Եթէ Ապրում Ենք, Ուրեմն Ղարաբաղի Հարցը Լուծուած Է

ՍՈՆԱ ԱԴԱՄԵԱՆ

0709nreniՂարաբաղում շատ են սփիւռքահայ այն ընտանիքները, ովքեր եկել, հաստատուել ու արմատներ են ձգել Ղարաբաղում: Դրանցից մէկն էլ պարսկահայ Արմոնդ Թահմազեանի եւ աւստրալահայ Արտեմիս Գրիգորեանի ընտանիքն է, որոնց երեխաներն այնքան լաւ են խօսում Ղարաբաղի բարբառով, որքան` տեղացիները: Դաշնակցական, մասնագիտութեամբ ոսկերիչ Արմոնդ Թահմազեանը ծնուել եւ մեծացել է Իրանում, բայց, ինչպէս ինքն է պատմում, ցանկութիւն միշտ եղել է գալ Ղարաբաղ, յատկապէս` պատերազմի շրջանում, մտքով միշտ դէպի այս կողմն է եղել, բայց ելք չի եղել, որ կարողանար գալ Արցախ: Յետոյ զուգադիպեց, եւ Դաշնակցութեան Կենտրոնական կոմիտէն կարիք ունէր, որ մասնագէտներ գան ու աշխատեն երիտասարդների հետ, ու «առաջին ձեռը, որ բարձրացաւ, իմն էր` 99թ.ին: Մտածեցի` գամ, ժամանակաւոր տեսնեմ` ինչպէս է, բայց եկայ ու տեսայ, որ լաւ է ամէն ինչ ու մնացի»:

Արմոնդը պատմում է, որ սկզբում ինքն ու գործընկերուհին, ով յետոյ պիտի դառնար իր կինը, մտածեցին Ղարաբաղում ապրելու համար նախաձեռնել եւ ստեղծել «Նռնենի» յուշանուէրների խանութը. «Յետոյ մտածեցինք, որ աւելի լաւ կը լինի բազմանանք ու ամուսնանանք, «Նռնենի»-ն էլ պատահական անուն չէր, այլ` որպէս նոր կեանք, որովհետեւ թէ՛ Ղարաբաղի նոր կեանքն էր սկսւում, թէ՛ մեր նոր կեանքը»:

Խանութում ներկայացուած են թէ՛ վարպետների եւ թէ՛ վարպետների աշակերտների գործեր: Արմոնդն ասում է, որ որոշ գործեր նաեւ արտասահման է առաքում, խանութում իր գործերից էլ են ներկայացուած, բայց հիմնական նպատակն այստեղի արուեստագէտներին ի յայտ բերելն է, նրանց գովազդելը. «Խանութում պատահական ոչ մի բան չկայ, մենք առեւտրական չենք, չնայած` առեւտրով ենք զբաղւում: Ամէն աշխատանք իր տեղացի մասնագէտն ու վարպետն ունի, եթէ մի բան չի սարքւում, նոր` ճարահատեալ, Երեւանից ենք բերում: Փոքր տարիքից սկսել եմ վարպետութիւն անել, շատ լաւ վարպետներ եմ ունեցել, նաեւ` իմ սեփական խանութները, բայց երբեք չեմ կարողացել քարը քարին դնել ու մեծացնել գործը: Ղարաբաղ գալուց շատ լաւ չգիտէի, թէ ո՛ւր եմ գալիս, բայց եկայ ու մնացի, մի մագնիսական դաշտ կար, մնացի ու մինչեւ օրս էլ, փառք Աստծոյ, գոհ եմ, երեխաներս էլ մեծանում են, ու շատ աւելի գոհ եմ»: Արմոնդն ընդգծում է` հայրենիքի կարօտը կար թէ՛ իր եւ թէ՛ կնոջ մէջ, իսկ Ղարաբաղն իրենց տուեց դա. «Դա ուրիշ տեսակ բան է, յատկապէս, եթէ մի քիչ գաղափարական մօտեցում ես ունենում, այդ կարօտը շատ է խանգարում քեզ, ինձ խանգարեց, ու յաջողութեան հասայ»:

Արմոնդը չի ընդունում այն մօտեցումը, որ պետութիւնը պարտաւոր է բոլորին օգնել. «Նոր ստեղծուած պետութիւն է, եւ եթէ գալիս ենք, մի բան էլ մենք պիտի տանք, ոչ թէ ստանանք, բայց եթէ պէտք է ստանանք, նախ պէտք է տանք: Ես յոյսս չեմ դրել պետութեան կամ ոեւիցէ մէկի վրայ, մեր ուժերով ենք արել, նախ սկսել ենք շրջապատ ստեղծել»:

Հետաքրքրւում եմ` իր փոքրիկ պիզնըսով կարողանո՞ւմ է բնական վաստակել, ասում է` աշխատողը չի խեղճանայ այստեղ, ֆինանսապէս կարող է մի քիչ նեղութիւն կրել, յատկապէս որ երկրի վիճակը դեռ պատերազմական է, շփում դրսից քիչ կայ, եւ այդ առումով ակնկալիք այդքան չունի. «Այստեղ եղանակային եկամուտ ունենք, տարին 4-5 ամիս է, որ կարող ենք փող աշխատել: Դժուար է, եթէ յոյսներս միայն դրա վրայ դնենք, բայց կողքից այլ գործեր էլ ենք անում եւ ունենք բարի հարազատներ, որ երբեմն օգնում են, որ կարողանանք գոյատեւել»:

Մեծ եկամուտներ վաստակելու փոխարէն` Արմոնդը մեծ բաւարարուածութիւն է ստանում, երբ կարողանում է խանութի անունից Արցախը գովազդել, նա փորձում է Արցախը գովազդել ոչ միայն առցանց, այլ նաեւ` բարի լինելով, արտասահմանեան ծանօթների հետ կապի մէջ մտնելով, նուէրներ տալով, թանկ չվաճառելով: Արմոնդն ընդգծում է, որ ունեն հնարաւորութիւն դրսում ապրելու, բայց նախընտրում են այստեղ ապրել, ինչը, ըստ նրա, քաջագործութիւն չէ, բայց ոգեւորում է նաեւ շատերին: Նրա կարծիքով, Ղարաբաղն էլ այն երկրներից է, որ կարողանում է ճիշդ երեխայ մեծացնել: «Իմ երեխան, 4-5 տարեկանից սկսած, դպրոցից գալիս է, գնում, փոխադրամիջոց նստում, էդպէս ոչ մի տեղ չես կարող, Աւստրալիայում տեսանք եւ փորձեցինք կեանքը, մեծ եկամուտ ես ունենում, մեծ փող ես ծախսում, բայց անհանգիստ ես լինում, երեխան տնիցդ դուրս եկա՞ւ` քոնը չի: Այստեղ երեխաները ճիշդ են մեծանում: Աստուած գիտի, թէ կեանքն ի՛նչ կը թելադրի, բայց մեր ծրագրերում չկայ Ղարաբաղից գնալ, մեր վերջին կէտն այստեղ է: Շատերն ասում են` Ղարաբաղի հարցը պէտք է լուծուի, իմ համար Ղարաբաղի հարցը լուծուած է, եթէ ապրում ենք, արդէն լուծուած է», ասում է նա ու յաւելում, որ, այնուամենայնիւ, 1-2 ընտանիքով վերաբնակեցման հարցը չի լուծւում, սա պետական, ազգային հարց է:

Արմոնդն ու իր ընտանիքը պատերազմի վախով չեն ապրում, բայց միշտ պատրաստ են դրան. «Տանն էլ կնոջս ասել եմ, ոնց որ երկրաշարժը, այնպէս էլ` պատերազմը, պիտի իմանանք որտեղ են մեր փաստաթղթերը, տաք շորերը, դրա համար միշտ պէտք է պատրաստ լինել, բայց որ ասես` վախ կայ, իսկականից կարող եմ ասել` վախ չկայ»:

«Ապառաժ»

Share this Article
CATEGORIES