Փերինչեքի Գործը. Հայոց Ցեղասպանութեան Խնդիրը Հեռու Պահել Դատարաններից
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Աշխարհի ամենաարդար դատարանն անգամ կայացնում է քաղաքական վճիռ, եթէ այդպէս են պահանջում միջազգային յարաբերութիւններում եղանակ ստեղծող եւ թելադրող ուժերը: Այս իրականութիւնը հաշուի առնելով` պէտք է չափազանց զգուշ լինել եւ Հայաստանի ու համայն հայութեան համար գլխաւոր երկու օրակարգային հարցերը` արցախեան հակամարտութեան կարգաւորումն ու Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացը չտանել իրաւական դաշտ, աւելի՛ն, չտանել միջազգային դատարան: Երբ որեւէ խնդիր կամ վէճ տարւում է դատարան, ապա դու ստիպուած ես ընդունել այդ դատարանի որոշումը, անկախ նրանից, որ դու չես հայցի նախաձեռնողը:
Այսօր Հայաստանն ու հայկական աշխարհը Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի նախօրէին կանգնած են անկիւնադարձային վիճակում: Խօսքը թուրք ազգայնական, Աշխատանքային կուսակցութեան առաջնորդ եւ ահաբեկչական «Էրկենեքոն»-ի գործով դատապարտուած ու վերջերս բանտից ազատուած Տողու Փերինչեքի գործի մասին է: Այս գործը թէեւ ուղղակիօրէն չի վերաբերում Հայոց ցեղասպանութեանը, սակայն այնպիսի կարեւորութիւն ունի, որ հրապարակաւ միջամտում են Զուիցերիան, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնները, միջազգային համբաւ վայելող ցեղասպանագէտները:
Գրեթէ տասը տարի առաջ Փերինչեքը Լոզանում թուրքական մի հաւաքում ունեցած իր ելոյթում Հայոց ցեղասպանութիւնը որակել էր «միջազգային սուտ», որի պատճառով 2007թ. մարտին Վօ քանթոնի դատարանը նրան դատապարտել էր 90-օրեայ պայմանական ազատազրկման կամ դրան համարժէք տուժի, ինչպէս նաեւ` 3 հազար զուիցերիական ֆրանք տուգանքի: Փերինչեքը դիմել էր դատարան` բողոքարկելով վճիռը: Վօ քանթոնի եւ Դաշնային գերագոյն դատարանը մերժել էին բողոքը: Ապա Փերինչեքը դիմել էր Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, որը 2013թ. դեկտեմբերի 17-ին կայացրեց վճիռ, ըստ որի, զուիցերիական դատարանը խախտել էր Փերինչեքի ազատ արտայայտուելու ազատութիւնը: Այսպիսով, Փերինչեքը դատարանում յաղթեց Զուիցերիային:
Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի վճռում մասնաւորապէս ասուած է, որ Զուիցերիան խախտել է Մարդու իրաւունքների եւրոպական հռչակագրի 10-րդ յօդուածը, այն է` խօսքի ազատութեան իրաւունքը: Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումը թուրքական մամուլը որակեց պատմական` այն որակելով Թուրքիայի յաղթանակ, քանի որ եւրոպական դատարանը թոյլատրում է Հայոց ցեղասպանութեան ժխտումը` դրա դէմ դատական գործ յարուցելը համարելով խօսքի ազատութեան սահմանափակում:
Այսպիսով, Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը, արդարացնելով Հայոց ցեղասպանութիւնը հրապարակայնօրէն ժխտող թուրք ազգայնականին, անուղղակի կերպով կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանութեան եղելութիւնը: Երբ Փերինչեքը արդարացուեց, նա շարունակում էր թուրքական բանտում մնալ «էրկենեքոն»-ի գործով:
Եւ ահա մարտի 10-ին Պոլսի քրէական դատարանը վճիռ կայացրեց «էրկենեքոն»-ի գործով մի շարք կասկածեալների, այդ թւում` Փերինչեքի ազատ արձակման մասին: Զուգադիպութիւն էր, թէ պատահականութիւն, սակայն ուշագրաւ է, որ յաջորդ իսկ օրը` մարտի 11-ին, Զուիցերիայի Արդարադատութեան դաշնային գրասենեակը յայտարարեց, որ մտադիր է դիմել Մարդու իրաւունքների եւրոպական դատարան` Փերինչեքի գործը Մեծ պալատի կողմից վերանայելու պահանջով: Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը ողջունեց Զուիցերիայի որոշումը:
Յունիսի 2-ին Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի հինգ դատաւորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննութիւնը Մեծ պալատ ընդունելու մասին որոշում: Անմիջապէս արձագանգեց Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը. «Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի` 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշմամբ ամրագրւում է «արտայայտման ազատութեան պաշտպանութիւնը, որը ազատութեանը, ժողովրդավարութեանն ու օրէնքի գերակայութեանը հաւատարիմ հասարակութիւնների հիմնարար տարրն է», մինչդեռ Զուիցերիան հարցը ներկայացրել է Մեծ պալատ բացարձակապէս քաղաքական դրդապատճառներով: Համոզուած ենք, որ Մեծ պալատը գործը քննելիս կ՛առաջնորդուի միմիայն իրաւական նկատառումներով: Անհնար է պատկերացնել արդիւնք, որը կը տարբերուի 2013թ. դեկտեմբերի 17-ի որոշումից: Այսպիսով, դա մէկ անգամ եւս կը լինի համարժէք պատասխան այն նախաձեռնութիւններին, որոնք միտուած են պատմութեան եւ օրէնքի քաղաքականացմանը եւ կ՛ամրագրի, որ ժողովրդավար հասարակութիւնների հիմնաքարը հանդիսացող արտայայտման ազատութիւնը պաշտպանուած է»:
Եթէ Մեծ պալատը անփոփոխ թողի նախկին որոշումը, ապա դա կը լինի մեծ հարուած Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին 100-ամեայ տարելիցի նախօրէին, թէեւ, կրկնենք, վճիռը չի վերաբերելու նրան` Հայոց ցեղասպանութիւն եղե՞լ է, թէ՞ ոչ: Անկախ դատարանի վճռից, Փերինչեքի գործը ցոյց է տալիս, թէ ինչքան վտանգներ կան, երբ Հայոց ցեղասպանութեան եւ կամ դրան առնչուող հարցերը տեղափոխւում են դատարան:
Հայոց ցեղասպանութիւնը իրաւական գործընթացում յայտնուել է նաեւ 2001 թուականին, երբ «Թուրք-հայկական հաշտեցման յանձնաժողովի» հայ եւ թուրք անդամները դիմել էին Նիւ Եորքի Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնին, որպէսզի վերջինս անցկացնի անկախ ուսումնասիրութիւն եւ պարզի` ՄԱԿ-ի 1948թ. Ցեղասպանութեան մասին հռչակագիրը կիրառելի՞ է Հայոց ցեղասպանութեան նկատմամբ: Ուսումնասիրութիւնը եզրակացնում էր, որ Օսմանեան կայսրութիւնում հայերի զանգուածային ջարդն ու տեղահանումը համապատասխանում են Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի հռչակագրի սահմանած չորս հիմնական չափանիշներին: Միւս կողմից, կենտրոնը եզրակացնում էր, որ հռչակագիրը չունի յետադարձ կիրառութիւն, եւ հայերը չեն կարող «որեւէ իրաւական, ֆինանսական կամ տարածքային պահանջ» առաջ քաշել:
Զուիցերիան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչած երկրներից է: Սակայն, միւս կողմից, հէնց Զուիցերիան էր, որի նախաձեռնութեամբ սկիզբ դրուեց հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութիւնը», որը բերեց Ցիւրիխում Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնների ստորագրմանը: Արձանագրութիւններով յստակ ճանաչւում էին ժամանակակից Թուրքիայի սահմանները, իսկ Հայոց ցեղասպանութեան ուսումնասիրութեան նպատակով առաջարկւում էր ստեղծել պատմաբանների յանձնաժողով: Այդ արձանագրութիւնները մինչեւ այսօր չեն վաւերացուել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ:
Արցախի հարցում եւս Զուիցերիան հայանպաստ դիրքորոշում չի ունեցել: Ինչպէս այս տարի, այնպէս էլ 1996-ին ԵԱՀԿ նախագահողը հէնց Զուիցերիան էր: Այդ տարի Լիզպոնում տեղի ունեցաւ ԵԱՀԿ գագաթաժողով, որի ընդունած եզրափակիչ փաստաթղթերից մէկով փորձ արուեց ճանաչել Ազրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը, իսկ Արցախը լայն ինքնավարութեամբ թողնել Ազրպէյճանի կազմում: Զուիցերիան այն երկրներից էր, որը բացայայտ պաշտպանում էր Ազրպէյճանին: Հայաստանը այդ գագաթաժողովում օգտուեց վեթոյի իր իրաւունքից:
Յատուկ «Ազդակ»-ի համար

