«Արի Տուն-2014» Վերադարձ Ինքնութեանը, Տիգրանակերտցիները Հայաստանով Են Ապրում……
Պատրաստեց` ԳԷՈՐԳ ՉԻՉԵԱՆ
ՃԱՆԱՆ ԷՔԻՆՃԻ.- Հայրիկիս մայրիկն է ինձ պատմել հայի ծագում ունենալուս մասին: Հինգ տարեկան էի այդ ժամանակ: Նախնիներս Շապին Գարահիսարից են: Տատիկս մանրամասնօրէն պատմում էր, թէ ինչպէ՛ս էին թուրքերը հայերին Շապին Գարահիսարից տեղահան անում եւ կոտորում, սակայն նրանց յաջողուել է փրկուել: Սիրեցի շատ Հայաստանը, արտասովոր գեղեցկութիւն ունի: Ամէն ինչ այստեղ իմ պատկերացրածից էլ աւելի գեղեցիկ է. իր քաղաքակրթութեամբ եւրոպական ոչ մի երկրի չի զիջում: Հաւանել եմ Հանրապետութեան հրապարակը, Կասկադը, Մայր Հայաստանի արձանը: Հայկական կերակուրներն էլ համտեսեցի, որոնք շատ համեղ էին: Դեռ փոքրուց ցանկացել եմ գալ եւ տեսնել Հայաստանը: Այն իմ ամենամեծ երազանքն է եղել:
ՄՈՒՍԱ ԱԼՓ- Այն ժամանակ ռատիոյով շատ էին խօսում հայերի մասին: Հայրս միշտ հետեւում էր այդ հաղորդումներին եւ պատմում մեզ: Նա է տեղեկացրել, որ հայ ազգը դաժան կոտորածների է ենթարկուել թուրքերի կողմից. մենք ազդւում էինք հօրս պատմածներից: «Մենք ցեղասպանուած ընտանիքների սերունդներն ենք», ասում էր նա, «մենք Սասունից ենք եկել: Եւ հիմա պէտք է շարունակենք պահել մեր ընտանիքների արմատները»:
Առաջին անգամ լինելով Հայաստանում` իմ երազած հայրենիքը տեսայ, երջանիկ եմ, որ հայրենի հողի վրայ եմ: Իսկ Հայաստանի սփիւռքի նախարարութեանը բոլորս մեր սրտանց շնորհակալութիւնն ենք յայտնում, որ Հայաստանը տեսնելու բացառիկ հնարաւորութիւն տուեց: Սփիւռքահայերի հանդէպ նախարարութեան որդեգրած քաղաքականութիւնը ուղղակի գովասանքի է արժանի:
ՌԻՀԱՆ ԱՔԿԻՒՆ.- Մայրիկիս կողմը ծագումով քիւրտ է եղել, իսկ հայրիկիս կողմը` հայ: Նրանք թուրքական Սիլվան գիւղում էին ապրում, ատաղձագործութեամբ էին զբաղւում, փայտ մշակում: Առաջին անգամ եմ լինում Հայաստանում, յուզմունքս այդ առումով անբացատրելի է: Այստեղ գտնուելու օրերին աւելի կապուեցի Հայաստանին: Բազմիցս փորձեր եմ արել գալու, տեսնելու պատմական հայրենիքս, բայց չի ստացուել: Երբ իմացայ, որ Հայաստանի սփիւռքի նախարարութիւնը հայրենասիրական նման ծրագիր ունի, միանգամից համաձայնութիւնս տուեցի` մասնակցելու «Արի տուն» ծրագրին: Ծիծեռնակաբերդ այցելելիս շատ ազդուեցի. աչքերիս առջեւ յայտնուեցին այն բոլոր պատկերներն ու պատմութիւնները, որոնք կարդացել էի Հայոց ցեղասպանութեան մասին, որոնց մասին պատմել էին ծնողներս:
ՍԵԼԻՄ ԱԿԹԱՇ.- Ես արմատներով Սասունից եմ: Նախնիներս այնտեղ ատաղձագործութեամբ են զբաղուել: Մինչեւ տասնվեց տարեկան դառնալս ծնողներս, անվտանգութիւնից ելնելով, ինձ չէին ասում, որ հայ եմ: Ընտանիքով որոշել էինք, որ ուսումս Հայաստանում պէտք է շարունակեմ: Եկայ Հայաստան, եւ աւելի ամրապնդուեց այդ միտքը, քանի որ հնարաւորութիւն ունեցայ մօտիկից ծանօթանալու այստեղի ուսումնական հաստատութիւնների պայմաններին: Ուզում եմ հայոց պատմութիւն ուսումնասիրել: Առաջին քայլը, որ պէտք է անել, հայերէնը սովորելն է: Բառերով չի ստացուի նկարագրել զգացողութիւններս ու ապրումներս Հայաստանից. դրանք հոգումս են կուտակուել: Այս ընթացքում կարողացայ Երեւանում եւ Աշնակ գիւղում գտնել ազգականներիս, որի համար ուրախ եմ շատ:
ՄՈՒՍԹԱՖԱ ԻԼՀԱՆ.- Ճիշդ է` անունս Մուսթաֆա է, բայց կնքուելուց յետոյ հայկական անուն կրեցի` անուանուելով Ստեփան, որի համար հպարտ եմ: Ազգականներս հայոց ջարդերի ժամանակ պատսպարուել են Հալէպի տարածքում, նրանց մի մասը կենդանի մնաց, միւսներն էլ նահատակուեցին թուրքերի կատարած ոճրագործութիւնից: Ծնողներս ինձ պատմել են, թէ ի՛նչ արհաւիրքով է անցել հայ ժողովուրդը: Այստեղ մեզ հարազատի պէս են ընդունում, մօտենում են, ծանօթանում, հարցուփորձ անում, ինչից շատ ենք ոգեւորւում: Հայաստանն ինձ համար զարգացած, մաքուր երկիր է: Իմանալով, որ Հայաստան գալու հնարաւորութիւն ունեմ, առանց վարանելու` որոշեցի գալ:

