Հայկազեան Համալսարանի Մարզական Խումբերը Յաղթանակներով Վերադարձան Հայաստանէն

Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հետ
Հայկազեան համալսարանի մարզական պատուիրակութիւնը 25 ապրիլ 2014-ի երեկոյեան Հայաստանէն վերադարձաւ Լիբանան: Խումբերը կատարեցին 12 մրցում, որոնցմէ 7-ն յաղթանակով, 1-ը` հաւասարութեամբ եւ 4-ը` պարտութեամբ աւարտեցան:
Հայկազեան համալսարանը ներկայացնող խումբերուն արձանագրած արդիւնքները.
| Աղջկանց ֆութսալ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան | 4-0 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան | 2-1 |
| Տղոց ֆութսալ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան | 6-7 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան | 2-2 |
| Աղջկանց պասքեթպոլ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան | 50-39 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան | 72-24 |
| Տղոց պասքեթպոլ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան (Ա. խումբ) | 48-61 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան (Բ. Խումբ) | 59-20 |
| Աղջկանց փինկ փոնկ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան | 0-3 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան | 1-3 |
| Տղոց փինկ փոնկ | |
| Հայկազեան համալսարան – Երեւանի պետական համալսարան | 3-1 |
| Հայկազեան համալսարան – Մանկավարժական համալսարան | 3-0 |
Հայկազեան համալսարանի այս ճամբորդութիւնը ապրիլի այս շրջանին ծրագրուելուն պատճառներէն մէկը Հայոց ցեղասպանութեան 99-ամեակի Հայաստանի մէջ ոգեկոչման ներկայ գտնուիլն էր: Արդարեւ, Հայկազեան համալսարանի ուսանողները առիթը ունեցան մասնակից դառնալու Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման տարեկան քայլարշաւին, երբ հազարաւոր հայեր աշխարհի բոլոր կողմերէն ժամանած` Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան յուշակոթող կ՛ուղղուին ու անմար բոցին կից ծաղիկ կը զետեղեն ի յարգանք ցեղասպանութեան նահատակներուն: Քայլարշաւին իբրեւ Հայկազեան համալսարանի ուսանողներ մասնակցելու հանգամանքը կ՛արտացոլէր նոր սերունդին մօտ արդարութեան եւ միջազգային ճանաչման, ինչպէս նաեւ հայկական իրաւունքներուն վերատիրանալու ցանկութիւնն ու ոգին:
Հայկազեան համալսարանի ուսանողները առիթը ունեցան հայկական հարուստ մշակոյթին ծանօթանալու եւ այցելելու զանազան պատմական ու զբօսաշրջային վայրեր, ինչպէս` Սեւանայ լիճ, Դիլիջան, Էջմիածին` Զատկուան տօնին, Սարդարապատ, Գեղարդ, Գառնի, Մայր Հայաստանի յուշարձան, Խոր Վիրապ եւ այլն:
Հայկազեան համալսարանի ուսանողութենէն պատուիրակութիւն մը այցելեց նաեւ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանին:

