Դիտանկիւն. Համաարաբական Ըմբոստութիւնը` Յանուն Արաբական Հասարակութեան Արդիականացման
ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Կարեւոր խնդիրներից մէկն էլ ուղիներ հարթելն է ժողովրդավարացման, մարդու իրաւունքների յարգման եւ միջնադարեան-ճորտատիրական զանազան կապանքների վերացման համար: Շատ էական են նաեւ ժողովրդի բարեկեցիկ կեանքի ապահովման հիմնախնդիրները: Ցաւօք, յօդուածի սահմանները հնարաւորութիւն չեն տալիս հանգամանօրէն լուսաբանել այդ բոլոր հարցերը, ուստի մենք կանգ կ՛առնենք երկու ամենակարեւոր հիմնահարցերի լուսաբանութեան վրայ:
Առաջինը` հնամաշ պետութեան, իր դարն ապրած պետական կառավարման համակարգից հրաժարուելու եւ արդիականացնելու հարցը:
Անկախութեան նուաճումից յետոյ արաբական երկրներում աստիճանաբար ձեւաւորուեց պատմութեան մէջ իր նախադէպը չունեցած կառավարման մի այնպիսի համակարգ, որն իրաւաբանօրէն շատ դժուար է ձեւակերպել, բայց մենք պայմանականօրէն դա կ՛անուանէինք հանրապետական-միապետական-ժառանգական համակարգի մի իւրայատուկ համադրում: Նման վարչակարգեր հաստատուեցին` Եգիպտոսում, Սուրիայում, Լիպիայում, Եմէնում, Իրաքում, Թունուզում, Արաբական Միացեալ Էմիրութիւններում, Ալճերիայում եւ այլն:
Այդ բանաձեւում հանրապետական բաղադրիչը տուեալ պետութեան պաշտօնապէս հանրապետական լինելն է, ինչը ամրագրուած է սահմանադրութիւնով, նախագահը որպէս պետութեան ղեկավարը լինելու հանգամանքով եւ նման այլ յատկանիշներով: Իսկ միապետական բաղադրիչը ներկայացուած է նախագահի փաստացի անժամկէտ կառավարելու հնարաւորութեամբ, չնայած, որ նա այդ պաշտօնը զբաղեցնում է ընտրութիւնների արդիւնքով: Բայց ընտրութիւնները ձեւական են, քանի որ նախագահի պաշտօնը զբաղեցնողն ունի այնպիսի լծակներ, որոնք ընտրութիւնները դարձնում են իրօք ձեւական եւ միայն դրոշմակնքում քուէարկութեան նախապէս յայտնի արդիւնքները եւ հաստատում նախագահի «հերթական յաղթանակը»: Միապետական բաղադրիչի մասն է կազմում նաեւ իշխանութիւնը նախագահից նրա որդուն փոխանցելու փորձերը կամ քաղաքականութիւնը: Դրանով իսկ արաբներն աշխարհին պարգեւեցին կառավարման մի մոտել, որը, թող թոյլ տրուի ասել, մենք կոչում ենք «նախագահական-թագաւորական» կառավարման մոտել:
Այդ բոլորի մասին են վկայում հետեւեալ օրինակները եւ փաստերը:
Իր նախադէպը չունեցող համաարաբական ըմբոստութիւնը սկսուեց Թունուզից` 2011թ. յունուարին: Այստեղ 1957-1987թթ. ուղիղ 30 տարի երկրի նախագահն էր Հապիպ Պուրկիպան, որը հաստատել էր անձնիշխանական ինքնակալական վարչակարգ: 1974թ. նա հռչակուեց ցմահ նախագահ եւ ստացաւ «Թունուզի հայր» կոչումը եւ իր որդուն` Հապիպ Պուրկիպա կրտսերին սկսեց պատրաստել որպէս իրեն փոխարինող: Սակայն 1987թ. վարչապետ Զին ալ-Ապիտին Պին Ալին կատարեց պետական յեղաշրջում եւ մօտ քառորդ դար, մինչեւ 2011թ. Թունուզը կառավարեց նոյն մեթոտներով, ինչպէս իր նախորդը: Յոգնած եւ զզուած թունուզցիներն ապստամբեցին 2011թ. յունուարին եւ Պին Ալին փախաւ երկրից ու ապաստան գտաւ Սէուտական Արաբիայում: Դրանից յետոյ ըմբոստութիւնը շղթայական հակազդեցութիւն տրամաբանութեամբ իր մէջ ներառեց արաբական միւս պետութիւնները:
Արդիականացման յաջորդ «զոհը» դարձաւ Եգիպտոսի նախագահ Յիւսնի Մուպարաքը, որն այդ բարձր պաշտօնը զբաղեցրեց 1981-2011թթ.` 30 տարի: Նա երկրում մտցրեց արտակարգ դրութիւն, որը պահպանուեց նոյնպէս 30 տարի: Նա պատրաստւում էր «իր» նախագահութիւնը փոխանցել որդիներից մէկին` Կամալին, սակայն «միապետական» այդ քայլը ձախողուեց: Ըմբոստացած եգիպտացիները Յիւսնի Մուպարաքին գահընկէց արեցին, նա ձերբակալուեց եւ բանտ նետուեց` դատապարտուելով մահուան, ինչը հետագայում փոխարինուեց ցմահ բանտարկութեամբ:
Լիպիայի առաջնորդ Մուամար Քազզաֆին «գահի» վրայ մնաց 42 տարի` 1969-2011թթ., մի ամբողջ դարաշրջան: Նա իրեն փոխարինող նախապատրաստում էր իր որդիներից մէկին , որը կրում էր Սէյֆ ուլիսլամ` (իսլամի սուր) անունը: Սակայն այդ բոլորին վերջ տուեց ըմբոստութիւնը, որը Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսայի գործօն միջամտութեան արդիւնքում, շեղուեց իր ուղուց եւ վերածուեց Քազզաֆիին որսալու գործողութեան, որն աւարտուեց նրան հրապարակայնօրէն տանջամահ անելու եւ մարդկային արժանապատուութիւնը ստորացնելու զզուելի արարքներով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ընդդէմ Մեծն Բրիտանիայի Ֆրանսայի:
Աւելի քան 32 տարի Եմէնը գլխաւորում էր նախագահ Ալի Ապտալլա Սալեհը, որը նոյնպէս իրեն պատկերացնում էր անփոխարինելի եւ տուրք տալով իշխանափոխութեան ժառանգականութեան մոտելին, իրեն փոխարինող էր պատրաստում իր որդուն: Ըմբոստութիւնը համակեց Եմէնը, որտեղ նոյնպէս տարիներ շարունակ գործում էր արտակարգ դրութիւն: Երկրում ընթանում էին արիւնալի բախումներ` իշխանափոխութեան կողմնակիցների եւ Սալեհի կողմնակից ցեղային աւագանու միջեւ: Ի վերջոյ, հարցը լուծուեց փոխզիջումով: Սալեհը հարկադրուած հեռացաւ իշխանութիւնից, իսկ յաղթանակած կողմը նրան եւ նրա կողմնակիցներին կեանքի եւ գոյքի պահպանման երաշխիքներ տուեց:
Նոյն բեմագրութեամբ էին ընթանում իրադարձութիւնները նաեւ Սուրիայում: Այստեղ արտակարգ դրութիւն էր մտցուել դեռեւս 1963թ., որը պահպանուեց աւելի քան 48 տարի` մինչեւ 2011թ: 1970թ. իշխանութիւնն անցաւ Հաֆեզ Ասատին եւ նրա գլխաւորած ալեւիների քլանին: Նա կառավարեց 1970-2000թթ. մօտ 30 տարի, մինչեւ իր մահը: Սուրիան միակ երկիրն էր, որտեղ իրականացուեց արաբական բռնապետների երազանքը` իշխանութեան փոխանցումը նախագահ հօրից որդուն: Հաֆեզ Ասատը դրան պատրաստուել էր շատ խնամքով եւ բռնապետների իշխանութեան անցումը նրա որդուն` Պաշշար Ասատին, համեմատաբար հեշտութեամբ կատարուեց:
Այսպիսով, արդիականացման շարժման պատճառով իշխանութիւնից հեռացուեցին տասնամեակներ շարունակ իշխանութիւնն իրենց ձեռքում կենտրոնացրած բռնապետներ: Բայց դա չէր բաւարարում այդ շարժման կողմնակիցներին: Նրանց անհրաժեշտ էին նաեւ հաստատութենական փոփոխութիւններ, որոնք ամրագրուէին սահմանադրութեամբ: Առաջինն այդ ուղղութեամբ քայլ կատարեց Եգիպտոսը, որտեղ 2011թ. մարտին անցկացուեց հանրաքուէ` սահմանադրութեան, մէջ փոփոխութիւններ մտցնելու վերաբերեալ: Ըստ փոփոխուած սահմանադրութեան, երկրի նախագահի կառավարման ժամկէտը սահմանւում էր չորս տարի եւ անընդմէջ ոչ աւելի, քան երկու ժամկէտ: Արտակարգ դրութիւն կարելի էր մտցնել միայն խորհրդարանի համաձայնութեամբ, եթէ դա մտցւում է ոչ աւել, քան վեց ամսով, իսկ աւելի երկար ժամկէտի դէպքում` միայն համաժողովրդական քուէարակութեամբ: Փաստօրէն հանրապետական կառուցուածք ունեցող երկրների համար նախընտրելի էր դառնում կառավարման ամերիկեան մոտելը:
Արաբական բացարձակ միապետական վարչակարգ ունեցող երկրների համար, ինչպէս Պահրէյնը, Քաթարը եւ Քուէյթը, որոնք նոյնպէս այս կամ այն չափով յայտնուել էին արդիականացման շարժման ալիքների մէջ, ընդունելի էր բրիտանական մոտելը, այսինքն` սահմանադրական միապետութեան վերածուելու ուղին, որը շատ ընդգծուած ձեւով արտայայտուեց Պահրէյնում 2011-2012թթ տեղի ունեցած արիւնալի բախումների ժամանակ.: Այդ մոտելի հեւողական կիրառումն անհրաժեշտ է նաեւ Մարոքում եւ Յորդանանում: Իսկ Սէուտական Արաբիայի համար հաւանաբար այլ լուծումներ կը պահանջուեն:
Երկրորդ, արդիականացման ճանապարհին կանգնած միւս խոչընդոտը ցեղային յարաբերութիւններն են, որոնք գալիս են դարերի խորքից` իրենց աներեւակայելի թափուներով: Ցեղերի եւ ցեղային յարաբերութիւնների անմիջական վերացման մասին խօսք անգամ չի կարող լինել, դա կը պահանջի պատմական երկար գործընթաց: Պէտք չէ մոռանալ, որ դրա ծածկոյթի տակ է գտնւում ամբողջ արաբական գաւառը, բնակչութեան մեծ մասը ենթակայ է ցեղային յարաբերութիւններին, ատաթներին` սովորոյթներին, ցեղապետ-շէյխերին, հոգեւոր առաջնորդ իմամներին ու նրանց անօրիականութիւններին ու կամայականութիւններին:
Այստեղ ազատօրէն գործում է շարիաթը, կրօնական դատ ու դատաստանը, թէեւ շատ երկրներում օրէնքով սահմանուած են նաեւ աշխարհիկ իրաւական կանոններ: Սակայն դրանք լիարժէք չեն գործում կամ գործում են շարիաթին զուգահեռ: Ցեղային յարաբերութիւնների թապուներից եւ շարիաթի օրէնքներից յատկապէս տուժում են կանայք: Այդ պատճառով էլ արդիականացման կողմնակիցների կոչերը արաբ կանանց իրաւունքների պաշտպանութեան վերաբերեալ դրական շատ մեծ արձագանգ գտաւ վերջինների մօտ: Կանայք դարձան արաբական հասարակութեան արդիականացմանն ուղղուած շարժման աշխուժ մասնակիցներ, որի պատճառով այդ շարժումն աւելի զանգուածային դարձաւ եւ մեծ թափ առաւ: Ի հարկէ, այս բնագաւառում դեռ շատ անելիքներ կան, որոնք արդիականացման կողմնակիցներից պահանջում են մեծ համբերութիւն, հնարամտութիւն եւ ճկուն քաղաքականութիւն:
Այսպիսով, կարելի է ասել, որ համաարաբական ըմբոստութիւնը նոր եւ թարմ շունչ հաղորդեց արաբական երկրների քաղաքական կեանքին եւ նոր հեռանկարներ բացեց արաբական հասարակութեան արդիականացման ճանապարհի առջեւ, որի առաջին անդրադարձներն արդէն նկատելի են: Միաժամանակ պէտք է նկատի ունենալ, որ արաբական աշխարհի համար սկզբունքային նշանակութիւն ունեցող այդ շարժումը կարող է ունենալ եւ տեղատուութիւն, նոյնիսկ` անկում, որի նշանները նոյնպէս առկայ են:
Սակայն մի բան կասկածից վեր է` ապագան պատկանում է արդիականացմանը: Դրանում շահագրգռուած է նաեւ համայն աշխարհը:
ՆԻԿՈԼԱՅ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Գիտութիւններու
ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Գիտութեան վաստակաւոր գործիչ
Թարգմանութիւն ռուսերէնից`
«Գոլոս Արմենի»-ի («Հայաստանի Ձայն»),
օրաթերթից` 22 մայիսի 2014թ., էջ 6:
(Շար. 2 եւ վերջ)

