Ռուսական «Հետքը Եւ Սպառնալիքը» Ջաւախքում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Խրիմի միացումը Ռուսաստանին, ինչպէս նաեւ Ուքրանիայի արեւելքում շարունակուող անջատողական շարժումները, որոնք ակնյայտօրէն խրախուսւում եւ հովանաւորւում են Մոսկուայից, մտահոգութիւններ են առաջացրել Հայաստանի հիւսիսային հարեւան Վրաստանում: Վրացական մամուլում տարածուեցին լուրեր, թէ իբր Ռուսաստանը Ջաւախքի հայերին բաժանում է անձնագրեր: Ակնարկը պարզ էր. եթէ պէտք լինի, ռուսները Վրաստանին կը հարուածեն Ջաւախքով: Անձնագրեր բաժանելու լուրերը հերքուեցին ինչպէս վրացական մամուլի, այնպէս էլ` Թիֆլիսի իշխանութիւնների կողմից:
Հայ Առաքելական եկեղեցու Ջաւախքի առաջնորդական ընդհանուր փոխանորդ հայր Բաբգէն Սալբիյեանը կարծում է, որ Խրիմի իրադարձութիւնների խորապատկերի վրայ փորձ էր արւում ստուգել, թէ ի՛նչ տրամադրութիւններ կան Ջաւախքում:
«Նոյնիսկ չկարողացան մէկ հատ ռուսական անձնագիր ցոյց տալ, որը այստեղ բաժանուել էր: Դրա մասին մենք խօսեցինք նաեւ Թիֆլիսում, ասացինք, որ Ջաւախքում որեւէ անջատողական գոյութիւն չունի, անջատողականները ապրում են Թիֆլիսում: Եւ եթէ դուք մտածում էք, որ Ջաւախքում կան անջատողական տրամադրութիւններ, ապա սխալւում էք: 2008-ի ռուս-վրացական պատերազմը ապացուցեց սա կրկին անգամ: Հայերը կարող էին այդ ժամանակ ինչ-որ բանից օգտուել, բայց Ջաւախքում եղաւ խաղաղութիւն, հանգիստ էր: Մարդիկ գիտակցում էին, եւ գիտակցութեան բարձր աստիճան կար նրանց մօտ», ասում է հայր Բաբգէնը:
1828-1829 թուականների ռուս-թուրքական հերթական պատերազմի արդիւնքում հայաբնակ Ջաւախքը Օսմանեան կայսրութիւնից անցաւ Ռոմանովների Ռուսաստանին: 1920-ական թուականներին Ջաւախքը մաս կազմեց Խորհրդային Վրաստանին: 1990-ականների սկզբին Վրաստանը անկախացաւ` իր կազմում ունենալով Ջաւախքը:
Մելս Թորոսեանը «Նոր ակունք» թերթի խմբագիրն է: Նա ասում է, որ անգամ այն տարիներին, երբ Ախալքալաքում գործում էր ռուսական ռազմակայանը, աշխուժ կապ այդ ռազմակայանի եւ ջաւախահայութեան ու տեղի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների միջեւ չի եղել:
2007 թուականին Ախալքալաքից դուրս բերուեց ռուսական ռազմակայանը: Ռուսական «հետքը եւ սպառնալիքը», սակայն, չի հեռանում վրացիների մտածողութիւնից:
«Մենք իրենց ասում ենք` միտք ունենայինք անջատուել, կ՛անջատուէինք 90-ական թուականներին, միտք ունենայինք` կ՛անջատուէինք 2008-ին, երբ ռուսները յարձակուեցին: Մենք միտք չունենք անջատուելու: Իսկ եթէ այսպէս շարունակուի, մեղքը ընկնում է ոչ թէ Ջաւախքի հայութեան, այլեւ Վրաստանի կենտրոնական իշխանութիւնների վրայ, որոնք վարում են հակահայ քաղաքականութիւն», ասում է Թորոսեանը:
Անցնող 25 տարիներին ջաւախահայութիւնը չի համարկուել Վրաստանին, սակայն միեւնոյն ժամանակ չի դրել Հայաստանին միանալու կամ Վրաստանից անջատուելու պահանջ, ինչը արեցին Աբխազիան եւ Հարաւային Օսեթիան: Աբխազական եւ հարաւ-օսական պատերազմների ընթացքում ջաւախահայութիւնը մի կողմ կանգնեց, իսկ 2008-ի օգոստոսեան հնգօրեայ պատերազմի ընթացքում չարեց քայլեր, որոնք կ՛ընկալուէին հարուած թիկունքից:
Մելս Թորոսեանը բացատրում է, թէ ինչո՛ւ Ջաւախքը չի ուզում անջատուել Վրաստանից. «Մենք ազատութեան դրօշ չենք բարձրացրել, քանի որ չենք ուզում Հայաստանի ճանապարհը Վրաստանով փակել: Սա էլ ենք ասում իրենց: Մենք չենք ուզում մեր եղբայրներին` հայերին, Հայաստանը, շրջափակման օղակում տեսնել»:
Արտակ Գաբրիէլեանը Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհրդի համակարգողն է: Նա ասում է, որ ջաւախահայութիւնը բազմիցս ապացուցել է իր հաւատարմութիւնը Վրաստանի պետութեան հանդէպ: «Նախ ասեմ, որ մեզ համար զարմանալի չէ, քանի որ յետխորհրդային շրջանում բազմիցս նման դէպքեր եղել են, երբ չեղած տեղը ջաւախքցիներին մեղադրել են անջատողականութեան մէջ: Հիմնականում դա արւում է որոշ քաղաքական ուժերի կողմից: Եւ զարմանում եմ, թէ ինչո՛ւ Ջաւախքը շրջանառւում է, իսկ Աճարիան` ոչ: Կամ Քուէմօ Քարթլին, որն ազրպէյճանցիներով է բնակեցուած», ասում է Գաբրիէլեանը:
Դաւիթ Ռստակեանը Ախալքալաքում գործող, սակայն գրանցում չունեցող «Վիրք» կուսակցութեան համահիմնադիրն է: Նա ասում է, որ Խրիմի եւ Ջաւախքի միջեւ կապ չի կարող լինել: «Ցաւօք, վրացական քաղաքական վերնախաւը, ապաշնորհ լինելով սատարել ջաւախահայութեան իրաւունքներին, միշտ փորձում է մեր հետ կապուած ցանկացած իրավիճակ բացատրել ռուսների յարձակումով ու ռուսներով ընդհանրապէս: Պէտք է յստակ հասկանալ, որ Ջաւախքը յստակօրէն ունի իր ինքնութիւնը պահելու խնդիրներ, իսկ քանի որ դրանք չեն համապատասխանում վրաց իշխանութեան վարած տրամաբանութեանը, իրենց վարած քաղաքականութիւնը բացատրում են Ռուսաստանով, Գերմանիայով, Միացեալ Նահանգներով», նշում է Ռստակեանը:
Ռստակեանը այն ջաւախահայերից է, ով Ջաւախքի իրաւունքների համար խօսում եւ պայքարում է ոչ թէ Երեւանից կամ Մոսկուայից, այլ` Ախալքալաքից: Նրա խօսքերը կարող են հնչել որպէս հակավրացական, սակայն, էութեամբ, նա հակավրացի չէ: Նա, ինչպէս եւ ջաւախահայութիւնը, ուզում են Ջաւախքում ապրել որպէս լիարժէք հայ` առանց խտրականութեան, առանց ձուլման վտանգի:
Հայաստանում երկքաղաքացիութեան օրէնքի ընդունումից յետոյ Ջաւախքի հայութիւնը ամէնից շատն է օգտւում այդ հնարաւորութիւնից: Պատճառներից հիմնականն այն է, որ ջաւախահայերը հէնց Հայաստանի անձնագրերով են մեկնում Ռուսաստան, որպէսզի աշխատանք գտնեն եւ կերակրեն իրենց ընտանիքներին: Թէեւ Ռուսաստան-Վրաստան յարաբերութիւններում նկատւում է լարուածութեան թուլացում, սակայն Վրաստանի քաղաքացիների, այդ թւում ջաւախահայութեան համար դեռեւս դժուար է ստանալ ռուսական այցեգիր:
Յատուկ «Ազդակ»-ի համար

