Մտահոգիչ Ժողովրդագրական Պատկեր. Երեք Մարտահրաւէր` Արտագաղթ, Ծնելիութեան Անկում, Ծերացում

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Եթէ Հայաստանի գործող եւ ապագայ իշխանութիւնները յստակ քաղաքականութիւն չորդեգրեն եւ միջոցներ չձեռնարկեն երկրի ժողովրդագրական պատկերը շտկելու ուղղութեամբ, եւ եթէ շարունակուեն արտագաղթը, ծնելիութեան անկումն ու ծերացումը, ապա 2050 թուականին Հայաստանը կ՛ունենայ 2 միլիոնից պակաս բնակչութիւն:  Այս թիւը մտահոգիչ է յատկապէս անվտանգութեան տեսանկիւնից: Հայաստանը շրջապատուած է ոչ բարեացակամ երկու հարեւաններով` Թուրքիա եւ Ազրպէյճան. առաջինը արդէն աւելի քան 20 տարի իրականացնում է Հայաստանի շրջափակում, իսկ երկրորդը շրջափակման հետ միասին նաեւ սպառնում է պատերազմով: Արդէն առաջիկայ տարիներին Հայաստանը դժուարութիւններ է ունենալու բանակը համալրելու եւ զօրակոչ իրականացնելու առումով: Տասը տարի անց` 2024 թուականին, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանը կ՛ունենայ միայն 25 հազար ծնունդ` այսօրուայ աւելի քան 40 հազարի փոխարէն:

ՄԱԿ-ի բնակչութեան հիմնադրամի հայաստանեան գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետեանի խօսքերով, Հայաստանը խոցելի է հիմնական երեք գործընթացներով, որոնք ազդում են ժողովրդագրութեան վրայ` շարունակուող արտագաղթ, ծնելիութեան անկում եւ բնակչութեան ծերացում:

Արտագաղթը Հայաստանում սկսուել է անկախութիւն ձեռք բերելուց անմիջապէս յետոյ եւ շարունակւում է արդէն աւելի քան քսան տարի: 1991-ից ի վեր բացառութիւն են կազմել միայն 2004, 2005 եւ 2006 թուականները, երբ Հայաստանում արձանագրուել է, թէկուզ ոչ մեծ` 37 հազար ներգաղթ: Հայաստանից արտագաղթողների մեծագոյն մասը` մօտ 80 տոկոսը, փորձում է մշտական բնակութիւն հաստատել Ռուսաստանում: Վերջին 25 տարիներին, մօտաւոր հաշուարկներով, Հայաստանից հեռացել է շուրջ 1 միլիոն մարդ:

Արտագաղթի հիմնական պատճառը, ինչպէս նշում է Հայրապետեանը, երկրում ստեղծուած բարոյահոգեբանական վիճակն է: «Այսինքն` գաղափարը, որ «երկիրը երկիր չի», ու թողնում գնում են, պէտք է շեղենք եւ աւելի դրական վերաբերմունք ձեւաւորենք: Երկրորդ կարեւորագոյն հարցը մրցակցութիւնն է: Մեր հետազօտութեան համաձայն` մարդիկ հեռանում են Հայաստանից, որովհետեւ աշխատելու համար մրցակցային դաշտը բաւարար չէ, բարձր որակաւորում ունեցող աշխատունակ տարիքի մարդիկ այ թւում վերատադրողական, տարիքի մարդիկ, մեկնում են երկրից, որովհետեւ չեն կարողանում ապահով դաշտ գտնել իրենց տնտեսական գործունէութիւնն իրականացնելու համար, ասում է նա:

Արտագաղթից բացի, Հայաստանի ժողովրդագրութեան հիմնական մարտահրաւէրներից է ծնելիութեան  անկումը, ինչը, ի դէպ, միայն հայկական երեւոյթ չէ: Ծնելիութիւնը ընդհանուր անկում է ապրում. եթէ 1950-ականներին մէկ կնոջ հաշուով աշխարհում միջին ծնելիութիւնը կազմում էր աւելի քան 6 երեխայ, ապա այսօր այդ ցուցանիշը 2,5 է: Աշխարհում ամենացածր աճ ունեցող երկրներն են Մոլտովան եւ Վրաստանը: Հայաստանը դեռ ունի շատ չնչին դրական բնական աճ: Սակայն, ինչպէս նշում է Գարիկ Հայրապետեանը,  2017 թուականից Հայաստանի բնական աճը կ՛ունենայ բացասական միտում, այսինքն տարեկան մահացածների թիւն աւելի շատ կը լինի, քան ծնուածներինը: Այսպիսով, եթէ անգամ 2017 թուականից Հայաստանից արտագաղթ չլինի, միեւնոյնն է, բնակչութեան թուաքանակը կը պակասի բնական աճի բացասական միտումների պատճառով:

Եթէ 1950 թուականին մէկ կնոջ հաշուով Հայաստանում ծնւում էր 4,5 երեխայ, ապա այսօր այդ թիւը  1,5-ից մի փոքր է բարձր: Պարզ վերարտադրութեան համար անհրաժեշտ է առնուազն 2,1 ծնելիութիւն մէկ կնոջ հաշուով: 1990 թուականից Հայաստանում նուազում է ծնունդների թիւը: Այսպէս, եթէ 1990-ին Հայաստանում ծնուել է գրեթէ 80 հազար երեխայ, ապա 1993-ին` 59 հազար, իսկ 2001-ին` 32 հազար: Վերջին տարիներին այդ թիւը աճել եւ գերազանցել է 40 հազարը, սակայն առաջիկայում այն կրկին անկում կ՛ապրի: Ինչպէս նշեցինք, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, 2025-ին Հայաստանում կը ծնուի ընդամէնը 25 հազար երեխայ:

ՄԱԿ-ի կանխատեսումները չեն իրականանայ, եթէ Հայաստանի գործող եւ ապագայ իշխանութիւնները ծնելիութիւնը խթանելու յստակ քաղաքականութիւն եւ միջոցներ ձեռնարկեն: Այսօր Հայաստանի ընտանիքների միայն 15 տոկոսը երեք եւ աւելի երեխայ ունի: Սակայն հետազօտութիւնները ցոյց են տալիս, որ հայ ընտանիքների գրեթէ 60 տոկոսը կը ցանկանար ունենալ երեք եւ աւելի երեխայ: Քիչ երեխաներ ունենալու պատճառների թւում առաջին տեղում ընկերային-տնտեսական խնդիրներն են: Հայաստանում հարցուած ընտանիքների գրեթէ կէսը ասել է, որ յաջորդ երեխան չի ունենում, քանի որ իրենց եւ իրենց երեխաների ապագան Հայաստանի հետ չի կապում: Հայաստանի բնակչութեան գրեթէ կէսը, փաստօրէն, բարոյահոգեբանական անբաւարարուածութեան եւ անապահովութեան զգացում ունի իր իսկ հայրենիքում:

Հայաստանում ժողովրդագրական ընդհանուր իրավիճակի վրայ բացասաբար է անդրադառնում նաեւ այն  իրողութիւնը, որ հայ ընտանիքներում նախապատուութիւն են տալիս տղայ երեխաներին: Այսօր Հայաստանում ամէն 100 աղջկայ դիմաց ծնւում է 113 տղայ, քանի որ ընտանիքը որոշում է կայացնում ընդհատել յղիութիւնը` սպասելով, որ յաջորդը տղայ կը ծնուի: «Այսօրուայ դրութեամբ տարեկան մօտ 1500 աղջիկ չի ծնւում միայն այն պատճառով, որ աղջիկ է: Ըստ կանխատեսումների, եթէ միտումն այսպէս շարունակուի, մինչեւ 2060 թուականը մօտ 100 հազար աղջիկ, այսինքն` ապագայ մայր, լոյս աշխարհ չի գայ: Այսօր մենք արդէն մինչեւ 21 տարեկան 47 հազար աւելի տղայ ունենք ծնուած: Դա նշանակում է, որ երբ այդ տղաները մտնեն վերարտադրողական տարիք, աղջիկ գտնելու խնդիր են ունենալու: Սա կարող է բերել վտանգաւոր միտումի` արտագաղթի աւելացման», ասում է Հայրապետեանը:

Հայաստանի ընդհանուր ժողովրդագրական իրավիճակի վրայ իր բացասական ազդեցութիւնն է թողնում նաեւ ծերացում կոչուող երեւոյթը, որը նոյնպէս ընդհանրական խնդիր է: Հայաստանը դեռ ծերացած պետութիւն չէ, բայց ծերացողների շարքում է արտագաղթի եւ ցածր ծնելիութեան պատճառով: Այսօր Հայաստանում բնակչութեան միջին տարիքը մօտ 33 է, մինչդեռ 1950 թուականին եղել է 22: Ըստ կանխատեսումների, 2050 թուականին Հայաստանում միջին տարիքը կը լինի 43: Բնակչութեան ծերացումը, ժողովրդագրականից բացի, նաեւ տնտեսական խնդիրներ է առաջ բերում: Այսպէս, եթէ 1990 թուականին 11 մարդ աշխատում էր, որպէսզի 1 հոգի թոշակառու պահի, ապա 2010-ին 6 հոգի էր աշխատում` 1 թոշակառու պահելու համար: 2050 թուականին 1,6 հոգին պէտք է պահի 1 թոշակառու: Սա եւս լրջագոյն խնդիր է:

Վերոնշեալ թուերը եւ միտումները եւս մէկ անգամ Հայաստանին եւ հայ ժողովրդին մտորելու տեղիք պէտք է տան: Որքան էլ մենք մտահոգուած լինենք արտաքին մարտահրաւէրներով` արցախեան հակամարտութիւն, Ազրպէյճանի սպառնալիք, Թուրքիայի թշնամական քաղաքականութիւն , Հայաստանի հիմնախնդիրների լուծումը առաջին հերթին երկրի ներսում է: Եթէ մենք չկարգաւորենք մեր ներքին խնդիրները, այդ թւում` ժողովրդագրական մտահոգիչ միտումները, ապա արտաքին սպառնալիքների առաջ առաւել խոցելի ենք դառնալու:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )