Տեսակէտ. Պարոն Սարգսեան, Գուցէ Դո՞ւք Գնաք Պոլիս

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայաստանը, Հայաստանի նախագահը եւ Հայոց ցեղասպանութեան հարցը համաշխարհային լրատուամիջոցների ուշադրութեան կիզակէտում կը յայտնուեն, եթէ 2015 թուականի ապրիլի 24-ին Սերժ Սարգսեանը մի քանի ժամով մեկնի Պոլիս, որտեղ այդ օրը, վեցերորդ անգամ, Հայտարփաշայ կայարանում եւ Թաքսիմ հրապարակում մի քանի հարիւր, գուցէ մի քանի հազար շարքային քաղաքացիներ` հայեր, թուրքեր, քրտեր, ոգեկոչելու են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ամէնից ազդեցիկ, արդարացուած եւ հաշուարկուած քայլը կը լինի Սերժ Սարգսեանի Պոլիս մեկնելը:

Ով էլ որ ընտրուի Թուրքիայի նախագահի պաշտօնում այս տարուայ օգոստոսին կայանալիք ընտրութիւններում, Երեւան չի գայ: Եթէ Սերժ Սարգսեանին եւ նրա վատ խորհրդատուներին թւում է, թէ Թուրքիայի նախագահին Հայաստան հրաւիրելը հանճարեղ քայլ է, նրանք չարաչար սխալւում են:

Նախ, որեւէ երկրի նախագահի կամ պաշտօնեայի պէտք չէ հրաւիրել Երեւան, որպէսզի նա մասնակցի 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողութիւններին: Դա համահայկական տօն չէ: Դա համահայկական սուգ է: Իսկ սուգին չեն հրաւիրում: Այո՛, տեղեկացնում են օրը, ժամը, վայրը, բայց չեն հրաւիրում: Մանաւանդ` Թուրքիայի նախագահին: Ու մանաւանդ` Երեւան: Ու մանաւանդ` առերեսուելու:

Ամենախորհրդանշական վայրը Հայտարփաշայ կայարանն է, որտեղից 1915թ. ապրիլին Այաշի, Չանքըրըի ու այլ սպանդանոցների ճամբորդութեան ուղարկուեց արեւմտահայ մտաւորականութիւնը: Առանց PR-ի, առանց ամպագոռգոռ յայտարարութիւնների` պէտք է վեր կենալ ու գնալ Պոլիս: Կանգնել այնտեղ հաւաքուած հայերի, թուրքերի ու քրտերի շարքերում, մի ձեռքին պահել Վարուժանի նկարը, միւս ձեռքում` մի մոմ:

Թուրքիայի նախագահին հրաւիրելը պարապ գործ է:

Այնուամենայնիւ, եթէ ուզում էք (ո՞վ չի ուզում), որ թուրք բարձրաստիճան պաշտօնեաները բռնեն  Ծիծեռնակաբերդի բարձունքի դժուար ճամբան, մի փունջ ծաղիկ դնեն ու գլուխ խոնարհեն մէկուկէս միլիոն նահատակների յիշատակին, ապա դա կարելի է մէկ այլ օր էլ առաջարկել:

2008-ի սեպտեմբերի 6-ին Ապտիւլլա Կիւլը Երեւանում էր: Միասին ֆութպոլ էիք դիտում: Ծիծեռնակաբերդի բարձունքն էլ հեռու չէր: Առաջարկե՞լ էք միասին գնալ: Եթէ այո, ապա ի՞նչ պատասխան էք ստացել ձեր «խիզախ» թուրք պաշտօնակցից (չակերտներում նշուած բառը դուք էք օգտագործել):

2009-ի ապրիլին արտաքին գործերի նախկին նախարար Ալի Պապաճանն էր Երեւանում: Հայաստանի թիւ մէկ դիւանագէտը առաջարկե՞ց իր թուրք գործընկերոջը բարձրանալ Ծիծեռնակաբերդ: 2013-ի դեկտեմբերին արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն էր Երեւանում: Գուցէ նրա՞ն առաջարկուէր:

Ու հիմա, երբ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները ամենացածր կէտի վրայ են, հայ եւ թուրք դիւանագէտներն ու պաշտօնեաներն անգամ միմեանց հասցէին դիւանագիտական պարկեշտ  բառապաշար չեն օգտագործում, Թուրքիայի նախագահին հրաւիրելը անկեղծ չի ընկալուելու` ո՛չ Թուրքիայում, ո՛չ միջազգայնօրէն: Անգամ` Հայաստանում, չհաշուած պաշտօնական քարոզչութիւնը:

Ճիշդը ձեր Պոլիս մեկնելն է, պարո՛ն Սերժ Սարգսեան: Հայտարփաշայ կայարան: 2015-ի ապրիլի 24-ին: Դա կը լինի անսխալ քայլ: Նաեւ` արդարացուած, խիզախ, յուզիչ:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES