Այգեպար. Կեանքը Մահուան Գծի Վրայ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մի քանի օր առաջ ազրպէյճանական կողմը գնդակոծել էր Տաւուշի մարզի Այգեպար աւանը: Սահմանամերձ գիւղերի բնակիչները սովոր են ապրել, աշխատել, երեխայ ունենալ, ուրախանալ ու տխրել հակառակորդի կրակոցների տակ արդէն քառորդ դար: Վերջին գնդակոծութիւնները, սակայն, տարբերուել են նախորդներից: Այգեպարցիները պատմեցին, որ 1994-ի մայիսեան հրադադարից ի վեր նման հրետակոծութիւն չէր եղել:

63-ամեայ Սամուէլ Ուդումեանի հայրը եղել է Այգեպարի հիմնադիրներից: 1930-40-ական թուականներին, երբ հիմնադրւում էր Այգեպարը, նրա հայրը չէր կարող պատկերացնել, որ այն տունը, որ կառուցում է, տասնամեակներ անց ենթարկուելու է ռմբակոծութեան հարեւան ազրպէյճանական Ալիպէյլի գիւղի դիրքերից: Այն տարիներին հայ-ազրպէյճանական եղբայրութիւն էր քարոզւում: Արդէն կէս դար այդ արհեստական եղբայրութեանը փոխարինել է թշնամութիւնը:

«Գնալով կեանքը դժուարանում է: Չենք բողոքում ո՛չ թոշակից, ո՛չ աշխատավարձից: Ի հարկէ, այդ խնդիրները կան: Մեզ առաւել մտահոգում է անվտանգութեան խնդիրը: Այսպիսի ահաւոր գնդակոծութիւն հրադադարի 20 տարիներին չէր եղել: Կրակում են ամենատարբեր զինատեսակներից: Վերջին կրակոցները աւելի մեծ տրամաչափի զէնքերից էին, մենք ձայնից ու դղրդոցից արդէն տարբերում ենք: Մեր տունը ցնցւում էր: Բայց ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Գնալու տեղ էլ չունենք: Սա մեր գիւղն է, մեր հողն է, մեր հայրենիքն է: Մենք մեր ներկայութեամբ պահում ենք Հայաստանի սահմանը», ասում է Սամուէլ Ուդումեանը:

Ուդումեանի տունը հէնց ազրպէյճանական զինուորական դիրքերի դիմաց է` մի քանի հարիւր մեթր հեռու: Վերջին կրակոցներից յետոյ, երբ փշրուեցին տան պատուհանների ապակիները, նա նոր ապակիներ այլեւս չի դրել: Գնել է տուֆ եւ դէպի արեւն ու հակառակորդի դիրքերը նայող պատուհանները պատել տուֆով: Բացի այդ, քանի որ դիպուկահարները կարող ենք կրակել հէնց որ Ուդումեանը տնից դուրս գայ, նա հիմնական դռան դիմաց մի քանի մեթր բարձրութեամբ պատ է կառուցել: Գնացել է դրամատուն, 1000 տոլար վարկ վերցրել եւ տան առաջ պարիսպ կառուցել:

Հէնց այդ պարիսպի տակ մենք զրուցեցինք ու սուրճ խմեցինք: «Ես այս պատը կառուցել եմ իմ ապահովութեան համար եւ չեմ ակնկալում, որ պետութիւնը կամ ոեւէ մէկը պէտք է ինձ օգնի: Այս պատը կառուցել եմ, որպէսզի գոնէ տնից դուրս-ներս անելիս կրակի տակ չընկնենք: Ի հարկէ, ֆինանսական որոշակի դժուարութիւն եմ կրել», ասում է նա:

Այգեպարը, ի տարբերութիւն Հայաստանի միւս գիւղերի, հողատարածքներ գրեթէ չունի, որպէսզի գիւղացիները մշակեն եւ բերք ու բարիք ստանան: Գիւղի չափահաս եւ միջին տարիքի տղամարդկանց մի մասը պայմանագրային զինծառայող է եւ պաշտպանում է Հայաստանի սահմանի հէնց Այգեպարի հատուածը: Աշխատատեղ ապահովող հիմնարկութիւններից են գիւղի դպրոցը, մանկապարտէզը, գիւղապետարանը եւ գինու գործարանը: Ծխախոտի եւ պահածոների գործարանները աւերուել են պատերազմի տարիներին` հակառակորդի ռումբերից:

Ուդումեանն ասում է, որ յաւերժական պատերազմներ չեն լինում. «Ո՛չ մենք ենք այստեղից գնալու, ո՛չ իրենք: Ճիշդ է, նման պայմաններում այստեղ ապրելը դժուար է, բայց ամէն գնով պէտք չէ գնալ խաղաղութեան: Փոխադարձ զիջումներ պէտք են, բայց ամէն գնով պէտք չէ գնալ խաղաղութեան»: Նա ասում է, որ իշխանութիւնները սահմանամերձ գիւղերի բնակիչների անվտանգութեան հարցում շատ բան չեն կարող անել, քանի որ հակառակորդն է կրակում: Բայց կարելի է որոշ գործեր անել: Օրինակ, գիւղի այն հատուածներում, որտեղ հակառակորդի դիպուկահարի անմիջական նշանառութեան տակ է, կարելի է պաշտպանական պատեր, պարիսպներ կառուցել:

Ուդումեանը պատմեց, որ բանուորական աւան Այգեպարը ստեղծուել է հարեւան գիւղերից եկած բնակիչների հաշուին: Խորհրդային տարիներին այստեղ կառուցուեցին ծխախոտի, պահածոների ու գինու գործարաններ, ինչպէս նաեւ` օդակայան, որտեղից «Եաք-40» օդանաւերը թռչում էին դէպի Երեւան ու Պաքու:

Հէնց այդ օդակայանում է աշխատել 73-ամեայ Գառնիկ Սահակեանը` նախքան պատերազմը:  Երբ սկսուեց պատերազմը, թռիչքները դադարեցին: Սահակեանը, ինչպէս գիւղի միւս տղամարդիկ, զէնք վերցրեց: Սահակեանի տունը Այգեպարի վերջին տունն է: Մի քանի հարիւր մեթրի վրայ ազրպէյճանցիներն են: Սահակեանենց տան պատշգամբից պարզ երեւում են եւ ազրպէյճանական դիրքերը, եւ տները:

Նա հումորով ասում է, որ իր տունը ամենալաւ տեղն է պատերազմ դիտելու համար: Երբ ազրպէյճանցիները կրակ են բացում Այգեպարի ուղղութեամբ, հայկական դիրքերից անմիջապէս պատասխան կրակ է բացւում Ալիպէյլիի ուղղութեամբ:

«Մենք մեր հասակն առել ենք, սրանից յետոյ մեռնենք կամ զոհուենք, ոչինչ, մեր երեխաների ու թոռների համար է պէտք խաղաղութիւնը: Պատերազմի ու այս կրակոցների պատճառով գիւղացիների մի մասը հեռացել է: Հայաստանի կառավարութիւնը անվտանգութեան առումով շատ բան չի կարող անել: Հնարաւոր չէ սահմանամերձ մի հատուածում խաղաղութիւն ապահովել: Պէտք է խաղաղ ճանապարհով լուծել այս հակամարտութիւնը», ասում է Սահակեանը:

Նրա տան պատերը, պատուհանները եւ տանիքն քրքրուել են ազրպէյճանական փամփուշտներից: Անգամ հրասայլի հետքեր կան: Ամբողջութեամբ ինքն է վերանորոգում: Բայց վերանորոգումներից կարճ ժամանակ անց կրկին նոր հետքեր են յայտնւում, քանի որ հակառակորդը չի լռում: Սահակեանը ոեւէ մէկից օգնութիւն չի ակնկալում, սակայն եթէ օգնող լինէր, ուրախ եւ շնորհակալ կը լինէր: Նա էլ է տուֆով պատել-փակել այն պատուհանները, որոնք նայում են ազրպէյճանական դիրքերին:

«Եթէ այս գիւղում աշխատատեղ լինի, մարդիկ մի քիչ լաւ ապրեն, այդ ժամանակ չեն մտածի հեռանալու մասին: Բայց առանց աշխատանքի, թշնամու կրակի տակ` ինչքա՞ն կարող են ապրել: Այս գիւղում ձգող բան չկայ, բացի հայրենասիրութիւնը: Այո՛, հայրենիքը սիրում ենք, ուզում ենք հայրենասէր լինել, բայց ապրել էլ է պէտք», բազմանշանակ ասում է Սահակեանը:

Գիւղում փողոցային լոյսեր չեն վառում, քանի որ ազրպէյճանական դիրքերից անմիջապէս կրակում են: Գիւղացիները չեն վառում նաեւ իրենց տների այն լոյսերը, որոնք տեսանելի են հակառակորդի դիրքերից: Այգեպարի մի շարք փողոցներում ցերեկը քայլելը վտանգաւոր է, այդ պատճառով ժամանակն է, որպէսզի որոշ հատուածներում կառուցուեն պաշտպանական պատեր ու պարիսպներ: Արդարացուած կը լինի նաեւ, եթէ Այգեպարի դպրոցի ու մանկապարտէզի դիմաց կառուցուի պաշտպանական պարիսպ, որպէսզի երեխաների համար վտանգ չլինի:

«Եթէ գիւղի երեխաներին տանեն բժշկի մօտ հետազօտութեան, մեծ մասի մօտ հիւանդութիւններ կը գտնեն», ասում է Սահակեանը:

Լիդա Յովակիմեանի չորս որդիները տարբեր ժամանակներում Այգեպարից Ռուսաստան են հեռացել: Իրենց հայրական տան վերջին ռմբակոծութեան մասին նրանք տեղեկացել են հեռախօսով: Այս ընտանիքը եւս ստիպուած է եղել իր միջոցներով մի քանի հարիւր հատ տուֆ գնել եւ փակել պատուհաններն ու տան բակի մի մասը:

«Իմ որդիները շատ են ուզում վերադառնալ Ռուսաստանից: Բայց այստեղ աշխատանք չկայ: Հէնց որ աշխատանք լինի, կը վերադառնան: Աշխատանք լինէր, իմ որդիները չէին հեռանայ», ասում է նա:

Նրա տնամերձ այգին, որտեղ նաեւ մեղուների փեթակներն են, հակառակորդի թիրախի տակ է: Ձեռքի ափի մէջ պահելով վերջին կրակահերթերից հաւաքած փամփուշտները, Յովակիմեանը ասում է. «Կրակի տակ ապրում, աշխատում ենք: Լաւ կը լինի, որ Հայաստանի կառավարութիւնը մեզ վրայ ուշադրութիւն դարձնի որպէս երկրի ծայրամաս»: Ապա նա մեզ առաջնորդում է իր երկյարկանի տուն, որը վերջին կրակահերթերից բաւականին տուժել է:

«Հակառակորդը չի թողնում, որ մեր տան մէջ մէկ րոպէ հանգիստ ապրենք», ասում է Լիդա Յովակիմեանը` չհաւատալով, որ առաջիկայ տարիներին խաղաղութիւն կը հաստատուի:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Յ. Գ. Ես ուրախութեամբ ու հպարտութեամբ գրում եմ, որ սահմանամերձ գնդակոծուող հայ գիւղը ոչ միայն հետաքրքրում է հայ լրագրողներին` մասնագիտական իմաստով, այլ նաեւ` հայ մարդուն: Այս տարուայ յունուարից ես բազմաթիւ անգամներ այցելել եմ Տաւուշի մարզի սահմանային բոլոր գիւղերը, որոնք անդադար հրետակոծութեան ու վտանգի տակ են: Այս ընթացքում ես պատրաստել եմ բազմաթիւ տեղեկագրութիւններ եւ թղթակցութիւններ, որոնք հրապարակուել են ինչպէս «Ազդակ»-ում, այնպէս էլ` հայաստանեան ու սփիւռքեան լրատուամիջոցներում: Դրանցից երեքը արժանացել են յատուկ ուշադրութեան: Բաղանիս գիւղի մասին իմ հրապարակումից յետոյ ամերիկաբնակ Յարութիւն Կարմիրեանը երկու օգնութիւն ցուցաբերեց գիւղին, այդ թւում` դպրոցին: Դովեղ գիւղի մասին իմ թղթակցութիւնը  առիթ դարձաւ, որպէսզի պէյրութաբնակ բարերար Բիւզանդ Գէորգեանը 6500 տոլար տրամադրի գիւղի փողոցային լուսաւորութեան համար: Մէկ ամիս յետոյ ազրպէյճանցիները այս գիւղը ամբողջովին կը տեսնեն լոյսերի մէջ: Յուսանք, որ այդ լոյսերը երբեք չեն մարի: Այդ մասին ես կը պատրաստեմ յատուկ մի հրապարակում: Չինարի գիւղի մասին իմ տեղեկագրութիւնն ու թղթակցութիւնը պատճառ դարձան, որպէսզի իրանահայ բարերար Էդուարդ Բադալեանը Սիրուշ Միրզոյեանին եւ նրա հրաշալի դստերը` հինգամեայ Ալվինային, ով ծնուել է հօր սպանութիւնից յետոյ (21-ամեայ հայրը սպաննուել է դիպուկահարի կրակոցից), տրամադրի 3000 տոլար: Շնորհակալութիւն այն մարդկանց, ովքեր հետեւում են իմ գրին: Յատուկ շնորհակալութիւն ու երախտիք այն մարդկանց, ովքեր օգնում են սահմանամերձ հայ գիւղին ու գիւղացուն: 

 

Share this Article
CATEGORIES