ՀԱՅ ՍՊԱՆԵՐՈՒՆ ՅՂԱԾ ԻՐ ՊԱՏԳԱՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ. «ԿԸ ՀԱՒԱՏԱՄ ՁԵԶԻ, ՀՊԱՐՏ ԵՄ ՁԵԶՄՈՎ» ՆՇԵՑ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ

Նախագահ Սարգսեան

Հայաստանի նախագահ, զինեալ ուժերու գերագոյն ընդհանուր հրամանատար Սերժ Սարգսեան շաբաթ օր մասնակցած է Հայաստանի զինեալ ուժերու երիտասարդ սպաներու համաբանակային անդրանիկ համաժողովին, որ տեղի ունեցաւ Ալ. Սպենդիարեանի անուան օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնին մէջ:

Երիտասարդ սպաներուն ուղղուած իր ելոյթին մէջ Սերժ Սարգսեան նշած է.

Յարգելի՛ սպաներ,

Ուրախ եմ մասնակցելու Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի երիտասարդ սպաների համաբանակային Ա. համաժողովին: Ողջունում եմ բոլորիդ: Խիստ կարեւորում եմ համաժողովի կազմակերպման փաստը եւ մաղթում, որ այն իսկապէս լինի արդիւնաւէտ ու դառնայ աւանդական:

Այսօր ուզում եմ ձեզ մի քանի պատգամ յղել, որ կարեւոր եմ համարում յատկապէս իրենց առաջին քայլերն անող երիտասարդ սպաների համար:

Առաջին.

Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարեան Եւրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական եւ իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինուորականութեան կորիզը տուեալ ազգի ազնուականութիւնն էր: Չկայ այդ կազմակերպուած ուժը` չկայ պետութիւն: Թւում է, թէ 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են: Բայց սա մակերեսային տպաւորութիւն է: Կարդացէք միջնադարում հայերի տուած ճակատամարտերի ցանկացած նկարագրութիւն եւ կը տեսնէք, որ ամենապատասխանատու կէտերում ազնուական տների զաւակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հօր տան պատիւը, բայց մեծ հաշուով` հայրենիքը: Իմ առաջին պատգամն է ձեզ` յիշել, որ ձեր` երիտասարդ սպաներիդ ուսերին այսօր նոյն պատասխանատուութիւնն է եւ նոյն առաքելութիւնը` պաշտպանել հայրական տան պատիւը, այսինքն` հայրենիքը: Այո՛, փոխւում են դարաշրջաններն ու իրողութիւնները, բայց ազնուականութեան առաքելութեան այսօրուայ կրողները, ռազմական աւանդոյթների ժառանգորդը դուք էք: Եթէ չէք, պէտք է դառնաք:

Երկրորդ.

Այդ ժառանգութիւնը ենթադրում է համապատասխան վարք ու կեցուածք: Մեր հասարակութիւնը գրեթէ մոռացել է, որ սպայութիւնը բարձրագոյն կրթութիւն ստացած մտաւորականութիւն է: Այո՛, ձեր գործը խիստ առանձնայատուկ է, բայց, միեւնոյնն է, դուք ազգի մտաւորականութեան կարեւոր թեւն էք: Մեր հասարակութեան ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիւ պիտի արմատախիլ արուի բռի զինուորականի կերպարը, մանաւանդ որ կառավարչական գործառոյթ էք նաեւ իրականացնում: Դուք մտաւորականներ էք: Եթէ չէք, պէտք է դառնաք:

Երրորդ.

Սպայակազմը պետութեան ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կայ` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտաւորականութեան այն թեւն էք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք էք հայրենիքի առաջին պատուարը, եւ մենք` իշխանութիւն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարաւորն ու անհնարինը: Առաքելութիւն իրականացնելու առումով դուք մեր հասարակութեան ամենապատրաստուած շերտն էք` թէ՛ հոգեբանօրէն, թէ՛ գիտելիքներով, թէ՛ ֆիզիքապէս: Եթէ չէք, պէտք է դառնաք:

Չորրորդ.

Կարգապահութիւն, խիզախութիւն, մարզուածութիւն, կրթուածութիւն. սրանք պարտադիր, բայց ոչ բաւարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Կայ հինգերորդը` յաղթողի հոգեբանութիւնը: Ձեր շուրջն ապրում եւ յաճախ ձեր կողքին ծառայում են արցախեան ազատամարտի փառաւոր յաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թէ դա ինչ է: Ձեր սրբազան պարտականութիւնն է աւագ սերնդից ընդունել նաեւ ա՛յդ հերթափոխը: Յիշէ՛ք` թշնամին ձեզնից վախենում է, որովհետեւ աչքի առաջ ունի ձեր հայրերի եւ աւագ եղբայրների օրինակը: Այսօրուայ ու վաղուայ օրինակը դուք էք: Եթէ չէք, պէտք է դառնաք:

Յարգելի՛ սպաներ,

Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարուածներից խորտակուել են բոլոր ամրութիւնները: Այդ հարուածների թափը թշնամու շարքերում սերմանել է խուճապ եւ յուսահատութիւն: Արդիւնքում նոյնիսկ շարքեր չեն մնացել: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնուած թշնամու թիկունքը: Մեր կրակահերթերն ու համազարկերը մարդու եւ ազգի ազատութեան, մարդու եւ ազգի արժանապատուութեան փառաբանումներ էին: Մեր ռազմիկների յարաբերութիւնները` հրամանատարներից մինչեւ զինուորներ, ընկերասիրութեան, փոխօգնութեան ու զէնքի եղբայրութեան դասագրքային օրինակներ էին:

Մենք չենք ընկրկել ո՛չ անփորձ նորակոչիկների, ո՛չ փորձուած վարձկանների եւ ո՛չ էլ հակառակորդի բազմապատիկ աւելի գլխաքանակի առաջ: Դրանք մեզ համար զգօնութեան լրացուցիչ ազդակներ էին:

Այո՛, մենք յաղթեցինք տեւական, ծանրագոյն եւ անհաւասար պատերազմում: Ոմանք «անհաւասար պատերազմ» ասելով նկատի ունէին այն իրողութիւնը, որ Ազրպէյճանն ունէր աւելի շատ փող, աւելի շատ զրահապատներ եւ կենդանի ուժ: Դա ճիշդ է, բայց ինձ համար պատերազմն անհաւասար էր, որովհետեւ ուժեղը կռւում էր թոյլի դէմ, եւ ուժեղը մենք էինք: Ազատասէրը կռւում էր զաւթիչի դէմ, եւ ազատասէրը մենք էինք: Արդարը կռւում էր անարդարի դէմ, եւ արդարութեան մարմնաւորումը մենք էինք:

Այսօր էլ մենք խաղաղութեան կողմնակիցն ենք, բայց եթէ զաւթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրութիւն անցնի, վայրկեան անգամ չեմ կասկածում` նորից անհաւասարութիւն կը լինի, ու մենք էլի կը լինենք ուժեղը, որովհետեւ հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի:

Յարգելի՛ սպաներ,

Այդ «մենք»ի մէջ առաջին հերթին հիմա դուք էք: Հաւատացնում եմ ձեզ` դա իսկապէս մեծ պատիւ ու բախտաւորութիւն է ձեզնից իւրաքանչիւրի համար:

Մաղթում եմ ձեզ յաջողութիւն եւ անփորձանք ծառայութիւն:

Հաւատում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով եւ Աստուած ձեզ պահապան:

 

Share this Article
CATEGORIES