Որտեղից Են Սերում Ազրպէյճանցիները

ՌՈՒԲԷՆ ԳՐԻԳՈՐԵԱՆ

seroumԱնցեալը հնարաւոր չէ փոխել, խմբագրել, առաւել եւս` պատմութիւնը: Այս իմաստով տեղին է վերյիշել արցախցիների հետեւեալ թեւաւոր խօսքը. «Սուտը կարող է հազար ոտ ունենալ, բայց երբեք չի կարող լեռը բարձրանալ…»:

Իսկ հիմա ընթերցողներին ներկայացնեմ տարիներ առաջ Պաքւում տեղի ունեցած մի պատմութիւն, որը միաժամանակ թէ՛ ողբերգականի եւ թէ՛ կատակերգական սեռից է:

Աւելի քան քառորդ դար առաջ էր: Ազրպէյճանի Գիտութիւնների ակադեմիան հերթական ամենամեայ ժողովն էր հրաւիրել: Ակադեմիայի նոր նախագահ էր ընտրուել` փոխարինելով Ապտուլլայեւին, տարիքը բաւականին առաջացած մի մարդու, որն ամէնամեայ ժողովներում ունեցած իր բոլոր զեկուցումներում, որպէս կանոն, կրկնում էր հետեւեալ արտայայտութիւնը. «Իր հիմնադրումից ի վեր Ազրպէյճանի Գիտութիւնների ակադեմիան դեռեւս ոչ մի գիտական յայտնագործութիւն չի արել»:

Ինչեւէ, դառնանք նախկին Ազրպէյճանական Խորհրդային Հանրապետութեան Գիտութիւնների Ակադեմիայի ամէնամեայ ժողովին, որը բացեց ակադեմիայի նորընտիր նախագահը: Ներկայ էր նաեւ Ազրպէյճանի Համայնավար կուսակցութեան կեդրոնական յանձնաժողովի առաջին քարտուղար Ք. Պաղիրովը: Որքան էլ զարմանալի է, հանրապետութեան առաջին դէմքի ներկայութիւնն անգամ ազդեցութիւն չունեցաւ գիտնական այրերի պահուածքի վրայ. ահաւոր աղմուկ էր` ինչպէս յետամնաց մի գիւղի կոլխոզի ժողովում: Զեկուցման համար խօսքը տրուեց կենսաբանների ամենակարկառուն ներկայացուցչին` Վ. Վոլոպուեւին, որն աւելի քան 100 ազրպէյճանցի ակադեմիկոսների շարքում միակ այլազգին էր: Նոր էր նա մօտեցել ամպիոնին, նոր էր հաստափոր թղթապանակից հանել զեկուցման բնագիրը, ուղղել ակնոցը եւ հակուել առաջին էջին, երբ անսպասելիօրէն նրան դիմեց Կ. Յ.-ի առաջին քարտուղարը.

– Ընկե՛ր Վոլոպուեւ, կը խնդրէի` զեկուցէք առանց տեքստի, բանաւոր: Չէ՞ որ դուք գիտնական էք, ակադեմիկոս:

Ծերուկ հրեան, յանկարծակիի եկած, մի պահ կարկամեց. նա բոլորովին չէր սպասում այդպիսի տհաճ անակնկալի: Խնդրեց թոյլ տալ` կարդալու զեկուցումը, բայց Կենտկոմի քարտուղարը անդրդուելի էր: Զեկուցելու մերժում ստացաւ նաեւ ֆիզմաթ գիտութիւնների բաժանմունքի գիտնական-քարտուղարը` ազրպէյճանցի ակադեմիկոս: Եւ աղմկոտ ժողովն ընթացաւ բոլորովին այլ, չնախատեսուած հունով:

Ով էլ փորձեց ելոյթ ունենալ, հանրապետութեան ղեկավարի զայրոյթախառն դիտողութիւնները թափուեցին նրա գլխին: Բոլորին ընդհատում էր, ծղրտոց յիշեցնող ձայնով հարցեր տալիս, աւելի ստորացնում խեղճերին: Առաջին քարտուղարի զայրոյթի պատճառը յետոյ պարզուեց:

Տխրահռչակ Զիայ Պունիաթովը մտերմիկ մի շրջապատում ասել էր, թէ Ք. Պաղիրովը դեռ այն տարիքում չէ, որ հասու լինի գիտութեան հարցերին: Զիային մատնել էին, եւ Կ. Յ.-ի փրփրած քարտուղարը ակադեմիայի ամէնամեայ ժողովն օգտագործեց` ապացուցելու, որ ինքը քաջատեղեակ է ազրպէյճանական գիտութեան բոլոր բնագաւառներում տիրող խղճուկ վիճակին: Իսկ ակադեմիայի նորաթուխ նախագահ Սալայեւը իրեն այդքան բարձր պաշտօնի նշանակելու համար երախտահատոյց լինելու անսքօղ մտադրութեամբ առիթը բաց չթողեց` թուրքավարի շողոքորթելու հանրապետութեան ղեկավարին:

Թաւարիշչի,- եղկելի ռուսերէնով ասաց նա,- քաք մը վիտիմ, մնաքաուվաժայեմի Քեամրան Մամետովիչ ատին փոլշէ ըզնայեթ, չեմ մը` վըսէ ակադեմիկը վմեսթէ վիզեատի (այսինքն` Քեամրան Պաղիրովն աւելի շատ բան գիտի, քան բոլոր ակադեմիկոսները միասին վերցրած):

Եւ քծնանքից ոգեւորուած` Ազրպէյճանի ղեկավար աղան պայթեց վերջնականապէս.

– Ո՞ւր է Պունիաթովը: Ինչո՞վ են զբաղուած մեր պատմաբանները: Ճոն Կիրակոսեանի վերջին գիրքը կարդացե՞լ էք: Տեսէք` ինչե՜ր են գրում հայերը: Իսկ դուք ինչո՞վ էք զբաղուած: Մէ՛կ ապացուցում էք, որ մենք` ազրպէյճանցիներս, սերում ենք պարսիկներից, մէ՛կ ապացուցում, որ մենք առաջացել ենք թուրքերից: Հերիք չեղաւ՞… Վերջ ի վերջոյ, մենք պիտի՞ չիմանա՞նք, թէ որտեղի՛ց ենք սերում…

Ազրպէյճանի նախկին առաջին դէմքի բարձրաձայնած հարցն այսօր էլ հրատապ է եւ առայժմ` անպատասխան: Ժողովուրդներն էլ, ինչպէս մարդիկ, ունեն իրենց անունը, հայրանունը, ազգանունը, ծնուելու վայրն ու թուական-ժամանակը: Մինչդեռ այս մէկը պատմութեան կողմից վաւերացուած, ստոյգ տուեալներով ծննդեան վկայական չունի: Փոխարէնը` շարունակում է նորանոր կեղծ տեղեկանքներ մոգոնել` ոչ թէ հին, այլ հնագոյն ազգերի շարքում ամէն գնով տեղ գրաւելու համար` անդրկովկասեան բնիկ ժողովուրդների եւ առաջին հերթին` հնագոյն քաղաքակրթութիւն ունեցող հայերի պատմութեան ու նրա տարածքների հաշուին: Ինչպէս նրանց նախկին ղեկավարը կ՛ասէր` բա հերիք չեղաւ՞…

Այո՛, կան հնագոյն ազգեր, կան հին ու նոր ազգեր` իրենց ծագումնաբանութեամբ, մշակոյթով, պատմութեամբ: Ազրպէյճանցիները ոչ թէ նոր, այլ նորաթուխ ազգ են, որը, ինչպէս յայտնի է աշխարհին, պետականութիւն ձեռք բերեց ընդամէնը 1918 թուականին, այն էլ` թուրքական սուինների օգնութեամբ:

Հազարամեակներ յետոյ (եթէ դիմանայ դարերի քննութեանը) այդ ժողովուրդն էլ կ՛անցնի հների պատուաւոր շարքը: Ժամանակի հարց է: Իսկ այդ հանրապետութեան պատմաբանները, ի շահ սեփական ժողովրդի, պիտի արիութիւն ունենան ազնուօրէն խոստովանելու Անդրկովկասում վերջերս յայտնուած ազրպէյճանցիների նորաթուխ ազգ լինելու պատմական ճշմարտութիւնը, ինչը կը լինի ազրպէյճանցի գիտնականների առաջին եւ ամենամեծ յայտնագործութիւնը: Եւ այնժամ այդ հանրապետութեան Գիտութիւնների ակադեմիայի նախագահը ամէնամեայ ժողովում այլեւս չի կրկնի հետեւեալ ամօթալի արտայայտութիւնը. «Իր հիմնադրումից ի վեր Ազրպէյճանի գիտութիւնների ակադեմիան դեռեւս ոչ մի գիտական յայտնագործութիւն չի արել»:

 

Հայ Զինուոր

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )