Երկու Նահատակները` Ազատն Ու Արարատը

«ՆԻՈՒԶ»

0808_herosnerՅուլիս 31-ին ազրպէյճանական խափանարարական գործողութեան իբրեւ հետեւանք զոհուած ժամկէտային զինծառայող Ազատ Ասոյեանը աշնանը զօրացրուելուց յետոյ պէտք էր շարունակէր կիսատ թողած ուսումը. մինչեւ զօրակոչուելն ընդունուել էր Երեւանի պետական համալսարանի իրաւաբանական բաժանմունք: Այս մասին պատմեց Ազատ Ասոյեանի հարեւաններից` Դոնարա Կոստանեանը:

«Իրենց ընտանիքը շատ յարգուած, շատ լաւն է: Ազատը մարզիկ տղայ էր, քարաթէի էր գնում, արտաքինով էլ շատ սիրուն տղայ էր, ժապաւէններու մէջ դերեր է խաղացել: Տղաս «Որոգայթ» ժապաւէնի բեմադրիչն էր, իրեն, որպէս սիրուն տղայի, դեր տուեց: Էնքան պոյով, սիրուն, յարգանքով, պատուով, արտակարգ տղայ էր: Շատ լաւ է սովորել դպրոցում, շատ խելացի տղայ էր, ընդունուեց իրաւաբանական, տարան բանակ: Ընկերասէր, բարեկամասէր տղայ էր, ընկերուհի ունէր», պատմեց հարեւանուհին:

Հարեւանուհու խօսքով, տղան 10 օր առաջ էր արձակուրդ եկել: Թոռան զոհուելու մասին դեռ չգիտի 20-ամեայ Ազատի` Միացեալ Նահանգներում գտնուող տատիկը: Կրտսեր եղբայրը գիշերը վերադարձել է Ռուսաստանից:

Յուլիսի 26-ին Ազատ Ասոյեանի 20-ամեակն է եղել, սակայն դիրքերում է եղել եւ ընտանիքի անդամները չեն կարողացել խօսել հետը:

«Իր մայրը ծննդեան առիթով ամէն ինչ ուղարկել էր, բայց հետը չէր կարողացել խօսել: Դրա համար դարդ էր անում, ասում էր` գոնէ երեխուս հետ խօսէի», պատմեց Դոնարա Կարապետեանը:

Ազատը ծնուել ու մեծացել է այն շէնքում, որտեղ բնակւում է նրա ընտանիքը: Հարեւանները, Դոնարայի խօսքով, հարազատի նման են սիրել Ազատին ու հիմա էլ հարազատի նման սգում են նրա մահը:

Յուլիսի 31-ին ազրպէյճանական խափանարարական գործողութեան իբրեւ հետեւանք զոհուած ժամկէտային զինծառայող Արարատ Խանոյեանը Արմաւիրի մարզի Սարդարապատ գիւղից էր, սովորական ընտանիքից: Սարդարապատի գիւղապետ Բաբգէն Վարդանեանը ասաց.

«Խելօք, համեստ, անմիջական երիտասարդ էր, շրջապատում` ընկերների կողմից յարգուած: Մինչեւ բանակ գնալն էլ հօրն էր օգնում: Հայրն արհեստաւոր մարդ է, բացի այդ` հող են մշակում», ասաց գիւղապետը: Նա տեղեկացրեց, որ Արարատ Խանոյեանը մէկ քոյր ունէր` իրենից փոքր:

Յուլիսի 31-ին հակառակորդը յարձակում էր գործել հիւսիսային հատուածում մարտական հերթապահութիւն իրականացնող զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասի ուղղութեամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպուած դիմադրութեան` հակառակորդը, կրելով բազմաթիւ կորուստներ, յետ է շպրտուել ելման դիրքեր: Գործողութեան իբրեւ հետեւանք զոհուել են պաշտպանութեան բանակի զինծառայողներ, 1994թ. ծնուած Արարատ Վաչիկի Խանոյեանը եւ Ազատ Արթուրի Ասոյեանը:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )