Ես Յոգնել Եմ, Ես Հեռանում Եմ
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յունիսի 12-ին եւ 13-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցաւ հայ-ազրպէյճանական հերթական հանդիպումը, որին մասնակցում էին լրագրողներ, փորձագէտներ եւ հասարակական գործիչներ` Ազրպէյճանից, Հայաստանից, Արցախից, ինչպէս նաեւ եւրոպական երկրներից: Հանդիպումը կազմակերպել էր Եւրոպական Միութիւնը: Երկօրեայ ծրագրի շրջանակներում տեղի ունեցաւ նաեւ բրիտանացի ճանաչուած լրագրող, ամերիկեան «Քառնեկի» կենտրոնի աւագ փորձագէտ Թոմաս տէ Վաալի «Սեւ այգի» գրքի ռուսերէն հատորի նոր հրատարակութեան շնորհահանդէսը: Մասնակիցների եւ կազմակերպիչների միջեւ ձեռք էր բերուել պայմանաւորուածութիւն, ըստ որի, համաժողովում հնչած ելոյթները կարող են հրապարակային դառնալ, բայց չի կարելի նշել, թէ ո՛ւմ կողմից է հնչել տուեալ միտքը: Ղարաբաղեան կարգաւորման շուրջ մի քանի քննարկումներ բաց էին, հետեւաբար դրանք կարելի է հրապարակայնացնել:
Վրաստանի Ազգային գրադարանում յունիսի 13-ի երեկոյեան կայացած միջոցառումներից յետոյ ես որոշեցի այլեւս չմասնակցել ղարաբաղեան եւ հայ-թուրքական քննարկումների: Որպէս լրագրող եւ գրքերի հեղինակ 1999-ից ի վեր, այսինքն` արդէն 15 տարի, ես բազմաթիւ անգամներ նման քննարկումների եւ բանավէճերի մասնակցել եմ` Երեւանում, Ստեփանակերտում, Պաքւում, Անգարայում, Պոլսում, Փարիզում, Լոնտոնում եւ աշխարհի բազմաթիւ այլ քաղաքների փորձագիտական կենտրոններում: Գրեթէ իւրաքանչիւր նման հանդիպումից յետոյ ինքս ինձ ասել եմ, որ այս մէկը վերջինն է եւ այլեւս չեմ մասնակցի նման քննարկումների, որոնք լայն հաշուով ոչ թէ քննարկումներ են կամ երկխօսութիւն, այլ` սուր բանավէճ ու կռիւ: Այս անգամ ասում եմ` ես այլեւս չեմ մասնակցի ո՛չ հայ-ազրպէյճանական եւ ոչ էլ հայ-թուրքական հանդիպումների, քանի որ իմ նեարդերը տեղի են տալիս: Որպէս փորձագէտ եւ լրագրող` ես կը շարունակեմ օրը օրին հետեւել արցախեան կարգաւորմանն ու հայ-թուրքական յարաբերութիւններին, բայց չեմ մասնակցի քննարկումների եւ բանավէճերի` որպէս փորձագէտ. աւելի՛ն, որպէս հայաստանցի, քանի դեռ դրանք չեն վերադարձել կառուցողականութեան դաշտ:
Ի՞նչ տեղի ունեցաւ Թիֆլիսում: Վրաստանի Ազգային գրադարանի սենեակներից մէկում շուրջ 70-80 հոգի` վրացիներ, հայեր, ազրպէյճանցիներ եւ եւրոպացիներ, հետեւում էին մի բանավէճի, որի բանախօսներն էին` Թոմաս տէ Վաալը (որպէս միջազգային փորձագէտ), Թապիպ Հիւսէյնովը (Ազրպէյճան) եւ այս հրապարակման հեղինակը: Բանավէճի սկիզբը վատ չէր: Տէ Վաալը ներկայացրեց արցախեան կարգաւորման ներկայ իրավիճակը միջազգային հանրութեան տեսանկիւնից, Հիւսէյնովը անդրադարձաւ ազրպէյճանական դիրքորոշմանը, իսկ ես` հայկականին: Հարց ու պատասխանի ժամանակ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնից մի դիւանագէտ (անունը չկարողացայ յիշել), ապա մի լրագրող քննարկումը փորձեցին շեղել դէպի «հայկական բռնագրաւում», «Խոջալուի յանցագործութիւններ», «սիրիահայերի անօրինական վերաբնակեցումներ բռնագրաւուած տարածքներում»:
Իմ պատասխանները շատ կարճ էին, գուցէ` չափից աւելի սուր, գուցէ լրագրողին եւ փորձագէտին ոչ յարիր: Այդ պատասխանները ակնյայտօրէն դուր չեկան կազմակերպիչներին: Ես ասացի, որ հայերը ոչ թէ բռնագրաւողներ են, այլ` յաղթողներ պատերազմում: Որ Ազրպէյճանը արցախեան կարգաւորման գործընթացում ոչ թէ լուծում է ուզում, այլ Արցախն է ուզում, աւելի յստակ` նախագահ Ալիեւը ուզում է ամէն ինչ, կամ ոչինչ: Ի հակակշիռ, դահլիճում ներկայ հայերը յիշեցրին Ռամիլ Սաֆարով դէպքը եւ ազգային հերոսին վայել ընդունելութիւնը Ազրպէյճանում: Ազրպէյճանցի փորձագէտ Թապիպ Հիւսէյնովը լսարանին յորդորեց պահել բանավէճի կառուցողական ոգին եւ ժպտալով ասաց, որ դա վերաբերում է նաեւ ինձ: Մէկուկէս ժամ տեւած քննարկումից յետոյ կազմակերպիչներից երկու եւրոպացիներ ինձ առանձին ասացին, որ իմ պատասխաններից ոգեւորուած չեն:
Ընդհանրապէս, արցախեան կարգաւորմանը նուիրուած քննարկումներում եւրոպացիներն ու ամերիկացիները, փորձելով պահել չէզոքութիւն կամ հաւասարակշռութիւն, վերջին շրջանում թաքնուած կերպով համակրում են ազրպէյճանցիներին: Գուցէ սա իմ ընկալումն է: Ազրպէյճանական լոպիինկը վերջին տարիներին ակնյայտ յաջողութիւններ է գրանցել: Ազրպէյճանցիները կաշառելով` կարողացել են դէպի իրենց կողմը թեքել արեւմտեան բազմաթիւ դիւանագէտների, փորձագէտների ու լրագրողների: Օտարերկրեայ այն դիւանագէտները, փորձագէտներն ու լրագրողները, ովքեր առանց Պաքուի «թոյլտուութեան» այցելում են Արցախ, յայտնւում են «սեւ ցուցակում» եւ անցանկալի անձ համարւում Ազրպէյճանում: Իսկ ահա այն դիւանագէտները, փորձագէտներն ու լրագրողները, ովքեր անկողմնակալ են եւ անաչառ, կանգնում են երկընտրանքի առաջ: Մասնաւոր զրոյցներում նրանք խոստովանում են, որ ստիպուած են լինում դիմել Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւն, որպէսզի Արցախ մեկնելու «թոյլտուութիւն» ստանան: Ամբողջ անհեթեթութիւնը նրանում է, որ Ազրպէյճանը վաղուց է կորցրել վերահսկողութիւնը Արցախի նկատմամբ, Պաքուից դէպի Արցախ տանող բոլոր ճանապարհները ականապատ են եւ ցանկութեան դէպքում անգամ անհնար է Ազրպէյճանով մեկնել Արցախ:
Թիֆլիսի Ազգային գրադարանում կայացած քննարկումից յետոյ Թոմաս տէ Վաալը մէկ այլ դահլիճում, որն աւելի ընդարձակ էր, ներկայացրեց արցախեան հակամարտութեան մասին պատմող իր «սեւ այգի» գիրքը: Նոյն դահլիճում բացուեց լուսանկարչական ցուցահանդէս, որտեղ ներկայացուել են արցախեան պատերազմի մասին պատմող լուսանկարներ: Դրանց հեղինակները մի վրացի (արցախեան կողմից) եւ մի ազրպէյճանցի են: Այդ լուսանկարները, անկասկած, որպէս վաւերագրութիւն, չափազանց ազդեցիկ են: Այդ լուսանկարները եւս մէկ անգամ ցոյց են տալիս, թէ ժողովուրդներին ինչպիսի սարսափներ է պատճառում պատերազմը: Միւս կողմից սակայն, ակնյայտ էր, որ լուսանկարչական այդ ցուցահանդէսը ի նպաստ Ազրպէյճանի էր: Ես դաւադրութիւնների տեսութեան կողմնակից չեմ, սակայն այդ ցուցահանդէսը այնպէս էր կազմակերպուել, այնպիսի լուսանկարներ էին ընտրուել, որ Ազրպէյճանը յանկարծ դժգոհ չլինի:
Յունիսի վերջերին, կրկին Թիֆլիսում, ես կը մասնակցեմ հայ-ազրպէյճանական մէկ այլ նախագծի: Ես այդ միջոցառմանը կը մասնակցեմ, քանի որ նախօրօք համաձայնութիւն եմ տուել: Եւ դա կը լինի իմ վերջին ներգրաւուածութիւնը: Պատերազմական հռետորաբանութեան եւ ատելութեան քարոզման այս պայմաններում ո՛չ հայ-ազրպէյճանական եւ ո՛չ էլ հայ-թուրքական երկխօսութեան տեղ ես չեմ տեսնում:
Ես այլեւս չեմ ուզում մասնակցել հայ-ազրպէյճանական բանավէճերի, քննարկումների կամ երկխօսութեան, երբ տեսնում եմ, որ դրանք անիմաստ են (գուցէ սա իմ անձնական ընկալումն է եւ սխալւում եմ): Իմ նեարդերը այլեւս տեղի են տալիս, երբ գիտակցում եմ, որ գրեթէ իւրաքանչիւր նման հանդիպում Ազրպէյճանը փորձում է վերածել հակահայ միջոցառման: Իմ համար այլեւս անընդունելի է, երբ հայ-ազրպէյճանական հանդիպումների կազմակերպիչ եւ հովանաւոր եւրոպացիները փորձում են այնպէս անել, որ յանկարծ Ազրպէյճանը չզայրանայ (գուցէ սա էլ է իմ ընկալումը եւ գուցէ կրկին սխալ է):
Միւս կողմից` ես գնահատում եմ այն հայ լրագրողներին, փորձագէտներին ու հասարակական բնագաւառի ներկայացուցիչներին, ովքեր շարունակում են հաւատալ հայ-ազրպէյճանական եւ հայ-թուրքական երկխօսութեանը, ովքեր դրսում արժանապատուօրէն են ներկայացնում Հայաստանն ու Արցախը, ովքեր փայլուն գիտելիքներ ունեն եւ ջանում են միջազգային հանրութեան համար հասկանալի ու ընկալելի լինել: Շատերը չեն գիտակցում, թէ ինչքա՛ն դժուար է օտար մայրաքաղաքներում օտար լսարանին` ազրպէյճանցիների, ներկայութեան պայմաններում, հասկանալի լեզուով ներկայացնել արցախեան հակամարտութեան էութիւնն ու պատմութիւնը:
Յատուկ «Ազդակ»-ի համար

