Արցախի Հարցում Ռուս-Ազրպէյճանական Գործարք Է Հասունանում. Կամ Ինչո՞ւ Է Լռում Փութինը

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

4686131401978929Մայիսի վերջին Ասթանայում կայացած Եւրասիական տնտեսական խորհրդի (ԵՏՄ) բարձր մակարդակով նիստից եւ դրա ընթացքում` առանց Լեռնային Ղարաբաղի` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան մասին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարպայեւի արած յայտնի յայտարարութիւններից յետոյ «Երկիր» գրաւոր դիմեց Եւրասիական տնտեսական միութեան ստեղծման պայմանագիրը ստորագրող Ղազախստանի, Պիելոռուսիոյ եւ Ռուսիոյ նախագահների աշխատակազմերին:

Մեր նպատակն էր յստակ եւ շօշափելի պարզաբանում ստանալ, թէ արդեօք ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութիւնը, ինչպէս նաեւ Նազարպայեւի անակնկալ յայտարարութիւնը ենթադրո՞ւմ է մաքսակէտերի տեղակայում Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին եւ ի՞նչ դիրքորոշում ունեն այս կապակցութեամբ նախագահները:

Հարցադրման կապակցութեամբ Մինսքից եւ Ասթանայից որեւէ պատասխան դեռեւս չի տրամադրուել: Հաշուի առնելով Նազարպայեւի աշխատակազմի հետ հաղորդակցութեան նախկին փորձը` նրանից լուրջ սպասելիքներ չէին կարող լինել, Լուքաշենքոյի դէպքում դեռ ակնկալիքներ կան:

Սակայն Մոսկուայի պարագայում չափազանց հետաքրքիր իրավիճակ ստեղծուեց, որն ինքնին լուրջ վերլուծութեան հիմքեր է տալիս: Երբ փորձեցինք պարզել` հարցադրմանը պատասխան լինելո՞ւ է, թէ՞ ոչ, Վլատիմիր Փութինի աշխատակազմից մեզ յայտնեցին, որ նախագահի մամուլի քարտուղար Տմիթրի Փեսքովը ծանօթացել է նամակի բովանդակութեանը, սակայն դժուարացան ասելու` արդեօք պատասխան լինելո՞ւ է ընդհանրապէս, թէ՞ ոչ:

Աշխատակազմի ներկայացուցիչը, սակայն, խնդրեց արձանագրել, որ դրանից որեւէ կերպ չի բխում, թէ Քրեմլինը հակուած չէ պատասխանելու խմբագրութեան գրաւոր հարցադրմանը: Փութինի աշխատակազմի նման արձագանգը չի կարելի պայմանաւորել խմբագրութեան նկատմամբ հնարաւոր անտարբեր կամ անլուրջ վերաբերմունքով, քանի որ մեր նախկին, Ռուսաստանի համար համեմատաբար աւելի ոչ էական հարցադրումներին, ինչպէս, օրինակ, Զօրի Բալայեանի յայտնի նամակի պարագայում, Քրեմլինից արձագանգել են եւ առկայ են բնական աշխատանքային յարաբերութիւններ:

Հետեւաբար սա ակնյայտօրէն այն դէպքն է, երբ պատասխան չտալը կարելի է համարել տուեալ պահին ամենայարմար պատասխանը: Այլ կերպ ասած` Քրեմլինը պարզապէս այս պահին տուեալ հարցին պատասխան չունի կամ չի ուզում դրան անդրադառնալ, ինչը թոյլ է տալիս կատարելու երկու հնարաւոր հետեւութիւն:

Առաջին` Մոսկուան պարզապէս ձեւ է անում, թէ այս հարցն իրեն բացարձակապէս չի հետաքրքրում: Սա խիստ համահունչ է հէնց Ասթանայի գագաթնաժողովում Նազարպայեւի կողմից Ալիեւի յայտնի նամակի վկայակոչման եւ ընթերցման ժամանակ Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի պահուածքին:

Վերջինս, Լուքաշենքոյի եւ Նազարպայեւի հետ միասին, ստացել էր Ալիեւի նամակը, ծանօթ էր դրա բովանդակութիւնը, սակայն ո՛չ այդ փաստին, ո՛չ էլ Ղազախստանի նախագահի կոշտ, գրեթէ նախապայմանի ոճով արած դիտարկմանը որեւէ կերպ չարձագանգեց: Չնայած` դրանից յետոյ ոչ պաշտօնական մակարդակով Մոսկուայից անընդհատ ուղերձներ են յղւում, թէ մաքսակէտեր դնելու բացառումն արդէն գործնականում լուծուած է եւ Հայաստանի անդամակցութեան հարցում ո՛չ Երեւանի ու ո՛չ էլ Ստեփանակերտի համար խնդիրներ չի յարուցում, սակայն պաշտօնական պարզաբանում այդ կապակցութեամբ` առ այսօր չի հնչել, ինչպէս չի հնչել նոյնիսկ Երեւանի կողմից:

Երկրորդ` լռութեամբ խօսելու այս մօտեցմամբ Քրեմլինը կամայ թէ ակամայ ցոյց է տալիս, որ դեռեւս չի համարում, թէ եկել է այդ մասին խօսելու պահը, այսինքն ժամանակ է ձգում եւ սպասողական վիճակի մէջ է: Չի բացառւում, որ Մինսքի լռութիւնը եւս բացատրւում է Քրեմլինի այս սպասողականութեամբ, ինչը նշանակում է, որ խնդիրը չափազանց նուրբ է` ժամանակից առաջ անցնելու համար: Հետեւաբար հարց է առաջանում` թէ ինչի՞ է սպասում Ռուսիան եւ արդեօք դա պայմանաւորուա՞ծ է Հայաստանից ակնկալուող ինչ-որ գործողութիւններով կամ դիրքորոշմամբ, թէ՞ բոլորովին այլ խնդիրներով: Ինչպէս յայտնի է, Ասթանայում որոշուեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան հարցի վերջնական որոշումը յետաձգել մինչեւ յուլիսի մէկը: Դա այն դէպքում, երբ չթաքցնելով իր շտապողականութիւնը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն առաջարկում էր վերջնաժամկէտ սահմանել մինչեւ յունիսի 15-ը:

Ընդ որում, Նազարպայեւի յայտարարութիւններից ակնյայտ դարձաւ, որ դա ուղղակիօրէն վերաբերում է ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի սահմանների, նոյնն է թէ ԵՏՄ-ի կամ Մաքսային միութեան սահմանների ճշգրտմանը: Եւ որեւէ կասկած չի կարող լինել, որ այդ մէկ ամիս ժամանակահատուածը սահմանուել է հէնց ԼՂՀ-ի հետ սահմանային հարցերում որոշակիութիւն մտցնելու համար, ինչը ենթադրում է լրացուցիչ ու թերեւս` սկզբունքային բանակցութիւններ:

Ողջ հարցն այն է` ո՞ւմ հետ են ԵՏՄ հիմնադիր անդամները որոշելու այդ հարցը, եւ ի՞նչ է կախուած լինելու այդ յարաբերութիւններում Երեւանից: Ասթանայի գագաթնաժողովից անմիջապէս յետոյ ազրպէյճանական լրատուամիջոցները գրեցին, թէ Մոսկուան Ազրպէյճանին հրաւիրում է Մաքսային միութիւն եւ ԵՏՄ` վկայակոչելով Ռուսիոյ տնտեսական զարգացման նախարար Ալեքսէյ Ուլիւքայեւի` օրերս արած հետեւեալ յայտարարութեանը. «Համարկման բոլոր ձեւերը բաց են: Եւրասիական տնտեսական միութեանը կամ Մաքսային միութեանը Ազրպէյճանի համարկումը քննարկման առարկայ է, ինչպէս եւ` համարկման միւս ձեւերը: Գոյութիւն չունի որեւէ արգելք: Կարծում եմ, որ այդ համաձայնագրերին Ազրպէյճանի մասնակցութիւնը կը լինէր տրամաբանական»:

Որեւէ կասկած չկայ, որ Ռուսիան տուեալ պահին անխոնջ աշխատում է Ազրպէյճանին եւս եւրասիահամարկման նախագծերի եւ մասնաւորապէս ԵՏՄ ներքաշելու ուղղութեամբ: Ինչպէս յայտնի դարձաւ այսօր, յունիսին Պաքու է մեկնելու Ռուսիոյ արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը, որին յաջորդելու է նաեւ Ռուսիոյ փոխվարչապետ, ռուս-ազրպէյճանական միջկառավարական յանձնաժողովի նախագահ Տմիթրի Ռոկոզի այցը Ազրպէյճան:

Այսօր Մոսկուայում Ռուսական Տումայի նախագահ Սերգէյ Նարիշքինն ընդունել է Ազրպէյճանի Միլլի մեճլիսի նախագահ Օկթայ Ասատովին եւ` յայտարարել, թէ Ռուսիան շահագրգռուած է Ազրպէյճանի հետ ռազմավարական գործընկերութեան ամրապնդմամբ եւ ընդլայնմամբ: Ըստ ամենայնի, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցութեան հարցը մէկ ամիս յետաձգելու ողջ նպատակը Ազրպէյճանի հետ բանակցութիւնների համար ժամանակ շահելն է, որի արդիւնքում էլ կ՛որոշուի ԼՂՀ-ի հետ սահմանագծին մաքսակէտերի տեղադրման հեռանկարի հարցը, ինչը հաստատում է, որ թէ՛ ԼՂՀ-ն եւ թէ՛ Հայաստանը յայտնւում են ռուս-ազրպէյճանական ծուղակում: Այս գործընթացը չի խոստանում Ազրպէյճանի պարտադիր անդամակցութիւն ԵՏՄ-ին:

Պաքուն մինչեւ վերջ, բոլոր հնարաւոր միջոցներով փորձելու է հասնել նրան, որ այդ մաքսակէտերը դրուեն` շրջանցելով ԵՏՄ-ին իր անդամակցութեան հեռանկարը: Բայց Պաքուն օգտագործելու է Ռուսիոյ ձգտումները` նրանից ԼՂ հարցում զիջումներ կորզելու նպատակով: Այս միտումների պարունակում առնուազն տարօրինակ է թւում պաշտօնական Երեւանի լռութիւնը: Վերջինս ակնյայտօրէն աչք է փակում իր քթի տակ իր պետական ու ազգային շահերի վրայ առեւտուր անելու, իր շահերն ուղղակիօրէն շօշափող հարցերն առանց իրեն քննարկելու ակնյայտ փաստի նկատմամբ` վտանգաւոր այս զարգացումները կասեցնելուն ուղղուած որեւէ քայլ չկատարելով:

Share this Article
CATEGORIES