Ձեր Հաւատքի Ուժը Վերագտէք Ու Վերադարձրէք Ձեզ, Եւ Դուք Կը Վերագտնէք Ու Կը Վերադարձնէք Նաեւ Կորուսեալը…

0811_getImage10-30 յուլիսին իտալահայ կերպարուեստագէտ Վիգէն Աւետիսի նախաձեռնութեամբ, Արցախի մէջ տեղի ունեցաւ նշանաւոր քանդակագործ Յակոբ Գիւրջեանի անուան երրորդ միջազգային քանդակագործութեան սիմփոզիումը: Այս տարի Շուշիի մէջ կայացող սիմփոզիումը կը կրէր «Խաղաղութիւն Արցախին» խորագիրը եւ նուիրուած էր զինադադարի հաստատման 20-ամեակին: Այս առիթով նաեւ տեղի ունեցած խորհրդաժողովին մասնակցեցան խումբ մը  քանդակագործներ` Իտալիայէն, Զուիցերիայէն, Հնդկաստանէն, Մոսկուայէն, ի հարկ է նաեւ Հայաստանէն ու Արցախէն:

Նախորդ տարի միջազգային սիմփոզիումը կայացաւ Գիւմրիի մէջ` «Գիւմրին 2012 թուականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրի ծիրին մէջ եւ «Կենարար աղբիւր» խորագիրով: 2013-ի քանդակագործութեան միջազգային խորհրդաժողովին մասին որոշ գաղափար մը կազմելու համար ստորեւ կու տանք «Էկոնոմիկա» եռամսեայ պարբերականի թղթակցութիւններէն երկու հատուած` Վիգէն Աւետիսի եւ Մասսիմօ Լիփփիի մասին:

Շուշիում քանդակի միջազգային երկրորդ սիմփոզիումն էր անցկացւում: Նախաձեռնողը ներկայում Իտալիայում ապրող երեւանցի Վիգէն Աւետիսն է, ում մասին հեռուստատեսային բազում հաղորդումներ են եղել: Տիպիկ արուեստագէտի խառնուածքով երիտասարդ հայը իր կերպարին վայել հումորով ու լրջութեամբ շաղախուած է պատմում իր իտալական պատմութիւնը:

– Իննսուներեքից եմ Ֆլորանսում: Ինչպէ՞ս… երբ սրտիդ կանչը զգում ես ու միանում ես այդ կանչին, ինքը տանում է այնտեղ, որտեղ պիտի այդ պահին գտնուես: Ես երբեք չեմ մտածել Հայաստանից գնալու մասին, ընդհակառա՛կը, քննադատել եմ գնացողներին: Բայց ես մինչեւ հիմա էլ ինձ չեմ զգում Հայաստանից գնացած, ես հայ եմ եւ այս պահին ապրում եւ աշխատում եմ Ֆլորանսում, գուցէ վաղն էլ մէկ այլ տեղ լինեմ: Հիմա ես Ֆլորանսում եմ, եւ ինձ համար էլ է տարօրինակ, թէ ոնց եմ այնտեղ յայտնուել, ոնց եմ կարողացել կենդանի մնալ, առանց լեզուի իմացութեան, առանց ֆինանսական ապահովուածութեան: Պատահաբար գնացի Իտալիա, միտք չունէի մնալու, ի հարկէ, Ֆլորանսը որպէս արուեստների կենտրոն` երազանք է, բայց մտադիր չէի մնալ, մի օր գնում էի Հռոմ, ճանապարհին եղայ Ֆլորանսում եւ այնքան ուժեղ էր մեր այդ հանդիպումը, որ ես մնացի այնտեղ, էլ չգնացի Հռոմ:

Տարածքը, որտեղ աշխատում են քանդակագործները, զբօսաշրջիկների այցելութեան վայր է դարձել: Պատերազմով յայտնի առասպելական քաղաքում հեքիաթային անակնկալի նման մի բան է ստեղծագործական այս եռուզեռը: Մէկ այլ տեղ` գուցէ սովորական- բայց այստեղ քանդակագործների հատիչների չխկչխկոցներն ու քարերի վրայ կերպարուող պատկերները ուրիշ զգացողութիւններ են ծնում, հրճւում ես մարդ արարածի էութեան մէջ արարչագործութիւնը որպէս սկիզբ ընկալելով: Շուշիի բարձունքում, եկեղեցու վեհ ներկայութեամբ, յաղթանակած ժողովուրդ լինելու եւ արուեստով ապրելու ինքնահաստատումը զօրեղ գործօն է դառնում եւ մեզ համար, եւ` մէկը միւսին յաջորդող հիւրերի: Վիգէնն ինչ աստուածապարգեւ նուէր է արել ինքն իրեն` մտայղանալով արուեստի այս տօնն ու արուեստագէտների ստեղծագործական այս մարտադաշտը:

Վիգէն Աւետիս. «Յարութիւնն Այն Է, Ինչ Խիղճը:
Խիղճ Եւ Հայութիւն` Նոյն Հասկացողութիւնն Են:
Աստուած Պահի, Պահպանի Հայ Ազգին»

0811_2Ո՞վ է հայը: Այս անգամ հարցն ուղղում են Վիգէնին, աշխարհի ճանապարհների խաչմերուկում, Արցախում, այս անգամ` Դրմբոնի գործարանի ու հարեւան բնաշխարհի հմայքով տոգորուած` նա` Իտալիայից, ես` Երեւանից, բայց այս լեռնաշխարհում մեր եւ մարդկութեան նախասկիզբ արմատներ որոնելու ներքին փիլիսոփայութեամբ համակուած, հայկականութիւնն ենք սահմանում, բանաձեւում, հասկանալ փորձում:

Վիգէն Աւետիս.- Ես վաղուց էի սպասում այս հարցին: Դա այն հարցն է, որի շուրջ քառասունչորս տարի է մտածում եմ, այն պահից, երբ ծնուեցի ու առաջին անգամ տեսայ ծնողներիս` ուզում եմ հասկանալ` ով եմ ես, ինչի համար եմ ծնուել: Շատ կարեւոր հարց է դա` ով ես դու, ինչի համար ես ծնուել, դէպի ուր ես գնում: Ամէն հայ պէտք է իմանայ` ինչի է ինքը հայ, ինչ պէտք է անի ու անելուց յետոյ ինչ է լինելու, այսինքն` պէտք է կարողանայ ընկալել անցեալը, ներկան, ապագան: Հայը աշխարհի խիղճն է, այն ժողովուրդն է, որ աշխարհին յիշեցնում է, որ առանց խղճի չկայ ոչինչ, չկայ երկիր, չկայ երկինք, չկայ աստուած կամ աստուածներ: Ինչո՞ւ հայերն առաջինն ընդունեցին Քրիստոսին ու ապա` քրիստոնէութիւնը, որովհետեւ հայերը գիտէին, որ իրենք Աստուծոյ ժողովուրդն են, որ պիտի իրենց վրայ վերցնեն մարդկութեան հանդէպ առաքելութիւնը, որ յանկարծ մարդը չմոռանայ, թէ ինքը ով է եւ ինչի համար է ապրում այս երկրի վրայ: Այդ առաքելութիւնը տրուած էր մեզ, Յիսուսով մենք ապացուցեցինք, որ մենք այն ժողովուրդն ենք, որ կ՛ընդունենք Յիսուսին: Հրեաները հռոմէացիների ձեռքով  խաչեցին Աստուծոյ որդուն, հայերը ընդունեցին: Մենք ճշմարտութեան պահապաններն ենք, այսինքն` խղճի: Կայ «հայի աչքեր» արտայայտութիւն: Ինչո՞ւ են տարբերւում հայի աչքերը միւսներից, որովհետեւ հայի աչքերում կայ խիղճ: Ես չգիտեմ մի հայ, որն անխիղճ է: Անխիղճ մարդուն  ասում են թուրք: Հայը չի կարող խիղճ չունենալ: Այն մարդիկ, ովքեր ունեն հայի ազգանուն, բայց անխիղճ են, նրանք հայ չեն: Նրանց աչքերում հայութիւն չկայ, հայութիւնն այն է, ինչ խիղճը: Խիղճ եւ հայութիւն` նոյն հասկացութիւնն են: Աստուած պահի, պահպանի հայ ազգին:

Հայերը քիչ են, հայերի մէջ շատ օտարազգիներ կան հայկական ազգանունով, բայց հայի դերը իրենց վրայ չեն կրում: Նոյնիսկ առիւծը խիղճ ունի, եւ եթէ նա քաղցած չէ, չի խեղդում եղնիկի, դա նրան պէտք չի: Շա՜տ շա՛տ գիշատիչ գազաններ ձագուկներին չեն սպաննում, չեն ուտում, խղճում են, նրանք ուտում են թոյլերին, հիւանդներին: Փոքրիկների հանդէպ խիղճ ունեն: Եթէ կենդանիները ունեն խիղճ, ապա մարդը որքան պիտի ունենայ: Բայց քանի որ չարը աշխուժ է, ամէն ինչ անում է, որպէսզի մարդուն հեռացնի իր իսկական ձեւից` որ խղճով վերաբերի ամէն ինչին` մարդը մարդուն, մարդը բնութեանը, բայց ամէն օր հեռուստատեսութեամբ, համացանցով տարածում է իր չարութիւնը: Հայը նրա համար է ապրում, որպէսզի մարդը չմոռանայ խղճի մասին:

Ամէն մարդ թող պատասխան տայ իր ազգի առաջ, ես այդպէս եմ ապրում,

Ֆլորանսը մի քաղաք է, որը կամ ոչնչացնում է մարդուն, կամ մեծարում, ինչպէս թագուհին, որ կարող է կամ մեզ գլխատել, կամ իր կողքը նստեցնել: Այդ քաղաքն ինձ ընդունեց, ես` իրեն, եւ մեր համատեղ կեանքը սերմեր տուեց, ստեղծուեցին արուեստի գործեր, եւ մի քաղաքում, որտեղ երկու հարիւր տարի որեւէ նոր բան չէր տեղադրուել, իմ քանդակները իրենց տէրն ունեցան: 900 տարեկան քաղաք է, նրա հետ պէտք է հաշուի նստել, մինչեւ այսօր ազնուական ընտանիքները շատ կարեւոր դեր ունեն, այնպէս ստացուեց, որ նրանք ընդունեցին ինձ, ես դարձայ քառասուն ֆլորանսցի ուխտագնացների միութեան անդամ, միակ օտարազգին, նոյնիսկ վերջերս կառավարման համակարգի անդամ դարձայ, եւ ես ապրում եմ այդ քաղաքի սրտում, ֆլորանսական ամենակարեւոր ազնուականական ընտանիքների` կոմսերի, ազնուականների հարեւանութեամբ: Ես շնորհակալ եմ, որ Աստուած գնահատեց իմ ազնուութիւնը այդ քաղաքի հանդէպ, ինձ ընդունեցին, եւ այդ քաղաքի միջոցով ես ճանաչել տուեցի նաեւ իմ հայրենիքը, այս հրաշալի արուեստագէտները իմ յետեւից եկան Հայաստան եւ իրենց հետքը կը թողնեն իմ երկրում: Հայը շատ մեծ պարտականութիւններ ունի հայը պէտք է իր ազգին վայել այն տանի մինչեւ իր կեանքի վերջ:

Հայրս երեւանում է ծնուել, պապս` Վանում: Ես ինձ երեւանցի եմ համարում, բայց արմատներս տանում են Վան: Մինչեւ Վանը չազատագրուի, ես չեմ կարող գնալ Վան:

Չնայած բնաւորութիւների թուացեալ նմանութեանը` հիւրերն անընդհատ խօսում են հայկական հիւրընկալութիւնից ու զուլալութիւնից: Իսկապէս որ, գուցէ դրսի աշխարհը իրօք շատ է փոխուել, ու մեզ համար աննկատ` մենք պահպանել ենք մարդկային կարեւորագոյն արժէքներ` կարօտախտի ու փրկութեան յոյսի զգացմունքներ պարգեւելով եւրոպաներից եկածներին: Իտալացի եւս երկու քանդակագործներ բաւական ոգեշնչուած էին նաեւ մարդկային հանդիպումների ջերմութիւնից: Նրանցից մէկը յոյս յայտնեց, որ իր քաղաքի քաղաքապետին, ով իր ընկերն է, կարող է համոզել,  որպէսզի Շուշիի հետ քոյր քաղաքներ դառնան: Միւսը խոստովանեց, որ շատ հակադիր զգացողութիւններ ունի, բայց Արցախում տեսնում է ուժ եւ հաւատ, ինչը կ՛օգնի առաջ գնալ:

Ճափոնցի քանդակագործուհին ձուկ էր քանդակել, իսկապէս, կարծես թէ Արցախի հետ որեւէ առնչութիւն չունեցող խորհրդանիշ: Մինչդեռ…

– Երբ տեսայ ինձ առաջարկուած քարը, ոնց որ խռիկներ լինէի տեսած, եւ յետոյ` Ղարաբաղում միշտ քամի կայ, եւ իմ ձուկը կարծես թռչում է…

Լոռեցիների պատուիրակութեան անդամ Նարեկ Կազազեանը շատ բարդ եւ յայտնի մրցոյթում յաղթած բայց դեռեւս երեխայի տարիքին վայել երեխայավարի ու չարաճիի է իրեն պահում: Նաեւ նրանից ցանկացանք իմանալ ամսագրի այս տարուայ հարցի պատասխանը` ո՞վ է հայը, իր բնութագրմամբ:

Քանդակների մէջ առանձնանում է տուֆ քարից կերտուած քանդակ-գլուխը, Յովհաննէս Մկրտչի կերպարում հեղինակը իր դիմագծերն է տեղաւորել, կարծես հաստատելով յաւերժական գաղափարների շարունակելիութիւնը: Իսկ հեղինակի հետ մենք արդէն ծանօթացել էինք, իտալացի Մասսիմոն է, ում մարդամօտութեան, Արցախով ոգեշնչուածութեան շնորհիւ կարծես թէ երկու քաղաքներում էլ բոլորը անոր ճանաչում էին:

ՎԻԳԷՆ ԱՒԵՏԻՍ.- Մասսիմօ Լիփփիի Ֆլորանսի գեղարուեստի ակադեմիայի փրոֆեսէօր է, քանդակագործ, արուեստագէտ երեք հարիւր վաթսուն աստիճանի, գրող է, պոէտ, ամբողջ աշխարհը պտտուել է, շատ ճանաչուած է Իտալիայում, յարգուած է քաղաքական գործիչների, յատկապէս եկեղեցու` անգամ Հռոմի պապի կողմից:

Մասսիմոն ազատ, ինչպէս իր տանը` խանդավառ, բոլորին ծանօթ լինելու ջերմութեամբ զրուցում է, կատակում, ամենաանկեղծութեան ձգտող անկեղծութեամբ պատասխանում է հարցերիդ:

0811_55649ՄԱՍՍԻՕ ԼԻՓՓԻ, փրոֆեսէօր, քաղաք Սիեննա, Իտալիա.-  Առաջին անգամ եմ Ղարաբաղում, շատ երջանիկ եմ, Վիգէնի հրաւէրը ընդունել եմ միանգամից, Ինչ եկել եմ` մտովի անընդհատ հետաքրքիր համեմատութիւն եմ անցկացնում իմ մանկութեան տարիների երջանկութեամբ պարուրուած յիշողութիւնների, այն ժամանակուայ մարդկանց հետ, որովհետեւ ես այդ ամէնը տեսնում ու վերապրում եմ այստեղ: Ահա հէնց այդ պահն եմ սիրում այստեղ: Ինչ հաճելի է տեսնել, թէ մարդիկ ինչպէս են ջանադիր աշխատում, յոյսեր ունեն զարգանալու, առաջադիմելու: Չզարմանաք, որ դա ինձ համար զարմանալի ու մոռացուած հաճոյք է, որովհետեւ պիտի շատ անկեղծ լինեմ ես ասեմ, որ մենք Եւրոպայում արդէն ամէն ինչի հանդէպ յոյսը կորցրած ենք ապրում: Իսկ ահա դուք դեռ յոյսով էք ապրում: Աշխարհի զարմանալի մաքուր անկիւններից է այս երկիրը: Երջանիկ եմ, որ ինձ այսպիսի հնարաւորութիւն է տրուել, ու կարող եմ փորձ անել այս ինքնատիպ մշակոյթի վրայ մի քիչ էլ իմը աւելացնել: Իմ քանդակը հոգեւոր զրոյց է: Այն ազնուութիւնն ու մաքրութիւնը, որ տեսնում եմ այստեղ, ուզում եմ արտացոլել իմ քանդակում: Հայկական հոգեւոր երաժշտութիւնն եմ սիրում, Կոմիտաս եմ սիրում, ում երաժշտութեան մէջ խորհրդապաշտական ինչ որ բան կայ: Նրա երաժշտութեան մէջ ակնյայտօրէն վաղուց մոռացուած կարեւոր բան կայ` սէր մարդու հանդէպ:

Քանի որ այցելութեան ժամանակը կարճ էր` ափսոս էր գիշերը քնելու վրայ վատնել: Զարմանալի զրոյց էր գիշերային Ստեփանակերտում, մի քաղաքում, որից քիչ վերեւ հռչակաւոր Շուշին էր, քիչ այն կողմ կռիւների թոհուբոհում ու պատմական անցքերում բազում հռչակաւոր պատմութիւններ ապրած արցախեան երկրի ազատագրուած բնակավայրեր էին, խաղաղ քնած ժողովուրդը, թշնամազերծ եղած բնաշխարհը… Վերեւում աստղազարդ երկինքն էր, ու այնքան մօտ էին թւում տիեզերքն ու վերին բանական կամքը…

Ու շատ երանելի թուաց այդ ամէնն ապրելու հնարաւորութիւնն ունենալն ու կարողանալը… Սասսիմոյի պատմութիւններն իրենք խորհրդաւոր ու զարմանալի էին հնչում գիշերային Ստեփանակերտում: Նրանք մարդկային ապրումների, ներաշխարհների, զգացողութիւնների խաչմերուկ էին յիշեցնում, ճակատագրական տարօրինակ բացայայտումները մարդ արարածի գոյակերպի փիլիսոփայութիւն ունէին իրենց խորքում, եւ այդ ամէնը մենք լսում էինք Արցախի յաղթանակած բարձունքներում, աստղազարդ երկնքի տիեզերական զգացողութիւնների խիստ տրամաբանական հովանու ներքոյ: Ինչ կը մտածէիք դուք ինքներդ, եթէ շարունակութիւնը լսէիք այնտեղ, մեր կողքին: Մասսիմոն, արուեստագէտ տիպիկ արտաքինով եւ ներքին հզօր բովանդակութեամբ ճառագող այդ մարդը, Իտալիայից եկել Արցախում հանգիստ պատմում էր իր իսկ զարմանքների ու բացայայտումների մասին: Մեզնից առաւել զարմացած իտալացին պատմում էր իր զարմանքին վարժուելուց հրաժարուածի ոգեշնչումով…

0811_101476178– Իմ կնոջ ազգակունը Էրմենի է, չորս տղայ ունեմ, նոր եմ հասկանում, որ նրանցից մէկը` Քրիստոֆերը, իսկական հայի տեսք ունի` մազերը, քիթը, հայեացքը տարբեր են, ուրիշ: Ես միշտ ինչ-որ անծանօթ երկրի հմայք էի տեսնում նրանց մէջ, բայց չգիտէի, թէ որ, բայց ահա այստեղ գալով, հայկական միջավայրում լինելով` անմիջապէս հասկացայ: Այստեղ եմ տեսայ նրա նմաններին: Կնոջս հայրը յիսուներեք տարեկանում է իմ կնոջն ունեցել, այնպիսի հետաքրքիր արտաքին ունէր, չէի հասկանում, թէ ինչ ազգի է բնորոշ այդ ընդգծուած տարբերութիւնը: Ուրեմն, միայն իմ այս տարիքում ինձ պարզ դարձաւ այդ հարցի պատասխանը: Պարզւում է` նա հայ է, կինս հայ է, եւ իմ երեխաներից Քրիստոֆերի մէջ ակնյայտօրէն դուրս է գցել հայկականութիւնը: Իմ քաղաքում եկեղեցի կայ, վրան գրուած է Երմինիօ: Ենթադրում եմ հայկական եկեղեցի է: Ես դերասան եմ, պոէտ եմ, տպագրուած գրքեր ունեմ, իտալացի յայտնի պոէտներ ասում են, որ ի զուր չի, որ գրում եմ, ասում են` դու պոէտ ես: Իմ սրտում ես խոստացել եմ, որ մի գիրք պիտի գրեմ Հայաստանի մասին: Ցեղասպանութեան մասին իտալերէն լեզուով մի գործ եմ կարդացել, գրողը յայտնի անուն չի, բայց ինձ համար զարմանալի է, որ իտալացիները ոչինչ չգիտեն ցեղասպանութեան մասին: Այն, ինչ կարդացել եմ, սարսափելի է:

Ես վստահ եմ ասում` զարգացումը վտանգաւոր է մարդկութեան համար:

Դուք դեռ այդ վտանգաւոր սահմանին չէք հասել, իսկ Եւրոպան հասել է: Եւրոպան անցել է սահմանը եւ դէպի վախճան է գնում:

– Մասսիմօ՛, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ` ո՞վ է հայը:

– Հպարտ, անկախ, աշխատասէր, ուրախ, անթիք բնաւորութիւն ունի հայը, ոչ մոտեռն` ճիշդ եւ ճիշդ իմ լաւ բարեկամ Վիգէնի կերպարի նման: Դուք պէտք է օգնէք եւրոպական` պետութիւններին, որ վերանորոգուեն, նրանք հոգեբանական ճգնաժամի մէջ են: Այդ ճանապարհը դէպի աւարտ է տանում: Մենք երջանիկ էինք ապրում, երբ ապրում էինք գիւղերում, աշխատում էինք որպէս արհեստաւորներ, այն ժամանակ իւրաքանչիւր գիւղացի կարող էր Հռոմի պապ դառնալ, այժմ դա պարզապէս անհնար է: Դուք չէք կարող հասկանալ, թէ որքան տխուր է տեսնել մի մշակոյթ, որը ինքն իրեն դաւաճանել է, փոխուել, շուռ է եկել հիւսիսը հարաւ է դարձել, հարաւը` հիւսիս: Մեր մշակոյթն այսօր ահա այդպիսի վիճակում է: Դուք դեռ հեռու էք դրանից: Դուք կարող էք ձեր օրինակով օգնել Եւրոպային, օգնել` վերադառնալ դէպի մաքրութիւնը, սկիզբը, բնականութիւնը:

Շատ դուրեկան էր հնչում Մասսիմոյի եզրայանգումը: Թարգմանչի դերում Վալլեքս ընկերութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի ղեկավար հիասքանչ Թագուհի Կարապետովնան էր, Վիգէնն այդ պահին մեզ չէր լսում, ու իմ յայտնած զարմանքին ընդամէնը վստահաբար պատասխանեց.

– Մասսիմոն յայտնի անձնաւորութիւն է Իտալիայում, նրան յարգանքով է վերաբերւում անգամ Հռոմի պապը: Նա հոգեւոր մարդ է, իւրայատուկ, նա պատասխանները երկնքից է ստանում, ես գիտեմ` նա իր ամբողջ կեանքում փնտռել է իրեն յուզող հարցերի պատասխանները, որոնք գտել է այստեղ` Արցախում:

– Դուք պէտք է մէկիկ-մէկիկ երիտասարդներին դաստիարակէք,- շարունակում է Մասսիմոն, ապա նայելով իր շուրջը կանգնած երեքիս` պարտադրանքով աւելացնում,- ահա այս երեքդ, որ կանգնած էք այստեղ, ու մշակոյթ էք կրում, պիտի օգնէք երիտասարդներին, որ իրենց կեանքում առաջնային չդարձնեն բարեկամութեան խնդիրները ու կեանքը վատնեն դրա վրայ, այլ ազգային մշակոյթի պահպանման, զարգացման հարցը դարձնեն գերագոյն նպատակ, որ վերականգնեն մոռացուածը եւ այն փոխանցեն իրենց սերունդներին: Այս ամէնը ուրախութեամբ պիտի արուի, ոչ թէ տխրութեամբ, դժուարութեամբ, ոչ թէ այն փրոպլեմ դառնայ ձեզ համար, այլ ոգեշնչման, ներշնչանքի անսպառ աղբիւր լինի, զուլալ վեհութեամբ իմաստաւորի ձեր կեանքը:

Գիշերը գիշերուայ նման չէր, զարմանալի պայծառութիւն էր ցոլանում շուրջբոլորը, տասից աւելի մարդիկ մէկտեղուած մէկ սեղանի շուրջ` նստած խորհրդածում են Ստեփանակերտի կենտրոնական փողոցում գտնուող «Արմենիա» հիւրանոցի բակի սրճարանում: Նրանց խօսքն ու միտքը աշխարհի տարբեր ծագերում թափառելով` շարունակ վերադառնում է մեզ մէկտեղած այդ փոքրիկ զօրեղ անկիւն ու անցեալի, ներկայի ու ապագայի տրամաբանութիւն է որոնում:

Մասսիմոն գլխաւոր խօսքատարն է:

– Գիտէք,- մենք բոլորս ձգուեցինք նրա ձայնի լրջութիւնից:

– Եթէ ես Իտալիայում իմ հայրենակիցների, ընկերների հետ այս թեմաներով զրոյց սկսէի, այն հինգ րոպէից աւելի չէր տեւի: Նրանք ձանձրոյթից խօսքս կ՛ընդհատէին, կամ կը հեռանային: Իսկ մենք արդէն քանի ժամ է զրուցում ենք, իսկ մթնոլորտը գնալով աւելի ու աւելի խորքային է դառնում: Դուք ոչ միայն ինձ հասկանում էք, այլեւ ամենայն խորութեամբ ընկալում էք այն ամէնը, ինչ չեմ կարողանում արտայայտել թարգմանութեան պատճառով: Ես մի սուրբ գաղտնիքի եմ արժանացել Հայաստանում, ես այն սրտում պիտի պահէի, բայց այնպէս եմ ցանկանում ձեզ հետ կիսուել…

Մասսիմոն մեզ բոլորիս ակամայ տեղաւորեց տիեզերական մի հզօր լուսաւոր ճառագայթի մէջ ու ամբողջ կեանքի համար ուղեկից պատմութիւն պատմեց: Հայաստանում առաջինն այցելել է Եղէգնաձորում գտնուող չքնաղ Նորավանք…

– Այնտեղ տիեզերական զարմանալի ուժ է կենտրոնացած: Այդ ողջ տեղանքը, եկեղեցին, դարաւոր պատմական իրադարձութիւնները հզօր ուժանիւթի միջավայր են գոյացրել… Դուք այնտեղ մեծ հաւատով պիտի գնաք: Մի՛ գնացէք որպէս զբօսաշրջիկ, ինչը կարող է անել օտար զբօսաշրջիկը: Գնացէք իսկական, մեծ հաւատքով, եւ այդ վերագտած հաւատքը ձեզ կը վերադարձնի կորցրածը: Արարատը ձերն է լինելու… Այդ մասին ինձ ասաց Տեսիլքը, ում ես տեսայ ու լսեցի եկեղեցու մի զարմանահրաշ անկիւնում: Դուք նոյնպէս կարող էք նրան գտնել այնտեղ, եթէ հաւատքով խոնարհուէք ու այդ ձայնը լսելու կարողութիւնը վերագտնէք…

Ձեր հաւատքի ուժը ամենահզօր ուժանիւթային դաշտն է ստեղծել նաեւ Երուսաղէմում, որտեղ ես ամենայն մանրամասնութեամբ ուսումնասիրել եմ ողջ հոգեւոր միջավայրը… Ամենահզօրը հայկական հատուածն է կրում… Դա անպայման ինչ-որ շատ կարեւոր բան է նշանակում…

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )