ՄԱՐԻ-ՌՈԶ ԱՊՈՒՍԵՖԵԱՆԻ ՆՈՐ ԱՅՑԸ

Մարի Ռոզ Ապուսեֆեան… Անուն մը, որ իր մէջ կը պարփակէ հայոց պատմութեան եւ հայ ժողովուրդի կեանքի ամէնէն յատկանշական էջերն ու դէպքերը, դէմքերն ու իրադարձութիւնները, որովհետեւ իր ուրոյն արուեստով ան բեմ կը բարձրացնէ հայ ժողովուրդի պահանջատիրութիւնը, գոյամարտը, վրէժխնդրութիւնը, կեանքն ու մահը, սէրն ու ցաւը…

Մարի Ռոզ Ապուսեֆեանի արուեստին հաղորդակից դառնալու, անոր հետ հայութեան կեանքի իւրայատուկ պահերը ապրելու առիթը ունեցաւ Հայաստանի եւ Արցախի հայութիւնը, որովհետեւ մայիսին արուեստագիտուհին հոն կը գտնուէր:

Հայրենի «Ազգ» օրաթերթին հետ ունեցած հարցազրոյցին ընթացքին, ի միջի այլոց, իր ստեղծած կերպարներէն ամէնէն արժէքաւորին առնչուող հարցումի մը պատասխանելով` Մարի Ռոզ Ապուսէֆեան կ՛ըսէ. «Իմ ստեղծած կերպարներս հաւասարապէս սիրելի են ինծի, քանի որ զանոնք ստեղծելու պահէն իսկ կ՛ապրիմ անոնց հետ, եւ անոնք կ՛ապրին մէջս: Ինծի համար ե՛ւ Յովհանը, ե՛ւ Սանանը, ե՛ւ «խենթ» բանաստեղծը, ե՛ւ Անդրանիկը, Դրոն, Բագրատեանը, Թեհլիրեանը, Զօհրապը, Վարուժանը, ո՞ր մէկը թուեմ, բոլորն ալ իմ էութեանս մէջ թրծուած էակներ են: Ես հաւատում եմ, որ այդ պահուն ես իրենք եմ, այդ անձերը, եւ այդ հաւատքով բեմ կը բարձրանամ»:

… Եւ որովհետեւ այդ հաւատքով բեմ կը բարձրանայ Մարի Ռոզ Ապուսեֆեան կը գերէ, կը հիացնէ եւ կը տանի դէպի խորերը պատմութեան:

Երեւանի մէջ անոր տուած ներկայացումներուն ձգած տպաւորութեան մասին լաւագոյնս կարելի է հաղորդուիլ «Գրական թերթ»ին մէջ լոյս տեսած եւ Վարսիկ Գրիգորեանի գրիչին պատկանող յօդուածին ընդմէջէն, զոր կը ներկայացնենք ստորեւ:

«Ա.»

 

Մարի Ռոզ Ապուսեֆեան

Անսպասելի, անկանխատեսելի էր այս այցը. եկաւ ոչ միայն ազգային նորագոյն մտահոգութիւնների լոյսով յղկուած-նորացուած «Մուսալեռով», այլեւ գրականա-գիտական լուրջ աշխատութեամբ` նուիրուած մեր գրականութեան բարդ, ամէնից քիչ լուսաբանուած գրողին` Յակոբ Օշականին, գիրք, որն ուղղորդող մեծն գրականագէտ Սերգեյ Սարինեանի նախաբան-յանձնարարականը արդէն իսկ արժեւորում է:

 

«Մուսա լերան 40 օրերը» փայլուն ներկայացումից յետոյ սկսեցի գրել եւ պահանջ զգացի ինչ-ինչ հարցեր ճշդելու, բայց նա չկար. նետուել էր Արցախ` խաղալու, բանախօսելու, հանդիպելու իր սիրելի արցախցիներին: Այսպիսին է ոտքից գլուխ հայրենակարօտ ու հայրենաբաղձ այս կինը. ի՛նչ հանգիստ, երբ այնքան հոգս ու գործ կայ… Իսկ մենք ամէն տարի մայիսին սպասում ենք նրան. ինքն է սահմանել դա` իր անխոտոր հաւատարմութեամբ, անսակարկ ազգասիրութեամբ: Եւ ամէն անգամ այնպիսի նոր ու ինքնատիպ, ազգային թանկ մասունք իմաստաւորող բեմական պատումներով, որոնք նա պատրաստում է պատմաբանասիրական խորունկ պրպտումներով կերպարների ու հոգու նրբաշերտերի կանացի (իմա` ոսկերչական) վերծանումներով եւ, ի հարկէ, ժանրային թափանցումներով ու դրամատուրգիական կանոնացուած կառոյցով: Իսկ դրանց բեմական իրացման, արտիստական կատարման մասին կարելի է խօսել միմիայն արուեստաբանական բարձրագոյն չափորոշիչներով, որոնք նոյնպէս ինքն է սահմանել: Մեզ յայտնի է գրական եւ մենաթատրոնի բովանդակային ու ձեւական կառոյցի չափը. այն մէկ ժամից քիչ աւելի կամ պակաս է լինում, բայց Մարիի մենաներկայացումները ընթանում են երկու մասով եւ մօտ երեք ժամ: Սա արդէն մրցանիշ է, եւ որպէսզի մեր ընթերցողը լաւ պատկերացնի այդ ժանրի պատմութիւնը, ասենք, որ այն անտիկ աշխարհից է գալիս, երբ մէկ դերասանը զգեստափոխումով տարբեր գործող անձանց էր ներկայացնում: Ինչ-որ ժամանակ այն տարրալուծուեց գրական թատրոնի մէջ, սակայն իսպառ չմոռացուեց, քանզի բեմական խոշոր անհատների համար շատ գրաւիչ էր:

Եւ, այնուամենայնիւ, այդ ամէնի բաղդատութեամբ Մարի-Ռոզի մենաթատրոնը շատ ուրոյն է ու եզակի: Դա մի ամբողջ թատրոն է, ուր բեմական յարակից բաղադրիչները հաւասարազօր են բեմադրական հնարների հաշուարկում եւ մեծապէս օգնում են պատումի գեղարուեստական կերպարի ամբողջացմանը: Տեսապատկերային, երաժշտա-հնչունային, ստուերի ու լոյսի խաղեր եւ օժանդակ աղմուկներ, որոնք արուեստագիտուհուն օգնում են մթնոլորտի ու տրամադրութեան ստեղծմանը, նաեւ` ելեկտրո-արհեստագիտական հնարներ, որոնք մեծագոյն ճշգրտութեամբ կիրարկում է նրա կեանքի հրաշալի ընկերը` ճարտարագէտ Արմէն Շամամեանը` իր համագործակցութեամբ: Այդպիսին են նրա բոլոր պատումները. «Այս երեկոյ Վ. Տէրեանի հետ», «Կարսից Տրոյայ», «Մոռանա՞լ Եղեռնը», «Տատրագոմի հարսը», «Կոստան Զարեան», «Մ. Զարիֆեան եւ Աւ. Իսահակեան», «Խենթը», «Ծակ պտուկը», «Մնացորդացը», «Անլռելի զանգակատունը», «Եւ այդ թուին էր», «Սողոմոն Թեհլիրեանի դատավարութիւնը», «Պարոյր Սեւակի մեծ սէրը», «Գր. Զոհրապ. Գողգոթայի ճանապարհին». մի հսկայ երկացանկ, որի մեծ մասը մենք վայելել ենք այստեղ` Երեւանում: Իսկ այս անգամ` Ֆ. Վերֆելի «Մուսա լերան 40 օրերը» երկմասեայ պատումը մեն մի հոգով եւ… քսան կերպարներով: Ինչպէս միշտ, այս անգամ էլ նա մեն-մենակ է բեմում եւ ներկայացումն սկսում է որպէս մեկնաբան-վարող: Իրեն յատուկ պարզ ու անկաշկանդ մուտքը, հեղինակի կեանքի ու գործի մասին հակիրճ ու սպառիչ տուեալները միմիայն ծանուցողական խնդիր չունեն. խելացի նպատակաբանութեամբ դրանք հանդիսատեսին փոխադրում են պատումի խոհական, յուզական աշխարհը: Գեղեցիկ ու նրբաճաշակ արուեստագիտուհին ուշադրութիւնը շեղող ոչ մի բան չի անում. բեմական է, համեստ ու արժանապատիւ: Մի ձեռքին միկրոֆոնն է, միւս ազատ ձեռքով է խաղում, ընդգծում ու շանթում: Գլխաւոր արտայայտչամիջոցը դէմքն է եւ ձայնը, խօսքը, որի իւրաքանչիւր բառն ու դադարը զարմանալի տարողունակ է դարձնում եւ աչքի համար այնքան կենդանի ու գերող, որ չես զգում ժամանակը: Դիւրի՞ն է մեն մի հոգով կերպաւորել երկու տասնեակ տարազան մտքի ու հոգու էակների: Ահա նրանցից մէկը. Բագրատեանի զառամեալ թուրք հարեւանը, որ ֆսֆսոցով հազիւ է խօսում, բայց իւրաքանչիւր բառը մի դրուագում է. «Այս պատերազմը Եւրոպան փաթաթեց մեր վզին` իր շահերի համար»: Հապա ինչպէ՜ս է տեսլացնում երկու` Ճեմալ եւ Էնուէր փաշաներին. սնապարծ ու ինքնագոհ, ծեքծեքուն դատողութեամբ, որն իսկոյն ցանուցիր է լինում յոյժ բարեկիրթ ու խելացի մտաւորականի` Լեփսիուսի անյաւակնոտ հիմնաւորումից. երկիրն ինչպէ՛ս է կրելու այն բոլոր տնտեսական-նիւթական կորուստները, որ խելացի ու հեռատես հայերի մեկուսացումն է բերելու… Հետեւում է պատասխանը, որ արտիստուհին մատուցում է յանց մտքի ու խօսքի սնամէջ արձագանգ… Արուեստագիտուհու մատուցմամբ մեզ տեսլանում են այս պատումի շատ հերոսներ` անկախ իրենց տարողութիւնից: Հնարաւո՞ր է «չտեսնել» հախուռն ու զուարթ Ստեփանին` Բագրատեանի միակ որդուն, որ անկասելի մղումով ուզում է օգտակար լինել աւագներին եւ աւաղ, ողբերգական վերջ ունենում:

Ապուսեֆեանը չի շահարկում դա` մեզ յուզելու լացացնելու. ընդհակառակը, ասես փութով է շարադրում պատմութիւնը եւ մեզ մղում առաւել բարդ ու կարեւոր գործընթացի: Ընդամէնը հինգ հազար մեծ ու փոքր մուսալեռցիներ, որ Բագրատեանի ուղղորդումով ցանկանում են բեկել իրենց ճակատագիրը: Նրանց միջից առանձնանում եւ առաջնագիծ են մղւում Բագրատեանը եւ Տէր Հայկազունը. զինեալ ու հոգեւոր ուժի հասկացութիւնները: Եւ պարզ ու անպաճոյճ խօսքով դու ճանաչում ես 19 տարի Եւրոպայում ուսանած-ծառայած, Փարիզում ընտանիք կազմած հայորդուն, որն իր համար խաղաղ ապրում էր, բայց յանկարծ ընկաւ հարազատ ափեր եւ կորցրեց ոչ միայն իր հանգիստը, այլեւ ապրեց ու շնչեց պապենական հողերը պահելու ամենակուլ գաղափարով: Պատումի նորօրեայ հեղինակը քանիցս տարբեր առիթներով հնչեցնում է «պապենական հողեր» բառերը ու դարձնում մի առանցք, որին լծորդում է ազգային, պաշտպանական, գոյաբանական բոլոր խնդիրները: Եւ ինչպէս է հաղորդում կանոնաւոր զինեալ բանակի դէմ մահու եւ կենաց կռուի մտած մի բուռ հայութեան վիճակի աստիճանական ծանրանալը, փոքր մի յոյսով թեթեւացնում ծանրացած շնչառութիւնդ եւ կրկին սուզում տագնապի մէջ… Դրամատուրգիական կուռ կառոյցով Ապուսեֆեանը շարժում էր գործողութիւնը` քեզ ականատես դարձնում մարդկային նկարագրերի ուրոյն ձեւաւորմանը: Ես յիշում եմ նախորդ տարբերակը, որ Մարին ստեղծել էր 1987-ին: Այնտեղ իրադրութեան յուզական արտասովոր շիկացումն ու կերպարներն էին գունեղ կտաւ դարձել, սրել մարդկանց փրկելու գոյատեւելու անյագ տենչը: Ցնցող էր նաւերի յայտնուելուն յաջորդած «Փրկուա՜ա՜ծ ենք» աղաղակը, որ բոլոր ձայնանիշներով բարձրանալով պայթեց մեր օփերային հսկայ թատրոնի կամարների տակ` խոնաւացնելով բոլորիս աչքերը… Անհնար է հաղորդել սրահի յուզմունքն ու շիկացումը… Տարիներ անց ես տագնապի դողով էի սպասում այդ հատուածին: Դա մի բառ էր, որ ինչպէս Յովհաննէս Աբելեանն էր ասում, «ռումբի պէս պայթեց սրահում»: Այդպէս էր եւ այս անգամ: Հոգու լլկում, խինդ, արցունք, ապրելու յոյս… Ապրելու եւ ազգի փշուրները` հանց ոսկի հունտեր, աշխարհով մէկ սփռելու, ծլարձակելու յոյս… Չեմ թաքցնի, որ իմ շարադրանքի յուզական-դրամատիկ լիցքերը գալիս են Մարի-Ռոզի պատումի եւ արուեստական արարումի ծալքերից: Գուցէ այս տարուան «Մուսա լեռը» համեմատաբար խոհական-վերլուծական ուղղուածութիւն ունէր (գուցէ եւ մե՞նք էինք մի քիչ մեծացել), միեւնոյն է. ամբողջ կտաւը վերստին մեծածաւալ վէպի բեմական այնպիսի կառոյց էր, ուր զուգակցուած էր էպիկականն ու դրամատիկականը, ճաշակով ու խելացի նժարուած` գլխաւորն ու ածանցեալը, միտքն ու զգացմունքը, ասելիքի այսօրուան եւ վաղուան կենսականը: Ապուսեֆեան-հեղինակը հէնց սկզբից հնչեցրած «պապենական հողերի» հարցը յետոյ պատումի բանուածքում դարձնում է հիմնաթել, որն առանձին դրուագներում եւ յատկապէս Բագրատեանի խօսքում վերածւում է հանգոյցի` խարսխուելով մեր պահանջատիրութեան հարցին. մէկը մէկին սերտաճած, բայց երբեք չածանցուող արժէքներ:

Յիշենք, թէ ինչպէս է հակադրութեան կիրարկումով Ապուսեֆեանը միասնութեան մասին խօսում: Բագրատեանը յորդորում է կնոջը հեռանալ. ծանր օրեր են սպասւում: Լուրջ ու հոգսաշատ, մայրենի բարբառի հեռաւոր նրբերանգով տղա-մարդու հեռատես յորդորը եւ Ժուլիետի անհոգ, ասես «թիթեռային» պատասխանը: Այսպէս է դրուագում եւ ազգակիցների պաշտպանութեան բեռն ուսած Բագրատեանին գլխովին սուզում գրեթէ անյոյս ու անպատասխան խնդիրների մէջ: Այսպիսով պատումը եւ լերան կածաններում ծուարած հինգ հազարը դառնում են ամբողջ ազգի լինել-չլինելու խտացումը, որոնց փրկելու-ապրեցնելու բեռի տակ է յայտնուել իր մայրենի անտառի պէս կարծր ու անսասան զինուորականը: Մարի-Ռոզը հրաշալի գիտէ ժանրի պահանջները եւ կերպարը բացելու գաղտնիքը` նոյնպէս: Մեն մի դրուագում հայ կարծր տղամարդուն նա ծաղկի պէս քնքշօրէն առնում է իր ափի մէջ եւ ետ տանում ներսի հրաշքը ծածկող քողը… Անհամար հոգս ու ցաւից գնդուած սիրտը հալուել է հայ պարմանուհու` Իսկուհու հիացումից` սիրուց… Դարձեալ այս պատումի հեղինակի միջամտութիւնը, որ հատում է դրուագը եւ հերոսին տանում խորհրդածութիւնների. միմիայն հայրենակցուհուդ հետ կարող ես լիակատար երջանկութիւն ունենալ… Համանման արեան, կարօտ ու ցաւի մարդիկ կարող են միմեանց երջանիկ դարձնել: Հակառակն աչքի առջեւ է. անհոգ օտարուհին ի՛նչ կ՛իմանայ քո կարօտի, մաքառումի ու յաղթանակի քաղցրութիւնը: Այստեղ մեր սիրելի Մարին յայտնւում է անսպասելի ափում եւ ահա թէ ինչու: Նկատուած է, որ հայ աղջիկները օտարների հետ ընտանիք կազմել չեն սիրում եւ նախընտրում են միայնակ մնալ. շատ ծանր բան: Իսկ հայ երիտասարդութիւնը դիւրութեամբ նուաճւում է օտարներից: Ի հարկէ, յետոյ սուր ու խորն է զգում անհամատեղելիութիւնը, բայց ուշ է. երեխայ կայ… Կեանքը դառնում է ոչ թէ ապրել, այլ` գոյատեւել: Իր ազգի մեծ ու փոքր հոգսերով ապրող Մարին չէր կարող լռելեայն անցնել հայ ընտանիքների ու կանանց համար ցաւագին այս երեւոյթի կողքով: Եւ չանցաւ: Անցեալ տարուայ «Գողգոթայի ճամբաներով» ներկայացումն աւարտեց Գրիգոր Զոհրապի վերջին նամակով, որը նրան բերել էր նոյնպիսի ճամբաներ կտրած ֆրանսիական դեսպանի սքանչելի կինը` տիկին Մորուան: Հայրը զաւակներին յորդորում է իրենց հպարտ զգալ ու արժանապատիւ կրել հայի անունը եւ «հայ ընտանիք ստեղծել»: Այս տարուան «Մուսա լեռը» սկզբից մինչեւ վերջ պապենական հողերի պահանջատիրութեանը զուգակցում է «հայրենակցուհու հետ երջանկութիւն» գտնելու գաղափարը… Այս անգամ մեր սիրելի, անուշ քոյրը բարձրաձայնում է այն, ինչ բոլորս ենք զգում, բայց նրբանկատօրէն լռում ենք: Իսկ ինչո՞ւ լռել, երբ խօսքը ազգի յարատեւման, ինչո՞ւ չէ, հայ կնոջ ու դստեր երջանկութեանն է վերաբերում: Հարցրէք նաեւ «շփոթուած» երիտասարդներին եւ, կարծում եմ, հակառակը չէք լսի: Այսքան բան:

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐԵԱՆ

«Գրական թերթ»
թիւ 21

 

Share this Article
CATEGORIES