«Հրաշալի Քառեակի» Օրակարգը Սերժ Սարգսեանի Դիրքերը Թուլացել Են

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Իր նախագահութեան վեց տարիների ընթացքում Սերժ Սարգսեանի դիրքերը այսօր, առաւել քան երբեք, թուլացել են: Արդարացուած է անգամ ասել, որ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ կայ, թէեւ իշխող Հանրապետական կուսակցութիւնը որակական մեծամասնութիւն ունի խորհրդարանում: Այսօրուայ ներքաղաքական ճգնաժամը երկու յատկանշական բնութագրիչ ունի. առաջին` տնտեսական վիճակը լաւ չէ, երկրորդ` իշխանութիւնների նկատմամբ խորացել է անվստահութիւնը: Իշխանութիւններից դժգոհ են ոչ միայն հասարակութեան լայն շերտերը եւ ընդդիմադիր ու ոչ իշխանական կուսակցութիւնները, այլ դժգոհութիւն կայ նաեւ իշխող համակարգի ներսում: Այս ամէնին աւելանում է նաեւ այն իրողութիւնը, որ Սերժ Սարգսեանը այլեւս չունի Արեւմուտքի` Միացեալ Նահանգների եւ Եւրոպական Միութեան երկրների աջակցութիւնը, ինչն ունէր «ֆութպոլային դիւանագիտութեան» օրերին: Ճիշդ է նաեւ, որ Եւրոպական Միութեան հետ անցնող աշնանը Ընկերակցութեան համաձայնագիրը չստորագրելուց եւ Մաքսային միութեանը անդամակցելու ցանկութիւն յայտնելուց յետոյ Սարգսեանը ունի Վլատիմիր Փութինի աջակցութիւնը: Հայաստանի ներքաղաքական կեանքում Ռուսաստանը չափազանց կարեւոր գործօն է:

Արդէն նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանի հրաժարականը ցոյց է տալիս, որ Սերժ Սարգսեանը փորձում է մեղմել իր եւ իշխանութիւնների հանդէպ հասարակութեան զայրոյթն ու կանխել ընդդիմութեան անկանխատեսելի գործողութիւնները: Յայտարարութիւնները եւ հաւաստիացումները, թէ իբր վարչապետը աւելի վաղ էր ներկայացրել հրաժարական, իրականութեան հետ կապ չունեն: Սերժ Սարգսեանը պահանջեց Տիգրան Սարգսեանի հրաժարականը մէկ հիմնական պատճառով` կանխելու խորհրդարանի ոչ իշխանական չորս կուսակցութիւնների համատեղ գործողութիւնները: Ապրիլի վերջին «Բարգաւաճ Հայաստան», ՀՅԴ, Հայ ազգային քոնկրես եւ «Ժառանգութիւն» կուսակցութիւնները նախատեսել էին եռօրեայ հանրահաւաք մէկ միասնական օրակարգով` Տիգրան Սարգսեանի հրաժարականը:

Անկասկած, ոչ իշխանական այս չորս կուսակցութիւնները, որոնց առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը տուել է «հրաշալի քառեակ» անունը, միմեանց հետ առանձին-առանձին ունեն տարակարծութիւններ եւ հակասութիւններ: Երբեմն այդ հակասութիւնները շատ խորն են: Սակայն «հրաշալի քառեակ»-ի ուժը հէնց նրանում է, որ ունենալով ներքին հակասութիւններ` այդ կուսակցութիւնները կարողացան ձեւաւորել մէկ միասնական օրակարգ, որից իշխանութիւնը վտանգ զգաց: Ահա այդ վտանգի գիտակցումը բերեց Տիգրան Սարգսեանի «զոհաբերմանը»:

Տիգրան Սարգսեանը, որպէս վարչապետ, պէտք էր հրաժարական տար աւելի վաղ: Նա պէտք էր հրաժարական տար դեռ 2008 կամ 2009 թուականին, երբ ճիշտ չհաշուարկեց միջազգային տնտեսական ճգնաժամի հնարաւոր հետեւանքները Հայաստանի տնտեսութեան համար: Տիգրան Սարգսեանը յայտարարում էր, որ այդ ճգնաժամը չի հարուածելու մեր երկրին եւ Հայաստանը լինելու է «անվտանգ կղզի» փոթորկուող ովկիանոսում: Այդ անպատասխանատու հանգստութեան պատճառով էր նաեւ, որ 2009-ին Հայաստանը արձանագրեց աւելի քան 14 տոկոս տնտեսութեան անկում: Այդ նոյն տարում` մէկ օրուայ ընթացքում, հայկական դրամը արժէզրկուեց աւելի քան 20 տոկոսով: Տիգրան Սարգսեանի վարչապետութեան վեց տարիները աղէտալի էին Հայաստանի համար: Ներկայացնենք միայն մի քանի մաքրոտնտեսական թուեր: Եթէ 2008-ին Հայաստանի Հնա-ն (համախառն ներքին արդիւնք) կազմում էր 11.6 միլիառ տոլար, ապա 2013-ին այն 10.4 միլիառ էր: Այսպիսով, վեց տարուայ ընթացքում Հայաստանը չի կարողացել հասնել նախաճգնաժամային` 2008-ի ցուցանիշին: Եթէ 2008-ին մէկ շնչի հաշուով ՀՆԱ-ն մօտեցել էր 4.000 տոլարին, ապա 2013-ին այն ցածր էր 3.500 տոլարից: Եթէ 2008-ին Հայաստանի արտաքին պարտքը կազմում էր մօտ 1.5 միլիառ տոլար, ապա 2013-ին այն գրեթէ 4 միլիառ տոլար է: Եւ վերջապէս, եթէ 2008-ին Հայաստանում օտարերկրեայ ուղղակի ներդրումները կազմում էին 1 միլիառ տոլար, ապա 2013-ին ընդամէնը 270 միլիոն էին:

Այս թուերը խօսուն են: Թուերից բացի, կան շատ այլ դառն իրողութիւններ: Այսպէս, Տիգրան եւ Սերժ Սարգսեանների համատեղ ղեկավարման տարիներին Հայաստանից հեռացել է բնակչութեան 8 տոկոսը` աւելի քան 200 հազար մարդ: Փոքր եւ միջին գործարարութիւնը շնչահեղձ է լինում: Վեց տարիների ընթացքում տնտեսական խոշոր որեւէ ծրագիր կեանքի չի կոչուել: Մխիթարական չեն նաեւ 2014 թուականի համար արուող տնտեսական կանխատեսումները:

Ահա այս ամէնի գիտակցումը բերեց «հրաշալի քառեակի» ձեւաւորմանը: Հայաստանում քաղաքական եւ հասարակական որոշ շրջանակներ թերահաւատութիւն յայտնեցին` նշելով, որ վարչապետի հրաժարականի պահանջը որեւէ բան չի փոխի եւ պէտք է պահանջել Սերժ Սարգսեանի հրաժարականը: «հրաշալի քառեակը», սակայն, Տիգրան Սարգսեանի հրաժարականը դիտում էր ոչ թէ լոկ մէկ իրադարձութիւն, այլ` երկարաժամկէտ գործընթացի մաս, որը կարող է բերել ամբողջական իշխանափոխութեան:

Կարեւոր է հասկանալ, թէ ինչ քայլեր է ձեռնարկելու «հրաշալի քառեակը» Տիգրան Սարգսեանի հրաժարականից յետոյ: Ահա հէնց այստեղ է, որ Սերժ Սարգսեանը փորձելու է «խաղալ» այդ ուժերի ներքին հակասութիւնների վրայ: Սարգսեանը փորձելու է ոչ միայն նշանակել մի վարչապետ, ով քիչ թէ շատ ընդունելի կը լինի խորհրդարանում ներկայացուած ոչ իշխանական կուսակցութիւնների համար, այլ փորձելու է ձեւաւորել մի կառավարութիւն, որում ընդգրկուած կը լինեն այդ ուժերի ներկայացուցիչները, այսինքն` ձեւաւորել քոալիսիոն կամ ազգային համաձայնութեան կառավարութիւն:

Սերժ Սարգսեանը, ունենալով որակական մեծամասնութիւն խորհրդարանում, հերթական անգամ նախարարութիւններ է առաջարկում ընդդիմութեանը: Սարգսեանի հիմնական «թիրախը» «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնն է, որովհետեւ այդ կուսակցութիւնը ոչ միայն երկրորդ մեծ խմբակցութիւնն ունի խորհրդարանում, այլ տիրապետում է ֆինանսական եւ մարդկային լուրջ միջոցների: Եթէ «Բարգաւաճ Հայաստանը» համաձայնուի մաս կազմել նոր կառավարութեանը, ապա դա կը լինի ամենալուրջ հարուածը «հրաշալի քառեակին»: Դա կարելի է համարել հարուած մէջքից: Պակաս կարեւոր չէ նաեւ ՀՅԴ-ի դիրքորոշումը: Սերժ Սարգսեանի եւ ՀՅԴ առաջնորդների հանդիպման ընթացքում դաշնակցականները ներկայացրել են իրենց ծրագրային 7 դրոյթները: ՀՅԴ-ն համագործակցութեան նախապայման է համարում այդ դրոյթները:

Եթէ Սարգսեանին յաջողուի կառավարութիւն կազմել «Օրինաց երկրի» եւ ՀՅԴ-ի հետ, ապա դրանից  ընդդիմութիւնը կը տուժի, սակայն ոչ այն  չափով, եթէ նոր կառավարութեանը միանայ «Բարգաւաճ Հայաստանը»: Վերջինիս ղեկավարների եւ Սերժ Սարգսեանի առաջին հանդիպման ընթացքում «Բարգաւաճ Հայաստանը» հրաժարուել է մաս կազմել նոր կառավարութեանը:

Շատ աւելի հասկանալի է Հայ ազգային քոնկրէսի եւ «Ժառանգութեան» դիրքորոշումը: Այս երկու կուսակցութիւնները, որոնք նոյնպէս ունեն լուրջ հակասութիւններ, որեւէ պայմանով մաս չեն կազմելու նոր կառավարութեանը: Նրանք մերժել են անգամ Սերժ Սարգսեանի հետ հանդիպելու առաջարկը: Լեւոն Տէր Պետրոսեանի եւ Րաֆֆի Յովհաննիսեանի գլխաւորած այս կուսակցութիւնները պահանջում են նոր ընտրութիւններ, ընդ որում ոչ թէ նախագահական, այլ` խորհրդարանական:

Եթէ Սերժ Սարգսեանը եւ իշխող Հանրապետական կուսակցութիւնը համաձայնուեն խորհրդարանական նոր ընտրութիւնների տարբերակին, պայմանաւ, որ դրանք չեն կեղծուելու, ապա նոր ընտրութիւնները կարող են լինել Հայաստանի ներքաղաքական դաշտը առողջացնելու եւ ներքաղաքական ճգնաժամը յաղթահարելու կարեւոր, բայց ոչ բաւարար նախապայմանը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES