններում:
Եթէ Արեւմուտքը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դէմ եւ վարի նրան մեկուսացնելու քաղաքականութիւն, ապա Ռուսաստանի տնտեսութիւնը տուժելու է, հետեւաբար տուժելու են նաեւ այդ երկրում եղանակային աշխատանք իրականացնող հայերը: Արդիւնքում, տուժելու է Հայաստանի առանց այն էլ դանդաղող տնտեսութիւնը:
Հայերի թիւը Ուքրանիայում շուրջ 300 հազարի սահմաններում է, որից 20 հազարը` Խրիմում: Եղանակային աշխատանքի մեկնող հայերի համար Ուքրանիան Ռուսաստանից յետոյ երկրորդ ցանկալի պետութիւնն է: Բնականաբար ռուս-ուքրանական ճգնաժամից տուժելու են նաեւ հայերն ու Հայաստանը:
Խրիմի հնարաւոր անջատումը Ուքրանիայից եւ թերակղզու միացումը Ռուսաստանին որեւէ դրական ազդեցութիւն չի ունենայ արցախեան հարցի կարգաւորման գործընթացի վրայ: Ամենամեծ ցանկութեան դէպքում անգամ հնարաւոր չէ զուգահեռներ անցկացնել Արցախի եւ Խրիմի միջեւ: Գուցէ կարելի է միայն յիշատակել այն, որ 1921-ին նոր ձեւաւորուող Խորհրդային Միութեան առաջնորդներից Եոսիֆ Ստալինը Արցախը միացրեց Ազրպէյճանին, իսկ 1954-ին Խորհրդային Միութեան այն օրերի առաջնորդ Նիքիթա Խրուշչովը, ով ազգութեամբ ուքրանացի էր, Խրիմը նուիրեց Ուքրանիային: Մինչեւ 1954 թուականը Խրիմը` 27 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով թերակղզին, պատկանում էր Խորհրդային Ռուսաստանին:
Միամտութիւն է ակնկալել, թէ Խրիմի միացումը Ռուսաստանին օգտակար լինի Արցախի հարցում: Ռուսաստանը, ինչպէս եւ Արեւմուտքը, առաջնորդւում են իրենց եւ ոչ Հայաստանի կամ Արցախի շահերով, եւ այդ ճանապարհին անտեսում են հայկական շահը: 2008-ի օգոստոսին բռնկուեց ռուս-վրացական 5-օրեայ պատերազմը, որից երկու շաբաթ անց Ռուսաստանը ճանաչեց Հարաւային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախութիւնը: Ռուսաստանը սակայն որեւէ քայլ չարեց Արցախը ճանաչելու ուղղութեամբ: Նոյն` 2008-ի փետրուարին, Արեւմուտքը ճանաչեց Քոսովոյի անկախութիւնը, սակայն յստակ հասկացնել տուեց, որ Քոսովոյի ճանաչումը չի կարող լինել նախադէպային Արցախի համար: Պէտք է նաեւ հասկանալ, որ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, գրեթէ անհաւանական է, որ աշխարհում որեւէ պետութիւն ճանաչի:
Հայերը Խրիմում
Հայերի կապը Խրիմի հետ հարիւրամեակների պատմութիւն ունի: Դեռ 15-րդ դարում հայերի թիւը թերակղզում այնքան էր ստուարացել, որ օտարները Խրիմի հայաշատ հարաւարեւելեան հատուածը անուանում էին Armenian maritima, այսինքն` ծովային Հայաստան: Պատմութեան այդ շրջանում Խրիմում բնակչութեան մեծամասնութիւն էին կազմում թուրքալեզու թաթարներն ու հայերը: Այսօր հայերի թիւը շուրջ 20 հազար է: Թերակղզում գործում են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մարզամշակութային միութիւններ: Այսօր Խրիմի բնակչութեան մօտ 60 տոկոսը ռուսեր են: Թուաքանակով երկրորդ եւ երրորդ համայնքները ուքրանացիներն ու թաթարներն են` համապատասխանաբար 24 եւ 12 տոկոս:
Յատուկ «Ազդակ»-ի համար

